Վովա Արզումանյան/«Գոմեշը»՝գոյի կարևոր նախապայման

Թատրոնը համադրական արվեստ է: Սակայն թատրոնի արտահայտչաձևերը տարբեր են, ասել է թե՝ ամեն ժամանակաշրջանում փոխվում են պահանջներն ու ներկայանալու ձևերը, երևան են գալիս նորարարական մի շարք առանձնահատկություններ, որոնք  սնուցվում են այս կամ այն գաղափարներով: Իսկ գրականությունը, մասնավորապես արձակը թղթից բեմ տանելը դյուրին չէ, այլ առանձնակի սկզբունքներ  է պահանջում, հատկապես այն պարագայում, երբ այն «Մեկ դերասանի թատրոնի» ձևաչափում է նախապատրաստվում:  Մերօրյա թատերական իրականությունն ապացուցում է, որ քիչ դեպքեր են լինում, երբ մոնոդրաման տևական ժամանակ մնում է թատրոնի բեմում: Թերևս այս համատեքստում դիտարկենք  ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը: Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիմքով բեմադրված մոնոներկայացումը գալիս է կրկին ապացուցելու արձակի հնարավորությունները բեմում: «…Ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների» վրայով անսպասելի բեմում է հայտնվում նաև Նարինե Գրիգորյանը: Նա ազատությունն ընտրել է որպես գոմեշի ներքին կարևոր բաղադրիչ, որը և համոզիչ է դարձնում դերասանուհու խաղը: Սա նաև խոսում է դերասանուհու և Մաթևոսյանի տողերի ներքին կապի մասին, քանի որ հստակորեն այն արտահայտվում է և դերասանուհու ընտրած ռիթմով, ձայնով, տողը գունավորելու ներքին համոզմամբ:

Գոմեշը բնությունն է, տիեզերքում բնության, աշխարհի, երկրի և երկնքի միաձուլումն է: Ու թեման այս ներդաշնակության մեջ երկունքն է:  Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունում այս ամենի հետ ընդգծված է գյուղը, քանի որ Մաթևոսյանի գրչին հատուկ է գյուղագրությունը: Սակայն Նարինե Գրիգորյանն այն բեմադրել է այնպես, որ կարողանա պարզ և հասանելի ներկայացնել երկունքը,  ստեղծաբանությունը և թե ինչպես է ձգտում արարման հասնել գոմեշը: Այստեղ շատ կարևոր է շեշտել, որ երկունքի փիլիսոփայության լավագույնս է ներկայացված, որը ևս մեկ անգամ իր համատեքստում հաստատում է, որ մարդու, կենդանու, բնության հիմնական  գործառույթը  ստեղծելն է և ամեն գնով երկունքի հասնելը: Քանի որ  գոմեշի բնավորության գիծ է անբռնազբոսությունը, դերասանուհին նույն կերպ արտահայտում է սեփական մարմնի միջոցով՝ պլաստիկ լուծումներով: Ներկայացման որոշ տեսարաններում դերասանուհու մազերը կոտոշներ են դառնում, իսկ պարանը՝ պոչ: Դերասանուհին նաև գոմեշի զգացական շերտերն է զարգացրել՝ դրանք  դարձնելով ոչ թե անհատական ապրում, հույզ, այլ դուրս բերելով մեզ հայտնի ու անհայտ մաթևոսյանական գրչի  տարածքներից:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ ներկայացման ընթացքում Նարինե Գրիգորյանը մարդկանց ներքին զգացական աշխարհը ձայների, սիրո, լռության ու ատելության, արարումի և համակերպման մաթևոսյանական տարածք հասցնելու համար կիրք է արթնացնում ինքն իր մեջ: Այս կիրքը Գոմեշինն է, որը Նանի հոգատարությամբ և խնամքով պահված ու փայփայված ընդառաջ է գնում արյան եռքին: Այստեղ կիրքը և մարմինը ներդաշնակորեն միահյուսվում են, հաճախ ներքին կռիվ տալիս, բայց ինչքան էլ դժվար լինի՝ մարմնի կողմից կա՛ դիմադրություն, որովհետև ջուրը հաճախ այդ մղվող պայքարին  «ո՛չ» է ասում: Այստեղ բոլոր ձայնեղ և խուլ զգացմունքներն արթնանում են՝ մենակության մեջ պայծառացումներ գտնելով:

Գոմեշը մռլնգում է: Ականջներում չտեղավորվող աղմուկը նրան ուրիշ աշխարհ է տեղափոխում: Սակայն բնությունը տիեզերական ու շռայլ է և քաղաքի գայթակղություններին մոտ չի գնում Գոմեշը:

«Ջա՜ն,-ասաց նանը,-եկա՞ր…»: Եվ ինչպե՞ս չգար, եթե Գոմեշի երանելի աշխարհն այնտեղ է, որտեղ նա ապրել է, որտեղ հողը ոտքերին է քսվել, ջրի հետ խառնվել, ցեխ է դարձել, բայց էլի ու էլի ապրել է, որովհետև ամեն ինչի սկիզբն ու ավարտը նույն տեղում ավելի ճիշտ է: Քայլերը դանդաղ, բայց պատմությունն արագ է ընթանում՝ Գոմեշի հետ անընդհատ ազատատենչությամբ շրջելով հորիզոններով ու փաստելով, որ ապրելն անիմաստ չէ: «Գոմեշը» գոյի կարևոր նախապայմանն է մատնանշում՝ նոր փակագծեր բացելով մեր ներսում:

Մաթևոսյանական տողերի հմայքը դերասանուհին չի կորցնում մոնոներկայացման ընթացքում, այլև դրանք հասցնում է վճռականության մի նոր սահմանագծի, որտեղ գոմեշը բնական տարերքի մեջ հասնում է տիեզերական ազատությանն ու ստեղծարարությանը: Սրան զուգահեռ նշենք, որ արձակը ճիշտ ընկալելու և մատուցելու հմտությունը նույնպես կարևոր է և՛ բեմադրիչի, և՛ դերասանի համար, քանզի դերասանի և հանդիսատեսի միջև ստեղծվող կապը առաջնահերթ  է և ներկայացման հաջողությունը նաև դրանից է բխում:

Ընդհանրապես Հրանտ Մաթևոսյանի արձակը խորհրդավոր է, միաժամանակ՝ հյութեղ ու ծանրակշիռ, ինչը մի շարք հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ բեմադրության հետ կապված: Սակայն նշենք, որ Նարինե Գրիգորյանը կարողացել է «Գոմեշը» գրական  գործը բեմում պահել այն բարձրակետի վրա, որը թղթին կա: Սա խոսում է գրական գործի ներքին դրամատուրգիան բեմադրողի կողմից բացահայտելու և ճիշտ ներկայացնելու մասին, չէ՞ որ Մաթևոսյանը Աստծո կողմից սահմանված բնական կերպարի աշխարհն է ներկայացնում՝ առանց պայմանականությունների, ուղիղ և անկաշկանդ: Եվ գրողի տողերում նաև վեր են հառնում աստվածային էությանը միաձուլվելու տարերքը, տիեզերական ամբողջականության մեջ ապրելը: Շնորհիվ բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո Հովհաննիսյանի՝ բեմում մինիմալիստական լուծում էր ստացել Մաթևոսյանի տողերում պատկերված բնաշխարհը, որն ավելի ինքնատիպ էր դարձնում ներկայացումը:

Դրամատուրգիական տեսանկյունից դիտարկվող գրական նյութի խտությունն անհետանում է գոմեշի երազը  նկարագրող մենախոսության տեսարանում, երբ դերասանախաղը ներկայացնում է խորքային հոգեբանությամբ: Այսպիսով դերասանուհին վերապրում է այն հոգեբանական ընթացքը, որը նաև օղակ է դառնում հանդիսականի սրտում տեղ գտնելու համար:

Ճաշակն ու տաղանդը երբ միավորվում և արտահայտչականությամբ ընդգծված կերպար են ստեղծում, այդժամ նաև ներքին գործողությունն է սկզբունքայնորեն միահյուսվում՝ բացելով նոր թեմատիկ գեղարվեստագաղափարական առանցներ՝ մարդկային սիրո, լավատեսության, երևույթների պայմանականության կամ հստակ ուղերձներով: Իհարկե, սա Նարինե Գրիգորյանի «աշխարհ բերած» արվեստն է, որին որպես գիտության կարելի է մոտենալ: Դերասանուհու մոնոներկայացումները շատ անգամ խտացնում և ներկայացնում  են սեփական «ես»-ի և գրական ստեղծագործության հերոսի աշխարհայացք, որը ևս փաստում է Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումների արժեքի մասին:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *