Ալեքսեյ Բորզենկոն ռուս ռազմական լրագրող է, թեժ կետերից լուսաբանել է առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմները, հարավսլավական պատերազմը, ամերիկա-իրաքյան հակամարտությունը Բաղդադից, իսրայելա-լիբանանյան պատերազմը Բեյրութից, ռուս-վրացական պատերազմը Հարավային Օսեթիայից։ Պատմվածքը վերցված է «Պատմվածքներ չեչենական պատերազմի մասին» գրքից։ Հիմքում վավերագրական նյութ է։ Հեղինակը գրել է․ «Նվիրվում է Գեներալ Շամանովի անվախ հետախույզներ Գյուրզային և Կոբրային»։ Խոսքը այն նույն գեներալ Շամանովի մասին է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարել է Ադրբեջանում մնացած ռուսական 4-րդ բանակը եւ 144-րդ օդա-դեսանտային դիվիզիան, որը թեպետ Ռուսատանի հավաստիացումներով պիտի չեզոքություն պահպաներ, ուղղակիորեն մասնակցել է մարտերին Ադրբեջանի կողմից, այնուհետեւ պարգեւատրվել Ադրբեջանի կառավարության կողմից։ Այս օրերին չեչենական պատերազմին եւ հետսովետական տարածքի այլ հակամարտություններին անդրադարձը կարեւոր ենք համարում հետսովետական պատերազմների ընդհանրություները, տարբերություններն, օինաչափություններն ավելի խորությամբ ընկալելու համար։
«Գրողուցավ»
-Չէի կարծում, որ հենց այսպես կմեռնեմ։ Ամեն ինչ մտքովս կանցներ, բայց ոչ սա։ Ինչո՞ւ էի ուշ-ուշ եկեղեցի գնում, ախր, ինչո՞ւ մկրտվեցի միայն քսանհինգում։ Արյունը դանդաղ է ծորում, հրազենային վերքի նման չէ, ուրեմն դանդաղ էլ կմահանամ,- Սերգեյն օդը լիաթոք, սակայն դժվարությամբ ներշնչեց։ Այն ամենն,ինչ այդ պահին կարող էր անել, ուրիշ ոչինչ․․․
Ստամոքսն արդեն հինգ օր դատարկ էր, ոչ մի փշուր չէր կերել, բայց քաղց չէր էլ զգում։ Մեխված ձեռքերի ու ոտքերի անտանելի ցավը ժամանակավորապես կարծես թե հանդարտվել էր։
«Ի՜նչ լավ են երևում հեռուներն այս բարձունքից, ի՜նչ սիրուն է աշխարհը»,- մտածեց սերժանտը։ Նա երկու շաբաթ ոչինչ չէր տեսել հողից ու բետոնե պատերից բացի, միայն նկուղներ, որ վերածել էին զնդանների։ Գնդացրորդը գերեվարվել էր զինյալների խմբի հետախույզների կողմից, երբ անգիտակից ընկել էր մոտակա անտառի բացատում՝«մուխա»-ի անսպասելի հարվածից սալջարդ ստացած։
Եվ ահա երկու ժամ է՝ ճախրում է օդում՝ թեթև քամին վայելելով։ Երկինքն անամպ է, գարնանային լազուրը սահմաններ չունի։ Հենց իր ուղղությամբ ներքևում՝ զինյալների օձաձև խրամատներում, լուրջ մարտեր են։
Գոյսկոյե գյուղի համար մարտերի երկրորդ, թեժ շաբաթն էր։ Ինչպես նախկինում, հիմա էլ Գելաևի զինվորները գյուղի երկայնքով դիրքավորվել էին՝ հրետանուց պատսպարվելով բնակելի տների հետնամասում։ Դաշնային զորքերը չէին շտապում գրոհել, նորաթուխ գեներալներն ավելի շատ հույսները դրել էին հրետանու, քան հետևակի զորությանը։ Ի վերջո 1995 թվի գարունն էր արդեն։
Սերգեյն ուշքի եկավ դեմքին աքացի ստանալուց։ Զինյալները նրան պատգարակով բերել էին հարցաքննելու։ Արյան աղահամը բերանում՝ կոտրված ատամների սաստիկ ցավից միանգամից ուշքի եկավ։
– Բարի լույս,- զինվորական համազգեստով տղամարդիկ սկսեցին քմծիծաղել։
– Էհ, սրան ինչ տանջենք, մեկ է՝ ոչինչ չգիտի, ընդամենը սերժանտ է,գնդացրորդ, թողեք՝ խփեմ, պրծնենք,- բառերի վերջավորությունները կուլ տալով՝ արագ-արագ ռուսերեն վրա տվեց սև ատամներով, մորուքավոր զինվորականը, որ մոտ երեսուն տարեկան կլիներ։ Ու դիրքավորված՝ բռնեց ինքնաձիգի կոթը։
Մյուս երկուսը կասկածամտորեն նայում էին Սերգեյին։Նրանցից մեկը(Սերգեյը այդպես էլ չիմացավ, որ էդ հենց ինքը Գելաևն էր) դժկամորեն խոսեց՝ մի բարակ փայտիկով տմբտմբացնելով «ադիդաս» սպորտային կոշիկների քթերին․
-Ասլան, սրան գնդակահարիր խրամատների դիմաց, որպեսզի ռուսները տեսնեն։Վերջին անգամ եմ հարցնում քեզ, քաֆիր, ասում եմ՝ եթե հոգով իսլամ ընդունես ու ընկերոջդ հենց էստեղ խփես, կյանք կշնորհեմ։
Այդ պահին միայն Սերգեյը նկատեց կապկպված մյուս գերուն՝ տասնութամյա մի ռուս տղայի։Անծանոթ էր։ Ձեռքերը մեջքի հետևում էին կապված, մատաղացու գառան պես ընկած էր կողքի՝ մահվան սպասումով կծկված։ Պահը մի հավերժություն ձգվեց։
– Չէ,- բառը ասես կապարի պես դուրս ժայթքեց բերանից։
– Էդպես էլ գիտեի, խփեք սրան,- կարճ եզրափակեց դաշտային հրամանատարը։
– Հե՜յ, Ռուսլա՛ն։ Ինչու ես ուզում էս կարգին տղուն վերացնել, մի լավ միտք կա, հլը հիշիր պատմությունը, ի՞նչ էին անում մեր նախահայրերը՝ գիմրիները, հարյուր տարի առաջ,- հանգիստ խոսելով՝ մոտ եկավ զինվորական նոր համազգեստով մի տղամարդ, որի կանաչ թավշե բերետին կողքից անագե գայլ էր ամրացված։
Սերգեյն իր ծեծված երիկամների ցավից երազում էր խաղաղ քուն մտնել ու մեռնել։ Այն, ինչ ամենաքիչն էր ցանկանում, որ հանկարծ տեսախցիկի առջև դանակով չմորթեն ու գլխատեն կամ հանկարծ չսկսեն ողջ-ողջ ականջները կտրել։
«Դե մարդու պես գնդակահարեք, էլի, անասուններ,- մտածեց զինվորիկը,- ես վաստակել եմ դա, գնդացրով ձերոնցից քանիսին եմ փռել, հաշիվը կկորցնեք»։
Զինյալներից մեկը մոտեցավ Սերգեյին ու նայեց աչքերի մեջ, երևի որ սարսափ տեսնի այնտեղ։Սակայն գնդացրորդը պատասխանեց կապույտ աչքերի խաղաղ հայացքով։
– Քաֆիրների մոտ այսօր տոն է՝ Քրիստոսի հարության տոնը, ուստի խաչիր սրան, Ռուսլան։ Հենց էստեղ՝ խրամատների առջև էլ խաչիր՝ տոնի առիթով։Թող քաֆիրները մի լավ ուրախանան։
Գելաևը զարմացած գլուխը բարձրացրեց ու դադարեցրեց կոշիկներին տկտկացնելը։
– Հա, Հասան, իզուր չէր, էլի, որ Աբու Մովսաևի մոտ պատերազմի հոգեբանության դպրոց անցար։ Էդպես էլ կանենք։ Էս երկրորդին էլ՝ խաչ հանել։
Երկու հրամանատարները քիչ հեռու գնացին՝ քննարկելով գյուղի պաշտպանության մարտավարությունը։Գերիներն արդեն ջնջված էին և հիշողությունից, և ողջերի ցուցակից։
Խաչերը պատրաստեցին ձեռքի տակ եղած հեռագրասյուներից ու մահմեդական հուղարկավորության տախտակներից, որոնք մեխեցին եկեղեցական խաչերի նմանությամբ։
Սերժանտին դրեցին խաչի վրա՝ հանելով ամբողջ հագուստը, բացի վարտիքից։ Մեխերը «հարյուրանոց»էին, գյուղում դրանցից խոշորը չճարվեց, ուստի ոտքերն ու ձեռքերը միանգամից մի քանի հատով մեխեցին։Սերգեյը խուլ տնքում էր, մինչ ձեռքերն էին մեխում։ Արդեն միևնույնն էր։ Բայց երբ առաջին մեխը մխրճվեց ոտքը, անբնական ճչաց ու կորցրեց գիտակցությունը։ Եվ մնացած մեխերն արդեն անշարժ մարմնին մեխեցին։ Ոչ մեկը չգիտեր՝ինչպես է պետք մեխել ոտքերը՝ ուղի՞ղ, թե՞ խաչաձև՝ մեկը մյուսի վրա դրած։ Մեխեցին ուղիղ։ Զինյալները հասկացան, որ էդ մեխերով դժվար թե մարմինը երկար մնա խաչին, ուստի նախ Սերգեյի երկու ձեռքը պարանով կապեցին հորիզոնական տախտակին,ապաև ոտքերը՝ սյունին։Տղան ուշքի եկավ, երբ գլխին փշալարե պսակ դրեցին։ Պայթած անոթից ցայտող արյունը լցվեց ձախ աչքը։
– Հը՞, ո՞նց ես է քեզ զգում, այ գնդացրորդ, տեսնու՞մ ես՝ ինչ մահ ենք մտածել Զատկի տոնին հատուկ քեզ համար։ Միանգամից աստծուդ մոտ կհայտնվես, գնահատիր,-ժպտում էր ջահել զինյալը, որ Սերգեյի աջ ձեռքին հինգ մեխ էր մեխել։
Չեչեններից շատերը, հետաքրքրասիրություից դրդված, եկան՝ դիտելու հնագույն հռոմեկան մահապատիժը։ Գերիներին ինչեր ասես արել էին նրանց աչքի առջև, բայց խաչելը առաջին անգամ էին տեսնում։ Նրանք ժպտում էին՝ կրկնելով՝ Զատիկ, Զատիկ․․․
Երկրորդ գերուն էլ դրեցին խաչին ու սկսեցին մեխել։
– Աաաաաա՜․․․
Մուրճի հարվածը գլխին միանգամից ճիչերը ընդհատեց։ Տղայի ոտքերը մեխեցին, երբ արդեն անգիտակից էր։
Գյուղի հրապարակում հավաքվել էին նաև տեղացիները, շատերը նախապատրաստական աշխատանքներին հավանության նշաններ էին տալիս, որոշները սակայն հենց սկզբից շուռ եկան ու գնացին իրենց գործերին։
– Ռուսներն էն ոնց կկատաղե՜ն։ Էս իրենց նվեր Ռուսլանից՝հատուկ զատկի տոնին։Հլը երկար կմնաս ըսենց կախված,մինչև ձերոնք քեզ չգյուլլեն տեղում՝ քրիստոնեկան ողորմածությունից դրդված,- գնդացրորդի արյունած ոտքերը սյունին կապող զինյալը խռպոտ հռհռաց։
Վերջում էլ փշե պսակների վրայից դրեց ռուսական գլխարկները,որ գեներալ Շամանովի ճամբարում չկասկածեն, թե ում է խաչել դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևը։
Խաչերը հանեցին առաջնագիծ ու տնկեցին խրամատներից դուրս լցրած հողաթմբերում։Դրանք հայտնվեցին ուղիղ խրամատների դիմաց, իսկ ներքևում զինյալների գնդացիրներն էին։
Սկզբում սարսափելի ցավը սողաց մարմնով մեկ, որ կախվել էր բարակ մեխերից։ Բայց կամաց-կամաց ծանրության կենտրոնը ընկավ պարաններին, որ անութների տակով գրկում էր մարմինը, և արյունն ավելի ու ավելի քիչ սկսեց հասնել ձեռքերի մատների ծայրերին։Ուստի շուտով Սերգեյն այլևս չէր զգում ձեռքի ափերն, ու մեխերի տեղում էլ ոչ մի ցավ չկար։ ահա այլանդակված ոտքերն ահավոր ցավում էին։
Թեթև քամին գրկում էր մերկ մարմինը, հեռվում տեսնում էր 58-րդ բանակի տանկերն ու հրետանին․երկար պատրաստություններից հետո մտադիր էին քշել զինյալներին Գոյսկոյե գյուղից։
– Հե՜յ, ո՞ղջ ես,- Սերգեյի հարևանն ուշքի եկավ։Տղայի խաչը քիչ հետև էր տնկած, ուստի Սերգեյը նրան տեսնել չէր կարող,նույնսիկ եթե թեքեր գլուխը։
– Հա, իսկ դո՞ւ։
-Մարտը թեժանում է։Մենակ թե մերոնք փամփուշտով չխփեն։
Սերժանտը քմծիծաղեց՝ մտքում կրկնելով․«Հիմարիկ, դա կլիներ ազատագրում այս ամենից, ճիշտ է՝ մերոնք խաչերին չեն կրակի, կփոձեն տապալել, բայց դատարկ բան է։ Եթե նույնիսկ չեչենները նահանջեն գյուղից, երկու խաչվածի հաստատ կխփեն հենց խաչի վրա»։
-Անունդ ի՞նչ է,- Սերգեյը փորձեց զրույցը շարունակել, որովհետև զգաց՝պատանին վախենում էր մենակության մեջ մեռնելուց։
-Նիկիտա, ես խոհարար եմ, խմբից հետ էին մնացել, մարտի բռնվեցինք, երեքը զոհվեցին, ես փրկվեցի։
– Իսկ խաչին որքա՞ն կդիմանա մարդը։
– Երկու օրից մինչև մի շաբաթ, հաճախ մեռել են արյան վարակումից։ Հռոմեացիները սովորաբար սպասել են երեք օր։Նույնիսկ ջուր են տվել։Հենց որ հոգնել են ու զզվել սպասելուց, նիզակով խոցումն են գործի դրել ։
– Էդ ի՞նչ բան է էդ խոցումը։
Սերգեյը ծամածռեց բերանը․
– Աստվածաշունչ չե՞ս կարդացել, ինչ է։ Էն որ նիզակով փորը ծակում են։
– Չեչենները նիզակ չունեն։
– Հա՞ որ, ես էլ գիտեի՝ գլոբուս ու մաթեմատիկայի դասագիրք չունեն, իսկ էդ զիբիլը հենց էլ ունեն,- Սերգեյը թքեց ներքև։ Արնախառն թուքը ընկավ ինչ-որ մեկի գնդացրի կողքին։
Ներքևում ինչ-որ իրարանցում սկսվեց։Սերգեյը դժբվարությամբ էր գլուխը ներքև իջեցնում, բայց նկատեց, որ զինյալները դիրքավորվում են, գնդացիրները՝ լիցքավորում։
«Դե ինչ, մերոնք որոշել են ողջ վերցնել»,- մտածեց գնդացրորդը՝ տեսնելով շամանովյան հետախուզական վաշտի առաջխաղացումը, նրանց հետևից մարտական շարքում էին մի տասնյակ հմմ, մի քանի զրահափոխադրիչ և մի տանկ։
Սերգեյն աչքերը փակեց։ Չգիտես ինչու պատկերացրեց, որ իրենից երկու հազար տարի առաջ նույնպիսի միայնության մեջ, թշնամական ամբոխով շրջապատված՝ խաչի վրա տառապել է ևս մի մարդ՝ Աստծո որդի Հիսուսը։ Նա բոլորին ներեց, քավեց նրանց մեղքերն ու հաղթահարեց մահապատիժը։
«Իսկ ես կկարողանա՞մ ներել չեչեններին այս ամենը»,- հարցրեց ինքնիրեն։
Ցավով իջեցրեց գլուխը, տեսավ զինյալների իրարանցումը իր ներքևում տեղակայված խրամատներում, նրանք տեղափոխում էին ականներով լի արկղերն ու փամփուշտներով լի տուփերը։ Մի երիտասարդ զինյալ հանկարծ կանգ առավ հենց խաչի տակ ու վեր նայեց։
– Տառապու՞մ ես, քաֆիր, տառապի՛ր, քո աստվածն է քեզ այդպես պատգամել։
– Սրբապղծություն է, մի ասա, Ալլահից բացի չկա այլ աստված, և Մուհամեդն է նրա մարգարեն,- խստորեն արտաբերեց մյուս զինյալը՝ ապտակելով ջահելին։ Տղան կռացավ ու արագ հասցրեց կանաչ ականները գնդացրի մոտ։
«Հիմա ի՞նչ, կկարողանա՞մ ներել չեչեններին։ Այնպե՜ս կուզեի․․․Դժվար թե էս ամենից հետո, ինչ էստեղ արեցին․․․»։
Մի փամփուշտ մեխվեց աջ ձեռքը պահող տախտակին։
«Պատահակա՞ն է»։
Ներքևում մարտը թեժանում էր։Հրետանին կրակում էր զինյալների դիրքերի ուղղությամբ, բայց ականները պայթում էին խաչերից կամ աջ, կամ ձախ։
– Դե՛, տղե՛րք, փռե՛ք գելաևականներին, մենք ձեզ հետ ենք հոգով ու սրտով,- շշնջաց Սերգեյը։ Վերևից մարտի ողջ տեսարանն աչքի առաջ էր։ Հանկարծ մի փամփուշտ էլ դիպավ աջ ձեռքի կողքը։Սերգեյը գլխի ընկավ․ դա իրենց դիպուկահարներից մեկի հրավերն էր՝ զրույցի բռնվելու։
– Մենք դեռ ողջ ենք, մի քանի ժամ էլ կարող ենք դեռ դիմանալ, խրամատների դիմաց ականապատ դաշտ է,- լռության մեջ շուրթերը շարժեց Սերգեյը։Նա գիտեր՝ ինչ-որ տեղ դիմացը դիպուկահարն է նստած ու պատրաստ է օպտիկական նշանառության սարքով հեռվից հեռու էլ վերծանել շուրթերի շարժումները։ Գնդացրորդը դանդաղ կրկնեց նույնը երեք անգամ։ Մի փամփուշտ ևս դիպավ նույն տեղը։
«Փառք աստծո, հասկացան»,- մտածեց սերժանտը։ Նա զննեց մարտի ամբողջ տեսարանն ու նկատեց, որ խումբը գրոհում է Գոյսկոյե գյուղի սկզբնամասը, ինչպես ասում են՝ ճակատից են ներխուժում, ապա թեքվեցին ու սկսեցին առաջ գալ հյուսիսից՝ հենց իր խաչից դեպի ձախ ուղղությամբ։
– Աաա՜ախ,- տնքաց երկրորդ խաչվածը։Երևի ցավն այնքան անտանելի էր, որ տղան սկսեց գոռալ զինյալների վրա։
– Այլանդակներ, փտած կեղտեր, դե խփեք ինձ, դե, ձեզ հետ եմ։
Զինյալներից մեկը գլուխը վեր հանեց․
– Կախված մնա տեղդ, քաֆիր, երբ նահանջի հրաման ստանանք, ինքս կկրակեմ փորիդ, որ մեռնես, բայց մինչ այդ մի ժամի չափ էլ կտանջվես, մինչև ձերոնք կհասնեն։ Հույս չունենաս, մենք չենք թողնի, որ ձեզ ազատեն։
Եվս մեկ փամփուշտ քերծեց խաչափայտը, որպես զրույցի մի նոր հրավեր։Զինյալները դա չլսեցին,բայց փամփուշտի հարվածն ու էներգետիկան այնքան ուժեղ էին, որ Սերգեյն զգաց դա թիկունքով, մարմնի ամեն բջիջով, թեև ձեռքերի մատներն ու բազուկներն այլևս ոչինչ չէին զգում։Նա գիտեր՝ վերջույթների այդ անեմիան անշրջելի գործընթաց է։
Հարցն արդեն լիովին պարզ էր։
-Խփեք էն տղուն, խփեք թող չտանջվի էլ, գնդակահարեք, ախր ինքն է խնդրում,-ձկան պես անբառ արտաբերեց Սերգեյը։
– Հե՜յ, ախպերի՛կ, դու դեռ ո՞ղջ ես։ Պատրաստվի՛ր մահվան, հարազա՜տս։
– Ի՞նչ․․․
Երկրորդ խաչափայտին գամված շարքայինն այդպես էլ չհասցրեց պատասխանել Սերգեյին։Դիպուկահարի գնդակը կպավ ուղիղ սրտին, հետո ևս մեկը։ Տղան այլևս չէր տնքում։
– Շնորհակալ եմ, տղերք,- գլխի շարժումով պատասխանեց դիպուկահարներին։
Չորրոդ փամփուշտը դիպավ տախտակին։Սերգեյն այս հարցն էլ կռահեց։
-Դեռ սպասեք,ես ուզում եմ մի քիչ էլ ձեզ օգտակար լինել,ավելի ուշ կխփես ինձ,ես դեռ կարողանում եմ դիմանալ,- պատասխանեց սերժանտը հեռվում նստած դիպուկահարին։
Սերգեյի մարմնով հանկարծ թուլության մի ալիք անցավ,ակամա ուզեց քնել։Գիտեր,որ սա արյան մեծ քանակի կորստի ախտանիշներից է։Չի՛ կարելի,չի՛ կարելի քնել։Պետք է յուրայիններին օգնել։Նա կրճտացրեց ատամներն ու թքեց արնախառը։Ստիպեց ինքնիրեն ուժերի գերլարումով մեկ անգամ էլ զննել մարտի ընթացքը։Գելաևականների պաշտպանական օղակը նույնությամբ կրկնում էր գյուղի տների դասավորության կիսաշրջանը։ Իր ներքևում այլևս չէր կրակում գնդացիրը, և զինյալը, որ խոստացել էր իրեն մի փամփուշտ ուղիղ փորին, ցրիվ եղած ուղեղով ընկած էր խրամատում՝ իր զենքի մոտ։Շուրջն էլ էր տեղանքը «մաքրած», ևս երեք դիակ ընկած էր մոտակայքում, երկու զինյալ խրամատում վիրակապում էին վիրավորներին։
«Ձեռքները ծալած չեն նստել»,- հպարտությամբ մտածեց գնդացրորդը։ Հանկարծ նկատեց, որ ձախ կողմում, որտեղ խումբը զրահամեքենաներով ու հմմ-ներով հաջողությամբ շրջանցել էր զինյալների ականապատ դաշտն ու մոտենում էր խրամատներին,զինյալները հապճեպ հեռանում են՝ խրամուղիների երկայնքով ձգելով 152-միլիմետրանոց ականների խրձերով երկար լարերը։
-Կանգնեցրու «արկղիկները»,առջևում «ֆուգասներ են»՝ կառավարվող,- բացատրեց Սերգեյը դիպուկահարին։
Ակնհայտ է, որ դիպուկահարները օպերատիվ ռադիոկապի մեջ էին գրոհող խմբի հետ, քանզի խումբը հանկարծ կանգ առավ առաջին «ֆուգասից» ընդամենը հարյուր մետր հեռավորությամբ։
Սերգեյն արնաքամ էր եղել, զգաց, որ կորցնում է գիտակցությունը։ Մարտի արդյունքն արդեն պարզ էր․ մերոնք ճեղքել էին գելաևականների պաշտպանությունն ու երկու կողմից գրոհով մտնում էին գյուղ։ Փաստացի արդեն հաստատվել էին գյուղի սկզբնամասում։
– Եղբայրներ, հիմա ժամն է, ինձ էլ խփեք,- չգիտեսինչու, բարձրաձայն կանչեց գնդացրորդը։
Մի ակնթարթ անց փամփուշտը նորից մխրճվեց խաչափայտի մեջ․գնդացրորդը հասկացել էր Սերգեյի խնդրանքը։
Սերժանտը խորը շունչ քաշեց, աչքերի առջև սև օղակներ էին գծագրվում, իսկ գիտակցությունը հուսահատ կառչում էր արևի լույսից, երկնքի պայծառ լազուրից՝ պայքարելով անհաղթահարելի քնի դեմ։ Վայրկյաններն անցնում էին, դիպուկահարը հապաղում էր։ Ցավի մի հուժկու ալիքով ոտքերը հիշեցրին, որ դեռ ողջ են։
«Կներե՞ի ես «չեչեններին»,- նորից հարց տվեց ինքն իրեն։ Տղան պատրաստ էր ասել՝ ոչ, բայց կասկածը գլուխ բարձրացրեց։
– Ինչո՞ւ ես դանդաղում, ախպերիկ,- հարցրեց ամենատես դիպուկահարին։
Այդ պահին տեսավ, որ մի զինյալ է վազում խրամատով դեպի խաչերը՝ գնդացիրը լիցքավորելով։«Չլինի՞ իմ գնդացիրն է»,- այս հիմար միտքը ծագեց սերժանտի գլխում։Եվ հանկարծ նկատեց, որ խաչ հանված իր կյանքի համար մի թեժ մարտ է բորբոքվել, հետախույզների հինգհոգանոց խումբը մոտենում է իր խրամատին։ Զինյալը կրակ բացեց իր խաչի ուղղությամբ, բայց սերժանտին չկպավ։Միանգամից կրակն ուղղեց ռուս հետախույզների կողմն ու սկսեց նրանց թիրախավորել։Դիպուկահարը կրակեց մի անգամ, փամփուշտը կպավ զինյալի ճակատին, ու վակուումի էֆեկտով՝ ծոծրակից դուրս ժայթքեց արյան շիթը։
***
– Մենակ թե հասցնեմ, չեմ ների ինքս ինձ,- «Կոբրան» վազում էր գնդացիրը ձեռքին՝ կրակելով խրամատի ուղղությամբ։ Սափրած գլխին կապված քողարկող կտորի ծայրերը ալիքվում էին նավաստու կեպիի ժապավենների նման։ Փամփուշտները սուրում էին գլխավերևով, բայց հետախույզները չէին նկատում։ Նրանք ցասման մեջ էին, կատաղած։ Ոչ բոլորը գիտեն, անգամ նրանք, որ կռվել են, թե ինչ խորության ու ուժգնության կարող է լինել մարդկային ցասումը։ Երբ զինվորականները տեսան, թե ինչպես են զինյալները մեր գերիներին խաչ հանում, ոչ մեկը ոչ մի բառ չասաց, անգամ հայհոյանք չհնչեց։ Լուռ էր և գեներալ Շամանովը։Այդ ցասումն ավելի սարսափելի է, քան թշնամու հանդեպ ատելությունը։
– Առաջ,- շշնջաց «Գյուրզան», և Շամանովի հետախույզները գրոհեցին Գոյսկոյե գյուղի վրա։
***
Սերգեյը տեսավ, թե ինչպես են Շամանովի հետախույզները դատարկ խրամատով վազում դեպի իրեն, նրանցից երկուսին նույնիսկ ճանաչեց։Դիպուկահարն այդպես էլ չկրակեց իր սրտին։ Վերջինը, ինչ տեսավ սերժանտը, կապույտ-կապույտ լազուրե երկինքն էր։Նրա սիրտը կամացուկ հանգած կանգ առավ․ երակներով այլևս ոչինչ չէր հոսում։Ապա մի այրող ալիք ոտից գլուխ պարուրեց Սերգեյին։
***
Շամանովի հետախույզները՝«Գյուրզան » ու «Կոբրան», երդվեցին վրեժ լուծել։ Սերգեյին ու մյուս զինվորին զգուշորեն իջեցրին խաչերից ու հայրենիք ուղարկեցին՝ հույսով, որ ծնողները ցինկե դագաղները չեն բացի։ Առաջինին հասցրին Սերգիև-Պոսադ, երկրորդին՝ Վոլոգդա։ Ու նրանց հողին հանձնեցին՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ դաժան վերջաբանի էին արժանացել։
Խաչելու այս դեպքը ցնցեց ողջ բանակը։ Ասում էին՝սա է եղել պատճառ,որ դաշնային զորքերը պատասխան դաժանությունների դիմեն։ Ասում էին՝ օրեր անց երկու գելաևականի աննկատ տարել էին անտառ ու ողջ-ողջ կարել խոզի կաշվի մեջ․ մահապատժի ենթարկվածներն այդպես էլ դրախտ չեն ընկնի, քանի որ մեռել են պիղծ կենդանու մաշկի մեջ։Մահապատժի այս ձևը երեք հարյուր տարի առաջ հորինել են Խորտիցայի կազակները մահմեդականների համար։
Ասում էին՝ այդուհետ մեռած զինյալների ականջներն էլ սկսեցին կտրել։ Բայց դե, այդ ամենը, ըստ երևույթին, ընդամենը ասեկոսեներ էին։
Բանակն ուղղակի նողկանքով ոչնչացնում էր զինյալներին՝ առանց սարսափելի դաժանությունների։
Մայիս 1995
Թարգմանությունը՝ Մարինա Գևորգյանի