– Հունվար տասներեքի կեղտոտ երախում
Կարմիր վարդերը փշեր են հագել,
Բոսոր լանջերի ճաքած քերծերում
Սև ագռավներ են խմբերով նստել․․․
Ներսս դողում է այդ սև-կարմիրից,
Սրտիս զարկերը պատիժ են թվում,
Զատվում եմ հանդարտ ինքս ինձանից,
Հունվար տասներեքի կեղտոտ երախում․․․
Կարինեն քարացած նայում էր Բանաստեղծի ուղղությամբ, որ բեմի կենտրոնից ամեն արտասանած տողի հետ գողտրիկ հայացքով ստուգում էր ներկաների ուշադրությունը։ Օգտվելով բեմական դադարից՝ աղջիկը ոտքի կանգնեց և արագորեն շարժվեց դեպի ելքը։ Անակնկալի եկած Բանաստեղծն ավելի կոշտ ձայնով շարունակեց․
– Հունվար տասներեքի կեղտոտ երախում
Կորչել եմ ցնորքներում իմ մորեմերկ,
Ճերմակ անհունի պարահանդեսում
Երկնքում տեսա Տիրամորը մերկ․․․
Ինձ չի կանգնեցնի ոչ մի կեղծ արգելք,
Հոգիս անտեր է այս կույս խավարում,
Ես ու Տիրամայրը պիտի հանդիպենք,
Հունվար տասներեքի կեղտոտ երախում․․․
Կարինեն գրեթե վազում էր՝ մեկիկ-մեկիկ շրջանցելով աթոռները: Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում ու չէր էլ փորձում պարզել՝ ինչու են Բանաստեղծի բառերն այդքան հարազատ և միաժամանակ՝ նույնքան սարսափելի։ Աղջիկը տվայտվում էր չբացահայտված այդ զգացողությունից, օրփեոսյան գայթակղությունը նրան ստիպում էր կանգնել՝ շրջվել՝ փնտրել՝ փորձել հասկանալ, բայց անհանգստությունից ծնված ադրենալինը նրա ծանրացող մարմինը դուրս էր մղում։ Փաբի դուռը հետևից փակելով՝ Կարինեն մի պահ կանգ առավ փողոցում, սկսեց լիաթոք շնչել երևանյան սառն օդը․․․ Ցուրտ էր։ Ձյուն էր գալիս․․․ Եվ այդ ձմեռային ցրտում նրա մարմինը վառվում էր տաքությունից, ու վայրկյաններ անց աղջկա ճակատին հայտնվեցին քրտնքի փոքրիկ կաթիլներ։ Երբ աջ ձեռքը վեր պարզեց, որպեսզի սրբի ճակատի քրտինքը, աչքերի դիմաց տեսավ անզգայացած ձեռքի անկառավարելի դողը։ Կարինեն որքան էլ փորձեց լարել ձեռքի մկաններն ու սանձել վերջույթի ըմբոստությունը՝ դողացող ձեռքի ցնցումներն ավելի ու ավելի էին արագանում, և տատանվող դաստակը սկսեց երերալով խփվել Կարինեի շողացող դեմքին։ Սարսափած աղջիկը ձախ ձեռքով բռնեց աջ դաստակը, իջեցրեց ցած ու տագնապից ուժեղ գոռալով՝ արագորեն վազեց փողոցի երկայնքով։ Վազում էր որքան ուժ ուներ, չէր էլ մտածում՝ ուր է գնում և ինչի համար․ նա հստակ գիտակցում էր, որ փախչում է, սակայն՝ ումից, ընդհանրապես գաղափար չուներ։ Հասնելով կինո «Մոսկվայի» փոքրիկ շատրվանների մոտ՝ կանգ առավ Ազնավուրի արձանի առջև ու սկսեց հևալով քանդել վերարկուի կոճակները։ Երկու ձեռքով բռնեց արձակված վերարկուի օձիքից, ձեռքերը հնարավորինս լայն տարածեց ու գլուխը վեր պարզելով՝ նայեց սև երկնքին․․․ Որքա՜ն մոտիկ էր երկինքը։ Որքա՜ն սև էր այդ մոտիկությունը․․․
Կարինեն ինչ-որ անհասկանալի թեթևություն զգաց, կարծես մի մեծ բեռ ընկավ նրա փխրուն ուսերից․ այնքան թեթևացավ, որ նրան թվաց՝ մարմինը կտրվել է թաց ասֆալտից և բարձրանում է վեր։ Նա փորձեց հայացքը շեղել սև երկնքից, բայց հասկացավ, որ այլևս ի զորու չէ կառավարել սեփական մարմինը․ ինչ-որ բան պոկվել էր ներսում, նա դեռ գիտակցում էր, բայց գործել չէր կարողանում։ Աշխարհը մեկ փոքրանում էր աչքերի առջև, մեկ էլ վերածվում էր մի ահռելի անեզրության, պատկերները խառնվում էին միմյանց՝ տարալուծվելով մեկը մյուսի մեջ։ Սև երկինքն աստիճանաբար սկսվեց շարժվել, ծառերի և երկնաքերերի պտտահողմում քաղաքը կորցրեց իր երկրաչափական ձևը, և աղջիկը, որ արդեն հանձնել էր իրեն այդ անհասկանալի խելահեղությանը, հայտնվեց տարատեսակ թռչող իրերի կիզակենտրոնում և անսպասելի սլացավ վեր՝ դեպի սև ունայնության խորքը․․․
Սպիտակ ծուխը գրեթե չէր շարժվում, ճերմակի տարբեր երանգները մեղմորեն, շատ թեթևակի լողում էին հանդարտության օվկիանում։ Կարինեն գամված էր ամպի փափուկ գրկում և դատարկ սպիտակության մեջ հետևում էր երանգների սիմֆոնիային․․․ Լուռ էր։ Խաղաղ էր․․․ Բայց մեռելային անդորրը ոչ մի կերպ չէր ներդաշնակվում նրա փոթորկոտ ներաշխարհի հետ։ Կարինեն վերահսկողություն չուներ ոչնչի նկատմամբ․ հույզերը եռում էին ներսում, մտքերի հոսքն աստիճանաբար անկառավարելի էր դառնում, և աղջիկն անձայն տառապում էր՝ խեղդվելով անզորությունից։ Շրջապատող ճերմակի օրորը լացելու աստիճան ջղայնացնում էր նրան, բյուրեղյա սպիտակությունը վերածվել էր կույս խավարի։ Կարինեն գիտակցում էր՝ եթե տառապում է, ուրեմն կենդանի է, սակայն չգիտեր՝ ուրախանա՞լ, թե՞ ափսոսալ, որ ներսում ինչ-որ զգացմունքներ դեռ ապրում են․․․
Հանկարծ հեռվում ծուխը տեղի տվեց, քամին ցրեց մառախուղը, և խորքում երևաց երկինքը։ Ամպերի ձվաձև գնդերը վերադասավորվեցին՝ երկնային արահետ պատրաստելով։ Կարինեն գամված նայում էր կապույտ արահետին, կարծես հենց այդ եթերային կապույտից էր ծնվելու նոր, ուրիշ մի աշխարհ։ Հորիզոնում երևաց կնոջ ուրվապատկեր, որ դեպի Կարինեն էր ձգվում։ Երբ կինն արդեն շատ մոտ էր՝ աղջիկը տեսավ, որ նա ամբողջությամբ մերկ է, իսկ գրկին փոքրիկ մի մանչուկ ունի։ Կինը մոտեցավ Կարինեին, քնած մանչուկին սեղմեց կրծքին և նստեց Կարինեի կողքին։ Պառկած աղջնակը նայում էր նրանց և զգում, որ աչքերի առջև աներևակայելի մաքրություն է, ինչին երբևէ հնարավոր չէ հանդիպել մարդկանց աշխարհում։ Նա վայելում էր փոքրիկից բուրող մայրական կաթի հոտն ու հիանում մերկ կնոջ կախարդական գեղեցկությամբ։ Աղջիկը չգիտեր՝ ինչպես արտահայտել անսահման երջանկությունը․ նա ուզում էր բարձրանալ ամպե մահճակալից, ծնկել կնոջ առջև, գրկել ոտքերն ու երկար, շա՜տ երկար մնալ այդ դիրքում։ Կարինեն ճիգ էր գործադրում ինչ-որ կերպ ցույց տալու ներսում հրաբխվող զգացմունքները, բայց անզորությունից ծնված արցունենքերը դավադրաբար մատնում էին նրա անկարողությունը։ Կինը թեթևակի ժպտաց Կարինեին, ձեռնափը մեղմորեն դրեց աղջկա այտին, և սկսեց մատներով մաքրել շողշողացող արցունքները։ Այնուհետև ավելի մոտենալով գունատ աղջկան՝ համբուրեց ճակատը և սկսեց ուշադիր նայել նրա թաց աչքերի խորքը։ Այդ հայացքից Կարինեն անմիջապես խաղաղվեց, անհանգիստ մտքերն ու բոլոր տառապանքներն իսպառ վերացան, հոգին զգաց մարմնի կենդանությունը և մի քանի վայրկյան հետո Կարինեն, ամբողջությամբ թուլանալով, փակեց աչքերն ու ժպիտը դեմքին քուն մտավ․․․
Քաղաքում ձյուն էր գալիս։ Հիվանդասենյակում իրարանցում էր, ոմանք երջանկությունից պապանձվել էին, ոմանք ուրախության ճիչեր էին արձակում, իսկ ոմանք էլ գրկախառնվել և արցունքներն աչքերին անվերջ կրկնում էին՝ «փա՜ռք Աստծուն, փա՜ռք Աստծուն»։ Կարինեն տագնապած նայում էր շուրջը, ամեն բան անգույն էր և շատ տարօրինակ․ նա փորձում էր հասկանալ՝ ի՞նչ խառնաշփոթ է, որտե՞ղ է գտնվում, ինչո՞ւ են շփոթված բժիշկներն աջ ու ձախ վազում և բարկանում մարդկանց վրա։ Աղջիկը զարմացած հայացքով տնտղում էր մահճակալը, բժշկական սարքավորումներն ու կողքին կախված տարատեսակ ներարկային համակարգերը։ Նայում էր ոգևորված մարդկանց, դեմքի արտահայտություններից փորձում էր ինչ-որ բան կռահել․․․ Նրա սևուսպիտակ աշխարհում բոլորը շարժվում էին, ժպտում ու լացում, բայց այդ աշխարհը ձայն չուներ, աղջիկը ոչինչ չէր լսում․ նա կարծես դեռ կիսով չափ քնած էր, դեռ ամբողջությամբ չէր զարթնել զարհուրելի թմբիրից։ Այդ անգույն ու անձայն եռուզեռի մեջ հիվանդասենյակի հեռավոր անկյունում Կարինեն նկատեց պատին հենված Բանաստեղծին, որ դեղին գրքույկը ձեռքին նայում էր իրեն և խորհրդավոր ժպտում։ Հայացքների մոգական հանդիպումը մի պահ քարացավ տարածաժամանակային իրականության մեջ, հիվանդասենյակի մարդիկ անշարժացան իրենց դիրքերում, և ձգվող ակնթարթում Կարինեն լսեց Բանաստեղծի բամբ ձայնը։
– Հանդիպեցի՞ր Նրան։
Կարինեն անակնկալի եկավ հարցից։ Բանաստեղծից չկտրելով հայացքը՝ նա պառկած դիրքից ուղղեց մարմինը, հենվեց ձախ ձեռքին և նստեց մահճակալի մեջ։ Պատասխանի փոխարեն Կարինեն գլուխը թեթևակի վերուվար արեց և ժպտաց Բանաստեղծին։ Մարդիկ անմիջապես կենդանացան, հիվանդասենյակի եռուզեռը վերականգնվեց, բժիշկները նորից սկսեցին ջղայնանալ աղմկոտ այցելուների վրա․․․
Քաղաքում շարունակում էր ձյուն տեղալ։
