Միխայիլ Զոշչենկո /Լիմոնադ

Ես, իհարկե, խմող մարդ չեմ։ Եթե խմում էլ եմ, շատ քիչ, քաղաքավարությունից կամ էլ, երբ որ լավ մարդկանց հետ սեղան եմ նստում, հանուն ընկերության։

Երկու շշից ավել երբեք չեմ օգտագործի։ Առողջությունս թույլ չի տալիս։ Մի անգամ, հիշում եմ՝ իմ նախկին հրեշտակի օրը մի չետվերտ կոնծեցի։

Բայց դա երիտասարդ ու պինդ ժամանակներս էին, երբ սիրտս կրծքավանդակումս բաբախում էր կատաղի, եւ գլխումս զանազան մտքեր էին առկայծում։

Իսկ հիմա ծերանում եմ։

Ծանոթ անասնաբույժ ունեմ՝ ընկեր Պտիցինը, վերջերս ինձ զննեց եւ վախեցավ, պատկերացրու՝ դողում էր։

– Ձեզ մոտ,- ասում է,- կատարյալ դեվալվացիա է։ Հնար չկա պարզելու,- ասում է,- որտեղ է լյարդը, որտեղ՝ միզապարկը։ Դուք շատ,- ասում է,- մաշված եք։

Ուզում էի էդ անասնաբույժի ջարդը տամ, բայց որոշեցի չտաքանամ։ «Արի,- մտածում եմ,- նախ մի լավ բժշկի մոտ գնամ, համոզվեմ»։ Բժիշկը ոչ մի դեվալվացիա չհայտնաբերեց։

– Ձեր օրգանները,- ասում է,- բավականին կոկիկ տեսք ունեն։ Եվ միզապարկը կագին-սարքին է, տանող տեղ չունի։ Ինչ վերաբերում է սրտին, գերազանց վիճակում է,- ասում է,- նույնիսկ ավելի լայն է, քան պետք է։ Բայց,- ասում է,- խմելը թարգեք, թե չէ շատ հանգիստ կարող են վատ բաներ կատարվել, օրինակի համար՝ մահ։

Իսկ ես, իհարկե, մեռնելու հավես չունեմ։ Ես սիրում եմ ապրել։ Եվ դեռ ջահել մարդ եմ․ ՆԷՊ-ի սկզբում հազիվ երեսուներեք դառա։ Եվ կարեւորը՝ փուչիկս չի տանում։ Այդպիսի փուչիկով ինչքան ուզում ես, ապրիր ու քեֆ արա։ «Երեւի իսկապես,- մտածում եմ,- պետք է խմելը թողնել»։

Բռնեցի ու թողեցի։

Չեմ խմում, հա չեմ խմում։ Մի ժամ չեմ խմում, երկու ժամ չեմ խմում։ Երեկոյան ժամը հինգին բնականաբար գնացի ճաշարան՝ ճաշելու։

Ճաշը կերա։ Սկսեցի եփած միսը ուտել, խմելս եկավ։ «Արի,- մտածում եմ,- էդ ոգելիցների տեղը մի թեթեւ բան ուզեմ՝ նարզան կամ էլ լիմոնադ»։ Կանչում եմ։

– Հեյ,- ասում եմ,- դու, որ պատվերս բերիր, էշի գլուխ, մի հատ էլ լիմոնադ բեր։

Լիմոնադն, իհարկե, մատուցում են քաղաքավարի սկուտեղի վրա։ Գրաֆինով։ Լցնում եմ փոքրիկ բաժակի մեջ։

Խմում եմ այդ փոքրիկ բաժակը, զգում եմ, որ ոնց որ օղի լինի։ Էլի լցրեցի։ Լրիվ օղի։ Այ քեզ բան։ Տակինն էլ լցրեցի՝ ամենաիսկական օղի։

– Բեր,- գոռում եմ,- էլի։

«Ահա,- մտածում եմ,- գնաց»։

Բերեց։

Էլի փորձեցի։ Բոլոր կասկածներս փարատվեցին՝ ամենաիսկական օղին է, որ հնարավոր է։

Հետո, երբ վճարում էի, չդիմացա, նկատողություն արեցի․

– Ես,- ասում եմ,- լիմոնադ խնդրեցի, իսկ դու ի՞նչ ես բերում, էշի գլուխ։

– Դե դա մեզ մոտ միշտ էլ լիմոնադ է կոչվել։ Լրիվ օրինական բառ է։ Դեռ հին ժամանակներից․․․ Իսկ իսկական լիմոնադ չունենք, կներեք, չենք ունենում, պատվիրող չկա։

– Բե՛ր,- ասում եմ,- մի հատ էլ, վերջինը։

Էդպես էլ չթարգեցի։ Ցանկությունս մեծ էր։ Բայց հանգամանքները խանգարեցին։ Ինչպես աում են՝ կյանքը իր կանոններն է թելադրում։ Պիտի ենթարկվես։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: