Հասմիկ Հակոբյան
Քննադատությունը, առողջ բանավեճը միշտ առաջմղիչ ու բուժիչ գործառույթ է ունեցել և ունի։ Բանավեճերի պատմությանը հայտնի են բազմաթիվ առողջ ու անառողջ քննադատությունների շուրջ ծավալված թեժ քննարկումներ, որոնք տարբեր հանգրվաններ են ունեցել, երբեմն էլ ջերմ հարաբերությունների անդառնալի խզման արդյունք են դարձել։ Գրական բանավեճերի պատմության ամենից հայտնի էջերից է Պարույր Սևակի և Գուրգեն Մահարու միջև ծավալված բանավեճը, որը տարիների պատմություն ունի։ Շատերն են անդրադարձել հայ գրականության այս երկու ականավոր դեմքերի փոխհարաբերություններին ու հոդվածների տեսքով հրատարակվող բանավեճին՝ տարբեր դիրքերից մեկնաբանելով երկու տաղանդավոր անհատների երբեմնի ջերմ փոխհարաբերությունների խզման պատճառն ու առիթը։ Ի վերջո, ո՞րն էր Սևակի ու Մահարու հարաբերությունների խզման, պառակտման պատճառը․ Մահարու քննադատությո՞ւնն էր, թե՞ անձնական հարաբերություններով պայմանավորված այլ հանգամանք։
Գ․ Մահարին իսկզբանե շատ ջերմ ու հետևողական է վերաբերվել Սևակի անձին ու գրականությանը։ Այդ վերաբերմունքը եղել է փոխադարձ։ Այդ մասին հիմնավոր ենթադրություններ են թույլ տալիս անել Սևակի ու Մահարու միջև եղած նամակագրական կապի արխիվային նմուշները, ինչպես նաև պահպանված փաստական տվյալները։ Օրինակ՝ 1958 թվականին մոսկովյան հիվանդանոցում բուժվող Մահարուն Սևակն այցելում էր ծաղիկներով։
Ընդ որում, մտերմացել են նաև գրողների ընտանիքները։ Ահա Մահարու՝ Տաշքենդ ուղարկված նամակից մի հատված․ «Սիրելի Պարույր, երեկ երեկոյան Նելլին և Արմենը մեզ մոտ էին: Անտոնինայի հետ նստեցին և մեծ գովասանքներով խոսեցին մեր մասին: Ըստ այդ գովասանքների՝ ես վերահասու եղա, որ ես ու դու բավականին անտանելի մարդիկ ենք եղել: Դրությունս բավականաչափ ծանր էր. մենակ բռնեցին ինձ, խեղդեցին: Անհամբեր սպասում եմ քո գալուն` միասնական ուժերով հակագրոհի անցնելու համար, «Իմ չինարի հատը» մարտական մարշով» (21 նոյեմբերի 1961 թ.):
Մահարին Սևակի ստեղծագործություններին առաջին արձագանքողներից է եղել։ Այդ մասին են վկայում Մահարու բազմաթիվ հոդվածները՝ գրված Սևակի ստեղծագործությունների մասին1։
Դատելով հրապարակում առկա փաստական տվյալներից՝ միմյանց հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող երկու անհատների հարաբերությունների ճեղքումը եղել է «Մարդը ափի մեջ» ժողովածուի հրատարակման առիթով։ Պարույր Սևակը 1960 թվականին Մոսկվայում գրում և ռուսերենով հրատարակում է «Մարդը ափի մեջ» շարքը, որը հետո տեղ է գտնում 1963 թվականին հրատարակված նույնանուն հայերեն ժողովածուում։ Իսկ մինչ հրատարակումը Սևակը Մահարուն էր հանձնել գրքի սևագիր տարբերակը՝ խմբագրելու և գրախոսելու։ Մահարին գրքի վրա աշխատել է մեծ ոգևորությամբ։ Հետագայում, սակայն, գիրքը լույս է տեսել մեկ ուրիշի՝ Հ. Այվազյանի խմբագրությամբ։ Գրքի տպագրությունից ընդամենը մեկ շաբաթ անց հրապարակվում է նաև Մահարու հոդվածը՝ «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ» վերնագրով։ Այստեղ Մահարին մատնացույց է անում Սևակի բառօգտագործման, խոսքային լուրջ ու անլուրջ վթարները, տեղ-տեղ անվանում «իր սահմանած օրենքների ոչ ճիշտ ու ճաշակով կիրառություն, անխղճորեն քշված պոեզիա», անդրադառնում անհարկի կրկնություններին, մաշված, անկապ, կշիռ ու արժեք չունեցող բառերին։ Նշենք, որ ժամանակին նմանատիպ մի կարծիք էլ Ս․ Սարինյանն էր հայտնել իր «Ինչից պետք է խուսափել» վերնագրով հոդվածում Սևակի մեկ այլ՝ «Նորից քեզ հետ» ժողովածուի առիթով՝ Սևակի գործերը բնորոշելով որպես էժանագին բառախաղություն և իր հերթին քննադատելով ու կասկածի տակ դնելով այդ գործի վերաբերյալ Մահարու՝ «Ինքնատիպ բանաստեղծի հետ» զրախոսության մեջ հնչեցրած դրական կարծիքը։ Մահարին իր հոդվածում այսպիսի բնորոշում է տալիս Սևակի «ժամանակավոր պարտություններին»․ «Պարույր Սևակը երբեմն «Լոտոսի համար» փորձում է ճահիճներ սարքել և «ակվարիումի համար» պատրաստ է «ծով չորացնել», իհարկե, ստեղծագործական իմաստով»։ Այստեղ Սևակի բանաստեղծության արձակայնացումն արժանանում է մահարիական հետևյալ մեկնաբանությանը․ «Որքան արձակը շահում է բանաստեղծական պատկերավորումից, այնքան բանաստեղծությունը վնասվում է, երբ արձակը միջամտում է նրա գործին»։ Մահարին անդրադարձ է կատարում նաև գրական ազդեցություններին։
Հաշվի առնելով Սևակի ու Մահարու փախադարձ վերաբերմունքը մինչ այս՝ կարելի է փաստել, որ, ամեն դեպքում, հոդվածը բավականին չոր է ու սառը։ Հոդվածն ավարտվում է այսպիսի եզրափակիչ գնահատականով․ «Նրա պարտությունները մի հաղթանակ կլինեն պառնասի ստորոտներում գոհ ու ինքնագոհ զբոսնող մի շարք պոետների համար»։ Հոդվածում բացվում են նաև որոշ փակագծեր, ինչից պարզ է դառնում, որ Սևակի ժողովածուի վրա իր տարած խմբագրական աշխատանքները ոչ միայն ըստ արժանվույն չեն գնահատվել, այլ նաև հընթացս նրա հնչեցրած նկատառումները, քննադատություններն ու դիտարկումներն իր և Սևակի միջև որոշ տարաձայնություններ են առաջ բերել։ Հարցին տեղյակ շատերը ժամանակին Մահարու քննադատության մեջ որոշակի սուբյեկտիվություն են նկատել՝ ասելով, որ Սևակի նկատմամբ Մահարու բծախնդրությունը չի գործում ուրիշ պոետների՝ օրինակ՝ Սահյանի կամ Դավթյանի պարագայում։
1964 թ. փետրվարին գրողների տանը կազմակերպվում է «Մարդը ափի մեջ» գրքի հրապարակային քննարկում: Ելույթով հանդես է գալիս նաև Սերգեյ Սարինյանը, սակայն ոչ մի ակնարկ չի արվում Մահարու վերջին հոդվածի մասին։ Մահարու քննադատությանն անդրադառնում է միայն Ա․ Գրաշու2 կինը՝ Մարգարիտա Աթաբեկյանը՝ իր «Առնականություն, ճշմարտություն, տաղանդ» հոդվածով3։ Հոդվածագիրը որոշ կետերում համաձայն է Մահարու հնչեցրած գնահատականների հետ, սակայն նա հոդվածը միակողմանի է համարում՝ բերելով իր նկատառումները։ Հոդվածում Մ․ Աթաբեկյանը որոշակի առնչություններ է տեսնում Սևակի և Էքզյուպերիի գաղափարների, մտքերի, գեղարվեստական արտահայտչամիջոցների միջև։ Հոդվածագիրը փորձում է մասնավոր օրինակներով հիմնավորել իր դիտարկումները։ Մ․ Աթաբեկյանի սույն հոդվածը գնահատել է գրականագետ Սեյրան Գրիգորյանը՝ գրելով․ «Գրական այս փաստաթուղթը, չգիտես ինչու, անտեսվում է Սեւակին նվիրված գրականության մեջ»։ Գրականագետ Դավիթ Գասպարյանը բավականին կոշտ է արձագանքել Մ․ Աթաբեկյանի հոդվածին՝ այն բնորոշելով հավակնոտ, իսկ հեղինակին՝ անգո («Ոգեմ բանս գովելի ի վերայ Գուրգեն Մահարի»)։ «Սեւակի առիթով Մահարի-Աթաբեկյան հակադրությունը նույնն է, ինչ ադամանդի դիմաց դրված ապակին, ճշմարիտ գրական մարդու դիմաց կանգնած գրական հավակնոտ քաղքենին, ով, ասացե՜ք խնդրեմ, իր պարտքն է համարում միջամտել մեծերի խոսակցությանը եւ անգամ կարծիք հայտնել» 4։
Ինքը՝ Մահարին, Մ․ Աթաբեկյանի հոդվածին որոշակի երգիծանքով է արձագանքում՝միտքը եզրափակելով այսպես․ «Աթաբեկյանը պարզապես բարձրացրել է գովասանքի այսպես ասած` աստիճանը, մի բան, որի կարիքը չի զգում այսօր բանաստեղծը: Գուցե այս «մեթոդը» օգտակար լիներ տարիներ առաջ, երբ Սեւակը խիզախաբար պայքարում էր իր ստեղծագործություններով ճանաչում ձեռք բերելու համար, ասում ենք` գուցե, սակայն հիմա, երբ նա կանգնած է մեր բանարվեստի առաջին գծի վրա, կարիք չունի հաճոյախոսությունների»5։
Այս ընթացքում «Ավանգարդ»-ում տպագրվում են ընթերցողների կարծիքներ6, որոնցում ընթերցողներից ոմանք գնահատում են Սևակի նորարարական ոճը, անկեղծությունը, իսկ ոմանք էլ Սևակի բանաստեղծությունները համարում են հանգերին տուրք տված, անհասկանալի ու թերի կառույցներ։ Ընթերցողների կարծիքին գրողն անդարդարձել է «Իմ ընթեցողներին» պատասխան խոսքով7: Խոստովանելով ընթերցողից չհասկացվելու իր «թաքուն կամ բացահայտ վախը»՝ Սևակն այսպես է մեկնաբանում իր գրողական սկզբունքները. «Բանաստեղծը խոսում է. իր լեզվով, բայց մարդո՜ւ անունից, իր կողմից, բայց կյանքի՜ մասին, իր տրամադրությամբ, բայց դարի՜ հրամայականով»։ Այնուամենայնիվ, Սևակը նաև անկեղծորեն խոստովանում է, որ իր ժողովածուում իսկապես կան այնպիսի գործեր, որոնք չպետք է տեղ գտնեին այնտեղ։ «Ինչպե՞ս չընդունեմ նաեւ, որ «Մարդ»-ի մեջ «գրանցված» են այնպիսի «բնակիչներ», որոնց տեղը պիտի լիներ իմ արկղը կամ գզրոցը: Ինչո՞ւ չընդունեմ, որ գրքում կան տողեր, տեղեր, նույնիսկ առանձին բանաստեղծություններ, որոնց կամ «թթխմորն» է պակաս (ուրեմնՙ հասած չեն), կամ «աղն» է ավելի (ուրեմնՙ հաճույքով չեն ուտվում), կամ էլ պարզապես «կուտ են գնացել» (միեւնույնն է՝ «թոնրի» հովությունի՞ց, թե՞ բարկությունից): Շնորհակալությամբ եմ ընդունում եւ այն մատնանշված կրկնությունները, որոնց իսկական մեղավորը իմ… անբարեխիղճ հիշողությունն է» (Երկերի ժողովածու, հ. 5, էջ 227-236)։ Ավելին, գրականագետ Վահե Հովակիմյանին հասցեագրած նամակում Սևակը, շնորհակալություն հայտնելով նրա արտահայտած դրական կարծիքի համար, գրում է․ «Իսկ ես կուզենայի, որ ամենից քիչ հավանեիր «Մարդը ափի մեջ» շարքը (ուր դու ամենից շատ ես ինձ գտնում), որովհետև այդտեղ է ամենից քիչ բանաստեղծը և ամենից շատ՝ քարոզիչը, ագիտատորը, քննադատը, բարոյախոսը։ ․․․ «Ականջդ» և «Թռուցիկ»-ները շատ ավելի բարձր մակարդակ են, քան «Ափի մեջ»-ը, քան «Մաշտոց»-ները»8։
Փաստորեն, Սևակի մոտեցումը, ինքնաքննադատական հայացքը ևս խիստ անհաշտ է «Մարդը ափի մեջ» շարքի որոշ գործերի նկատմամբ․ այդ մոտեցումն ինչ-որ տեղ նաև համընկնում է Մահարու քննադատական հայացքի հետ։ Սևակյան հանդուրժողականությունը քննադատության հանդեպ, ինչպես նաև ինքնաքննադատական վերաբերմունքը մի կողմից զարմացնում են Մահարուն, մյուս կողմից առիթ են տալիս հիմնավորելու ավելի վաղ իր հնչեցրած մտքերի ճշմարտացիությունը։ Այս փաստը գրականագետներին ևս տալիս է այն համոզումը, որ քննդատությունների հանդեպ նման հանդուրժողական վերաբերմունք դրսևորող գրողը դժվար թե նեղանար սիրելի Մահարուց՝ հնչեցրած քննադատության համար, եթե խնդիրը սոսկ քննադատության մեջ լիներ։
Հաջորդիվ բանագողության մեղադրանքներն են։ Բանագողության թեմաները, ցավոք սրտի, երբեմն շահարկվել են Սևակի և Մահարու միջև պառակտումը խորացնելու համար, ինչի պատճառով էլ տարաձայնությունները վերաճել են թշնամական վերաբերմունքի։ Երևանի գրականության և արվեստի թանգարանի Մահարու ֆոնդում պահվող նամականիից պարզ է դառնում, որ Սևակ-Մահարի փոխհարաբերությունների վրա իր (բացասական) ազդեցությունն է ունեցել նաև գրող, թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը9։
Ա․ Ալիքյանի և Մահարու նամակագրությունից հասկանալի է դառնում, որ Սևակի՝ բանագողությունների վերաբերյալ տարբեր գրականագետների տրված «գնահատականների» մասին Ա․ Ալիքյանի հայտնած տեղեկություններին Մահարին այնքան էլ չի վստահում, խիստ թեական է վերաբերվում, մինչդեռ շատերը նրան մեղադրում էին Ա․ Ալիքյանի հետ միասին Սևակի դեմ բանագողության մեղադրանք ներկայացնող հոդված պատրաստելու մեջ։ Մահարին Վ․ Դավթյանին գրած նամակում («14.VI.1967») ժխտում է այդ փաստը։
Հատկանշական է, որ այդ ընթացքում Մահարի-քննադատն ամեն դեպքում փորձում է չկորցնել օբյեկտիվությունը և պահել սեփական տեսանկյան հստակությունը։ «Մարդը ափի մեջ» ժողովածուի հրապարակումից, վերը հիշատակված աղմակահարույց քննարկումներից ու բանավեճերից երկու տարի անց Մահարին վերստին այսպիսի կարծիք է հայտնում Սևակի և նրա գրականության մասին․ «Բավական է նայել նորերս «Սովետական գրականություն» ամսագրի 1965 թվի N 1-ում լույս տեսած նրա նոր բանաստեղծությունները, համոզվելու համար, որ Սեւակը չի դոփում տեղում, այլ հարստացնում է իր պոեզիան»10։ Մահարին շարունակում է ուշադրությամբ հետևել և արձագանքել նաև Սևակի հրապարակախոսությանը, քանի որ, ինչպես ինքն է ասում, ակնհայտ թուլություն ունի պոետի նկատմամբ և սրտին մոտ է ընդունում նրա ժամանակավոր անհաջողություններն ու մնայուն հաջողությունները։ Մահարին տարակուսանքով է ընդունում Սևակի՝ «Նարեկացու սիմվոլիզմին» հավատարիմ մնալու կոչը՝ այն համարելով ժամանակավրեպ։
«Երեք-չորս տարի առաջ մեր Սեւակը XX դարի արեւմտաեվրոպական նորագույն պոեզիայի ավանդություններն էր պատվաստում մեր բազմադարյան պոեզիային, այսօր կտրուկ շրջադարձով քոչում է դեպի X դար: Ակամա հիշում ես նույն Նարեկացու հանճարեղ տողերը. «Եվ ա՛ջ քայլեցի — սայթաքեցի, /Եվ ձա՛խ քայլեցի — սայթաքեցի, /Երկրորդը փնտրեցի, առաջինը կորցրի /Ու տարվելով փոքրով — մեծը կորուցի…» : Բանաստեղծ Սեւակի հետ այսպիսի բան չի պատահել եւ չի պատահի, որովհետեւ բանաստեղծ Սեւակն ավելի իմաստուն է, քան տեսաբան Սեւակը»11։
Ի տարբերություն Մահարու, որի էջերում բազմաթիվ էին Սևակի ու նրա գրականության մասին հիշատակումները, Սևակի մոտ Մահարու մասին ոչ մի հիշատակում հետագայում չի լինում։ Միայն Սևակի անունը հայտնվում է այն մարդկանց շարքերում, ովքեր մերժում էին Մահարու աղմկահարույց «Այրվող այգեստաններ» գործը։ Այս փաստին Մահարին այսպես է արձագանքել․ «Որ Զարյանը պիտի ծառանար գրքիս դեմ, այդ ինձ համար հասկանալի է, բայց որ ասենք իմ գուրգուրած Պարույր Սեւակը պիտի կանգներ նրա կողքին առանց խղճի խայթ զգալու, այս ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ ցավալի: Աստված իրենց հետ» (30 նոյեմբերի 1967 թ.):
Սևակի և Մահարու փոխհարաբերությունների բոլոր կողմերը մանրամասնորեն ուսումնասիրելով՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը հերքում է փաստը, թե Մահարին դուրս է եկել Սևակի դեմ և նրանց միջև թշնամություն է եղել։ «Ո՛չ, Մահարին եղել է Սևակի գրական բարեկամը և, նորից ենք ասում, այդ բարեկամությանը հավատարիմ մնացել երկրորդ աքսորից վերադառնալուց հետո մինչև իր մահը, որ ընդգրկում են Սևակի բուռն գործունեության տարիները»12։
Եթե գրականագետները, հիմնվելով Մահարու և Սևակի հոդվածների, նամակների վրա, փորձում են հարցը քննել գրական դաշտում՝ կոնֆլիկտի հիմքը համարելով Մահարու սուր քննադատությունը, ապա Մահարու տղան՝ Գևորգ Աճեմյանը, խնդիրն այլ՝ անձնական հարթություն է տանում։ Մահարին, քննադատելով Սևակի սիրային գործերը, գրում է․ «Պարույր Սևակն «անհավատարիմ» սիրո երգիչ է և իր էությամբ հերքում է հավիտենական, հավատարիմ սիրո «տեսությունը»։ Սերը հավիտենական է, այո՛, բանաստեղծն այդ ընդունում է, սակայն ժամանակավոր են սիրո առարկաները, փոփոխական։ ․․․ Յոթ տարի առաջ Պարույր Սևակին թողինք մի վիճակում, երբ թվում էր, թե երիտասարդ բանաստեղծը վերջնականապես փակեց իր հաշիվները սիրո մատյանների հետ։ Այն «սարսափելի» օրերին նա գրեց․
․․․Կախվելու մի պարան մնաց
Իմ սիրո հարուստ ավարից․․․
Պարզվեց, որ այդ պարանը այնքան էլ պարանի նման չէր և մինչև անգամ պարան չէր։ Դա մի գոտի էր, որով գոտեպնդվեց մեր հավերժասիրահարը և քայլեց․․․ դեպի կախաղան»13։
Գևորգ Աճեմյանը բերում է փաստեր, որոնք խոսում են Սևակի անձնական հարցերին Մահարու քաջածանոթության մասին, ապա եզրակացնում, որ Սևակի և Մահարու հարաբերությունների պառակտման, խզման պատճառն ավելի շատ անձնական հարաբերություններն են․ մի որոշակի պահի խախտվել է տղամարդկանց լռության չգրված կոդեքսը։
«Ոմանց աչքում դա թերեւս ավելի դատապարտելի է, քան բանագողության մեղադրանքը, բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչպես հանգերն էին Սեւակին տարել «սարե-սար ու քարե-քար», այդպես էլ գրախոսի գրիչն էր հանել Մահարուն պատշաճության սահմանից… Նա նույնացրել էր Սերը «ներշնչանքի աղբյուրի» հետ… Սեւակը գրախոսականում տեսել էր մի բան, որը չէին տեսնում ուրիշները: Այդ մի բանը ոչ-գրական շերտի առկայությունն էր, որից վիրավորվել էր նա։ ․․․Նրանց հարաբերությունների բարդությունը ուներ զուտ անձնական բովանդակություն: Այդ հարաբերություններում մի կողմը դրսեւորեց անընդունելի անզգուշություն, իսկ մյուսը` ծայրահեղ անհանդուրժողություն: Գրական դաշինքը, որը կարող էր «սարեր շրջել»` քանդվեց հուրախություն գրական վարչարարների…»14։
1 1. «Ինքնատիպ բանաստեղծի հետ» («Նորից քեզ հետ» գրքի մասին, ԳԹ, 1957, 27 սեպտեմբեր), 2. «Ամբողջ ձայնով» (ի պաշտպանություն «Տերյանը պահանջում է» հոդվածի, ԳԹ, 1960, 20 մայիս), 3. «Ամենից կրտսերը» (գրական դիմանկար, ՍԳ, 1961, թիվ 9), 4. «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ» («Մարդը ափի մեջ»—ի մասին, ԳԹ, 1964, 24 հունվար), 5. «Անկեղծ զրույց» (ԳԹ, 1968, 8 մարտ): «Ամենից կրտսերը» լույս է տեսել նաե ռուսերեն («Литературная Армения», 1962, թիվ 9): Սևակի մասին նա արտահայտվել է նաե այլ առիթներով գրած հոդվածներում’ «Անավարտ պատասխաններ» (ՍԳ, 1964), «Բանաստեղծի աշխարհը» («Լրաբեր», Նյու Յորք, 1964, 12 մարտ), «Պոեզիան ե քննադատությունը» (ԳԹ, 1965, 10 սեպտեմբեր), «Գրական մեծ վաղվա համար» (ՍԳ, 1966, թիվ 5):
2 Ա․ Գրաշուն Գ․ Մահարին ժամանակին խստորեն քննադատել է։
3 «Գրական թերթ», Եր., 1964, 3 ապրիլի, թ. 14:
4https://www.azg.am/index_wap.php?nl=AM&id=2011110504&Base_PUB=1&fbclid=IwAR16vLwCcW9ICDF9M31mXwSsqq1BHnv5f-Jv_nPwtV2MT6jXAfHUnslybs8
5 «Անժամանակ կեցության» և հարակից խնդիրների մասին, ԳԱԹ, ԳՄՖ, թ. 88:
6http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Avangard/1964/19.pdf?fbclid=IwAR1TDeg7KO0ru3ileJCdZspgsuwOOYmPexkbBKgNOmNBZlYZTeiivk0g7nU
7 http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Avangard/1964/42.pdf?fbclid=IwAR3zJzlo0Guf9Q4ddL9gD-OtNUMYTgNSd7MKSFV8Lu2XUHlVZN-fzcpWtbo
8 Սևակ Պ․, Նամակներ Վահե Հովակիմյանին, Երկերի ժողովածու, հ. 6, էջ 414։
9 Այս մասին առավել հանգամանալից տե՛ս՝ Գասպարյան Դ․, «Գուրգեն Մահարի և Պարույր Սևակ», http://www.grakantert.am/archives/4152
10 Պոեզիան և քննադատը: «Գ. Թ», Եր., 1965, 10 սեպտեմբերի, թ. 37:
11 Գրական մեծ վաղվա համար, «Ս. Գ.», Եր., 1966, թ. 5, մայիս, էջ 131-140:
12 Գասպարյան Դ․, «Պարույր Սևակ, կյանքը և ստեղծագործությունը», Ե․, 2001 թ․, էջ 70։
13 Մահարի Գ․, «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ», «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 88։
14 Աճեմյան Գ․, «Մահարի-Սևակ կապերի վերջին հանգրվանը», «Ազգ»-«Մշակույթ», Եր., 2011, 22 հոկտ., թ. 18։