Միխայիլ Բուլգակով/Մորֆին (3)

սկիզբը՝ այստեղ


19 մարտի

Գիշերը վիճեցի Աննա Կ․-ի հետ։

– Ես էլ լուծույթ չեմ պատրաստի։

Ես սկսեցի համոզել նրան․

– Հիմարություններ մի ասա, Անուսյա, ես հո երեխա չեմ։

– Չեմ անի։ Դուք կմահանաք։

– Դե, ոնց կուզեք։ Հասկացեք, ախր, կրծքումս անտանելի ցավեր են։

– Բուժվե՛ք։

– Որտե՞ղ։

– Արձակուրդ վերցրեք։ Մորֆինով չեն բուժվում։ (Ապա մտածեց ու ավելացրեց։) Ես ինձ չեմ կարողանում ներել, որ այն օրը պատրաստեցի ձեզ համար երկրորդ սրվակը։

– Ես հո մորֆինիստ չեմ։

– Դուք դառնում եք մորֆինիստ։

– Ուրեմն, դուք չե՞ք անի։ 

– Ոչ։

Այդժամ ես առաջին անգամ իմ մեջ հայտնաբերեցի ջղայնանալու եւ, կարեւորը, սխալ լինելով մարդկանց վրա գոռալու հատկությունը։

Բայց դա՝ ոչ միանգամից։ Գնացի ննջասենյակ։ Նայեցի։ Սրվակի տակ մի քիչ մնացել էր։ Քաշեցի ներարկիչի մեջ, մեկ քառորդ չափով լցվեց։ Շպրտեցի ներարկիչը, համարյա ջարդում էի, ինքս էլ սկսեցի դողալ։ Զգուշորեն բարձրացրի, նայեցի՝ ոչ մի ճաք։ Նստեցի ննջասենյակում մոտ քսան րոպե։ Դուրս եկա, իսկ նա այնտեղ չէ։

Գնացել է։

Պատկերացրեք՝ չդիմացա, գնացի նրա մոտ։ Թակեցի նրա լուսավոր պատուհանը։ Նա դուրս եկավ՝ շալով փաթաթված։ Խաղաղ, խաղաղ գիշեր։ Ձյունը՝ փխրուն։ Ինչ-որ տեղից՝ երկնքի հեռուներից գարնան հոտ է փչում։

– Աննա Կիրիլովնա, խնդրում եմ՝ տվեք ինձ դեղատան բանալիները։

Նա շշնջաց․

– Չեմ տա։

– Ընկերուհի՛, բարի եղե՛ք, տվե՛ք ինձ դեղատան բանալիները։ Ես ձեզ ասում եմ դա որպես բժիշկ։ 

Կիսամութի մեջ տեսնում եմ, որ նրա դեմքը փոխվեց, շատ սպիտակել է, իսկ աչքերը փոս ընկան, սեւացան։ Եվ նա պատասխանեց մի ձայնով, որից հոգումս խղճահարություն առաջացավ։

Բայց անմիջապես էլ ջղայնությունը վրա տվեց․

Նա․ 

– Ինչո՞ւ, ինչո՞ւ եք այդպես խոսում։ Ա՜խ, Սերգե՛յ Վասիլյեւիչ, ես ձեզ եմ խղճում։

Հանեց ձեռքը շալի տակից, ու ես տեսա, որ բանալիները ձեռքում են։ Նշանակում է՝ դուրս է եկել ինձ մոտ ու վերցրել է դրանք։

Ես (կոպտորեն)․

– Տվե՛ք բանալիները։

Եվ խլեցի դրանք նրա ձեռքից։

Եվ փտած, շարժվող կամրջակներով գնացի դեպի հիվանդանոցի՝ սպիտակին տվող շենքը։

Հոգումս կատաղությունը եռում էր եւ առաջին հեթին այն պատճառով, որ ես բոլորովին պատկերացում չունեի, թե ինչպես է պետք պատրաստել մորֆինի լուծույթը մաշկային ներարկման համար։ Ես բժիշկ եմ, ոչ թե բուժքույր։

Քայլում էի ու ցնցվում։

Եվ լսում եմ՝ հետեւիցս գալիս է հավատարիմ շան պես։ Մեջս քնքշություն առաջացավ, բայց ես այն խեղդեցի։ Շրջվեցի ու, ատամներս կրճտացնելով, ասում եմ․

– Կանե՞ք դա, թե՞ ոչ։

Նա ձեռքը թափ տվեց դատապարտվածի պես, «իբր՝ մեկ է», ու ցածրաձայն պատասխանեց․

– Կանեմ․․․

Մի ժամից ես նորմալ վիճակում էի։ Իհարկե, նրանից իերողություն խնդրեցի անհեթեթ կոպտության համար։ Ինքս էլ չգիտեմ, թե ոնց դա տեղի ունեցավ։ Առաջ ես քաղաքավարի մարդ էի։

Նա իմ ներողությանը տարօրինակ արձագանք տվեց։ Ծնկի իջավ, սեղմվեց իմ ծնկներին եւ ասում է․

– Ես չեմ ջղայնանում ձեզ վրա։ Ոչ։ Ես հիմա գիտեմ, որ դուք կործանվեցիք։ Հաստատ գիտեմ։ Ու ինձ անիծում եմ այն բանի համար, որ ձեզ այն օրը սրսկեցի։

Ես հանգստացրի նրան, ինչպես կարող էի՝ հավաստիացնելով, որ ինքն այստեղ բոլորովին կապ չունի, որ ես ինքս եմ պատասխանատու իմ արարքների համար։ Խոստացա, որ վաղվանից կսկսեմ լրջորեն հետ վարժվել՝ քչացնելով չափաբաժինը։

– Դուք հիմա ինչքա՞ն սրսկեցիք։

-Սուտ։ Մի տոկոսանոց լուծույթի երեք ներարկիչ։

Նա գլուխն առավ ափերի մեջ ու լռեց։

– Դուք մի անհանգստացեք։

Ճիշտն ասած՝ ինձ հասկանալի է նրա անհանգստությունը։ Իսկապես էլ, վտանգավոր բան է morphium hidrochloricum-ը։ Շատ արագ է կախվածություն առաջացնում։ Բայց փոքրիկ կախվածությունը չէ որ թմրամոլություն չէ․․․

․․․ Եթե անկեղծ լինեմ, այս կինը ինձ միակ հավատարիմ մարդն է, իսկական իմը։ Եվ ըստ էության հենց նա էլ պիտի իմ կինը լինի։ Այն մեկին ես մոռացել եմ։ Մոռացել եմ։ Եվ այնուամենայնիվ, շնորհակալություն մորֆինին դրա համար․․․


8 ապրիլի, 1917 թվական

Սա տանջանք է։


9 ապրիլի

Գարունը սարսափելի է։

__________

Սատանան սրվակի մեջ։ Կոկաինը սատանան է սրվակի մեջ։

Ազդեցությունն այսպիսին է․

Երկու տոկոսանոց լուծույթից մեկ ներարկիչ սրսկելու դեպքում անմիջապես հանգստություն է վրա հասնում, որ իսկույն փոխվում է ցնծության ու երանության։ Եվ դա տեւում է միայն մեկ-երկու րոպե։ Իսկ հետո ամեն ինչ անհետ կորչում է, ասես չի էլ եղել։ Սկսվում են ցավը, սարսափը, խավարը։ Գարունը շառաչում է, սեւ ծտերը ճյուղից ճյուղ են թռչում, իսկ հեռվում անտառի կոտրտված ու սեւ խոզանակը ձգտում է դեպի երկինք, նրա հետեւում բոցկլտում է առաջին գարնանային մայրամուտը՝ բռնած երկնքի մեկ քառորդը։

Ես քայլերով չափում եմ բժշկի իմ բնակարանի դատարկ, մեծ սենյակն անկյունագծով՝ դռներից մինչեւ պատուհան, պատուհանից մինչեւ դռներ։ Քանի՞ այսպիսի զբոսանք կարող եմ կատարել։ Տասնհինգ-տասնվեց, ոչ ավել։ Այնուհետեւ ինձ պետք է պտտվել ու գնալ ննջասենյակ։ Մարլյայի վրա, սրվակի կողքին  ներարկիչն է դրված։ Ես վերցնում եմ այն եւ, անփութորեն յոդ քսելով ծակծկված կոնքիս, ասեղը խրում եմ մաշկիս տակ։ Ոչ մի ցավ չկա։ Ընդհակառակը, ես կանխավայելում եմ մոտալուտ էյֆորիան, որ հիմա կառաջանա։  Եվ ահա, այն սկսվում է։ Ես այդ մասին իմանում եմ, որովհետեւ հարմոնի ձայները, որ սանդամուտքին կանգնած նվագում է եղանակից աշխուժացած պահակ Վլասը, հարմոնի կտրտված խզխզոցները, որ ապակու միջով  սլանում են դեպի ինձ, դառնում են հրեշտակային ձայներ, իսկ փքվող մորթու մեջից դուրս եկող կոպիտ բասերը բվվում են, ասես երկնային երգչախումբ լինի։ Բայց եւս մի վայրկյան, եւ ինչ-որ խորհրդավոր օրենքի համաձայն, որ նկարագրված չէ դեղաբանության մեջ, այն արյան մեջ վեր է ածվում ինչ-որ նոր բանի։ Ես գիտեմ, դա սատանայի խառնուրդն է իմ արյան հետ։ Եվ ճլորում է Վլասը սանդամուտքին, եւ ես ատում եմ նրան, իսկ մայրամուտը, անհանգիստ որոտալով, մոխրացնում է իմ փորոտիքը։ Եվ այդպես՝ մի քանի անգամ երեկոյի ընթացքում, մինչեւ ես կհասկանամ, որ թունավորված եմ։ Սիրտս սկսում է այնպես խփել, որ զգում եմ այն ձեռքերիս մեջ ու քունքիս, ապա այն ընկնում է անդունդը, եւ պահեր են լինում, երբ ես մտածում եմ, որ բժիշկ Պոլյակովն այլեւս չի վերադառնա կյանք․․․

13 ապրիլի

Ես՝ դժբախտ բժիշկ Պոլյակովս, որ այս տարվա փետրվարին հիվանդացել եմ մորֆինիզմով, զգուշացնում եմ բոլորին, որոնք կարժանանան իմ ճակատագրին՝ չփորձե՛ք փոխարինել մորֆինը կոկաինով։ Կոկաինը կեղտոտ ու նենգ թույն է։ Երեկ Աննան հազիվ ինձ ուշքի բերեց կամֆարայով, իսկ այսօր ես գրեթե դիակ եմ․․․

6 մայիսի, 1917 թվական

Վաղուց օրագիրը ձեռքս չեմ վերցրել։ Իզուր։ Ըստ էության սա օրագիր չէ, այլ հիվանդության պատմություն, եւ ինձ հավանաբար մասնագիտորեն ձգում է աշխարհում իմ այս միակ ընկերը (եթե չհաշվեմ իմ վշտահար ու հաճախակի լացող ընկերոջը՝ Աննային)։

Այսպիսով, եթե հիվանդության պատմությունը պահենք, ապա ես օրը երկու անգամ ինձ մորֆին եմ ներարկում՝ ցերեկը 5-ին (ճաշից հետո) եւ գիշերվա 12-ին՝ քնից առաջ։

Երեք տոկոսանոց լուծույթն է, երկու ասեղ։ Հետեւաբար, մեկ անգամից ստանում եմ 0,06։

Ահագին։

__________

Իմ նախկին գրառումները փոքր-ինչ հիստերիկ են։ Առանձնապես ահավոր բան չկա։ Իմ աշխատունակության վրա սա ամենեւին չի անդրադառնում։ Հակառակը, ողջ օրն ապրում եմ նախորդ գիշերվա ներարկման հաշվին։ Վիրահատություններից լավ գլուխ եմ հանում, անթերի ուշադիր եմ դեղ դուրս գրելիս, եւ բժշկի ազնիվ խոսք՝ իմ մորֆինիզմը հիվանդներիս վնաս չի տվել։ Հույս ունեմ՝ չի էլ տա։ Բայց այլ բան է ինձ տանջում։ Ինձ հա թվում է, թե ինչ-որ մեկը կիմանա իմ արատի մասին։ Եվ ինձ համար ծանր է ընդունելության ժամանակ թիկունքիս զգալ իմ օգնական բուժակի ծանր, ստուգողական հայացքը։ Հիմարություն։ Նա չի կասկածում։ Ոչինչ չի մատնում ինձ։ Բիբերս կարող են ինձ մատնել միայն երեկոյան, իսկ երեկոյան ես երբեք չեմ հանդիպում նրան։

Մորֆինի՝ մեր դեղատանը ծագած ահավոր պակասը լրացրի՝ գնալով ավան։ Բայց այնտեղ էլ տհաճ պահեր ապրեցի։ Պահեստապետը վերցրեց իմ պատվերը, որի մեջ զգուշության համար ամեն տեսակ անպետք բաներ էլ էի գրել, ինչպես կոֆեինը (որ ինչքան ասես ունենք), եւ ասում է․

– 40 գրամ մորֆի՞ն։

Ու ես զգում եմ, որ աչքերս թաքցնում եմ աշակերտի պես։ Զգում եմ, որ կարմրում եմ։

Նա ասում է․

– Մենք այդպիսի քանակ չունենք։  Մի տասը գրամ կտամ։

Եվ իսկապես էլ չունի, բայց ինձ թվում է, թե նա կռահեց իմ գաղտնիքը, որ շոշափում ու  շամփրում է ինձ հայացքով, եւ անհանգստանում ու տանջվում եմ։

Ոչ, բիբերը, միայն բիբերն են վտանգավոր, եւ դրա համար կանոն եմ սահմանել երեկոները մարդկանց հետ չհանդիպել։ Իդեպ, դրա համար իմ տեղամասից ավելի հարմար տեղ չես գտնի․ արդեն կես տարուց ավելի է՝ ոչ ոքի չեմ տեսնում հիվանդներիցս բացի։ Իսկ նրանք ինձնով չեն հետաքրքրվում։


18 մայիսի

Տոթ գիշեր է։ Փոթորիկ է լինելու։ Անտառի հետեւից սեւ փորը աճում ու փքվում է։ Ահա եւ ծովիանը փայլատակեց թույլ ու տագնապալից։ Հեղեղ սկսվեց։

Իմ դիմաց գիրք է, որի մեջ նկարագրված է, թե ինչ է կատարվում մորֆինից հրաժարվելու դեպքում․

«․․․ սաստիկ անհանգստություն, տագնապալից ու  տրտմալի վիճակ, գրգռվածություն, հիշողության թուլացում, երբեմն հալյուցինացիա եւ գիտակցության թեթեւակի մթագնում․․․»։

Հալյուցինացիաներ չէի ունենում, բայց մնացյալի վերաբերյալ կարող եմ ասել՝ օ՜, ինչ անբովանդակ, տափակ, ոչինչ չասող բառեր։

«Տրտմալի վիճակ»․․․

Ոչ, ես՝ այս սարսափելի հիվանդությամբ հիվանդս, կոչ եմ անում բժիշկներին, որ նրանք ավելի խղճան իրենց հիվանդներին։ Ոչ թե «տրտմալի վիճակ», այլ դանդաղ մահ է տիրում մորֆինիստին, եթե նրան մեկ կամ երկու ամսով զրկեք իր մորֆինից։ Օդը չի կշտացնում, այն հնարավոր չէ կուլ տալ․․․ մարմնում չկա մի բջիջ, որ չցանկանա, չպահանջի․․․ Ի՞նչ։ Դա հնարավոր չէ ոչ հասկանալ, ոչ բացատրել։ Մի խոսքով, մարդը չկա։ Նա անջատված է։ Շարժվում է, տխրում է, տառապում է դիակը։ Նա ոչինչ չի ուզում, ոչ մի բանի մասին չի մտածում, մորֆինից բացի։ Մորֆի՛ն։

Մահը ջրի ծարավից դրախտային, երանելի մահ է մորֆինի ծարավի համեմատ։ Այդպես, ողջ-ողջ թաղվածն է միգուցե դագաղում որսում օդի վերջին, աննշան պղպջակները եւ պատառոտում կրծքի մաշկը եղունգներով։

Այդպես կրակի հանված հերձվածողն է տնքում ու շարժվում, երբ կրակի լեզուները սկսում են լիզել նրա ոտքերը․․․

Մահ՝ չոր, դանդաղ մահ․․․

Ահա թե ինչ է թաքնված այդ պրոֆեսորական արտահայտության տակ՝ «տրտմալի վիճակ»։

__________

Այլեւս չեմ կարող։ Եվ ահա, վերցրի ու ծակեցի ինձ։ Շունչ։ Մի հատ էլ։ Թեթեւացա։ Էս էլ․․․ էս էլ անանուխի սառնությունը սրտի տակ․․․

Երեք տոկոսանոց լուծույթի երեք ասեղ։ Սա ինձ կհերիքի մինչեւ կեսգիշեր։

__________

Բարբաջանք։ Այս գրառումը անհեթեթ սուտ է։ Վաղ թե ուշ ես կթարկեմ։ Իսկ հիմա քնել, քնել։

Մորֆինի հետ այս հիմար պայքարով ես միայն տանջում ու թուլացնում եմ ինձ։

(Այնուետեւ տետրից ճղված է մոտ քսան էջ)։

․․․ ուր

․․․րից փսխում ժամը 4 անց 30։

Երբ վիճակս մի քիչ թեթեւանա, կգրառեմ իմ սարսափելի տպավորությունները։


14 նոյեմբերի 1917 թ․

Այսպիսով, Մոսկվայից, բժիշկ․․․ (ազգանունը մանրակրկիտ կերպով ջնջված է)  հիվանդանոցից փախչելուց հետո ես նորից տանն եմ։  Անձրեւը վարագուրում է պատուհանս եւ թաքցնում ինձնից աշխարհը։ Եւ թող թաքցնի այն ինձնից։ Այն ինձ պետք չէ, ինչպես եւ ես աշխարհում ոչ մեկի պետք չեմ։ Խժդժությունն ու հեղաշրջումը ես անցկացրի հիվանդանոցում։ Բայց այս բուժումը թողնելու միտքը հասունացավ գլխումս դեռ մինչեւ Մոսկվայի փողոցերում տեղի ունեցած կռիվները։ Շնորհակալություն մորֆինին ինձ արիացնելու համար։ Ինձ էլ ոչ մի հրաձգություն չի վախեցնում։ Եվ ընդհանրապես, ի՞նչը կարող է վախեցնել մարդուն, որը միայն մի բանի մասին է մտածում՝ աստվածային հրաշք բյուրեղների։ Երբ փողոցային կրակոցներից բոլորովին ահաբեկված բուժքույրը․․․

(Այստեղ էջը պոկված է)։

․․․եցի այս էջը, որպեսզի ոչ ոք չկարդա ամոթալի նկարագրությունը, թե ինչպես է դիպլոմ ստացած մարդը գողի պես վախվորած փախչում՝ սեփական բաճկոնը գողանալով։

Բաճկոնը հեչ։ Հիվանդանոցի շապիկը վերցրի։ Դրա մասին մտահոգվելու ժամանակը չէր։ Հաջորդ օրը, սրսկումն անելուց հետո վերադարձա բժիշկ N-ի մոտ։ Նա ինձ գթասրտությամբ ընդունեց, բայց այդ գթասրտության մեջից այնուամենայնիվ երեւում էր արհամարհանքը։ Եվ բոլորովին իզուր։ Չէ՞ որ նա հոգեբույժ է եւ պետք է հասկանա, որ ես միշտ չէ, որ կարողանում եմ տիրապետել ինձ։ Ես հիվանդ եմ, ի՞նչ կարիք կա ինձ արհամարհելու։ Ես վերադարձրի հիվանդանոցի շապիկը։

Նա ասաց․

– Շնորհակալություն,- եւ ավելացրեց,- ի՞նչ եք մտադիր անել հիմա։

Ես ասացի կայտառ ու վճռական տոնով (այդ պահին էյֆորիայի մեջ էի)․

-Որոշել եմ վերադառնալ իմ գեղը։ Առավել եւս, որ արձակուրդս ավարտվել է։ Շատ շնորհակալ եմ ձեզնից օգնության համար, ինձ ակնհայտորեն ավելի լավ եմ զգում։ Կշարունակեմ այնտեղ բուժվել։

Նա այսպես պատասխանեց․

– Դուք ձեզ բոլորովին ավելի լավ չեք զգում։ Զավեշտալի է, որ դուք դա ինձ եք ասում։ Ախր բավական է մի հայացք գցել ձեր բիբերին։ Դուք այդ բաներն ո՞ւմ եք ասում ախր։

– Ես, պրոֆեսոր, չեմ կարող միանգամից հետ վարժվել․․․ Հատկապես հիմա, երբ բոլոր այս իրադարձություններն են կատարվում․․․ կրակոցները ինձ բոլորովին քայքայեցին․․․

– Դրանք վերջացան։ Արդեն նոր իշխանություն կա։ Նորից պառկեք։

Ես հիշեցի ամենը․․․ ցուրտ միջանցքները․․․ յուղաներկով ներկած, դատարկ պատերը․․․ եւ ես սողում եմ, ինչպես շունը, որի ոտքին քարով խփել են․․․ինչ-որ բանի եմ սպասում։ Ինչի՞։ Տաք լոգանքի՞․․․ 0,005 մորֆինի։ Չափաբաժին, որից թեպետ չեն մահանում․․․ բայց․․․ ամբողջ տխրությունը մնում է, նստած է հոգուդ վրա, ինչպես նստած էր դրանից առաջ․․․ Դատարկ գիշերները, հագիս շապիկը, որ ճղճղել էի՝ աղաչելով, որ ինձ դուրս թողնեն․․․

Ոչ։ Ոչ։ Հայտնաբերել եք մորֆինը, քաշել եք այն աստվածային բույսի չորացած, շխկշխկան գլխիկներից, ուրեմն գտեք նաեւ անտանջանք բուժման եղանակը։ Ես համառությամբ տարուբերեցի գլուխս։ Այդտեղ նա վեր կացավ, ու ես վախեցած նետվեցի դեպի դուռը։ Ինձ թվաց, որ ուզում է դուռը կողպել ու ուժով պահել ինձ հիվանդանոցում․․․

Պրոֆեսորը կարմրատակեց։

– Ես բանտապահ չեմ,- ասաց նա ջղային,- եւ սա Բուտիրկան չէ։ Հանգիստ եղեք։ Դեռ երկու շաբաթ առաջ գլուխ էիք գովում, թե միանգամայն նորմալ եք։ Մինչդեռ․․․,- նա բավականին արտահայտիչ կերպով կրկնեց վախի իմ ժեսթը,- ես ձեզ չեմ պահում․․․

– Պրոֆեսոր, վերադարձրեք ինձ իմ  անդորագիրը։ Աղաչում եմ ձեզ,- եւ խղճահարություն աղերսող ձայնս թրթռաց։

– Խնդրեմ։

Նա պտտեց բանալին սեղանի մյուս կողմում ու տվեց ինձ անդորագիրս (այն մասին, որ ես պարտավորվում եմ երկամսյա կուրսն անցնել ամբողջությամբ եւ որ ինձ կարող են պահել հիվանդանոցում եւ այլն, մի խոսքով՝ սովորական պարտավորագիր)։

Դողացող ձեռքով վերցրի գրությունն ու թաքցրի այն՝ կմկմալով․

– Երախտապարտ եմ։

Ապա կանգնեցի դուրս գալու համար։ Եվ դուրս եկա։

– Բժիշկ Պոլյակով,- հնչեց հետեւիցս։ Շուռ եկա՝ դռան բռնակից բռնված։- Լսեք՝ ինչ եմ ասում,- խոսեց նա,- սթափվե՛ք։ Հասկացե՛ք, որ դուք միեւնույնն է ընկնելու եք հոգեբուժարան, ընդամենը մի քիչ ավելի ուշ․․․ Ընդ որում ընկնելու եք զգալիորեն ավելի վատ վիճակում։ Ես հաշվի եմ առել, որ դուք ամեն դեպքում բժիշկ եք։ Բայց հետո դուք գալու եք հոգեկան լիակատար փլուզման վիճակում։ Ձեզ, հարգելիս, ըստ էության չի էլ կարելի մարդկանց բժշկել, եւ հանցագործություն կլինի չզգուշացնել ձեր ծառայության վայրում։

Ես ցնցվեցի ու զգացի, թե ինչպես է գույնը հեռանում դեմքիցս (թեպետ այն առանց այն էլ քիչ է իմ դեպքում)։

– Ես,- ասացի ցածրաձայն,- աղաչում եմ ձեզ, պրոֆեսոր, ոչ մեկի ոչինչ մի ասեք․․․ Ինձ կհեռացնեն գործից․․․ Հիվանդների աչքում կվարկաբեկեն․․․ Ինչի՞ համար եք ուզում ինձ այդ վատությունն անել։

– Գնացե՛ք,- ջղային գոռաց,- հեռացե՛ք։ Ոչինչ չեմ ասի։ Միեւնույնն է, ձեզ բերելու են․․․

Ես հեռացա եւ, երդվում եմ, ողջ ճանապարհին ցնցվում էի ցավից ու ամոթից․․․ Ինչո՞ւ․․․ 

Բայց ինձ այլ բան էլ է հետաքրքիր․ բանալին պահարանի վրա էր։ Իսկ եթե այն այնտեղ չլինե՞ր։ Կջարդեի՞ պահարանը, թե՞ ոչ։ Անկեղծ։ Կջարդեի։

__________

Այսպիսով, բժիշկ Պոլյակովը գող է։ Էջը կհասցնեմ ճղել։

_________

Իհարկե, աշխատանքի առումով այնուամենայնիվ չափազանցրեց։ Այո, ես դեգեներատ եմ։ Միանգամայն ճիշտ է։ Ինձ մոտ բարոյական անձի քայքայում է սկսվել։ Բայց աշխատել կարողանում եմ, իմ բուժառուներից ոչ մեկին ես չեմ կարող վնասել։

__________

Հա, ինչո՞ւ գողացա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մտածեցի, որ հեղաշրջման հետ կապված մարտերի ու ողջ այդ խառնակության ժամանակ չեմ կարողանա մորֆին ճարել։ Բայց երբ մարեց ամենը, ծայրամասի մի դեղատան գտա 15 գրամ մի տոկոսանոց լուծույթ՝ ինձ համար անօգուտ ու տանջալից բան (ստիպված պիտի լինեմ 9 ասեղ սրսկել)։ Եվ դեռ ստիպված էի նվաստանալ։ Դեղագործը կնիք պահանջեց, նայում էր խոժոռ ու կասկածանքով։ Բայց փոխարենը հաջորդ օրը, ուշքի գալով, կարողացա առանց բարդությունների մեկ այլ դեղատան 20 գրամ ստանալ բյուրեղներով։ Դեղատոմսը դուրս գրեցի հիվանդանոցի համար, հընթացս, իհարկե, վերցնելով նաեւ կոֆեին ու ասպիրին։ Եվ ի վերջո, ինչո՞ւ պիտի ես թաքնվեմ ու վախենամ։ Իսկապես, հո ճակատիս գրված չէ՞ մորֆինիստ։ Ո՞ւմ ինչ գործն է ի վերջո։

__________

Եվ արդյո՞ք մեծ է քայքայումը։ Վկա այս գրաումները։ Հատվածական են, ընդհատվող, բայց ես հո գրող չե՞մ։ Մի՞թե այստեղ ինչ-որ խելագար մտքեր կան։ Իմ կարծիքով ես միանգամայն սթափ եմ դատում։

__________

Մորֆինիստը մի երջանկություն ունի, որը նրանից ոչ ոք չի կարող խլել՝ կյանքը լիակատար մենակության մեջ անցկացնելու կարողությունը։ Իսկ մենակությունը կարեւոր, նշանակալից մտքեր են, հայեցումն է, հանդարտությունը, իմատնությունը․․․

Գիշերը սահում է՝ սեւ ու լուռ։ Ինչ-որ տեղ մերկացած անտառ կա, հետեւում՝ գետակ, ցուրտ, աշուն։ Հեռու-հեռվում գզգզված, խելահեղ Մոսկվան է։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում, ոչինչ ինձ պետք չի, եւ ինձ ոչ մի վայր չի ձգում։

Վառվի՛ր, կրա՛կ, իմ լապտերի մեջ, վառվի՛ր լուռ, ես ուզում եմ հանգստանալ մոսկովյան արկածներից հետո, ես ուզում եմ մոռանալ դրանք։

Եվ մոռացա։

__________

Մոռացա։

շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us: