Արևիկ Չափարյան/Էտյուդներ մոռացված տոնածառի մասին 

1. 

Ցուրտ ու ձյունառատ տարեմուտին

պահարանի գլխից իջնում էր կախարդական տուփը։

Ծանր չէր, բայց լցված էր հրաշքի սպասումով…

2. 

Ներսից, երկար լռությունից հետո,

դուրս էին վազում բամբակի մեջ թաթախված 

գունավոր ապակե խաղալիքները՝

ձիուկը,

կոնֆետը, աքաղաղը, 

փայլուն գնդակները,

կարմիր աստղը` 

մի փոքր խամրած,

բայց անվնաս։

Ձեռքերս դեռ հիշում են դրանց սառնությունը,

հիշողությունս` ջերմությունը…

3. 

Մեկ առ մեկ շունչ էին առնում։

Կանաչ եղևնու ճյուղերին

կախվում էին հերթով, շարքով, խնամքով.

գիտեին իրենց տեղը,  երբեք  չէին մոլորվում։

Ծառը ճյուղ առ ճյուղ

լցվում էր մանկությամբ։

Մի ճյուղը թեք էր,

մյուսը՝ կարճ, բայց իմ հիացած ու փայլող աչքերում 

այն ամենակատարյալ տոնածառն էր…

4. 

Տարիների հեռվից  լսվում է մամայի ձայնը` զգու՜յշ։

Այնտեղ ես դեռ չգիտեի, որ այն, ինչ փխրուն է, կարող է հանկարծ փշուր֊փշուր լինել։

Բայց միևնույն է ափերիս մեջ ապահով  պահում էի իմ բաժին հեքիաթը …

5.  

Ամանորի գիշերը

աշխարհը փոքրանում էր, մեր

տունը՝ մեծանում, իսկ 

երջանկությունը 

չէր աղմկում։ 

Այնտեղ ժպիտները վառ էին, ինչպես մեր տոնածառի լույսերը։

Դուռը թակող մարդկանց սրտերը գուցե ավելի ջերմ էին,

քան մեր տունը տաքացնող երկաթե վառարանը։

Այս հեքիաթը ձգվում էր շա՜տ երկար, համարյա մի ողջ ձմեռ։ 

6. 

Հետո կախարդանքն ավարտվում էր,

խաղալիքները վերադառնում էին տուփ ու նորից բարձրանում պահարանի գլխին։

Ոչ թե մոռացվելու, 

այլ իրենց ժամին սպասելու համար։

Տարին գնում էր` մանկության պես անվերադարձ, իսկ ձմեռը դեռ երկար մնում

ապակիներին, մայթեզրերին ու կտուրների վրա։ 

7. 

Սա մի մոռացված հեքիաթ է, որ թաքնվել է մանկության հուշերում ու լուսանկարների հին, ամրակազմ ալբոմում։

Երբեմն անաղմուկ արթնանում է թերթվող էջերի վրա, սահում մատների արանքով ու անհետանում…

Please follow and like us: