Դևոյան տոհմի համար կյանքը հարյուր քսան տարի նույն գծով էր ընթացել՝ եզների պես աշխատելով, միշտ խաշիլ ուտելով և խաշիլ ուտելուց երբեք չբողոքելով: «Դևոյան ոչ մի ընտանիքում վեճ չէր լինում: Եկած հարսը այստեղ էլ երեխաներ էր բերում ու պառավում, մեռնում ու թաղվում գերեզմանոցի Դևոյանց մասում », – գրում է հեղինակը (41): Սակայն Դևոյան տոհմի հարյուր քսան տարվա դրած «խաղաղության» հիմքերը խախտվում են, երբ ծնվում է Իշխանը: Ճիշտ է, սահմանված կարգով Իշխանը նույնպես ամուսնանում է, բայց նա տոհմի հնազանդներից չէ: Իշխանը ոչ միայն ըմբոստանում է հոր դեմ, այլև դուրս է անում առաջին կնոջը: Իշխանի ըմբոստությամբ էլ Դևոյան տոհմը դուրս է գալիս իր «խաղաղ» սահմաններից և տոհմում վեճերը դառնում են անպակաս:
Վիպակում խաղաղ ընտանիք չենք տեսնում: Բոլորի ընտանիքներում վեճեր կան և բոլորը դժգոհ են միմյանցից: Դժգոհությունը նույնիսկ սպառնալիքի է հասնում և մեկը մյուսին վախեցնում է Նանայի կամուրջով. «Ես քեզ Նանայի կամուրջից կկախեմ» (56): Առհասարակ հերոսների մեջ հակասություններ շատ կան: Եղբայրները փոխադարձ մեղադրում են իրար, հայրերը դժգոհում են որդիներից, իսկ որդիները՝ հայրերից: Երեխաները նույնիսկ հայրերին անունով են դիմում:
Իշխանի բազմանդամ ընտանիքում միշտ վեճ ու կռիվ է: Տան «բարի հոր» դերը Իշխանի համար չէ: Նա մի տեսակ պատուհաս է իր ընտանիքի գլխին: Բայց ընտանիքում քարնջեցի կինն էլ իր իրավունքները ունի: Իշխանը, թեև խիստ է, բայց քարնջեցին աշխատացնում ու շահագործում է Իշխանի՝ երկրորդ կնոջից ունեցած երեխաներին: Քարնջեցին Իշխանի տեսակն է: Ուժեղը ուժեղին է հանդիպել ու ստիպված են հանդուրժել միմյանց: Ուժեղների մեջ մի տեսակ ո՛չ պարտվող կա, ո՛չ հաղթող՝ ուժեղը ուժեղ է մնում: Ի վերջո, քարնջեցուց՝ Իշխանի տեսակից է ծնվում է Արտաշը՝ իսկական իշխանացուն: Իշխանը նույնիսկ հարգում և ընդունում է կնոջ խորամանկ ընդունակությունները: Նրանք տանը առանձին են պահում իրենց բանկի գրքույկները և իրար մեջ են բաժանում ոչ միայն այգու վաճառքից ստացված խնձորների գումարը, այլև՝ իրենց մահացած որդիների թոշակը:
Արտաշի տանն էլ են շարունակ վեճեր լինում, բայց նրա ընտանիքում նույն իրավիճակը չէ: Նա էլ է մի քանի կին է փոխում, բայց քարնջեցու նման կնոջ չի հանդիպում:
Իշխանը և Արտաշը, թեև Դևոյան քնած տոհմի ըմբոստներն են, բայց տոհմում միակն էլ չեն: Խեղճ տոհմում ըմբոստ կանայք էլ կան: Արուսյակը Ծմակուտում ապրուստի համար ամուսնուն հանգիստ չի տալիս, իսկ Մարգարիտը՝ Իշխանի վաղեմի ընկերոջն է թալանում: Բայց Դևոյան տոհմում քարնջեցուց բացի ըմբոստ կին հարս չի գալիս:
Իշխանը և Արտաշը, թեև ծեծում են իրենց կանանց, բայց միայն նրանք չեն տոհմում կին ծեծողը: Նույնիսկ անճար Ոսկանն է իր կնոջը ծեծում: Կանայք էլ հնազանդությամբ տանում են իրենց ամուսինների հարվածները. «Հեզ էին, իսկ հեզությունը սագի ճարպ է, որից չի անցնում ցուրտը », – գրում է հեղինակը (91):
Անսահման բարի, աշխատող, դատող, իսկ երբեմն էլ նույնիսկ «սիրահարվածի չափ քնքուշ» Ոսկանի տանը վեճերը նույնպես անպակաս են: Զարմայրի խեղճ տեսակը մի թերություն էլ ունի՝ խմող է: Նրա որդին՝ Դևոն, հոր դեմ ըմբոստանում և նրա տեսակը չի ընդունում: Դևոյին կատաղեցնում է ոչ միայն Ոսկանի խեղճությունը, այլ նաև նրա հարբեցողությունը : «Լեզվո՛վ: Լեզվից ուժե՛ղ ես: Լեզվաբա՛ն ես: Խանութի պարտքը տվե՞լ ես: «Խանութից արա՜ղ» » , – հանդիմանում է հորը(50): Դևոն նույնիսկ չարանում է հոր դեմ. «Մի՛ ծածկիր, էդ վերմակն ափսոս է դրան, թող շան պես սատկի » ,- ասում է նա մորը, երբ մայրը ուզում է ծածկել խմած Ոսկանին(56): Դևոն Դևոյան տոհմի հերթական խեղճերից չէ: Խեղճերից չէ նաև Արտաշի որդին՝ Մեծ Վովան, որը նույնիսկ Դևոյան տոհմի «գերազանցիկներից» է, ով կարողանում է շախմատ խաղալ և հաղթել նույնիսկ Արտաշին: Սակայն «լավ խաղացող» Վովան պարտություն է կրում առաջին իսկ հանդիպած յոթ տարեկան երեխայի հետ խաղալիս: Դևոն և Վովան նույնիսկ որոշում են Վովայի մոր ծեր ամուսնուն սպանել, որը ծեծում էր նրան: Սակայն պլանավորած սպանությունը չի կայանում ոչ թե նրա համար, որ վախեցան, կամ չհաջողվեց, այլ նրա համար, որ ճանապարհին հրապուվում են ռուս աղջկանով: Հրապուրվելն էլ հաջող ավարտ չի ունենում և կռվի մեջ ընկնելով հայտնվում են ոստիկանատանը: Բայց Դևոյան տոհմի «արկածախնդիր հերոսները» կարողանում են իրենց արժանապատիվ պահել բանտում: Անճար Ոսկանն էլ փորձում է ազատել նրանց, բայց այնքան է խեղճանում բուֆետպանի առաջ, որ Դևոն և Վովան սկսում են լաց լինել:
Արտաշը հաճախ է ծաղրում հորը, բայց իր որդին՝ Վովան, նույնիսկ շահագործում է նրան: Իշխանի համար կրթությունը էական նշանակություն չունի, և նա աշխատանքից, ավելին կուտակելուց բացի ուրիշ բանի մասին կարծես թե չի էլ մտածում: Արտաշը ոչ միայն ափսոսում է, որ ինքը համալսարանում չի սովորել, այլ նաև ուզում է , որ իր որդին կրթություն ստանա: «Վեպ էիր գրում՝գրիր: Պարապիր ինստիտուտի համար: Եթե չի խանգարում՝ բասկետբոլն էլ մի թող: Անգլերնդ շարունակիր: Արա՛ ինչ ուզում ես, մարդ դարձիր »,- ասում է նա Վովային(115): Հորը չհավանող Վովան Արտաշին միայն ցույց է տալիս, թե իբր վեպ է գրում և ամեն անգամ նոր սպիտակ թուղթ է ուզում: Վովան նույնիսկ ուրախանում է, երբ Արտաշի աները Լվովից գալիս է ու Արտաշին գցում ծախսերի տակ: Նա լավ գիտի, որ ծախս անելը Արտաշին դուր չի գալիս: Արտաշը ստիպված էր ծախսեր անում: Արտաշն էլ, ճիշտ է, դժգոհում է ծախսեր անելուց, բայց կարողանում է նաև լավ հյուընկալ լինել, «որովհետև ռուսները կարծում են հայերը հյուրասեր ժողովուրդ են»(117):
Մեծ Վովան անհետանում է տնից: Իսկ նրանից առաջ անհետացել էին նաև Իշխանը և Արտաշը: Մի՞թե Մեծ Վովան էլ է իշխանացու է, որը դեռ պիտի հայտնվեր: Իսկ Արտաշի փոքր որդին՝ Փոքր Վովան, քրոջը նույնիսկ խոստանում է սպանել Արտաշին, երբ մեծանա:
Զարմայրի ընտանիքը ոչ խաղաղ տոհմի ընտանիքներում բացառություն է: Նրա ընտանիքում վեճը ու ծեծը բացակայում են: Զարմայրը ոչ միայն Իշխանի, Արտաշի, Ոսկանի նման չի ծեծում իր կնոջը, այլև չբեր կնոջը դուրս էլ չի անում: Ավելին, նա քենու յոթ երեխաներից երկուսին որդեգրում է: Այդ երեխաներն էլ մեծանում են այնպես, ինչպես չեն մեծացել գյուղի ոչ մի երեխա: «Գրքից բացի ուրիշ բան չվերցրեց նրանց ձեռքը գյուղում՝ բահի, եղանի, փոցխի, քլունգի, ծխախոտ շարելու ասեղի ու գոմաղբ թափելու թիու աշխարհում », -գրում է հեղինակը(107): Զարմայրը նրանց նույնիսկ ուսման է տալիս: Արտաշը, սակայն շտապում է զգուշացնել հորեղբորը, որ որդեգրածները շուտով իրենց ցույց կտան: Զարմայրը հարազատ երեխաների նման է սիրում որդեգիր երեխաներին , բայց նրա նվիրվածությունը, սերը ու հոգատարությունը բավական չեն, որպեսզի նրա ընտանիքում վերականգնվեր Դևոյան տոհմի երբեմնի խաղաղությունը: Որդին սովորելուց հետո գնում է Ալթայ, իսկ աղջիկն էլ ՝ իր վարած թեթև կյանքի պատճառով թողնում է ուսումը և վերադառնում գյուղ: Հուսալքված ու հիասթափված Զարմայրին մնում է միայն մխիթարող փնտրել: Ճիշտ է, Ոսկանն է սովորականի նման փորձում վերցնել մխիթարողի դերը, բայց նրա «մխիթարանքը էժան է », որովհետև նրան միայն խմելու ու լացելու առիթ է պետք:
Վիպակում, այնուամենայնիվ, Դևոյան տոհմի խաղաղությունը տեսնում ենք, երբ վիպակի վերջում տոհմը հավաքվում է մի սեղանի շուրջ:
Իշխանի ծնունդը Դևոյան տոհմում արմատական փոփոխություններ է բերում: Բայց այնուամենայնիվ, Դևոյան հարյուր քսան տարվա արյունը իր տեղը հեշտ չի զիջում: Դեռ ժամանակ էր պետք, որ տոհմի «նիրհող» արյունը մաքրագործվեր և վերածվեր իշխող արյան: Չէ՞ որ դեռ ծնվում են տոհմի խեղճերը:
Վարարած Դեբեդն էլ քանդում է Մեծ կամուրջը: Այն կամուրջը, որը պետք է, որ ամուր լիներ: Չէ՞ որ երեք տարի կառուցել էին: Բայց Մեծ կամուրջի հետ քանդվում է նաև 1912-ին կառուցված ֆրանսիացի գործարանատիրոջ էլեկտրակայանի բազալտե պատը: Վարարած գետը քանդել էր նաև երկաթգիծը և տարել հացի փուռը: Ու թվում է, թե այդպես էլ պիտի լիներ. «Վարարումն իր վրա վերցրեց պատրվակը » , – գրում է հեղինակը(121): Սակայն կանգուն է մնում ութ հարյուր տարի առաջ կառուցած Նանայի կամուրջը: Բայց կամուրջի կանգուն մնալն էլ պատահական չէ: Նրա ամրությունը պարզապես լուռ վկան է այն բանի, որ գետի վարարումը ուղղակի պատրվակ է Մեծ կամուրջի և ֆրանսիացի գործարանատիրոջ էլեկտրակայանի բազալտե պատի քանդվելու համար: Սա ի՞նչ է նշանակում: Մի՞թե նոր ժամանակները չեն պարտադրելու իրենցը և իշխանները, արտաշներն ու սոֆիները ի զորու չեն հաստատվել ու վերացնել տիրացու բեգոների, զարմայրների, ոսկանների, վարդանների « խաշիլ ուտելու» ժամանակները : Մի՞թե իշխանները, արտաշները , սոֆիները թույլ են «խեղճերի » դեմ և զիջում են նրանց: Զիջելը` չեն զիջում, պարզապես իրենց ժամանակներն են ուրիշ: «Տարիները հարմար էին թալանի. իշխանություն չկար… » ,- գրում է հեղինակը վիպակի սկզբում (38): Իսկ այսպիսի տարիներ ե՞րբ չի եղել: Թալանի և խարդախության տարիները միշտ էլ եղել են, բայց ամեն ժամանակ իր նոր հերոսները ունի: Եվ այդ նոր հերոսները ո՛չ թույլ են, ո՛չ էլ զիջող: Անցել են այն ժամանակները, երբ մեծացողներին մեծերն են ամուսնացնում: Մեծացողները իրենք էլ կարող են ամուսնանալ, բաժանվել , նորից ամուսնանալ և նորից բաժանվել: Նրանք են իրենց ժամանակի տերը:
Իսկ ո՞վ է տիկին Սոֆին, որի մասին վիպակում խոսվում է: Նա էլ է նոր ժամանակների տերերից: Իշխանն էլ իզուր չէ, որ հիանում է նրանով: Աշխարհը խեղճերին չի պատկանում. այն միշտ ունի իր տերը: Ժամանակի ընթացքում տերերը փոխվում են և տիկին սոֆիները կարող են վերանվանվել իշխանների, արտաշների, բայց նրանք երբեք չեն վերանում ու ոչ էլ նույնիսկ հետք են թողնում: Նրանք հետք թողնելու կարիք չունեն. նրանց տեսակը անմահ է: Ավելին, նրանք ներծծվել են աշխարհին և աշխարհը իրենցով սնել՝ սոֆիացրել, իշխանացրել, արտաշացրել:
«Ծնվում ենք, դասավորում-ապրում: Դասավորելու վրա է հիմնված աշխարհը» ,- գրում է Հրանտ Մաթևոսյանը (89): Ու եթե անճար ես, ուրեմն անճար ու խեղճ էլ մնա: Կյանքից, աշխարհից անճարակությամբ ու խեղճությամբ բան չես պոկի: Շատ-շատ քեզ պաշտպան գտնես: Բայց միայն թույլն ու անճարն է ուժեղի ստվերում ապրում և այդ ուժեղին պաշտպանության վահան սարքում: Կարող ես նաև ոսկանների նման դատողություն անող փիլիսոփա լինել և ուժեղ լինելու անկարողությունից ինքդ քեզ թաղես օղու շշի մեջ: Կամ էլ զարմայրների նման իրականությունից կտրվես և թերթեր ու գրքեր կարդաս, որպեսզի հասկանաս աշխարհը ու ինքդ քեզ մխիթարես, թե ամեն ինչ հասկանում ես: Բայց ոսկանները և զարմայրները դուրս են առաջ գնացող կյանքի հոսանքից: Նրանք մի տեսակ աշխարհից չեն և աշխարհն էլ նրանցը չէ: Աշխարհը իշխողներին, տիրողներին և տիկի սոֆիների նման «միջազգային լեզու » իմացողներին է: Իսկ խեղճերին մնում է միայն պարտվող և պատմող լինել՝ դրանով կատարելով իրենց պարտականությունը աշխարհի և մարդկության առաջ:
Բայց չմոռանանք նաև, որ դեռ կանգուն է Նանայի ութ հարյուր տարի առաջ կառուցած կամուրջը, որը դեռ պիտի երկար կանգուն մնա. «Նա գերեզման է ճամփել պապիդ էլ, պապիդ պապին էլ, նրա պապին էլ, մինչև հազար պորտ, ու դեռ գերեզման է ճամփելու քեզ էլ, որդուդ էլ, որդուդ որդուն էլ, մինչև հազր պորտ » (122): Ինչքան էլ նորը ուժեղ լինի, ինչքան էլ նորը տիրող լինի, հինն էլ իր դիրքերը ունի՝ դարերի փորձությանը դիմակայած ու խոր արմատներով հաստատված: Եվ թող տիկին սոֆիները, իշխանները, արտաշները գան, ներծծվեն աշխարհին և տիրեն, մեկ է՝ զարմայրները, ոսկանները, վարդանները եղել են, կան, կլինեն և միշտ կքայլեն նորերի՝ ուժեղների կողքին:
«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում , կարելի է ասել , իմանում ենք նաև «Աշնան արև» վիպակում հաճախ օգտագործվող «առնաուտ» բառի «ծագումը»1 : Ուշադրություն դարձնենք, թե «Նանայում… » Մարգարիտը ինչ է ասում, երբ Իշխանը ուզում է գնալ Մովսեսից հաշիվ պահանջելու. «Նա առնաուտ է , Իշխան ջան, քեզ կուտի»(43) : Եվ եթե վիպակում «այտա» բառը գործածվում է որպես տվյալ միջավայրի լեզվամտածողությանը բնորոշ բառ, ապա «առնաուտ» բառը բացասական իմաստ ունի: Եվ փաստորեն, «առնաուտին» նահանջել ստիպելով է Իշխանը դառնում այս անվան տերը: Ճիշտ է, «Նանայում… » Իշխանին այդպես չեն անվանում, բայց «Աշնան արև» վիպակում Աղունն է այս «անվան» ժառանգորդը , որովհետև Իշխանի աղջիկն է: Բայց Աղունը ուժեղ կամքով հաստատել է իր անվան մաքրությունը: «Տես, էլ առնաուտ չեմ, անուն ունեմ, անունս Աղուն է: Աղավնի է» (340) ,- ասում է նա: Աղունը կարծես թե հաստատում է, որ ինքը Իշխանի ուժեղ արյան ժառանգորդն է, ոչ թե պիղծ անվան:
«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակի հերոսները սոսկ հեղինակի երևակայությունից ծնված հերոսներ չեն: Ճիշտ է, հեղինակը խոստովանել է, որ Իշխանի կերպարի նախատիպը պապն է եղել, բայց կերպարները՝ իրենց ուժեղ և թույլ տեսակով, ոչ թե ինչ-որ անհատի նախատիպ են ներկայացնում, այլ հենց նրանց տեսակի հակառակ ծայրերով հեղինակը կարծես թե ամբողջացնում է մարդկային տեսակների միջև եղած տարբերությունները:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Կիմ Աղաբեկյան, Հրանտ Մաթևոսյան, Ծմակուտի վիպասքը, Երևանի, 1988թ.
- Կիմ Աղաբեկյան , Արդի հայ արձակի զարգացման միտումները, Երևան, 1992թ.
- Սուրեն Աղաբաբյան, Ժամանակակից հայ արձակ, Երևան, 1981թ.
- Հրանտ Մաթևոսյան, Ես ես եմ, Երևան, 2005թ.
- Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004թ.
- Հրանտ Մաթևոսյան, Նանա իշխանուհու կամուրջը, Երևան, 2006թ.
- Հրանտ, Մաթևոսյան, Ծառերը, Սովետական գրող, Երևան, 1978թ.
- Հրանտ Մաթևոսյան, Հատընտիր երկու հատորով, հատոր 2 , Երևան, 2005թ.
- Մաթևոսյանական ընթերցումներ, հ.1, Երևան, 2006թ.
- Մաթևոսյանական ընթերցումներ, հ.2,Երևան, 2011թ.
- Մաթևոսյանական արձագանքներ, հ. 1, Վանաձոր, 2005թ.
- Մաթևոսյանական արձագանքներ, հ. 2, Վանաձոր, 2011թ
- Հովիկ Վարդումյան, Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Երևան, 2003թ
- Սարգիս Փանոսյան, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, Երևան, 1984թ.
- Գրական լեզվում առնաուտ կամ առնավուտ նշանակում է ալբան, ալբանացի(տե՛ս Էդ. Աղայանի բացատրական բառարանը), իսկ բարբառներում նշանակում է վիթխարի, հսկա, հաղթանդամ:
↩︎
