*
ավե Բանաստեղծություն
մահվան գնացողները
ողջունում են քեզ
ախ
*
արհեստական շնչառության
ոչ մի սարք
այլևս չի փրկի
իմ զառամյալ մուսային
ախ
*
ջահել մուսաներ
ոգեղեն մի նպաստ
ողորմացեք
ներշնչանքը կորցրած
բանաստեղծին
ախ
*
հիսուն միլիոն տարի հետո
տեսնես
գոնե մեկ ընթերցող կունենա՞մ
ախ
*
եթե
բանաստեղծությունները
գրվեին և անմիջապես չքվեին
գրվեին և անմիջապես չքվեին
տեսնես
քանի՞ հոգի կգրեին
ախ
*
հեյ գիտի ժամանակներ
առաջ ես էի ասում
մի խռմփցրու
մի խռմփցրու
հիմա ինձ են ասում
ախ
*
ոչ մի ոչ մի
ոչ մի ոչ մի
ոչ մի ոչ մի
գրչակ գրամոլ
երկրորդական
երրորդական բանաստեղծ
գլխի չընկավ
որ էս օրերին
կարելի էր
հանգիստ խղճով
ոտները տնկել
ախր ախր ախր
ախր ախր ախր
տարիներ հետո կգրեին
էս ինչ բանաստեղծը մահացավ
էն օրերին
երբ կորոնավիրուսն էր ստեղծագործում
ես ես ես
ես ես ես
կմեռնեի
բայց էրեխեքս
ախր ախր ախր
ախր ախր ախր
փոքր են շատ
համ էլ համ էլ
համ էլ համ էլ
ես թքած ունեմ
*
մենակ մնացած հորս հետ
մեկ օրով առանձնանալու նպատակով
մեր տնից
մերոնց գնացի
մոտավորապես 5-6 կմ ճանապարհ
ձևաթուղթը իհարկե
նախօրոք լրացրել էի
և անձնագիրս էլ
ծոցագրպանումս էր
ոչ մի ոստիկան չկար
և ոչ ոք չհարցրեց
յո՞ երթաս զավակս
էս ամայի քաղաքով
ախ
*
համենայնդեպս
կնոջս ասեցի
աշխատավարձիս
քարտի կոդը
ախ
*
նրա բանաստեղծությունը
սկզբից թարգմանվեց այբերեն
հետո այբերենից
թարգմանվեց բեներեն
այնուհետև բեներենից
մի քանի հոգի
թարգմանեցին այն գիմերեն
որոշ ժամանակ անց
գիմերեն իմացող
միակ դա բանաստեղծը
այն թարգմանեց դաերեն
դաերենից թարգմանվեց եչերեն
եչերենից զաերեն
զաերենից էերեն
էերենից ըթերեն
ըթերենից թոերեն
………………………….
………………………….
ուերենից փյուրերեն
փյուրերենից քեերեն
տարներ անց
աշխարհահռչակ բանաստեղծը
ամենևին չճանաչելով
իր անուն-զգանունը
իր անառակ որդի բանաստեղծությունը
թարգմանեց բնագրով
և նախանձից մեռավ
ախ