ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ / ՋՈՅԻ ՀԵԾԱՆԻՎԸ

ԻՐԱՊԱՏՈՒՄ

Երբ դպրոցում, անգլերենի դասին Գեւորգը հպարտությամբ ասաց` «My name is Joe», դասարանցիները հասկացան, որ նա իրոք Ջո է, եւ դասարանից դպրոցում, ապա ողջ փոքրիկ քաղաքում տարածվեց Ջո անունը, մոռացնել տալով իսկականը:

Ջոն երազում էր հեծանիվ ունենալ. մանկության տարիներին հարևան երեխաները եռանիվ հեծանիվներ ունեին, ինքը չուներ, մեկ-մեկ հաջողացնում, քշում էր ուրիշներինը: Երազում հեծանիվ էր տեսնում` նոր, սիրուն գույներով, ազդանշանով: Երազում ինքը հեծանիվ ուներ, ուրիշները` ոչ, ու ինքը սիրով տալիս էր հեծանիվը, որ ուրիշներն էլ քշեն: Հեծանիվի երազանքը Ջոյի հետ մեծանում էր: Երբ արդեն պատանի էր, երազում էր մեծ, իսկական` երկանիվ հեծանիվ: Էլի չէր ստացվում, ծնողների վաստակածը երբեք այնքան չէր լինում, որ մի հեծանիվի չափ ավելանար, ու տղայի երազանքը կատարվեր:

Ջոն հեծանիվ առավ, երբ բանակից վերադարձավ եւ սկսեց աշխատել ցեմենտի գործարանում: Այդ օրը Ջոն ուրախությունից նույնիսկ ոտանավոր գրեց ու ցույց տվեց սիրած աղջկան: Սեդան հիացավ ու ավելի սիրահարվեց իր Ջոյին: Հեծանիվով գործի գնալ-գալիս քթի տակ դնդնում, երգելով ոտանավորներ էր հորինում: Երբ Սեդան ու Ջոն ամուսնացան, արդեն մի քանի տետր գրել էր եւ որոշեց տանել «Գարուն»-ի խմբագրություն։ Ուրախությանը չափ ու սահման չկար, երբ սենյակներից մեկում տեսավ Վազգենին:

-Ջո՞ ,- հարցրեց Վազգենը,-  էս ի՞նչ ես կորցրել։

– Ոտանավորներ եմ գրել, բերել եմ` տպեն,- մի քիչ անվստահ ասաց ու լղարիկ երեք տետրերը դրեց Վազգենի սեղանին:

Վազգենն արագ աչքի անցկացրեց:

– Ջո, էս, ինչ որ գրել ես, սրանց դուր չի գա, էս քո համար ես գրել, քո սիրած աղջկա,- չէր ուզում, որ ավելի ուղիղ էդ խոսքերն իր գործընըերները ասեն Ջոյին ու ցավ պատճառեն : -Արի, դու գնա, շատ կարդա, առայժմ մի գրի, ուղղակի կարդա, հետո կերեւա, հա՞։

– Հեչ լավ չի՞,- մի վերջին հույսով հարցրել էր:

– Լավ է, բայց` ոչ տպագրելու համար:

Ջոն այլևս ոտանավոր չգրեց: Հեծանիվ վարելիս, եթե անգամ գլխում հանգեր էին պտտվում, էլի չէր գրում: Չէր գրում, բայց տետրերը պահեց լուսանկարների, բանակում ստացված նամակների, անձնագրի, զինգրքույկի եւ ուրիշ փաստաթղթերի հետ:

Չէր գրում, բայց արտահայտվելու պահանջի պատեհությունն ինքնիրեն եկավ: Սկսվեց 88-ի Շարժումը: Աշխատանքից հետո հեռուստացույցից չէր կտրվում, լուրերին էր հետեվում, սպասում էր, թե երբ Կրեմլը կհարգի արցախցիների ինքնորոշման իրավունքը: Ու երբ հասկացավ, որ Կրեմլը նման բան անող չի, սկսեց թռուցիկներ գրել․

«Պայքար, պայքար մինչև վերջ,
Պիտի սատկի թուրքը, վերջ»,

«Մեզ մեր վիրավոր Արցախն է կանչում,
Ո՞վ ես, որ խլես Արցախը , թուրք շուն»,

«Ով չգնա միտինգի,
Նա կարդաշն է շուն թուրքի»:

Ձեռագրով գրում էր մի քանի հարյուր օրինակ ու գիշերով, մարդկանց աչքից հեռու, հեծանիվով գնում, տարածում: Փակցնում էր կանգառներում, շենքերի պատերին: Չէր ալարում, հասնում էր մոտակա գյուղերը եւ տարածում իր կոչերը: Բայց իր գործունեությունը հույժ գաղտնի էր պահում անգամ Սեդայից: Գիշերային տարօրինակ բացակայությունները կնոջը բացատրում էր հեծանիվ քշելու ցանկությամբ: Ասում էր` ամբողջ օրը աշխատում եմ, հոգնում եմ, էս էլ հանգստանալու իմ ձևն է:

Ջոն բոլորովին չանհանգստացավ, երբ քաղաքում սկսեցին լուրեր պտտվել, որ ոստիկանության բաժանմունքը փնտրում է քաղաքում ասուխոսի առարկա դարձած, բոլոր տներում քննարկվող թռուցիկների հեղինակին: Եվ որ թռուցիկներին հաջորդող միտինգները առանձնապես մարդաշատ են լինում: Ոստիկանության բոլոր ուժերը բերվել էին մարտական պատրաստականության վիճակի` առանձնապես վտանգավոր հանցախումբը հայտնաբերելու եւ վնասազերծելու նպատակով: Ջոն վստահ էր, որ ինքը վատ բան չի անում, եւ որ իրեն չեն կասկածի:

Սեդայի մտքով էլ ոչինչ չէր անցնում, մինչև մի օր եղբայրը` Սեթոն, անհանգստացած եկավ իրենց տուն ու քրոջը տեղեկացրեց, թե իրականում ինչ վտանգավոր ճանապարհի վրա է Ջոն:

– Լրիվ խելքը գցել ա, – ասաց Սեթոն,- հեսա որ գան, բռեն, տանեն, նոր խելքը գլուխը կգա, արդեն գիտեն, որ ինքն ա թռուցիկներ գրում, սաղ քաղաքը իրա թռուցիկներն են:

Սեթոն չասաց, իհարկե, որ ինքն է մի թռուցիկը պատից պոկել, ուշադիր կարդացել ու կասկածել, որ ծանոթ ձեռագիր է: Չասաց , որ նախորդ օրը հենց դրա համար էր եկել քորջ տուն ու իբր միամիտ-միամիտ ասել.

– Սեդա, Ջոյի ոտանավորների տետրը կտա՞ս, մի հատ ոտանավոր կա, ուզում եմ կարդամ:

Սեդան մի քիչ զարմացել էր, որովհետև Սեթոն միշտ ծաղրում էր Ջոյին ոտանավոր գրելու թուլության համար:

Սեթոն տետրը վերցրել էր ու հաջողացրել էր մեկից մի էջ պոկել։ Հետո, երբ Ջոյին վտանգավոր հանցագործի նման եկան, ձեռնաշղթաներ հագցրած, տարան բաժանմունք, Ջոն քննիչի սեղանին տեսավ իր տետրից պոկված էջը ու ամեն ինչ հասկացավ:

Այդ ժամանակ ոստիկանները Ջոյին շատ չնեղեցին, ուղղակի սաստեցին, սպառնացին, խոսք առան, որ այլևս չի գրի ազգայնական եւ հակասովետական թռուցիկներ, ու բաց թողեցին:

Սեդան կռվեց Ջոյի հետ, հետո լաց եղավ, ասաց` գոնե մեր նորածին երեխային խղճա: Ջոն խոստացավ այլևս թռուցկներ չգրել-չտարածել: Անգամ երդվեց նորածին տղայի` Արցախի ամվամբ։ Բայց հո միամիտ չէ՞ր։ Նա երդվել էր այլևս ձեռագիր չգրել, ոչ թե ընդհանրապես: Իսկ աշխարհում, փառք աստծո, գրամեքենա կա, բան կա… Ջոն մի իրիկուն գնաց քաղաքում միակ մեքենագրուհու` Ժաննայի տուն:

– Ուզում ե՞ս` Ղարաբաղը հետ տան,- միայնակ ապրող ու Ջոյի այցից անակնկալի եկած Ժաննային հարցրեց հենց շեմքին, խիստ լուրջ դեմքով:

-Հա…. Ո՞վ  չի ուզում, այ Ջո, սաղս էլ էդ ենք ուզում,- պատասխանեց շփոթված կինը:

– Ուրեմն` էսօրվանից դու էլ կօգնես Ղարաբաղին ,- վճռական ասաց Ջոն: Հետո առաջ անցավ, տեղավորվեց հնամաշ բազմոցին ու առաջարկեց համագործակցել իր հետ։

– Ուրեմն, ասեմ` քաղաքում ես եմ թռուցիկներ գրում, տարածում, ու դու կարաս միանաս, օգնես: Ես կգրեմ թռուցիկները, գիշերները թաքուն կբերեմ քո մոտ, դու մեքենագրի, ես կգամ, կտանեմ:

Ջոյի գաղափարը Ժաննային դուր եկավ, ու անցան գործի: Ճիշտ է, սկսվեցին բամբասանքները, թե Ջոյի ոտանավորներն իրականում Ժաննային են նվիրված եղել, ու Ջոն եւ Ժաննան սիրավեպ ունեն, խոսակցություններն ընկան Սեդայի ականջը: Խանդի տեսարաններ եղան, Սեդան լաց էր լինում, Ջոն ծիծաղում էր, բարկանում էր, փորձում էր կնոջը հասկացնել, որ նման բան չկա:

– Լավ, Սեդա աղջիկ, վերջը ստիպում ես` ասեմ,- այլևս չկարողացավ դիմանալ և մի երեկո խոստովանեց Ջոն,-  Ժաննան իմ գաղափարական ընկերուհին ա, հասկացա՞ր։

– Այսինքն։

– Այսինքն էն, որ Ժաննան մեքենագրում ա իմ թռուցիկները:

Կինը չգիտեր` ինչ ասել, բարկանա՞ր, թե՞ խրախուսեր ամուսնու հայրենասիրության ակցիաները: Քանի որ շատ էր անհանգստանում, որոշեց հեծանիվը շարքից հանել, որ Ջոն թողներ թռուցիկների գործը: Երբ Ջոն գործից տուն եկավ ու ճաշելու նստեց, Սեդան հեծանիվի անվադողը թաքուն ծակեց: Եվ Ջոն գիշերը ստիպված ոտքով գնաց Ժաննայի տուն: Առավոտյան հեծանիվը կարգի բերեց, գնաց, բայց երեկոյան կինը արմատապես լուծեց հեծանիվի հարցը` հարևանի գարաժում թաքցրեց: Ջոն այդպես էլ չիմացավ, թե հեծանիվն ուր կորավ: Հավատաց, որ նոր-նոր բռնկվող գողությունների էդ շրջանում իր հեծանիվը գողացել, տարել են, որ որպես մետաղի ջարդոն վաճառեն: Բայց անդրդվելի էր ու շարունակեց` ապավինելով սեփական ոտքերին:

Աներձագ Սեթոն մի ընթացք Ջոյի ժամանակը չուներ` զինվորական համազգեստ էր ճարել, զինված ինչ-որ խմբավորման մեջ մտել, ու գործերն առաջ էին գնում: Հացի փռի մոտ հերթ էր պահպանում, իբր: Հացի չեղած էդ ժամանակներում պարկերով հաց էր բերում տուն, ու ճարպիկ կինը ծախում էր հարեւաններին: Հետո, երբ պատերազմը սկսվեց, Ջոն մեկնեց Արցախ և խոնարհ, անանուն հերոսների շարքերում իր բաժին կռիվը տվեց թշնամու դեմ` պատերազմից բերելով ընկերների կորստի դառնությունը և հաղթանակի հպարտությունը: Ջոն պահեց իր զինվորական հագուստը, բայց ավտոմատից չկարողացավ բաժանվել: Ու ցավով հասկացավ, որ պատերազմի հետ կապ չունեցողների իշխանության ժամանակներում ստիպված է անցնել թռուցիկ գրելու: Իսկ «ֆիդայի» Սեթոն ճիշտ ժամանակին հանեց զինվորական համազգեստը և անցավ բիզնեսի. մի նախկին «ցեխավիկի» «կուլակաթափ» էին արել, կահույքի արտադրամասը ձեռքից վերցրել:

Մի օր, դեռ հացի գործի ժամանակներում, քույրը գնացել էր եղբորից երկու հաց առնելու, Սեթոն ձեռ էր առել` հը, Ջոն էլի ոտանավոր-բան ա գրո՞ւմ։ Ժաննայի համար: Սեդան պաշտպանել էր Ջոյին ու իր կանացի արժանապատվությունը` ախպեր ջան, Ջոն Ժաննայի տուն թռուցիկների գործով ա գնում, ոչ թե քո ասած:

Հենց հաջորդ օրը ոստիկանները մտան Ժաննայի տուն այն ժամանակ, երբ Ժաննան, վերծանելով Ջոյի դժվար ձեռագիրը, ձեռի հետ խմբագրելով-սրբագրելով մեքենագրում էր, իսկ Ջոն տեղում հանկարծաստեղծում, նորերն էր հորինում։ Ձերբակալեցին Ջոյին եվ Ժաննային, իսկ գրամեքենան առգրավեցին: Ջոյի տունը խուզարկեցին, որ գտնեն հանցագործության գործիք հեծանիվը: Լավ էր` ավտոմատը չփնտրեցին` Սեթոն մոռացել էր ավտոմատի մասին զեկուցել: Ժաննային հաջորդ օրը բաց թողեցին, զգուշացնելով, որ կրկնվելու դեպքում էսքան հեշտ չի պրծնի, իսկ Ջոյին մի ամիս պահեցին մեկուսարանում, որովհետեվ միտինգների բուռն շրջան էր, եւ Ջոյի թռուցիկներից ոգեշնչված` քաղաքի բոլոր բնակիչները ոգեվորվում, միտինգի էին գնում:

Ազատ արձակվելուց հետո Ջոն մի քանի տարի ապրեց սուսուփուս` ոչ ոտանավոր, ոչ էլ թռուցիկ գրելու պատճառ ու առիթ չուներ: Կյանքն իր հունով ընթանում էր` աշխատանք, տուն, երկրորդ երեխան, մեկ-մեկ` ընկերների հետ բլոտ ու նարդի: Բայց Ազգային ժողովում հոկտեմբերի արյունոտ օրվանից հետո Ջոն իր հանգիստը կորցրեց: Անկախ իրենից` նորից սկսեց կոչեր ու թռուցիկներ մտածել, ավելի շուտ` որսալ այն տրամադրություններն ու կասկածները, որ օդի մեջ էին, որ բոլորին էին տանջում: Ու քանի որ քաղաքական գործիչները կեսբերան էին կասկածում, գրողները սավառնում էին ուրիշ տիրույթներում, Ջոյի սիրտը լցվում, լցվում էր ժողովրդի կասկածով, համոզմամբ ու վրեժի պահանջով: Այլևս չկարողանալով դիմադրել թռուցիկ գրելու մղումին՝ նորից սկսեց թռուցիկներ գրել: Այս անգամ` ոչ ձեռագիր, ոչ էլ` մեքենագիր, այլ եղանակ էր գտել` թերթերից կտրում էր տառերը, սոսնձում, իր ուզած տեքստը ստանում։ Քաղաքն սկսեց ալեկոծվել թռուցիկներից` մարդիկ ինչ մտածում էին, թռուցիկները հենց դա էին ազդարարում: Ոստիկանները սպասում էին, որ Ջոն սխալ թույլ տա, ու ձերբակալեն: Ջոն հեռատեսորեն հեծանիվը տարել, մոտակա լքված մի շինության մեջ էր պահել:

«Հաստատ խառն է սրանց մատը Հոկտեմբերի քսանյոթին,
Շուտ ուրացան կերած հացը Երկու Կայեն միասին»,-

հաջորդ օրը այս թռուցիկը անգիր գիտեր ողջ քաղաքը, որտեղ բոլորը գիտեին, սիրում էին իրենց Վազգենին, հպարտանում էին նրանով ու չէին հաշտվում նրա եղերական վերջի հետ:

Լուսադեմին, երբ քաղաքը քնած էր, ոստիկանները մտան Ջոյենց տուն: Ջոն քնած չէր. նա սպասում էր, որ կգան: Հագնված, պատրաստ, անգամ անհանգստանում էր, թե ինչու են ուշանում։ Որպեսզի տունը տակնուվրա չանեն, ավտոմատն էլ հանել էր թաքստոցից, դրել սեղանին: Քանի որ այս անգամ ամենավերևից հրամայված էր խստորեն պատժել «պետության կայունությունը» սասանող հանդուգն թռուցկագրին, Ջոյի հետ այնպիսի թշնամանքով վարվեցին, ասես Հայրենիքի դավաճան էին բռնել: Ավտոմատի վրա ոստիկանության կապիտանն առանձնակի հրճվեց. արդեն պարզ էր, որ առնվազն գնդապետի կոչում կստանա որպես հատուցում : «Արա,- շարքայինների ներկայությամբ հարձակվեց Ջոյի վրա, որ ուր հարկն է` հասցնեն,- էս ի՞նչ ես մտածել, արա։ Դու ո՞վ ես, որ մեր աշխատանքը հարամես, արա, կտամ, լեշդ կփռեմ ստեղ, հլը սրան նայի, խի գնացել ես կռիվ, որ գաս, երկրի ղեկավարներին ուզես խփե՞լ, արա»։ Ջոն ատամների արանքից հայհոյեց… Նուբարաշենի քրեակատարողականում, սակայն, Ջոյին հերոսին վայել դիմավորեցին: «Բա ասում ա` Հայաստանում տղամարդ չկա: Քո ցավը տանեմ՝ հերթով ասացին անմեղ ու մեղավոր կալանավորները,- ուղիղ ասել ես էն, ինչ ուրիշները «դուխ» չեն անում, բայց սաղ ժողովուրդն ա խոսում: Դու արխային` ստեղ պրոբլեմ չես ունենա»:

Ջոյի մեկուսացման ամիսներին Սեդան ուզում էր հեծանիվը գիշերը թողնել փողոցում, որ մեկն ու մեկը վերցնի, տանի: Նրան թվում էր, որ ամուսնու ձերբակալության մեջ հեծանիվն էլ մեղքի բաժին ունի: Բայց հետո ափսոսեց ու պարզապես տարավ անմեքենա իրենց գարաժում դրեց:

Մի քանի ամսից Ջոն բանտից դուրս եկավ` մտքում տասնյակ նոր թռուցիկների տեքստեր: Ջոն, հասկանալի է, որպես «անբարեհույս տարր», այլևս վաղուց գործազուրկ էր: Ընտանիքը ծայրը ծայրին չէր հասցնում, Ջոյի մեկուսացման ամիսներին Սեթոն օգնում էր, բայց օգնության դիմաց քրոջից պահանջում էր աչալուրջ լինել, սանձել Ջոյի ընդդիմադիր բռնկումները: «Որ խելոք մնա, մի գործ կտամ, կանի»,-խոստանում էր: Սեթոն արդեն քաղաքապետ ու պատգամավոր դառնալու մասին էր երազում, ու միակ խնդիրը մնում էր Ջոն: Սեթոն Ջոյին շատ կոնկրետ առաջարկեց հեծանիվի փոխարեն կարգին մեքենա եւ փողոտ աշխատանք, բայց Ջոն անդրդվելի մնաց: Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ Սեթոն քաղաքը հեղեղել էր իր մեծադիր լուսանկարներով ու պաստառներով, որոնք վկայում էին Սեթոյի «մարտական ուղին» եւ <«բարեգործությունը»:

Ջոն, բնականաբար, բոլոր լուսանկարների եւ պաստառների վրա կից գրություններ էր թողել, որոնք հետո մարդիկ գրել էին քվեաթերթիկների վրա` Սեթոյի անվան դիմաց: «Պառլամենտում առանց Սեթոյի էլ լիքը գ… կա», «Ստին` թե դու կռիվ ես գնացել»,- գրել էր Ջոն:

Հանրահավաքների ամենաբուռն տարիներին` 2003-ին, 2005 –ին, մի քանի անգամ Ջոյին մեկուսացրին, բաց թողեցին: Հանրահավաքի նախընթաց օրերին փոքրիկ քաղաքի ոստիկանությունը շուրջօրյա հերթապահում էր Ջոյենց տան մոտ, բայց Ջոն իր գործը լավ գիտեր: Նա աննկատ ճողոպրում էր հարեւանների բակերի ու այգիների կողմից, գնում, թաքստոցից վերցնում էր իր անդավաճան հեծանիվն ու անցնում գործի:

2008 թվականին Ջոն հավատում էր, որ վերջապես ժողովուրդը կհաղթի: Նա ամբողջովին նվիրվել էր պայքարին: Երբ իշխանությունները փակում էին ավտոճանապարհները, Ջոն հեծանիվով Երեվան էր հասնում` կտրելով մի քանի տասնյակ կիլոմետր եւ շրջանցելով ոստիկանական ուղեկալները: Եվ հարազատ քաղաքում, եւ շրջակա բոլոր գյուղերում պարտաճանաչ տարածում էր քարոզչանյութեր, իր գրած թռուցիկների հետ միասին․

«Երկգլխանի վիշապ օձին
Պիտի հաղթենք միասին»։

«Պայքար, պայքար մինչեվ վերջ,
Մինչ տապալվեն ռոբ ու սերժ»։

«Ով ուրանա Սպարապետին`
ուրանում է Արարատին»:

Փետրվարի 26-ին Ջոն հեծանիվով էր հասել Երեվան, ընկերոջն էլ «փափախ» էր վերցրել: Ու մնացել էր Ազատության հրապարակում, որտեղ ճանաչում էր բոլոր վրանաբնակներին` շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ: Շատ էր սիրում բոլորին: Ու բոլորը սիրում էին հեծանիվով Արարատից Երեւան հասնող Ջոյին: Մարտի 1-ին իր տեսածից ու ապրածից Ջոն խելագարվում էր, չէր հավատում, որ իրականություն է: Ազատության հրապարակից հալածվելու րոպեներին նա տեսավ, որ ոստիկաններից մեկը ոտքի տակ տալով ջարդեց իր հեծանիվը: Հետո ժամերը մղձավանջի նման երկար ու ծանր էին… Ջոն ոռնում էր ցավից, երբ քաղաքապետարանի մոտակայքում իր աչքի առաջ ընկավ ջահել զինվորը, եւ նրա սարսափած ու ահաբեկված հայացքը մնաց Ջոյի աչքերի մեջ: «Չերյոմուխայից» վիրավորված` Ջոն ընկերոջ օգնությամբ հասավ Շենգավիթում ապրող բարեկամի տուն:

Ջոն այլեվս տուն չգնաց: Հաջորդ օրը Սեթոն բերեց Սեդային ու երեխաներին: Սեթոն հասցրեց Ջոյին փող տալ ու անձնագիրը: «Լսի, քեզ ինչ եմ ասում, մտքովդ չանցնի հետ գաս տուն, հենց լավացար, թռնում ես Ռուսաստան, չգիտեմ` ուր ուզում ես, մենակ հետ չգաս, որ Էկար, սաղիս գցելու ես կրակը: Սաղ նկարած ա, դու ոստիկաններին խփած-մփած կըլնես, թող, գնա, մինչեւ տենանք` ինչ ա գալիս գլուխներս»։ Երբ Ջոն փորձեց առարկել, Սեթոն սպառնաց հենց տեղում զանգել ոստիկանություն ու Ջոյի տեղը մատնել: «Իյաաաա…. կարող ա՞ ես քո պատճառով կրակն եմ ընգնելու, այ տղա, – «մուննաթ» եկավ,- ես հեսա գազի գրասենյակի դիրեկտր եմ դառնում, կարող ա՞ սաղ հարամես»: Մի քանի օրից Ջոն ոտքի կանգնեց ու առանց տնեցիներին հրաժեշտ տալու գնաց Ռուսաստան:

Դժվարությամբ, բայց գործ գտնում էր` շինարարություն, առեւտուր: Ձեռքի հետ փող էր ուղարկում տուն, ամիսը մեկ-երկու անգամ զանգում: Ամիսներ, տարիներ: Արդեն հինգ տարի Ջոն Հայաստանում չէ: Տարիների ընթացքում Սեթոն, որ «կռված տղայից» հասցրել էր դառնալ բարգավաճ պատգամավոր ու համարյա օլիգարխ, մեկ-մեկ զանգում էր Ջոյին ու համենայնդեպս վախեցնում, թե հիմա հեչ պետք չի վերադառնալ, թե` իր աչքերով է տեսել «ԿԳԲ-ի» նկարած կադրերը, որտեղ Ջոն ոստիկանից սաղավարտ ու մահակ է խլել ու մահակով խփում է ոստիկաններին: Էնքան էր ասել, որ Ջոն սկսել էր կասկածել` կարող է՞ նման բան է եղել, ու ինքը չի հիշում։ Բայց նախագահական ընտրարշավի օրերին Սեթոն բոլորովին այլ տրամադրությամբ զանգեց Ջոյին: Սեթոն ահավոր վրդովված էր ու դարձել էր կատաղի ընդդիմություն: Նախընտրական արշավի օրերին նրան ստիպել էին, որ մեծ վարկ վերցնի բանկից ու հինգհազարական դրամ բաժանի ժողովրդին, որ մարդիկ հինգ հազար դրամանոց վստահությամբ նորից ընտրեն այսքան «ուրախ ու ապահով» կյանքն իրենց: Ու սրընթաց պաշտոնազուրկ էին արել այդ օրերից այլևս անբարեհույս ԲՀԿ-ականին ` տեղն ազատելով ավելի յուրային ՀՀԿ-ականի համար:

– Ջո՞, էս չես ուզո՞ւմ Հայաստան գաս։ Արի, տենանք` ինչ ենք անում, էլ սենց ապրել չի ըլնի,- ասել էր զարմացած Ջոյին:

– Հա, շատ եմ ուզում, բայց դո՞ւ ինչի ես ուզում:

– Հիմա ես էլ եմ միտինգների գնում… կգաս, կխոսանք, հիմա դու ինձ շատ պետք ես: Ավտո չեմ կարա առնեմ, բայց մի հատ լավ հեծանիվ ինձանից ուզես: Չնայած.. հիմա մի քիչ ուրիշ ա, էլի. ճանապարհ, բան չեն փակում, հլը ոչ մեկի չեն բռնել… եսիմ:

Ջոն անջատեց հեռախոսը: Նա չուզեց Սեթոյին ասել, որ ինքն արդեն Երեւանի տոմս է առել ու գալիս է: Չասաց, որ Սեթոյի նմանները 2008-ին էլ կային, որ մտածել էին` հանկարծ գնացքից չուշանան, ու որ նրանց հայտնվելը միայն վնասեց պայքարին: Չասաց, որ գա, նաև իր դեմ է պայքարելու:

Ջոն վերադառնում էր: Ճիշտ է, ֆեյսբուքում գրանցվելուց  հետո իր մտքերը տարածելը անհամեմատ հեշտացել էր, բայց Ջոն գիտեր, որ ֆեյսբուքից դուրս էլ աշխարհ կա, ու մարդիկ, որոնք սպասում են իր վերադարձին:

Ջոն գիտեր, որ ամեն ինչ առջևում է: Նա գալիս էր` հետը բերելով միակ բանը, որ կարողացել էր վաստակել հնգամյա արտագնա աշխատանքից` նոր, շատ դիմացկուն հեծանիվ և մի հին, բայց կարգին վիճակում գտնվող տպիչ: Ջոն չէր կասկածում, որ ամեն ինչ առջեվում է:

Օդանավակայանում, Մոսկվա-Երեվան թռիչքին սպասողների մեջ տեսավ իր համաքաղաքացուն` Արտակին: Փաթաթվեցին, ողջագուրվեցին, ու մեկ էլ Արտակը հարցրեց.

– Ջո, էդ աներձագիդ գործ են տալու, դրա համար ե՞ս հետ դառնում։

– Ի՞նչ գործ։ Իրան գործից հանել են…

– Հա, բայց ինքը հիմա բողոքավոր ա, միտինգ-բան բաց չի թողում, ու սաղ քաղաքը խոսում ա, որ հենց իշխանությունը փոխվի, Սեթոյին պաշտոն են տալու: Էսօր էլ, նոր մի քիչ առաջ եմ նայել ինտերնետով, հրապարակում հայտատարել են էդ ստվերային կառավարության կազմը. քո աներձագի ամենաքիփ ընգերը ըտե կա: Նենց որ, ամենաքիչը զամմինիստր կտան:

Մեկ էլ շուռ եկավ, տեսավ Ջոյի ուղեբեռը:

-Վայ, հորս արեվ… արա, էս հեծանիվ ա՞։ Էդ էլի պտի թռուցիկ գրե՞ս, քեզ քցես կրակը։ Լավ, էլի, Ջո ջան, թարգի, ախպերս…

Ջոն մի պահ տատանվեց, մտածեց, որ գուցե շտապել է, ու պետք էր դեռ էլի մնալ Մոսկվայում, ամիսը մեկ մի քիչ գումար ուղարկել տնեցիներին ու սկայպով հայրություն անել: Հետո վճռական մոտեցավ խնամքով փաթեթավորած հեծանիվին ու մտածեց` հաստատ պետք է գալու:

Please follow and like us: