Համբարձում Համբարձումյան/Ուզվորը (1)

(հատված «Գազանիկը եւ մահը» վիպակից)

Ուզվորը ազատության մեջ էլ այնպես էր ապրում, ինչպես գաղութներում էր ապրել: Կյաժ Սաքոյի` Ուզվորի տասնութը նոր էր լրացել, երբ քրոջը վիրավորելու համար Ղռեցի փղին դանակով ծակեց ու դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Եթե Փիղը քաղմասում չերգեր, Սաքոյին մեղմ պատիժ կտային, բայց Փիղը մի քանի ապտակից հետո ոչ միայն տվել էր Սաքոյի անունը, այլեւ այնպես էր ներկայացրել, որ Կյաժ Սաքոյի վիճակն ավելի էր բարդացել: Դատարանի դահլիճից Սաքոյին տարան Սովետաշենի բերդ, հետո՝ գաղութ,  վեց ամսից էտապով տեղափոխեցին Սիբիր, իսկ ավել ուշ,  ոնց որ ինքն էր ասում, «մի հատ թեթեւ սռոկ» էլ տունդարձի  ճանապարհին տվին: Ռոստովում նստեց: Ազատվելուց հետո եկավ Հայաստան, բայց մի շաբաթ էլ չէր անցել` Երրորդ մասի շուկայում պատահմամբ հանդիպեց Ղռեցի փղին եւ քաղմասում հյուրախաղեր տալու համար նրան երկրորդ անգամ  ծակեց` էս մեկը մահացու: Առանց երկար-բարակ խոսելու, առանց «բազառի» ասեց՝ ես քո մամոնտ մերը, ու ծակեց-սպանեց Փղին: Սաքոյին տասնհինգ տարի տվեցին եւ նորից էտապ արեցին Սիբիր: Ազատազրկման տարիների ընթացքում Կյաժ Սաքոյի ետեւից գնացող չեղավ, ոչ էլ տուլիկ ուղարկեցին նրան: Սաքոն բոզ չէր, գողական օրենքները հարգում էր, բայց էդ աշխարհում հեղինակություն չէր, արժանապատվությունը թույլ չէր տալիս, որ ինչ-ր մեկի ճուտը լինի, եւ էնքան խելք ուներ, որ ղումարի մեջ չկար: Կյաժ Սաքոն ապրում էր քերելով, սրան-նրան պլոկելով, կլպելով, նոր էտապների ժամանակ նորեկ, դեղնակտուց ջահելներին հարիֆացնելով: Շատ քիչ կալանավորներ կային, որոնցից նա բան չէր ուզել կամ ուզել ու ուզածը չէր ստացել: Կյաժ Սաքոն ուզելու հատուկ շնորհք ուներ. այնպես էր ուզում, որ դիմացինը չէր կարողանում մերժել` ասես իր ուզածը մի մեծ բան չի, ու մերժելն անպատվաբեր է, ամոթ:

Երբ Կյաժ  Սաքոն ազատվեց ու Հայաստան եկավ, Խորհրդային Միությունը քանդվել էր, Հայաստանը անկախ, պատերազմից նոր դուրս եկած երկիր էր, որ շատ խնդիրներ ուներ ու անհաշիվ գործազուրկներ: Էդ ժամանակ Սաքոյի կոլեգաների` քերողների, քցողների, ուզվորների թիվն էնքան շատ էր ու կլիենտների` հարիֆների թիվն էնքան քիչ, որ նա գործազուրկ դարձավ: Իրավիճակն էնքան տխուր էր, որ Կյաժը լրջորեն մտմտում էր խոպան գնալ` վերադառնալ Ռուսաստան ու մեկ-երկու տարի նստել մինչեւ դրսի համար ավելի լավ ժամանակներ գան: Բայց նույնիսկ այդքան անբարենպաստ ժամանակ լավ մասնագետը պահանջարկ ունի, իսկ Սաքոն պրոֆի էր: Նախ, իրար հաջորդելով` նրան այցելեցին Հայաստանում գործող հզոր աղանդների ներկայացուցիչները, եւ Կյաժը  հոժարակամ անդամագրվեց այդ կրոնական կառույցներին՝ միաժամանակ դառնալով  Եհովայի վկա, հիսունական եւ մորմոն: Նախօրոք մի բան պոկելով՝ նա համաձայնեց հավաքներ անցկացնելու համար  կրոնական համայնքների անդամներին տարածք սրամադրել` պայմանով, որ նրանք ձեռները ծափ տալով չեն գա:

«Օրական որ մի կես լիտր չխմեմ, հավատս ամեն ընչի հանդեպ մեռնում ա»,- ասել էր Սաքոն նրանց: Երկուշաբթի եւ ուրբաթ օրերին  նրա տանը հավաքվում էին Եհովայի վկաները, երեքշաբթի եւ հինգշաբթի՝ մորմոնները, չորեքշաբթի եւ շաբաթ՝ հիսունականները, ու մինչ հավատացյալ խալխը զբաղվում էր բամբասելով, աղոթք ասելով եւ հոգեւոր երգեր երգելով, Կյաժ Սաքոն պատի տակ պպզած խմում էր մորմոնների բերած օղին, ծամում Եհովայի վկաների հացը, ծխում հիսունականների թողած սիգարետները ու փառաբանում էր Աստծուն: «Աստված մեծ ա: Ես իրանից բան չուզի` ինքը ինչ ինձ պետք ա, իմ դուռը ղրգեց, ու դրա համար էլ Աստված մեծ ա, Աստված Աստված ա, թե չէ մարդ կա, վիզ ես ծռում` ուզում ես, ու էլի չի տալիս»,- ասում էր Կյաժն իր հարբեցող ընկերներին:
Աղանդների ներկայացուցիչներից հետո նրա տուն եկավ թաղում շրջայց կատարող սոցաշխատող տիկին Ալվարդը, իր աշխատանքային տետրում գրանցեց Սաքոյին եւ հուշեց, որ որպես գործազուրկ նա կարող է միանվագ օգնություն ստանալ ու վեց ամիս էլ նպաստ: Տիկին Ալվարդի այդ առաջին այցելությունից հետո խոպան գնալու միտքը անվերադարձ դուրս թռավ Սաքոյի գլխից: «Էս ճիշտ երկրից ո՞ւր էի ուզում գնալ, ուրիշ է՞լ որտեղ ա երկնքից մանանա թափվում, էդ որտե՞ղ են չաշխատելու համար փող տալիս»,- մտածեց նա ու մնաց: Իսկ երբ երկու ժամ տրվող էլեկտրականության պայմաններում Կյաժը բախտի բերմամբ թե պատահմամբ հաջողացրեց հեռուստացույց նայել ու լուրերից իմացավ, որ ընտանեկան նպաստը միանգամից հազար երկու հարյուր  քսան դրամով բարձրացրել են, կայացրեց կարեւոր եւ գոնե իր համար անսպասելի մի որոշում, որ անդառնալի փոխելու էր նրա կյանքը. նա որոշեց ամուսնանալ: Իրականում բազմաթիվ էտապներով, Ռուսաստանի շատ ու շատ քաղաքներով անցած Սաքոյի աստանդական հոգին շուտվանից էր խաղաղություն ուզում, բայց ընտանիքավորվելու, մի տեղ բնավորվելու ցանկությունն անիրագործելի էր թվում, որովհետեւ նրա մասնագիտությունը քոչվորի մասնագիտություն է: Կյաժ Սաքոյի մասնագիտության տեր մարդը պիտի անվերջանալի հյուրախաղերի մեջ լինի, իսկ եթե լռվեց, մնաց նույն միջավայրում, գործը առաջ չի գնա, որովհետեւ մարդիկ հավ չեն, որ նույն կուտը նորից ու նորից ուտեն:

Մի գեղեցիկ, աշնանային օր թաղում հերթական շրջայց կատարող տիկին Ալվարդը, քանի որ ամենուր սպասված հյուր էր, առանց նախապես թակելու Սաքոյի դարպասից ներս մտավ եւ վստահ քայլերով, առանց աջ ու ձախ նայելու քայլեց դեպի տուն: Միայն տան դռան մոտ տիկին Ալվարդը նկատեց խաղողի թարմի տակ թախտի վրա պառկած-քնած մերկ Սաքոյին: Սաքոյի հագուստը` անթեւ շապիկն ու մկրատով կտրած, շորտ սարքած ջինսը ընկած էին գետնին` օղու եւ գարեջրի շշերի, ծամելիքի մնացորդներով ափսեի կողքին: Ճիշտ է՝ Կյաժի հագին վարտիք կար, բայց այն, ինչ վարտիքը պետք է թաքցներ օտար աչքից, դուրս էր պրծել նրա միջից ու անկաշկանդ կախվել: Սաքոյի եղած-չեղածը տեսնելով (դրանք Ալվարդը մտքում նմանեցրեց խաղողի ողկույզների)՝ տիկին Ալվարդը ձեռքով բերանը փակեց, որ չճչա, ու արագ, բայց զգույշ քայլերով գնաց դեպի դարպասը: Մի ոտքն արդեն փողոցում էր, երբ լսվեց  քնաթաթախ Սաքոյի ձայնը. «Քուր ջան, էդ ո՞ւր, ծարավ կմեռնեմ, թե փող ես բերել` մի գնա»: Հետո հարբեցող ընկերներին էդ դրվագը պատմելիս ասել էր. «Աչքերս բացեցի, Ալվարդին տեսա, ջոգի` փողը բերել, ինձ տկլոր տեսել ա, ուզում ա ցվրվի»:

Չնայած որ նրան բոլորը «տիկին Ալվարդ»-ով էին դիմում, Ալվարդը տանը մնացած, երեսունյոթամյա կույս աղջիկ էր, ու եթե Ուզվորը չլիներ, երեւի շուտով կթեւակոխեր պառաված օրիորդի կարգավիճակը: Տանը մնացած աղջիկների մեծ մասը իրենց կամ ծնողների չմահավանության, արժանի թեկնածու չգտնելու պատճառով չեն ամուսնանում, բայց Ալվարդի դեպքը ուրիշ էր. նա ոչ մի ուզող չէր ունեցել, եւ դրա պատճառը Ալվարդի քիթն էր: Տիկին Ալվարդի քիթը իր չափերով շատ մեծ էր, կարմիր բշտիկներով պատված, իսկ ամռան շոգին եւ ձմռան ցրտին այն ավելի էր ուռչում ու ալ վարդի գույն ստանում: Մարդիկ կամ ծաղրում էին նրան, կամ հուշտ լինելով հեռանում նրանից, կամ էլ լավագույն դեպքում խղճում էին: Եվ դպրցում, եւ տեխնիկումում, եւ թաղում շատ դժբախտություն էր տիկին Ալվարդը տեսել իր քթի երեսից, շատ անգամ էր զուգարանում կողպված, հորից թաքուն լաց եղել, ողբացել իր միայնությունը:
Մինչեւ անկախությունը նա աշխատում էր «Նաիրիտում», հետո գործարանը փակվեց: Բազմաթիվ  դռներ թակեց աշխատանք գտնելու հույսով, բայց տարբեր պատճառաբանություններով մերժվեց: Համատարած գործազրկության պայմաններում, քյարթու կապիտալիզմի մրցակցային դաշտում, երբ գործի էին ընդունվում 18-25 տարեկան բարձրահասակ ու բարետես աղջիկները, իր՝ ժամանակից շուտ սպիտակած մազերով, հաստ հետույքով ու կարմրակալած, ահռելի քթով նա ոչ մի շանս չուներ, ու եթե հոր` Մակբեթ Վլադիմիրովիչի՝ անկախությունից հետո թոշակի անցած շրջկոմի քարտուղարի՝ սոցապում ունեցած կապերը չլինեին, այդպես էլ աշխատանքի չէր տեղավորվի: Մարդու տեսակ կա` կարմիրների ժամանակ կարմիր է, սպիտակների ժամանակ՝ սպիտակ, ՀՀՇ-ի օրոք՝ ՀՀՇ-ական, Հանրապետականի օրոք՝ հանրապետական: Տարբեր նախարարություններում, Ազգային ժողովում  կարեւոր պաշտոններ զբաղեցնող էդ տեսակ քամելիոն-մարդիկ կային, որ Մակբեթ Վլադիմիրովիչի ձեռքի տակ էին աշխատել, նրա անաչառ, ամենատես հայացքի ներքո էին աճել, նրա պատրաստած կադրերն էին ու նրա առաջ մղածները:
Տիկին Ալվարդի գործը թաղեթաղ, տնետուն շրջելը, թոշակառուների թոշակը եւ նպաստառուների նպաստը բաժանելն էր: Նրա ամսական աշխատավարձը քսանհինգ հազար դրամ էր, բայց հիմնական եկամուտը գալիս էր պահումներից: Յուրաքանչյուր թոշակառուից եւ նպաստառուից նա երկու հարյուրական, առավել կարիքավորներից (տիկին Ալվարդը բարի սիրտ ուներ) հարյուրական դրամ էր պահում: Դա Ալվարդի մատուցած ծառայության` փողը ժամանակին մինչեւ տուն բերելու դիմաց տրվող վճարն էր: Իհարկե, ցանկացողները փողը ստանալու համար կարող էին գնալ գրասենյակ, ժամերով հերթ կանգնել, բայց վերջում միեւնույն է՝ գրասենյակում աշխատող կինն էր իր փայը վերցնում, իսկ հաճախ էլ՝ մինչեւ հերթը հասնում էր, փողը վերջացած էր լինում:

Մինչ Ալվարդը դարպասի ետեւում սպասում էր, Սաքոն արագ հագնվեց, գետնին թափված շշերն ու ափսեն հավաքեց: Իրեն ու թախտի շուրջբոլորը կարգի բերելուց հետո Սաքոն տիկին Ալվարդին ներս կանչեց եւ հրավիրեց իր կողքին նստել: Սաքոյի դաջվածքածածկ մարմինը, կապույտ աչքերն ու բրդոտ ոտքերը վախեցնում եւ հուզում էին տիկին Ալվարդի փխրուն հոգին, օղու, ծխախոտի, պլանի, քրտինքի որձ հոտերը արբեցնում, գրգռում, բժժեցնում էին: Տիկին Ալվարդը կարմրել էր, իսկ քիթը հասած բալի գույն էր ստացել: Զգացողությունների եւ հույզերի առատությունից նա թեթեւ գլխապտույտ ունեցավ: Չէ որ Կյաժը Ալվարդի կյանքում առաջին եւ ինչպես հետո պարզվեց՝ ոչ վերջին տղամարդն էր լինելու: «Շոգ է»,- ասաց տիկին Ալվարդը, փողը շուտ տալու ու արագ հեռանալու մտադրությամբ բացեց կաշվե սեւ պայուսակը եւ դրա միջից հանեց փողի կապուկներով թափանցիկ պոլիէթիլենային տոպրակը: Այդ բախտորոշ, ռոմանտիկ պահին էր, որ Կյաժի նրբազգաց եւ դյուրաբեկ սիրտը կպավ տիկին Ալվարդին, եւ ամուսնանալու անորոշ, վերացական որոշումը սկսեց առարկայանալ:
Սկսեց գծագրվել հետագա գործողությունների ողջ ծրագիրը: Տիկին Ալվարդը Սաքոյի հասանելիքը տվեց ու տոպրակը նորից պայուսակը դրեց, իսկ Սաքոն, պայուսակին կրքոտ հայացքներ նետելով, շոռելով` սրբեց ճակատին գոյացած քրտինքն ու ասաց. «Ճիշտ ա, շատ շոգ ա»: Դուրս գալիս տիկին Ալվարդը ոտքերի վրա ձգվեց, ձեռքը երկարացրեց, խոշոր գիլաներով իծապտուկ տեսակի մի ճութ խաղող պոկեց վազից ու սկսեց ագահորեն ուտել: «Նստի թախտին, սպասի բախտին. էդ հո ինձ համար ա ասած»,- որպես հարգանքի նշան թախտից բարձրացավ եւ տիկին Ալվարդի ետեւից նայելով, հայացքը մեկ Ալվարդի հաստ, անարատ հետույքին, մեկ կաշվե պայուսակին կենտրոնացնելով, մտածեց Կյաժը:
Կյաժ Սաքոյի կյանքում, սրոկների արանքում ընկած ժամանակ, որոնք նա ընդմիջում էր անվանում, կանայք եղել էին, բայց նրանք հիմնականում մի քանի շիշ օղով ու գարեջրով վարձված աղջիկներ էին` հաճելի ժամանցի ու ընկերակցության համար: Ալվարդի ու Կյաժի հարաբերությունները նրա առաջին լուրջ հարաբերություններն էին, առաջին անգամ էր Սաքոն սիրահարվում: Այն ինքնավստահությունը, որ Կյաժն ուներ գործնական հանդիպումների ժամանակ՝ «կլիենտների» հետ կամ ընդմիջման ժամանակ՝ «կատինկեքի» հետ շփվելիս, լրիվ կորցրել էր: Նա ուղղակի շվարել էր, չգիտեր որտեղից սկսի: Վաղուց տասնութ տարեկան չէր, որ հատապնդեր Ալվարդին, նրանց թաղ գնար, «սատկի նստեր», իսկ միջնորդի չէր ուզում դիմել: Դա ամենահեշտ միջոցը կլիներ, եթե ինչ-որ բարեկամ կին` թեկուզ քույրը, հանձն առներ եւ դասավորեր նրանց ամուսնությունը, բայց այդպես նախ ամբողջ ռոմանտիկան էր կորչում եւ հետո` Կյաժը լավ գիտեր մարդկանց` մի լուցկու գլխի չափ կօգնեն, հետո, գործի բարեհաջող ելքի դեպքում իրենց սարի չափ պահանջներով քթիցդ կբերեն: Միակ  ելքը սպասելը եւ Ալվարդի հետ նրա շրջայցերի ժամանակ խոսելն էր:

Հաջորդ հանդիպմանը Կյաժը նորից չկարողացավ տիկին Ալվարդին ասել իր զգացմունքների մասին, բայց սխալ կլինի ասել, թե նա ոչինչ չարեց: Այն դեպքում, երբ Ալվարդը հրաժարվեց իր հասանելիք երկու հարյուր դրամից, Կյաժն իրեն դրսեւորեց որպես առատաձեռն տղամարդ, իսկական ջենթլմեն եւ համառելով հազար դրամ թողեց նրան, իր նպաստի համարյա կեսը: Հեշտ չէր նրան ազատվել այդ գումարից, հատկապես որ բռնած գործի վերջը չէր երեւում, բայց Կյաժը հասկանում էր, որ սովետական բարի ժամանակներն ավարտվել են, եկել է կապիտալիզմը` խաղի նոր կանոններով ու օրենքներով, երբ փողն է փող բերում, երբ պիտի գործի մեջ ներդրումներ անես, որ հաջողության հասնես։ Հասկանում էր ու գործում էր ժամանակի ոգուն համաձայն:

Հաջորդ ամիս` նոյեմբերին, նրանց հանդիպումը կայացավ ոչ թե բակում, խաղողի թարմի տակ, այլ տանը, սուրճի սեղանի շուրջ: Այդ օրը տիկին Ալվարդը վարսավիրանոցում ներկել եւ հարդարել էր մազերը, նոր, գեղեցիկ նախշերով շրջազգեստ էր հագել, որն ընդգծում էր նրա մարմնի բարեմասնությունները` փարթամ կրծքերը եւ կուսական հետույքը: Երկար ժամանակ Կյաժը չէր կարողանում գտնել  այն բառերը, որոնց օգնությամբ կշահեր Ալվարդի սիրտը, որոնք թույլ կտային ավելի մերձենալ նրան: Զգում էր, որ Ալվարդն իրենից վճռական գործողություններ է սպասում: Պետք էր ինչ-որ բան ասել, ինչ-որ բան անել, թե չէ անհարմար լռությունը կարող էր երկուսին էլ հուսահատության գիրկը գցել:
Վերջապես, երբ տիկին Ալվարդը սուրճի դատարկ բաժակը նազանքով դրեց սեղանին, Կյաժը, որ համարձակության համար բարլուսով մի քանի բաժակ գցել էր, Ալվարդի հանդեպ զգացած ողջ սերն ու քնքշանքը ձայնի մեջ ներդնելով, ասաց. «Ազիզ, ինչ լավն ես, ինչ համով ծծեր ունես, ինչ թոթոլ ոռ ունես, ու շորդ էլ սիրուն ա, քեզ սազում ա»: Ասեց ու փոշմանեց, ակամա հիշեց հոր ընկերոջ` Ջնդոյի պատմությունը:


ՋՆԴՈՆ ԵՎ ՎԵՏԵՐՈԿԻ ՄԱՐԻՆԱՆ
Մի անգամ Ջնդոն իր երկու գողական ընկերների հետ գնում ա վետերոկ: Էդ վետերոկում մի չտեսնված գեղեցկության տեր, մի հուրի-փերի, մի մարալ ռուս թե ուղղակի ռուսախոս մատուցողուհի ա լինում` անունն էլ Մարինա: Ով աչք ունի, սիրտ ու հոգի ունի, ում բանը գոնե մի քիչ կանգնում ա, չէր կարող անտարբեր լինել: Վետերոկի կլիենտների մեծ մասը էս աղջկան տեսնելու համար էր գալիս: Շատերն էին փորձել Մարինային կապել, բայց բոլորն էլ փոռուփոշման էին մնացել, չոր մերժում էին ստացել: Խոսում էին, թե Մարինան սիրած ունի, ու սիրածն էլ անմեղ տեղը բերդում նստած ա, խոսում էին, թե շրջկոմի քարտուղարի հետ ա: Մարինայից մերժված տղամարդիկ երկու խմբի էին բաժանվում: Իրենց անհաջողությունը ոմանք Մարինայի սիրահարված լինելով էին բացատրում, ոմանք՝ շրջկոմի քարտուղարի մեծ հնարավորություններով:
Ջնդոն սիրտ ու հոգի ուներ, փառք Աստծո, գործիքն էլ աշխատում էր ու հենց որ Մարինային տեսավ, որոշեց` էդ աղջիկը իրենը պիտի լինի, ու իր որոշումը ընկերներին հայտնեց:

– Արու-ախպերտինք, իմ սրու-սիրտը էդ աղջկան կրու-կպել ա: Էս քրու-քշերը ես իրա հետ պտի անցկացնեմ:

Ի տարբերություն քյաչալ ու կոլոտ Ջնդոյի, ընկերները՝ Հուսիկը, ներող եղեք՝ էն մեկի անունը չեմ հիշում, մյուսն էլ բոյով-բուսաթով, սիրուն-սիմպատիչնի, օձի լեզու ունեցող տղերք էին, ու ասեմ ձեզ` լավ էլ հաջողություն ունեին կանանց մոտ:

– Իմ ախպեր,- ասում ա Հուսիկը,- արի ինձ լսի, էդ աղջկանից ձեռ քաշի. ես էլ, էս մեր ախպերն էլ փորձել ենք բռնել էդ ծիտիկին, բայց, ախպորս ասեմ, բան դուրս չի եկել, ու եթե մեր մոտ չի ստացվել, քեզ մոտ չի ստացվի ու չի ստացվի:

– Խի՞, դուք էդ ով ե՞ք, որ… Ձեր անցած ճարու-ճամփեքը ես քրու-քշերով աչքերս փարու-փակ եմ անցել,- ասում ա Ջնդոն:

Հուսիկն էլ թե.

– Դո՛ւ գիտես, բայց էդ աղջիկը բերդում նստած մի տղու ա սիրում:

Մյուսն էլ թե.

– Ի՞նչ բերդ, ի՞նչ տղա` շրջկոմի քարտուղարի հետ ա, սեւ վոլգով ա ֆռֆռում էդ բոզը:

– Խի՞ ա բոզ,- այդտեղ ջղայնանում ա ճշտի մեռած Հուսիկը,- որ քո նման էշին չի տվել, դրա համա՞ր:

Էդ ժամանակ նրանց սեղանին ա մոտենում Մարինան՝ ծամելիքով ու խմիչքով սինին ձեռքին: Ջնդոն սկսում ա էս աղջկա գովքը անել:

– Սիրուն ջան, ինչ սիրուն, երկնքի պես կարու-կապույտ աչքեր ունես, ինչ լավ, Շիրազի վարդերի պես կարու-կարմիր պրու-պռոշներ ունես, ինչ լավ, հասած նռան պես կրու-կրծքեր ունես, ու նամանավանդ ինչ լավ քարու-քամակ ունես:

Մարինան էլ բա.

– Ինձ կրու-կունոխը կեզ կրու-կուներ, դու էլ լավ կամակ կունենայիր:



շարունակությունն՝ այստեղ

Please follow and like us: