Դիրիժորի փայտիկի փոխարեն ծակ նասկիները ձեռքերումս` անկողնում պառկած չափ եմ տալիս Բախի Erbarme dich, mein Gott from St Matthew Passion ու Agnus Dei from Mass in B minor ստեղծագործությունները, մեկ էլ սևականների ուսերին նստած յութուբիս փլեյլիստ սահուն մուտք է գործում Թաթուլը ու վերադառնում եմ իրականություն։
Աչքիս զարնում է, որ նասկուս վրայի ծակերը անհայտ պատճառներով շատացել են։ Հոտ եմ քաշում ու գցում մի կողմ։
– Ես թըրքե՞լ, օլմայզ թրամփը սիմս թու ֆառ ըվեյ,- փնթփնթոցի տակ շվացնելով տեղափոխվում եմ «ուր որ գնաս, հետդ կգամ» մեղեդու սուլոցին, որն իրականում հազար անգամ ավելի հոգեհարազատ է հնչում ու չգիտես ինչպես հայնվում եմ ծխախոտի կրպակի դիմաց։
Դեպի ինձ փողոցային անտեր շներ են վազում ու, տարօրինակ հոտ զգալով, հետ փախչում։
Չստերջացված մի շուն հեռվում բռնել ու փողոցի դուզ մեջտեղում շնանում է իրենից երեք անգամ մեծ մի շան հետ։ Երկուսն էլ սպիտակ են, բայց մեկը ճչացող ճերմակ՝ կարծես տան պահած ու շամպունով նոր լողացած լինի։
– Արդյո՞ք դրախտում էլ են սեքսով զբաղվում,- չգիտես ինչի մտածում եմ ես՝ չստերիս արանքից տեսնելով նասկու ծակից դուրսպրծած բութ մատը։
Գումի շուկայի մսի պասաժում խոզի կտրած գլուխներ են հավսար-զգաստ շարված։
Պարապ ժամանակ միշտ եմ նայել՝ ոնց են մորթում տարատեսակ կենդանիների։ Ի՞նչ են նրանք զգում, երբ մորթվելուց նրանց նայում ես։
Ձանձրալի է տիեզերքի հետ մեն-մենակ մնալը։ Ձանձրույթը փարատելու համար կռանում ու լիզում եմ հողը։ Թքի համ եմ առնում։ Երբեմն պետք է թքածդ լիզես կամ կողքից քեզ լիզեն, որ գտնես՝ ինչ ես ման գալիս։
Զիբիլանոցի մեջ մի նախկին երաժիշտ հաց է փնտրում։ Էնքան է սուզվել արկղի խորքերը, որ Խոր Վիրապի փոսի մեջ է հայտնվել։
Դատարկ եկեղեցիներում պատարագների եմ մասնակցում, որտեղ բացի քահանայից որևէ շունչ չկա՝ չնայած դժվար է ասել՝ արդյո՞ք քանայի վրա շունչ կա, թե ոչ։
Կիրանցի պատը ճաք է տվել ու արանքից փիս քամի է փչում։ Էժան գաջ եմ ման գալիս, որ ծակը սվաղեմ։
Ռենե Մագրիտի հայտնի նկարն է աչքիս գալիս, որտեղ փախչող տենդը՝ շլյապան հանում ու դնում է հետ՝ տեղը, սակայն այս անգամ մեխի փոխարեն օգտագործելով ներքևի գլուխը։
Ամեն ինչ հասկացող աչքեր ունեցող ձիուն փորձում են մտցնել նեղ ուազիկը, բայց նա դիմադրում է։ Վերջում չգիտես ոնց ստացվում է, սակայն ձիավարը չի կարողանում դուրս գալ ետևի դռնից։ Կողքի նեղ պատուհանը կոտրում են, որ շնչահեղձ չլինի։
Զուգարանի ջուրը քաշում եմ ծափահարությունների ձայնի նմանություն ստանալու համար և ուրախանում, որ նոր զուգահեռներ գտա այս կյանքում։ Մեկ էլ տենց ուրախացել եմ, երբ հասկացել եմ, որ սոցիալական ցանցերում լայքերի գերակշիռ մեծամասնությունը դրվում է հենց զուգարանակոնքին նստած։
Ասեղը առնում եմ ու ընկնում եմ թելի ջանին։ Դժվար է ասեղի անցքով թել անցկացնելը՝ էլ ուր մնաց սեփական մարմնով այդ նույն անցքով անցնելը։ Լեզվով թքոտում եմ թելի ծայրը, սակայն դա էլ չի օգնում։
Ծակ նասկիներս կրկին հագնում եմ ու մասնակցում միայնակ բողոքի ակցիայի։
Պաստառի վրա գրում եմ․ «Դեմ եմ ինքս-ինձ»։ Ոստիկանը մոտենում է ու ցանկանում է պատռել այն։
Հենց որ շատ է մոտենում, առիթից օգտվելով համբուրում եմ նրա շրթունքները։ Նա փղձկալով հեռու է փախչում ու ռացիայով կապ տալիս գործընկերներին։
Երեք րոպե չանցած մի ջոկ հայտնվում է շուրջբոլորս։ Նրանք ինձ շանսատակ են անում ու թողնում արյունլվա փողոցում լեշված։
Շնացողներից աջի սպիտակ շունը՝ էն, որ նոր լողացրածի էր նման, մոտենում է ինձ ու, ոտքը մինչև ականջը բարձրացնելով, միզում վրաս։
Ես լրիվ բավարարված եմ, քանզի մինչև վերջ դեռ չեն կարողացել նվաստացնել։
Պաստառին ամուր փաթաթված՝ վեր եմ կենում, կարծես ոչինչ չի պատահել։
Ու իրականում ոչինչ էլ չի եղել՝ մի սովորական Երևանյան օր։
Հետ եմ վերադառնում կրպակ, ձեռքս տանում եմ գրպանս ու ծխախոտի փոխարեն չամիչով բուլկի եմ առնում, որովհետև չամիչով բուլկի ես մանկուց շատ եմ սիրել։
Բուլկու մեջ չամիչի փոխարեն անհայտ ծագման մսի կտոր եմ հայտնաբերում, սևացած եղունգը վրան։ ու ինքս ինձ սփոփում, որ պրոտեինը օրգանիզմին օգտակար է։
Շրջապատիս համոզում եմ, որ էս երկրում ապրելը հպարտություն է։ Ինձ պատասխանում են․
–Լո՜ւրջ․․․
Ոտքիս բութ մատը խասյաթի համաձայն կրկին դուրս է պրծնում նասկու արանքից ու մուկիկի նմանությամբ ուրախություն պատճառում։
Ի՜նչ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, համարյա ոչինչ՝ մի ծակ նասկի ու ոտի բութ մատ ․․․
