Ջորջո Ագամբեն/Դեմք եւ դիմակ

Ոչ մի կենդանի չունի այն, ինչ կոչվում է դեմք։ Միայն մարդն ունի դեմք, եւ այն բնավորություն է արտահայտում։
Ցիցերոն

Բոլոր կենդանի էակները բաց են, նրանք ցույց են տալիս իրենց և շփվում են միմյանց հետ, բայց միայն մարդն ունի դեմք, միայն մարդն է իր արտաքին տեսքն ու այլ մարդկանց հետ շփումը հիմնավոր փորձառության վերածում, միայն մարդն է իր դեմքը դարձնում սեփական ճշմարտության տեղը:

Այն, ինչ դեմքը մերկացնում և բացահայտում է, հնարավոր չէ ասել բառերով, այս կամ այն ​​իմաստն արտահայտող նախադասությամբ: Մարդն անգիտակցաբար իրեն խաղարկում է, եւ հենց դեմքի վրա է դա արտահայտվում ու բացահայտվում: Այն, ինչ արտահայտում է դեմքը, միայն մարդու հոգեվիճակը չէ, այլեւ ամենից առաջ նրա բացությունն է, նրա պարզությունն ու շփումը այլ մարդկանց հետ։

Ահա թե ինչու դեմքը քաղաքականության տեղն է: Եթե ​​կենդանիների հարաբերություններում քաղաքականություն չկա, սա միայն այն պատճառով է, որ կենդանիները, միշտ բաց լինելով, իրենց գործողությունը խնդիր չեն դարձնում, նրանք պարզապես բնակվում են դրա մեջ ՝ առանց դրա մասին հոգ տանելու: Դրա համար նրանց չեն հետաքրքրում հայելիները եւ պատկերները որպես այդպիսին: Դրա փոխարեն մարդը ցանկանում է ճանաչել իրեն և լինել ճանաչելի, ուզում է յուրացնել իր սեփական կերպարը, դրանում փնտրում է իր իսկ ճշմարտությունը: Այս կերպ նա բացը վերածում է աշխարհի՝ անվերջանալի քաղաքական դիալեկտիկայի տարածության:

Եթե ​​մարդիկ իրար հետ շփման համար ունենային միայն տեղեկություններ՝ միշտ այս կամ այն ​​բանը, երբեք քաղաքականություն որպես այդպիսին գոյություն չէր ունենա, կլիներ միայն հաղորդագրությունների փոխանակում: Բայց քանի որ մարդիկ առաջին հերթին միմյանց հետ բաց են հաղորդակցվում, եւ բացությունը անհրաժեշտ է հաղորդակցության համար, դեմքը քաղաքականության պայմանն է, դրա վրա է հիմնված ամենը, ինչ խոսում եւ փոխանակում են մարդիկ։ Դեմքն այս իմաստով մարդկանց ճշմարիտ տեղն է, առավելապես քաղաքական տարր: Միմյանց դեմքին նայելով են մարդիկ ճանաչում իրար եւ տարվում մեկը մյուսով, նրանք ընկալում են նմանությունն ու բազմազանությունը, օտարությունն ու հարազատությունը:

Երկիրը, որը որոշում է հրաժարվել սեփական դեմքից, ամենուր դիմակներով ծածկել իր քաղաքացիների դեմքերը, երկիր է, որն իր միջից ջնջել է բոլոր քաղաքական հարթությունները: Այս դատարկ տարածության մեջ, որն ամեն պահ ենթարկվում է ոչնչով չսահմանափակվող վերահսկողության, հիմա տեղաշարժվում են իրարից մեկուսացած մարդիկ, որոնք կորցրել են համայնքի զգացողությունը եւ կարող են փոխանակել հաղորդագրություններով՝ հասցեագրված անդեմ անվանը: Անվանը, որ առանց դեմք է այլևս:

Թարգմանությունը՝ Գրողուցավի։
Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: