Գրիգոր Գրիգորյան/Մեր օրերի երգը

Շատ տարիներ առաջ՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, երբ Շուշին ու Հադրութը դեռ oկուպացված էին, իսկ հեռուստացույցով հաճախ կարելի էր հանդիպել փոխկապով ծաղրածուների (մայրքաղաքի կրկեսը երկար տարիներ վերանորոգվում էր), բարեկամ Ադրբեջանից մեր երկիր էին ժամանել երկու պատգամավոր՝ մի կարևոր վեհաժողովի մասնակցության համար։ Ես ուսանող էի ու առանձնապես շատ բան չէի հասկանում քաղաքականությունից, միայն գիտեի՝ այս կամ այն երկիրը մեզ «բարեկամ» է, իսկ որոշները՝ թշնամի։ Պատերազմի վերքերը դեռ թարմ էին, այդ պատճառով հարևան երկրի պատվիրակության ժամանումը, ինչպես հետո տեղեկացա լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից, մեծ աղմուկ էր առաջացրել մեր պառակտված հասարակության տարբեր շերտերում։

Գյուղից էի եկել, իսկ Երևանում ապրում էի քեռուս տանը։ Ուսանողական կյանքս բավական հագեցած էր, քիթ սրբելու ժամանակ չունեի․ դասախոսություններս ավարտվում էին կեսօրն անց, հետո շտապում էի տուն՝ պարապում էի, դասերս պատրաստում, իսկ երեկոյան քեռուս հետ մատուցող էի աշխատում մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։ Երկուշաբթի կամ երեքշաբթի էր, հստակ չեմ հիշում, համեմատաբար թեթև երեկո էր եղել և գրեթե այցելուներ չէինք ունեցել ռեստորանում։ Քեռուս հետ արդեն պատրաստվում էինք օրը փակել, երբ տնօրենը արագ-արագ մոտեցավ մեզ։

– Տղե՛րք, էսօր մի քիչ ուշ ենք տուն գնալու։ Շեֆն էր զանգել,- ամեն անգամ ծիծաղս հազիվ էի զսպում տնօրենի շուրթերից «շեֆ» բառը լսելիս,- ասավ՝ «վաժնի» հյուրեր ենք ունենալու․․․

– Գոգի՛, դու գնա, ես ուշոտ կգամ,- առաջ ընկավ քեռիս։

– Չէ՛, չէ՛, եգանդ ռուսերենից լավ ա,- վախվորած ընդհատեց տնօրենը,- կարող ա պետք գա․ պիտի տեղը-տեղին սպասարկենք։ Շեֆն ասավ՝ անպայման նստացնենք էն պատուհանի մոտ՝ անկյունային հատվածում։ Դանդաղ երաժշտություն ենք միացնում, հայկական խոտաբույսերով «չայ» ենք տալիս, հետը՝ մեր «ֆիրմեննի» հաց-պանիրը, մուրաբան, չրերի տեսականին ու տենց․․․ դե, գիտեք։ Ասավ՝ չլարվենք, բայց առանց ավելորդ ձևականության․ իբր մենք ամեն օր էլ էս տեսակ հյուրեր ենք ունենում, էլի։ Պա՞րզ ա։

– Պետո՛ ջան, ովքե՞ր են որ, – կոշտ մատներով «Չաուշի բեղերը» կլորացրեց քեռիս։

– Այ էդ մեկը պետք չի, Սուրո՛ ձյա, էսօր ֆիդայի-միդայի չենք խաղում։ Մեջները դրսից մարդիկ կան, կարող ա իրանց դուր չգա էդ ձևերը․ խելոք մեր գործն անում ենք ու գնում տներով։

Ես ու Սուրիկ քեռին արդեն սկսել էինք նախնական պատրաստությունները, երբ կառավարականի 200 000 դոլարանոց «Մերսեդեսը» կանգնեց ռեստորանի առաջ։ Վերջերս վերանվանված «Մեյդանի դուքյան» ռեստորանի տնօրեն Պետրոս Ղազարյանը չորս հոգանոց տղամարդկանց պատվիրակությանն ուղեկցեց դեպի պատուհանի մոտի անկյունային սեղան։ Նրանց հպարտ ու բեմական քայլվածքում ինչ-որ տարօրինակ ինքնագոհություն էր նկատվում, կարծես երկարատև հակամարտությունից հետո վերջապես հաղթական հանգուցալուծում գտած լինեին։ Փողկապավոր տղամարդկանց խումբն ասել-խոսելով նստեց փափուկ աթոռներին։ Պետոն հայացքը մեկից մյուսն էր սահեցնում և, շողոքորթ ժպիտը շուրթերին, վերջին ճշտումներն էր գրանցում իր փոքրիկ նոթատետրում։ Հետո խմբին միայնակ թողեց, մեզ աչքով արեց ու դուրս եկավ սրահից։

Ես պատգարակ-սեղանով մոտեցա հյուրերին, իսկ Սուրիկ քեռին փոքր-ինչ հետ մնաց․ կողքից ուշադիր հետևում էր գործողություններիս։ Փողկապավորները ռուսերեն ինչ-որ բան էին քննարկում։ Ձախ կողմում նստած էին հայ պատգամավորները, իսկ աջում՝ ադրբեջանցիք․ արտաքինից հեշտությամբ կարելի էր տարբերել մեր հարևաններին։ Ես պատգարակից ուտելիքն ու սպասքը հերթով տեղափոխում էի նրանց սեղան և ակամայից մասնակից լինում այս կարևոր խմբի խոսակցությանը։ Հայ պատգամավորներից մեկը պատմում էր հեղափոխության վերջին օրերին մայրաքաղաքում տիրող «աննկարագրելի մթնոլորտի», ժողովրդի ինքնարտահայտման և դրա կարևորության մասին․

– Ու թեպետ մեզնից ոչ ոք չէր հավատում տեղի ունեցողին, մեր առաջնորդը պնդում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, թավշյա հեղափոխությունը սարերի հետևում չէ,- ասաց նա ռուսերեն,- իսկ մենք ոչինչ չգիտեինք ու չէինք հականում էդ հարցերից,- պատգամավորն աչքով տվեց նստածներին և առեղծվածային ժպիտը շուրթերին՝ հենվեց աթոռի թիկնակին։

Այդ պահին ադրբեջանցիներից մեկը հայացքն ուղղեց դեպի պատուհանն ու հարցրեց․

– Գործընկերներ, իսկ այն ի՞նչ տեղ է, որ այդքան շատ հայկական դրոշ կա։

Քար լռություն տիրեց․ հայ պատգամավորներն իրար նայեցին, իրենց նստած տեղում սկսեցին անհանգիստ շարժումներ անել։ Նրանցից մեկն արդեն ուզում էր ինչ-որ բան պատասխանել, երբ ես, որպես օգնություն, միամտաբար մեջ ընկա․

– Դա բոլորին հայտնի Եռաբլուրն է, այնտեղ թաղված են մեր եղբայրները, հայրերը, մեր բոլոր հերոսները։

Ադրբեջանցի պատգամավորների շուրթերին հեգնական ժպիտ հայտնվեց, և նրանք հպանցիկ հայացքներով փոխանակվեցին։ Պահի անհարմարությունն ինձ իր մեջ առավ, և ես, գլուխս կախ, սկսեցի արագ-արագ թեյ լցնել մեր հյուրերին։ Լռությունը գնալով ճնշող էր դառնում, երբ մյուս ադրբեջանցի պատգամավորը փոքր-ինչ առաջ եկավ և հաճույքից պսպղացող լայն աչքերն ինձ մոտեցնելով՝ հարցրեց․

– Ասա ինձ, տղա՛, իսկ այնտեղ ի՞նչ է գրված հայկական մեծ տառերով, այ այնտեղ, այն բարձր շենքի ճակատին, որ ձեր Եռաբլուրի կողքին է, այստեղից այնքան էլ լավ չի երևում։

Ես չէի պատրաստվում պատասխանել, հարցում հնչած ակնհայտ հեգնանքն ու արհամարհանքը կրծում էին ինձ ներսից։ Հայ պատվիրակները, հայացքներն ամեն մեկը մի ուղղությամբ հառած, լուռ պապանձվել էին իրենց նստատեղերում։ Ադրբեջանցին շարունակում էր ուշադիր ինձ զննել, և չնայած ես չէի տեսնում նրա «չեչոտ» դեմքը, վստահ էի, որ այդ դեմքն այլանդակող մեծ քթի տակ խաղում է մեր հյուրի չարախինդ ժպիտը։ Արդեն պատրաստվում էի հեռանալ սեղանի մոտից, երբ Սուրիկ քեռին դանդաղ առաջ եկավ և կանգնելով կողքիս՝ խռպոտ ձայնով պատասխանեց ադրբեջանցի պատգամավորին․

– Այնտեղ գրված է․ «Մենք պետք է երեխաներ ունենանք և պատերազմենք»,- իր «Չաուշի բեղերը» մեկ անգամ էլ ցուցադրաբար կլորացնելով՝ քեռիս էլի հայերեն կրկնեց,- պե՛տք է երեխաներ ունենանք և պա-տե-րազ-մե՛նք։

Սուրիկ քեռին շարունակում էր այրող հայացքով չափել ադրբեջանցիներին։ Նրանք մի պահ միմյանց նայեցին, հետո հենվելով իրենց աթոռների թիկնակին՝ ամեն մեկն իր մտքերի մեջ խորասուզվեց։ Եվ ներկաներիս համար պարզ դարձավ, որ մեր բարեկամ-հարևանները շատ լավ տիրապետում էին հայոց լեզվին և ամենայն մանրամասնությամբ հասկացել էին քեռուս ասված ամեն մի բառը։ Չգիտեմ՝ որքան կձգվեր անհարմար այդ իրավիճակը, եթե հանկարծ չհայտնվեր տնօրեն Պետոն։

– Ամեն բան նորմա՞լ է։

Քեռուս հետ հապճեպորեն լքեցինք նրանց: Մենք նույնիսկ չհասցրինք լսել Պետոյի ոչ խրթին հարցին տրված պատասխանը, եթե իհարկե այդպիսին ընդհանրապես հնչել էր, երբ սրահում լսվեցին ծանոթ երգի երաժշտության առաջին նոտաները։

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս՝ ես կհագենամ,
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց,
Ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց․․․

Մենք կանգնեցինք սրահի անկյունում և սկսեցինք անտարբեր հետևել խմբի րոպե առ րոպե վերափոխվող ակտիվ գործողություններին։ Փողկապավոր պատվիրակների տրամադրությունն աստիճանաբար բարձրանում էր, ձայներն ավելի հնչեղ էին դառնում, ծիծաղը վերածվում էր կենդանական քրքիջի։ Իսկ նրանց հետևում՝ պատուհանից այն կողմ, ոչ շատ հեռուներում, գեղեցիկ լույսերի ներքո երևում էին կողք-կողքի ծածանվող հայկական եռագույնները։

․․․ Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:
Ժանտախտի օրոք քեֆ ենք անում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած․․․

Ես ու Սուրիկ քեռին, Մեսչյան Արթուրի մոգական ձայնից ընդարմացած, շարունակում էինք լուռ նայել չորս հոգանոց պատվիրակության պատգամավորներին և արդեն անկարող էինք տարբերել հային ադրբեջանցուց։

Please follow and like us: