Արեւիկ Չափարյան/Վերադառնում եմ ինձ

-իմ հոգի-

Բարև, իմ հոգի,
իմ ամենամոտ
և իմ անծանոթ,
արի այս գիշեր նստենք դեմ դիմաց
ու հայելու միջով լուռ նայենք իրար։

Դեռ երեկ այնպես միամտաբար հավատում էի,
թե մի ողջ կյանք ճանաչել եմ քեզ,
բայց արի ու տես՝ թվում էր միայն։

Այնինչ տարիներ դու համբերատար, ներողամտաբար
սպասում էիր, որ ես կնկատեմ քեզ։

Ներիր, իմ հոգի,
իմ ամենամոտ և իմ անծանոթ,
ներիր, որ այսպես լռեցրել եմ քեզ
ու թույլ եմ տվել, որ օտար ձայներն իրենց աղմուկով
խեղդեն բոլոր շշուկները քո։

Որ թույլ եմ տվել խորթ ու օտարոտ ցանկություններին
դառնալ կարևոր
ու սպանել մեր երազանքները բոլոր։

Ներիր, իմ հոգի, իմ ամենամոտ և իմ անծանոթ,
ներիր, որ այդքան մոռացել եմ քեզ
այս կյանքի դատարկ աղմուկների մեջ,
սին ու անհեթեթ վազքուղիներում,
ոչ մի տեղ տանող ճանապարհներին,
իսկ դու աննկատ բռնել ես ձեռքս,
որ չսայթաքեմ։

Ներիր, իմ հոգի, իմ ամենամոտ և իմ անծանոթ,
ներիր, որ հաճախ կասկածել եմ քեզ,
ու երկմտել՝ չհավատալով մեր հաղթանակին,
որ բաց եմ թողել քո ամուր ձեռքը կես ճանապարհին
ու ստիպել քայլել քամուն հակառակ։

Ներիր, իմ հոգի, իմ ամենամոտ
և իմ անծանոթ,
ներիր, որ այդքան հաճախ եմ փակել աչքերս քո առաջ,
երբ հայտնի – անհայտ ճանապարհներով
փորձել ես ցույց տալ ճշմարտությունը։

Ներիր, իմ հոգի,
իմ ամենամոտ և իմ անծանոթ,
որ երբ վազել եմ սպասելիքներին ընդառաջ այլոց,
հաճախ թիկունք եմ դարձրել քեզանից
ու չեմ նկատել ափսոսանքը քո։

Հոգի, իմ հոգի, իմ ամենամոտ և իմ անծանոթ,
ներիր, որ երկար քայլել ես ինձ հետ
փոքր ու անհարմար ոտնամաններով,
մութ ու անորոշ ճանապարհներով,
բայց թույլ չես տվել մոլորվել անդարձ։

Եվ ընտրել ես ինձ, միշտ ընտրել ես ինձ,
նույնիսկ երբ ոչ մի հնար չեմ թողել։

Հոգի, իմ հոգի, իմ ամենամոտ և իմ անծանոթ,
ներիր, որ այդքան սպասեցրել եմ քեզ
և ուշացրել եմ արթնացումը մեր,
որ մոլորվել եմ որոգայթներում
ու արդարացել, թե ապրում եմ կյանքն առաջին անգամ։

Հոգի, իմ հոգի, իմ ամենամոտ, ամենից ծանոթ,
արի գրկեմ քեզ կրկին ու նորից,
որ աշխարհներից, կյանքերից բոլոր
գտել ես հենց ինձ,
ընտրել ես հենց ինձ,
դուրս բերել բոլոր հորձանուտներից,
փոթորիկներից
ու վայրէջքներից։

Հոգի, իմ հոգի, իմ ամենամոտ և այդքա՜ն ծանոթ,
արի փարվեմ քեզ,
ձուլվեմ քեզ,
կորցնեմ ինձ,
գտնեմ քեզ։

Հոգի, իմ հոգի…

-անունս-

Տարիներ շարունակ կրում էի անուններ,
որ տվել էին ինձ ուրիշները։

Դրանք նստում էին ուսերիս
ինչպես ծանր վերարկուն գարնանը՝
տաք էին,
բայց անհարմար։
Իմը չէին։

Ես քայլում էի նրանց հնչյուններով,
ապրում նրանց հանգով,
ու ամեն երեկո
մի քիչ ավելի պակասում էի։

Մի օր հանեցի դրանք։
Դանդաղ։
Մեկ առ մեկ։
Շերտ առ շերտ։

Թողեցի հատակին՝
ինչպես անցնող ձմեռ,
որ այլևս երբեք չի վերադառնում։

Եվ մնացի մաշկիս տակ՝
մերկ,
անպաշտպան,
անսովոր ապրելուն
անանուն,
անձայն,
առանց օտար հայացքների։

Բայց լռությունը վախ չէր,
ազատություն էր։
Նա շնչեց,
և ես լսեցի
իմ անունը՝ իսկականը։

Աշխարհից չէր այդ ձայնը,
ներսից էր՝
մոռացված,
բայց հարազատ։

Նա այն չէր,
որ իմն էր,
նա այն էր,
որ ես էի։

Առաջին անգամ զգացի՝
վերադառնում եմ ինձ։

Ու այնտեղ` ներսում,
լուռ ու պարզ
հնչում է
իմ անունը՝
իսկականը։

-մանկություն-

Մի բակ էր,
արևոտ մի պատուհան,
մի անկեղծ զարմանք,
մի պարզ ուրախություն։

Այնքան փոքր էր աշխարհը այնտեղ,
որ կարելի էր բարձրանալ ոտնաթաթերին,
ու մատների ծայրերով
դիպչել նրա եզրերին։

Օրը երկար էր, անշտապ,
գիշերը խորհրդավոր, լուսաբացները` երազանքի գույներով։

Թվում էր՝
աշխարհը հենց սա է.
մի բակ
արևոտ մի պատուհան,
երկնքի մի ծանոթ կտոր,
ու ձայներ, պատկերներ անսահման։

Տարիները հոսել են անդարձ
ու ոչինչ այնտեղ չեն փոխել,
միայն ես եմ մանկությունս գրկած`
անծանոթ հեռուներ գնացել։

Ու թողել նույն տեղում մի բակ,
արևոտ մի պատուհան,
երկնքի մոռացված մի կտոր,
ժպիտներ, կարոտներ անսահման։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *