Միխայիլ Զոշչենկո/Շան հոտառություն

Վաճառական Երեմեյ Բաբկինից թռցրել էին նրա ջրարջենուց մուշտակը:

Վաճառական Երեմեյ Բաբկինը լացուկոծ կապեց, ողբ դրեց. դե պարզ է, ափսոսում էր մուշտակը։

– Մուշտակը,- ասում է նա,- շատ լավն է ախր, հարգելի՛ քաղաքացիներ: Ափսոս էր։ Փող չեմ խնայի, կգտնեմ հանցագործին։ Թքելու եմ ճակատին։

Եվ ահա Երեմեյ Բաբկինը հետախույզ շուն պատվիրեց: Հայտնվեց մի մարդ՝ գլխարկով, փաթաթաններով, հետն էլ՝ մի շուն: Շունս ո՞րն է, մի առինքնող չափերի քած, մի ազրայիլ՝ դարչնագույն, դունչը սուր, մռութը ոչ մի կերպ համակրանք չի ներշնչում։

Տղամարդը շան դունչը դեմ տվեց դռան մոտի հետքերին, ասաց «հիս» եւ մի կողմ քաշվեց։ Շունը հոտոտեց օդը, հայացքով սահեց ամբոխի վրայով (մարդիկ, իհարկե, իսկույն իրար գլխի էին լցվել) և հանկարծ մոտեցավ Ֆյոկլա անունով մի պառավի՝ հինգերորդ համարից, հոտոտեց նրա փեշը:

Պառավը հետ-հետ է գնում, շունը՝ փեշն է բռնում։ Պառավը մի կողմ է կանգնում, շունը՝ նրա հետեւից։ Բռնել է պառավի փեշից ու բաց չի թողնում։ Պառավը գործակալի առաջ ծունկի իջավ։

– Այո,- ասում է,- բռնվեցի։ Չեմ հերքում։ Եվ հինգ դույլ թթխմորն է ճիշտ,- ասում է,- եւ սարքը։ Ամեն ինչ,-ասում է նա,- լոգարանում է: Ինձ տարե՛ք ոստիկանություն:

Ժողովուրդն, իհարկե, ապշանքից քար է կտրել։

– Իսկ մուշտա՞կը,- հարցնում են:

– Մուշտակի մասին,- ասում է, – ես ոչինչ չգիտեմ և չեմ իմացել, բայց մնացածն այդպես է: Տարե՛ք ինձ, գնդակահարե՛ք:

Պառավին տարան:

Գործակալը նորից վերցրեց իր էդ կենդանուն, նորից քիթը հետքերին դեմ տվեց, ասաց «հիս» եւ մի կողմ քաշվեց:

Շունը հայացքով, հոտոտեց դատարկ օդը եւ անսպասելի մոտեցավ տնային կառավարչին:

Տնային կառավարիչը գույնը գցեց, տապալվեց գետնին․

– Կապե՛ք ինձ, – ասում է, – բարի մարդիկ, գիտակից քաղաքացիներ: Ես,- ասում է,- ջրի գումար եմ հավաքել եւ այդ գումարը ծախսել եմ իմ քմահաճույքների վրա:

Դե, իհարկե, բնակիչները հարձակվեցին տնային կառավարչի վրա և սկսեցին կապկպել նրան: Մինչդեռ շունն այդ ընթացքում մոտենում է յոթերորդ համարում ապրող մի այլ բնակչի։ Եվ քաշքշում է նրա տաբատը։

Քաղաքացին գունատվեց, փռվեց ժողովրդի առաջ:

– Մեղավոր եմ, – ասում է նա, – ես մեղավոր եմ: Ճիշտ է,- ասում է,- աշխատանքային գրքույկումս մի տարին կեղծել եմ: Ես,- ասում է,- ձիու պես առողջ եմ, պիտի բանակ գնայի ու պաշտպանեի հայրենիքս, իսկ ես ապրում եմ յոթերոդ համարում եւ օգտվում էլեկտրաէներգիայից ու այլ կոմունալ հարմարություններից։ Բռնե՛ք ինձ։

Ժողովուրդը շփոթության մեջ էր։ Մտածում է․ «Էս ի՜նչ շշմելու շուն է»։

Իսկ վաճառական Երեմեյ Բաբկինը աչքերը ճպճպացրեց, շուրջը նայեց, գրպանից փողը հանեց ու տվեց գործակալին:

– Տա՛ր շանդ, – ասում է, – տա՛ր այստեղից գրողի ծոցը: Թո՛ղ կորչի,- ասում է,- ջրարջենու մուշտակս, թո՛ղ շներոց լինի ․․.

Իսկ շունն արդեն տեղում է: Կանգնած է վաճառականի առջև եւ պոչն է օդում պտտում։

Վաճառական Երեմեյ Բաբկինը շփոթվեց, մի կողմ քաշվեց, իսկ շունը՝ նրա հետեւից։ Մոտենում է նրան ու հոտոտում կրկնակոշիկները։ Վաճառականը գույնը գցեց, բերանից մեկ կմկմոց, մեկ մկկոց է դուրս գալիս․

– Դե ինչ,- ասում է,- Աստված իրականությունը տեսնում է, թե բանը սրան հասավ։ Ես,- ասում է,- բջոտ սրիկա եմ։ Էդ մուշտակն էլ, եղբայրնե՛ր, իմը չի։ Էդ մուշակը,- ասում է,- ախպորիցս եմ խլել։ Ողբում եմ ու զղջում։

Ժողովուրդը սկսեց թափով ցրվել։ Իսկ շունը էլ ժամանակ չի կորցնում օդը հոտոտելու վրա, բռնեց երկու կամ երեք հոգու՝ ով պատահեց, եւ պահում է։

Սրանք էլ խոստովանեցին։ Մեկը պետական փողն էր թղթախաղում կրվել, մյուսը իր կնոջը արդուկով հարվածել, երրորդն այնպիսի բան ասաց, որ անհարմար է գրել։

Փախավ ժողովուրդը։ Բակը դատարկվեց։ Մնացին միայն շունն ու գործակալը։

Եվ ահա, մոտենում է շունը գործակալին ու պոչն է օդում պտտացնում։ Գործակալը գույնը գցեց, ծնկի իջավ շան առաջ․

– Կծե՛ք ինձ,- ասաց,- ընկերուհի՛։ Ես,- ասում է,- ձեր լափի համար երեք չերվոնեց եմ ստանում, երկուսը ինձ եմ վերցնում․․․

Թե հետո ինչ եղավ՝ հայտնի չէ։ Ես արագ ցվրվեցի՝ շառից-փորձանքից հեռու։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: