Անդրադառնանք «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակի ընդհանրություններին «Աշնան արև» և «Ծառերը» վիպակների հետ:
«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը թեև տպագրվել է հեղինակի մահից հետո, բայց վիպակի հերոսները վաղուց ծանոթ են ընթերցողին: Վիպակը ժամնակին չի տպագրվել, բայց հերոսներին Հրանտ Մաթևոսյանը մոռացության չի մատնել: Հեղինակը «Նանա իշխանուհու կամուրջը » վիպակի որոշ հատվածներ բաժանել է «Աշնան արև» և «Ծառերը» վիպակների մեջ:
«Աշնան արև» և «Ծառերը» վիպակները առանձին գործեր են: Վիպակների հիմնական գործող կերպարը ո՛չ Իշխանն է, ո՛չ էլ Արտաշը, այլ Աղունը՝ Իշխանի դուստրը: Աղունի պատմածներով ենք այս վիպակներում իմանում Իշխանի և մյուս հերոսների մասին: Իշխանի անունը, թեև այս վիպակներում հիշատակվում է հպանցիկ, առիթից-առիթ, բայց նրա կերպարը թևածում է ամբողջ պատումի վրա:
«Աշնան արև» և «Ծառերը» վիպակներում Աղունը մենախոսում է իր ապրած կյանքը: Բայց նրա մենախոսությունը երկխոսային բնույթ ունի: Նրա մենախոսությամբ ենք իմանում նրա և ամբողջ գերդաստանի միջև տեղի ունենցած խոսքը և զրույցը: Աղունի հիշողությունների մեջ ոչ միայն հառնում են նրա դժվարին կյանքի պատկերները, այլ նաև հայ գյուղի և գյուղացու պատմությունը: Եթե «Նանա իշխանուհու կամուրջը» և «Աշնան արև» վիպակներում հեղինակի ներկայությունը զգացվում է, ապա «Ծառերը» վիպակում հեղինակի խոսքը իսպառ բացակայում է: Ողջ ստեղծագործությունը հերոսուհու մենախոսությունն է:
«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում Աղունը՝ Արուսյակը, կրծքի երեխա է, երբ Իշխանը խփում և սպանում է մորը: «Աշնան արև» վիպակում Աղունը շարունակ հիշում է, որ հայրը սպանել է մորը և խորթ մայրը նրան տասնչորս տարեկանում ամուսնացրել է: Խորթ մայրը անգամ նրա օժիտը փաթաթում է այն կարպետի մեջ, որը հանգուցյալ մորն էր պատկանել: Այդ կարպետն էլ հետո առիթ պիտի տար, որ Աբել ապին ասեր հարս Աղունին. «Կնյազ Իշխանի տանը էլ բան ես թողե՞լ, թե եղածը էս է, սրբել բերել ես, ախչի»1: Բայց Իշխանի դուստրը ունի իր պատասխանը. «Կնյազ Իշխանի տանը ես քոծ էի, ես էնտեղ մայր չունեի, ապի» (345): Այնուամենայնիվ, պարզվում է, որ անօժիտ հարսը մի բան բերել է՝ «լեզուն էլ է բերել»:
Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը Իշխանի կերպարի մասին ասել է. «Աղունին հավասար գեղարվեստական ընդհանրացում է»2:
Իշխանի և Աղունի մեջ շատ ընդհանրություններ կան: Նրանք երկուսը հստակ դիքորոշում ունեն կյանքի նկատմամբ և ուժեղներին հատուկ աշխարհամտածողությամբ մերժում են խեղճությունը: Իշխանի և Աղունի մոտ՝ ուժեղի և խեղճի համար սահմանած սահմանը նույնիսկ ծայրահեղության է հասնում. «Մարդ չպետք է լինի այնքան քաղցր՝ որ կուլ տան, էնքան դառը՝ որ թքեն » (72): Նրանց համար միջին չկա. կա՛մ ուժեղ ես, կա՛մ խեղճ: Աղունը Իշխանի տեսակն է՝ ուժեղ, հաստատակամ, համարձակը, խոսքը մարդու ճակատին ասող: Նա շատ բաների միջով է ստիպված լինում անցնել՝ ծեծվել, ստորացվել, բայց Իշխանի չհանձնվող արյունը ժառանգած Աղունը երբեք պարտվողի դերում չի հայտնվում: «Սկզբում տանջվում են վերջի համար»,-ասում է նա «Աշնան արև» վիպակում (377):
Թույլերին, անճարներին, խեղճերին արհամարհող Իշխանի համար Վարդանը խեղճ է և դրանով արդեն իր զավակը չէ: Աղունն էլ հոր պես չի ընդունում իր խեղճ որդուն: Նրա մայրական հպարտությունը նույնիսկ չի շոյվում, երբ որդուն գովում են: Ուժեղ Աղունին պետք չեն անճար որդուն շահագործող մարդկանց գովեստները: Սիրող մայրը ցավ է ապրում, որ խեղճ որդուն կուլ են տվել ու դրա համար են գովում: Բայց Աղունը, ի տարբերություն հոր, չի հրաժարվում իր որդուց: Նա իր խեղճ որդուն համեմատության մեջ է դնում Իշխանի հետ, և Իշխանի «քաջագործությունների» պատմությունը պատմում նրան: Նրա պատմածով էլ իմանում ենք, որ Իշխանը Անդրանիկի զինվոր է եղել, ղաչաղություն է արել և երբ «անդրանիկյաններին սկսեցին հավաքել, ղաչաղությանն սկսեցին ջարդել»(434), նա արդեն կոոպերատիվ էր մտել, հետո էլ փրկվել Արզումանովի ձեռքից:
Ուժեղ, չպարտվող, բոլորին վնաս տվող, Արզումանովների դեմ ըմբոստացող Իշխանի մասին խոսելով Աղունը կարծես թե ուզում է որդու մեջ արթնացնել իշխանական արյունը:
«Նանա իշխանուհու կամուրջը » վիպակում բոլոր բարեկամները պարծենում են Իշխանով: «Աշնան արև» և «Ծառերը» վիպակներում Աղունն է շարունակ հպարտանում Իշխանով, թեև խոստումներից, «քսան մետր կտորից » բացի ոչինչ չի ստացել նրանից: Ավետիքյան ցեղի մեջ հալածված Աղունի համար Իշխանի մասին պատմելը մի տեսակ կյանքի հալածանքներին դիմակայելու միջոց է: Աղունը նույնիսկ հոր թաղումով է պարծենում, երբ Իշխանի թաղումը համեմատում է Աբելի թաղման հետ: Խեղճ, ոչ մեկին վնաս չտված Աբելի թաղումը շատ խղճուկ է Գող Իշխանի թաղման համեմատ: Աղունը այնքան է հպարտանում Իշխանով, որ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում նույնիսկ ուզում է հորից ստանալիք գումարով վերջինիս համար արձան կանգնենցնել: Սակայն արդեն «Աշնան արև» վիպակում իմանում ենք, որ իր եղբայր Վալոդը (Արտաշ) տիրացել է իր փողերին: Աղունը , թեև չի արդարացնում հոր գողություն անելը, բայց հորը մերժողներին էլ խեղճ ու թույլ է համարում, որոնք ազնվության քողի տակ թաքցնում են իրենց անկարողությունը: Այնուամենայնիվ, Աղունի համար Իշխանը օրինակելի չէ: Ճիշտ է, հայր ու աղջիկ խեղճերից չեն և շատ հեռու են «ծառեր» լինելուց, բայց նրանք նույն աշխարհահայացքներն էլ չեն կիսում: Աղունը, ապրելով ավետիքյան ցեղի մեջ, մի տեսակ իշխանական պայքար է մղում այդ քնած տոհմին արթնացնելու համար: Նա չի ընդունում ո՛չ ավետիքյան ցեղի խեղճությունը, ո՛չ էլ իշխանական դաժանությունը: Իսկ երբեմն էլ նա նույնիսկ իր հիասթափությունն է արտահայտում: Նա իր հորը չի պաշտպանում, որը բանտում իր բոբիկության վրա լաց լինելուց հետո էլ նրան կոշիկ չի առնում: Բայց Աղունը հպարտ է, որ ինքը Վանքերի ցեղից է, Իշխանի դուստրը: Որդու գրական ձիրքն էլ այդ ցեղից անցած ժառանգություն է համարում: Աղունի համար որդին չէր կարող Ծմակուտի «բերանը կապած» կողմից ժառանգել գրելու ձիրքը: Եվ եթե Իշխանի համար առաջնայինը իր շահն է, ապա Աղունը որևէ շահասիրական նպատակ չի հետապնդում: Նա հորից միայն նրա արյունն է ուզում տեսնել որդու մեջ: Բայց նույնիսկ Իշխանի իշխանական արյունն է ընդունակ հանձնվելու: Ավետիքի քնած արյունը հաղթանակ է տանում Իշխանի արյանը: «Ծառերում» Աղունը ցավ է արտահայտում, որ որդին իշխանական արյան ժառանգորդներից չէ. «Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից»(432): Իշխանն էլ իր հերթին է ցանկանում, որ իր սերնդակիցները իր արյան կրողները լինեն:
Առհասարակ ցեղակցության, արյան ժառանգականության հարցը կարևորվում է Մաթևոսյանի հերոսների համար: Երբ Իշխանը քրոջ թոռներին է տեսնում, չի կարողանում թաքցնել իր հիասթափությունը, որ թոռների մեջ Ակոփի խեղճ արյունն է խոսում:
Մաթևոսյանը իր հերոսների արտաքին նկարագրությունը համարյա չի պատկերում: Նա ընդգծում է հերոսների կամային հատկանիշները, իսկ ժառանգականությունը հենց կամային որակներով է բնորոշում: «Նանայում…» Իշխանի արտաքինը, կարծես թե բացառության կարգով, հեղինակը նկարագրում է: Միջահասակ, բարակ-մարակ Իշխանի նկարագիրը հեռու է տիրողի արտաքին կերպար լինելուց: «Ծառերը» վիպակում էլ Աղունն է նկարագրում արտաքին հզորությամբ աչքի չընկնող Իշխանին: Իշխանը սակայն իր արտաքինով տպավորություն գործելու կարիք չի զգում: «Ճակատից էլ երևում էր, որ կատաղած շուն է» ,- գրում է հեղինակը «Նանա… »-ում (41):
Ո՞վ էր նկատում Իշխանի կարճահասակությունը, երբ նրա գործերը ապացուցում են, որ կարևոր ուժը մարդու կամային ուժն է:
Իշխանացու է նաև Իշխանի քույրը՝ Մարգարիտը: Նա էլ գիտի իր շահը: Նա կարողանում է թալանել Սարգիսին և իր տնտեսությունը շենացնել: Իշխանն է նույնիսկ զարմանում, երբ այցելում է Ծմակուտ ու տեսնում, որ Ծմակուտում ամենալավը Մարգարիտը և իր աղջիկն են ապրում: Իշխանը քրոջը նույնիսկ համեմատում է տիկին Սոֆիի հետ. «Հիշո՞ւմ ես տիկին Սոֆիին. նա քեզ մոտ գլուխը քարն էր տվել: Նրան գցեիր Ծմակուտ՝ գելերը կուտեին »(59):
Իշխանի համար կարևորը այն չէ, թե մարդ ինչպես է ինչ-որ բան ձեռք բերում: Նրա համար կարևորը ձեռք բերելու կարողություն ունենալն է: Իշխանն էլ ուրախանում է, երբ տեսնում է, որ քույրը և աղջիկը ունեն այդ կարողությունը: Իշխանի համար կարևոր չէ, որ քույրը սիրեկան է պահում: Սիրեկանին թալալնելը արդեն արդարացնում է քրոջ արարքը: Եվ Իշխանը քրոջը փող է տալիս, բայց ոչ այն փողերից, որ խեղճերի համար է հատկացնում, այլ «այն փողերից, որոնց տեղը ինքն էլ չէր ուզում իմանալ»(59):
«Նանա իշխանուհու կամուրջը » վիպակի որոշ հատվածներ հանդիպում ենք «Աշնան արև» և «Ծառերը» վիպակներում: Վերցնենք հենց կայարանի դեպքը, երբ Արտաշը գողությամբ է զբաղված այն ժամանակ, երբ եղբորը տանում են բանակ: Տիկին Սոֆիի նկարագրությունն էլ ենք հանդիպում և՛ «Նանա… », և՛ «Աշնան արև» վիպակներում. «Իսկ տիկին Սոֆին դեռ երկար մնաց ջահել, կրակոտ, փարթամ, և դեռ շատերին փոխեց, և այդպես էլ չսպառվեց, և այդպես էլ չմեռավ, որովհետև մեռածները գերեզման են ունենում, իսկ նա չունի, ոչ մի տեղ էլ չի թաղվել: Երևի հալվել, ներծծվել է աշխարհին և աշխարհը որոշ չափով սոֆիացրել»(40): «Աշնան արև» վիպակում նույնիսկ «պարզվում է», որ տիկին Սոֆիի մասին գրել է Աղունի որդին՝ Արմենակը, իսկ պատմողը եղել է Աղունը:
Այս երեք վիպակներում սիրային ինչ-որ դրվագներ չենք տեսնում: «Աշնան արևում» վիպակում էլ Ձորագես կայարանի դեպքը բացառություն կարելի է համարել: Ճիշտ է, Ձորագես կայարանի դեպքը շատ հեռու է սիրո արտահայտման ձև լինելուց, բայց ուշադրություն դարձնենք, թե Աղունը ինչ է ասում. «Եթե մեր միջև սիրո պես մի բան եղել է՝ այդ եղել է Ձորագես կայարանի լուսավոր խանութում» (347): Իսկ այդ «սերն» էլ արտահայտվել է լոկ նրանով, որ Սիմոնը չի կարողացել, բայց ուզեցել է կնոջ համար ինչ-որ բան գնել: «Նանա… » վիպակում, եթե «սիրո» պես մի բան տեսնում ենք , ապա այդ սերը դերասանուհու և նկարիչ Լևոնի միջև է: Այն էլ թեթև հրապուրանք է հիշեցնում, որը թեև հանգեցնում է ամուսնության, բայց այդպես էլ «սիրող» ընտանիք չի կայանում:
Վիպակների ամուսիններն են անգամ շարունակ կռվում միմյանց հետ: Եվ ավելորդ է խոսել որևէ սիրային խոստովանությունների մասին, որովհետև դրանք իսպառ բացակայում են այս վիպակներում: Իշխանը փոխում է մի քանի կին, բայց մի կնոջը մի ուրիշ կնոջ սիրո համար չի թողնում. առաջի կնոջը դուրս է անում, երկրորդին՝ սպանում, և միայն երրորդի՝ քարնջեցու հետ է ապրում մինչև իր կյանքի վերջը:
Թվում է, թե Աղունը հորից ժառանգել է «չսիրելու» գենը: Սկեսուր Արուսը նույնիսկ «Աշնան արևը» վիպակում մեղադրում է նրան, որ որդու համար սիող կին չի եղել, բայց Աղունը ունի իր բացատրությունը. «Սերը մեր ցեղում չկա: Մեր ցեղը գործ է անում, լպստվելու ժամանակ չունի»(362): Իսկ «Ծառեր»-ում Աղունը ինքն է արդեն մեղադրում ամուսնու ցեղին: Եթե սկեսուրը իրեն մեղադրում է սեր չտալու համար, ապա Աղունը նրանց ցեղին մեղադրում է սիրելու համար և այդ սերը համարում թուլություն, որը թաշկինակի պես կապում են աչքներին, որովհետև կյանքին ու կյանքի տված հարվածներին բաց աչքերով նայելու կարողություն չունեն: Մի՞թե Աղունը և Իշխանը սիրել չգիտեն: Իշխանի պարագայում՝ կյանքի հաճույքները, սերը մերժելը նրա աշխարհահայացքում բնական են թվում: Իսկ Աղունին ամուսնացրել է խորթ մայրը, և ամուսնու ընտանիքում սեր չի տեսել: Մաթևոսյանը կարծես թե հիմնավորում է իր հերոսների վերաբերմունքը կյանքի հանդեպ:
Մաթևոսյանի հերոսները աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ: Բոլոր կերպարները կապված են իրենց արմատներին, և բոլորին միավորում է մի բան՝ աշխատանքը: Եվ պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը սկզբում այլ վերնագիր է ունեցել` «Երկրի ջիղը»: «Այս մարդիկ հենց արձակագրի բնորոշած «երկրի ջիղն» են, որոնց վրա հենվում է կյանքը, աշխարհը »,- նկատում է գրականագետ Սարգիս Փանոսյանը3: Աղունը ավելի շատ աշխատող բեռնաձի է, քան կին: Կանացիություն համարյա նրա մեջ չկա: Բռնակալ, շահամոլ, գողություն անող Իշխանը նույնիսկ բացառություն չէ: Ի վերջո, նա ոչ միայն փրկում է եղբոր կյանքը, այլ նաև աշխատանքի մեջ էլ մեռնում է:
Մաթևոսյանի հերոսները կյանքին նայում են ռեալ հայացքով: Իզուր չէ, որ Աղունը իրեն «ռեալիստ» է անվանում, իսկ Իշխանն էլ մարդկանց հետ վարվում է այնպես, ինչպես վարվում են բոլոր «իշխանականները»: Կյանքին, աշխարհին բաց աչքերով նայելն է նրանց մեջ արմատացնում այն միտքը, որ կյանքը մի անգամ է տրվում, իսկ այդ մի անգամի մեջ պիտի լինել կենտրոնում: Աղունը «Աշնան արև» վիպակում տիրացու Բեգոյին համեմատում է կնյազ Նիկոլի հետ: Տիրացու Բեգոն կյանքի կենտրոնում գտնվողներից չի եղել, իսկ կնյազ Նիկոլը ապրել է իր կյանքը այնպես, ինչպես ցանկացել է: Ճիշտ է, կնյազ Նիկոլին նրա մահից հետո անիծում են, իսկ Բեգոյին օրհնում, բայց ամեն մեկը ըստ իր ապրածի էր կյանքից հեռացել. «Իսկ որ անկեղծ ասենք՝ հետն ով ինչ տարավ՝ տարավ. նա իր կշտությունը տարավ, նա իր քաղցը»,- ասում է Աղունը «Աշնան արև» վիպակում (377):
Հեղինակը և՛ «Նանայում », և՛ «Աշնան արև» վիպակներում կյանքը համեմատում է ծաղիկի հետ. «Ծնվել ենք՝ ապրում ենք. վաղվա աշխարհը մերը չէ. մարդը ծաղիկ չէ՝ որ ծաղկի ամեն գարուն, մարդը մի անգամ է ծաղկում» (88):
Հերոսներից ամեն մեկը՝ ավետիքացված կամ իշխանացված, յուրովի պայքարում են իրենց ստեղծած աշխարհի մեջ հաստատվելու համար:
Մաթևոսյանին հարցազրույցներից մեկում հարցրել են՝ «Ավետի՞ք ենք, թե՞ Իշխան», և հեղինակը պատասխանել է. «Ավետիքն էլ, Իշխանն էլ մենք ենք: Մենք մեզ պիտի պաշտպանենք: Ուժեղ եղիր, քոնը ուրիշին մի տուր: Ինչքան տվեցիր, տանելու են: Տարան՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են: Հիմա դու որոշիր՝ Իշխանն ես, թե Ավետիքը»4:
Շարունակությունը՝ այստեղ
- Հրանտ Մաթևոսյան, Ծառերը, Երևան, 1978, էջ 345 (այս գրքից բերված մյուս մեջբերումների էջերը կնշվեն տեղում)։ ↩︎
- Սուրեն Աղաբաբյան, Ժամանակակից հայ արձակ, Երևան, 1981, էջ184: ↩︎
- Սարգիս Փանոսյան, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, Երևան, 1984, էջ 81: ↩︎
- Հրանտ Մաթևոսյան, Ես ես եմ, էջ 169: ↩︎
