Ավելուկի հյուսքերը կախված էին լվացքի պարանից։ Աշնան արևի հոտը կպել էր ավելուկներին։ Ձմռանը դրանցով մայրը հաճախ էր ճաշ եփում։
-Ավելուկից էլ օգտակար բան պիտի ուտե՞ք,-սիրում էր կրկնել մայրն ամեն անգամ ճաշի սեղան դնելիս։
Մայրն էլ գիտեր, որ միայն դա չէ պատճառը, պարզապես այլ տարբերակ չունի առաջարկելու։ Մայրն ամռանը հարևանների հետ գնում էր ավելուկ հավաքելու և ամեն հյուսքի մեջ իր աղոթքն ու հույսն էր դնում։ Մի օր լավ, մի օր վատ ապրում էին։ Չէին դժգոհում։ Չնայած ու՞մ բողոքեին, լսողն ո՞վ էր։ «Աղքատի տերն էլ Աստված է»,- ասում էր մայրն ու ամեն հարցով ապավինում Նրան։ Շատ բան չէր ուզածը․ երեխաների գլխին հայր լիներ, մի աման ճաշ ավել եփեր։
Երեխաներն իրար շոր հագնելով էին մեծանում, միմյանց գրքերով սովորում։
-Մա՛մ, բայց կոշիկս մեծ ա, ո՞նց հագնեմ,- բողոքեց փոքր աղջիկը։
-Ոչինչ, բամբակ կդնենք կոշիկի մեջ,- ամեն ինչի հնարը գտնում էր մայրը,- պիտի դիմանաս։
Պիտի դիմանալ։ Մարդիկ կան, որ ծնվում են դիմանալու համար։
Երեխաները դպրոցում էին, մայրը պիտի հասցներ լավաշը թխեր, տաներ շուկա։ Ամեն պատվիրատուի համար լավաշ թխելուց մեկ-երկու հատ մնում էր իրենց, փառք Աստծո, գոնե հաց ունեին (եթե ուտելու ոչինչ չէր լինում, գոնե մի քիչ պանիր, լավաշ լինում էր տանը։ Մայրն ու մեծ աղջիկը երեկոյան ոչինչ չէին ուտում, փոքր աղջկա համար զարմանալի էր, որ միայն ինքն է քաղցած լինում): Մայրը լավաշները դարսեց իրար վրա, թերթ էր ման գալիս, որ գցեր լավաշների վրա, ձեռքի տակ մի ճմռթած, թանաքոտ ու պատռված թուղթ ընկավ։ Գցեց մի կողմ։ Հետո աչքն ընկավ ձեռագրի վրա։ Մեծ աղջկա ձեռագիրն էր, ճիշտ և ճիշտ իր ձեռագրի նման, երբ ինքն էր դեռ դպրոցական։ Հիշեց, երբ ինքն էր աղջկա տարիքին, երազում էր մեծ բարձունքների հասնել, գեղեցիկ հագնվել, հարդարվել, բայց հիմա չի էլ հասցնում իրեն հայելու մեջ նայել։ Վերցրեց թուղթը։ Աղջկա շարադրությունն էր՝ հինգ թե վեցերորդ դասարանում գրած։ Շարադրության կեսն էր պահպանված․ « ․․․ես չգիտեմ՝ ինչ է ընտանիքը, և ինչու ընտանիքի մեջ պետք է անպայման հայր լինի։ Իմ ընտանիքը, իմ տունը մայրս է։ Մորս ամբողջ օրը տեսնում եմ թոնրի մոտ՝ երեսը կարմրած։ Նա չի հասցնում օգնել դասերս սովորել, ինքնուրույն պետք է անեմ։ Մեզ օգնում են միայն հարևանները, երբ իրենց արտասահմանի բարեկամները գեղեցիկ շորեր են ուղարկում և, եթե իրենց պետք չի լինում, տալիս են մեզ։ Իսկ հայրիկներն ինչպիսին են լինում, ինչ են անում երեխաների համար, չգիտեմ, գիտեմ՝ մայրերն ինչ են անում։ Իմ մայրը․․․»։ Այստեղից արդեն չէր կարդացվում շարադրությունը։ Մայրը թուղթը ծալեց, դրեց շորի ճոթի մեջ ու իրեն հազիվ դուրս գցեց թոնրատնից։ Հևում էր, թվում էր կպայթի սիրտը, եթե չգոռա։ Ու գոռաց։ Գոռաց տարիների լռությունը։ Արցունքները սկսեցին վարար հորդել։ Չէր զգացել՝ ինչպես է այդ սառը քարին մեկ ժամ նստել։ Սթափվեց դարպասի խուլ դմփոցից։ Հարևանը քիչ էր մնում տեղից պոկեր դարպասը։
-Ա՜յ, քո խիղճը չմեռնի, մի ժամ է ձայն եմ տալիս, ուշացանք ավտոբուսից, ի՞նչ էղար։ Ստիպված Արտոյի տղուն խնդրեցի, որ մեքենայով հասցնի քաղաք, դե, շուտ-շուտ վեր ել տեղիցդ,- արագ-արագ խոսում էր հարևանը։ Հետո զգաց, որ արձագանք չկա։
-Վա՜յ, Հասմիկ, ի՞նչ ա պատահել, էս ինչի ես սենց սառել, ձեռքերդ սառույցի կտոր են, արյուն չի խաղում մեջդ։ Վեր կաց էս սառը քարից, արի գնանք պառկիր, ոչինչ, ես մենակ կգնամ, քո լավաշն էլ կտանեմ, չմտածես։
-Հայկուշ,-հազիվ լսելի ձայնով խոսեց Հասմիկը,- ընտանիքն ի՞նչ ա։
-Է՜հ, շաշ-շաշ մի խոսիր, իբր չգիտես՝ դու ես ու քո երկու էրեխեքը, մեկ-մեկ էլ ես եմ,- ծիծաղեց հարևանուհին։-Էտ ինչի՞ ես հարցնում, հազար տարվա գլուխ ի՞նչ միտդ բերեցիր դա։ Հը՜ն, ի՞նչ ես հիշել,- Հասմիկի ուսին թեթև խփելով՝ հարցրեց հարևանուհին։ -Լավ, դու պառկիր, ես գնամ քաղաք, գամ, կխոսենք՝ ինչ է ընտանիքը,-քմծիծաղ տվեց ու դուրս եկավ տնից։
Հասմիկը չէր հիշում՝ վերջին տարիներին երբ է կեսօրին պառկել կամ քնել։
Այսօր այդ օրն էր․․․