«ՆԱՆԱ ԻՇԽԱՆՈՒՀՈՒ ԿԱՄՈՒՐՋԸ» վիպակի կերպարները/Արփինե Վարդանյան

Սկիզբը՝ այստեղ

1.2 Հակոտնյա կերպարների առանձնահատկությունները

Վիպակի գլխավոր կերպարները իրենց հակոտնյաններն ունեն: Իշխանի հակոտնյան եղբայրն է՝ խուլ Զարմայրը: Զարմայրը Դևոյան տոհմի  անճարներից  է, որն  իր աշխարհը ամփոփել է թերթերի հաղորդած նորությունների և գրքերի ընթերցանության մեջ: Նա  մի տեսակ դուրս է կյանքի բնականոն ընթացքից: «Աշխարհը նավի պես առաջ գնաց դեպի նոր ջրեր ու նոր ափեր, իսկ նա նավից ընկած իրի պես ճոճվում էր հին ջրերի վրա » ,- գրում է հեղինակը (111): 

Վիպակում Զարմայրը հաճախ է պատմողի դերը իր վրա վերցնում: Նա իրադարձություններին կողքից նայողի տպավորություն է թողնում:  Զարմայրը նույնիսկ ժառանգ չունի, սակայն  պատմողի դերով է հենց նրա տեսակը շարունակական:  

 Եղբայրների մարդկային խառնվածքի տարբերությունները հատկապես երևում են,  երբ ձորում ժայռը փլվում է: Իշխանը հրում ու փրկում է Զարմայրին: Ինքն էլ երևի փրկվեր,  եթե ժլատությունը այդ պահին նրա մեջ  գլուխ չբարձրացներ: Եղբոր կյանքի հետ ուզում է նաև ինչ-որ թերմոս փրկել և մնում է փլվածքի տակ: Բայց Իշխանը  ամեն իրավիճակում միշտ իր անվան տերն է մնում: Զարմայրն էլ՝ իր անճարակությամբ ապացուցում է, որ Դևոյան հարյուր քսան տարվա  խեղճ արյան արժանի ժառանգորդն է:  Նա   այնքան է անճարակությունից խառնվում իրար, որ   ո՛չ ինքն է օգնում արյունաքամ լինող եղբորը, ո՛չ ուրիշներին օգնության կանչում, ո՛չ էլ նույնիսկ կարողանում է  մի էշի կապ  քանդել:  Իշխանը  ինքն է  շապիկով իր վերքը կապում և օգնություն կանչում: Ավելին, Իշխանն   է   փորձում սթափեցնել Զարմայրին. «Այտա՜, որ ուշքից գնամ, հենց ապրես, քեզ չկորցնես, ջուր շաղ կտաս երեսիս…Հասկացա՞ր… » (69):  Սակայն  անզգամ  Իշխանը նույնիսկ  խղճահարվում  է եղբոր անճարակությունը տեսնելով: Բայց ունեցածդ խեղճ եղբորդ  թողնել  խոստանալով նրան չես փրկի իրեն կործանողից՝ խեղճությունից:   Իշխանը թեև  խոստանում է իր ունեցածը Զարմայրին թողնել, բայց  գիտի, որ Զարմայրը  քարնջեցի կնոջից բան պոկողը  չէ:  Քարնջեցին իր ձեռքը ընկածը ուրիշին հեշտ չի զիջի:  

Գող, բոլորին վնաս տվող,  խաբեբա, մարդասպան, մարդկային արատները իր մեջ կուտակած Իշխանը,  ի վերջո, հանձնվողի դերում է հայտնվում: Մահը բոլորի համար է, և Իշխանի պես չհանձնվողն էլ բացառություն չէ: Բայց նա նույնիսկ մահվան է  իշխանավարի հանձնվում.  «Դե հիմա մեռնում եմ՝ մեռնում եմ, էլ ինչու եմ ինձ դես ու դեն գցում » (69): 

Իշխանից  երկու տարով մեծ, բայց   եղբոր ստվերում ապրող Զարմայրը  նրա  մահից հետո է զգում   փոքր եղբոր պակասը:  Այն եղբոր, որ մանգաղը ձեռքին հորդորում էր  կնյազ Նիկոլին ծեծել իրեն, այն եղբոր, որ միշտ երեսով էր տալիս իր խեղճությունը: Բայց Զարմայրի հիշողությունների մեջ մնում է Իշխան-լավը՝   գիշեր-ցերեկ  եզներին հավասար աշխատողը,  իր համար թոշակի գրքույկ բերողը:  Իշխանի մասին անդադար մտածելն էլ դառնում է նրա  կյանքի անբաժան մասը: Զարմայրը սկսում է Իշխանին հիշելով  կատարել այն  գործերը, որոնք Իշխանն էր անում: Նա նաև  եղբոր  այգին է  փորում, որի  սեփականատերը քարնջեցին էր դարձել: Սակայն քարնջեցին   Իշխանի ապրուստը իր ձեռքում պահել չի կարողանում: Արտաշը՝ իսկական իշխանացուն է  տեր  կանգնում Իշխանի ունեցվածքին և  քարնջեցուն  էլ դուրս  անում: 

Արտաշի հակոտնյան էլ իր եղբայրը՝ Ոսկանն է: Ոսկանը նույնպես տոհմի խեղճերից է: Զարմայրի նման  նա  էլ է իր հակոտնյա եղբորից մեծ, բայց  վճռորոշ, իշխող խոսքը դարձյալ փոքրինն է: 

Եթե  Զարմայրը՝ իր անվերջ տնքոցներով և գլուխը օրորելով քարնջեցուց բան չի պոկում, ապա Ոսկանն էլ Արտաշից բան պոկողը չէ: Ոսկանին  Իշխանից ընդամենը երկու լուսանկար և Դևոյան ազգանունն է մնում:  Նա Զարմայրի նման Իշխան- լավին չի հիշում, բայց ոչ էլ Իշխան-վատին է հիշում: Մորը սպանած, իրեն միշտ ծեծած և էշ անվանած հայրը Ոսկանի համար մի տեսակ հերոս է: Ոսկանը ոչինչ նրանից  չի ստացել, բայց ոգևորվում է, երբ Զարմայրը պատմում է Իշխանի արկածային կյանքը: Ամեն առիթը խմելու պատրվակ դարձնող Ոսկանը   մի ուրիշ Զարմայր է: Եթե Զարմայրի դերը տոհմում պատմելն է, ապա Ոսկանը  տոհմի մխիթարողի դերն է իր վրա վերցրել: Շատ դեպքերում օգնության կարիք զգացող Ոսկանը ինքն է փորձում աջակցել հարազատներին: Նա է, որ գնում է Հայկազի դիակը բերելու, նա է, որ Վարդանի կողքին է լինում, երբ վերջինս ընկնում է գնացքի տակ: Ի վերջո, Ոսկանն է, որ   Զարմայրի որդեգիր երեխաներին փող է  ուղարկում այն ժամանակ, երբ Զարմայրը փող չուներ: 

 Արտաշ և Ոսկան հակոտնյա կերպարների հակասությունները ավելի համոզիչ են, քան Իշխանի և Զարմայրի դեպքում էր:  Հետաքրքիր է հատկապես Ոսկանի և Արտաշի զրույցը:  «Նանայի կամուրջից Ոսկանն Արտաշին չկախեց այն պատճաով, որ Արտաշը Ոսկանին ցույց տվեց իր ճշտությունը, Ոսկանի սխալականությունը»,- գրում է հեղինակը(122):  Հակոտնյա կերպարների միջև եղած հակասությունը հատկապես երևում է այս  զրույցում: Զրույցն էլ սովորական զրույց չէ:  Եղբայրները   առաջին դեմքով չեն խոսում իրար հետ, բայց  նման խոսելաձևով չեն  թաքցնում, թե ում են  ուղղում  իրենց մեղադրանքները: Զրույցն էլ խեղճ ու անճար  Ոսկանն է  սկսում, և նա  նույնիսկ հրահրում է եղբորը: Արտաշը, թեև պաշտպանվողի  դերում չի հայտնվում,  բայց նաև փորձում է սաստել Ոսկանին և մի քանի անգամ  առաջարկում է. «Ասում եմ արի մի պատառ բան ուտենք» (123): Բայց Ոսկանին պետք չէ եղբոր հյուրասիրությունը: Խեղճությունից խեղդող ծարավը նրան  ստիպում է խոսել: Անճարը, թույլը  իր ասելիքը ունի իշխող ու ուժեղ եղբորը: Եթե Զարմայրը Իշխանին երբեմն  ասում է, որ  նրա  արարքները ամոթալի  են, ապա Ոսկանը ավելի հեռուն է գնում:  Նա  ոչ միայն քննադատում է Արտաշին, այլև չի  թաքցնում, որ կգերադասեր եղբայր չունենալ, քան ունենալ նրա  նման եղբայր: Ոսկանը չի ընդունում կյանքը փչացնող և հարամող  արտաշների, զոկերի  մարդու տեսակը: Արտաշի համար էլ ոսկանները, անդրոնները և զարմայրները օրինակելի մարդու տեսակ չեն: Ոսկանը, թեև փորձում է արդարացնել իրեն, բայց  սեփական խեղճությունը արաղի մեջ թաղած իր տեսակն էլ մարդ  չի համարում: «Ես մա՛րդ եմ ասում, Ոսկա՛ն չեմ ասում: Մա՛րդ »,- ասում է նա (125):  Արտաշին մեղադրելով  նա  իր բարկությունն է  թափում՝  աշխարհի, արտաշների, անդրոնների և իր նմանների վրա:   

 Խեղճ և ուժեղ եղբայրները, այնուամենայնիվ, նմանություն էլ ունեն: Երկուսը  ծեծում են իրենց կանանց և դրա համար նույնիսկ  իրար մեղադրում:  Ոսկանը, սակայն  իրեն լավն է համարում Արտաշից, որովհետև ինքը   ոչ միայն կնոջը ծեծում է, այլև  նրա հետ լաց է լինում: Բայց Արտաշը  Ոսկանը չէ  և  արդարանալու կարիք չունի. «Արտաշի հետ կռվելուց առաջ մի տես կնոջդ հագին հագուստ կա, թե տկլոր է: Ժողովում առաջինը քեզ են ձայն տալիս, թե ձայն ես ուզում՝ չեն տալիս»,- ասում է նա (123): Արդար Ոսկանն էլ Արտաշի գող լինելն է երեսով  տալիս: Երեսով տալիս է այն ժամանակ, երբ ինքն էլ հեռու չէր մնացել գողություն անելուց: Ճիշտ է, Արտաշի նման ո՛չ դանակը ձեռքին գնացքներն  է մտել ու թալանել,  ո՛չ էլ ոսկու խանութից  գողություն արել, սակայն   գողություն արել է, երբ դրա անհրաժեշտությունը ունեցել է: 

 Արտաշը չի արդարանում իր արածների համար: Ուժեղները արդարանալու կարիք չունեն: Նրանք անում են այն, ինչ ուզում են: Իսկ խեղճ Ոսկանը արդարանում է ՝ ինչ է թե կարիքը ստիպել է և բուրդ է  գողացել: Նրա բրդի գողությունը  շատ չնչին գողություն է Արտաշի  «կտրած քարավանների»  համեմատ,   բայց Ոսկանը նաև   վիրավորվում է, երբ նկատում է Արտաշի  ծաղրը: «Ծիծաղում ես: Բրդի վրա ծիծաղում ես: Ոսկու գողություն լիներ՝ չէիր ծիծաղի: Տեխնիկումում սովորողի վրա  ծիծաղում ես, ինստիտուտում սովորողի վրա՝ ոչ: Մեծ գողությունը քեզ համար մեծ բան է, փոքր գողությունն արհամարհում ես » ,- ասում է Ոսկանը Արտաշին (126): 

 Խեղճ Ոսկանը, սակայն խղճում է ուժեղ Արտաշին, երբ  նկատում է, որ եղբայրը մեծացել է: Արտաշը նույնիսկ Ոսկանին հիվանդ է թվում.  կուրծքը ներս էր ընկել, բարակ մատները թեթև դողում էին և ցցված այտոսկրների տակ այտերը փոս էին ընկել: Արտաշի հիվանդ տեսքից խղճահարվելով` Ոսկանը  հիշում է երեխա ժամանակվա Արտաշին, որը լորտուն բռնած վազում էր Կամսարի հետևից: Կյանքը առաջ էր գնացել, և Ոսկանը ցավ է ապրում, որ մեծ ընտանիքից մնացել են երկուսը: Եվ նա նույնիսկ ուզում է Արտաշին փող տալ, որ Արտաշը գնա բուժվելու: 

 Հետաքրքիր է հատկապես այն, որ եղբայրների զրույցից անմիջապես  հետո   Ոսկանը  փորձանքի մեջ է ընկնում  և  հայտնվում է  բանտում:  

  Իշխանը արդեն մահացել էր և «տոհմը վիզը ծռած նայում էր Իշխանի գերեզմանին» (129):  Բայց կար նաև Արտաշը և  հիմա հերթը  նրան է հասնում, որպեսզի ինքն էլ կտրիճի  դերով հանդես գա: Նա  փրկում է Ոսկանին, ինչպես  մի ժամանակ Իշխանն էր փրկել Զարմայրին: Արտաշը  Ոսկանին ազատելու համար այնպիսի հյուրասիրություն է կազմակերպում, որ զոկը բուֆետպանի որդուն հասկացնում է  Արտաշի տված փողերը հետ տալ:  Ոսկանին էլ  մնում է  միայն  խոստովանել. «Բա ես Արտաշի պես ախպեր ունենամ ու տեղը չիմանա՜մ, բա դա ներելի բա՜ն է… Երկուսս էլ որբ, մի մեծ չունենք գլխներիս, մեծը ես եմ, ես   էլ   հիմար» (130):  

 Ու թվում է, թե ոչինչ չի եղել, և Դևոյան տոհմը հավաքվում է մի հարկի տակ:  Վեճերի և փոխադարձ մեղադրանքների փոխարեն սեղանի շուրջ խաղաղ զրույց է ծավալվում: Զարմայրը նույնիսկ խրախուսվում է  Արտաշի ժպիտից և  ուզում է ցույց տալ , որ ինքը լծկան չէ: Իսկ Ոսկանի  տրամադրությունը  այնքան է բարձրանում, որ նա սկսում է պատմել, թե ինչ մանր  գողություններ է արել: Ոսկանը դրանով ուզում է ցույց տալ, որ ինքն էլ կարող է   աչքաբաց  ու ճարպիկ լինել: Բայց նա ո՛չ Իշխանն է, ո՛չ էլ Արտաշը: « Հնարավոր չէր հասկանալ, թե  որտեղ է նա  խարդախել. միշտ մի բան տվել էր, մի բան ստացել, հաճախ առանց տալու էր ստացել, իսկ ավելի հաճախ տվել էր՝ չէր ստացել » ,- գրում է հեղինակը(136):  

Ընտանեկան սեղանը  կիսում են նույնիսկ Իշխանի և տիկին Սոֆիի ուրվականները, որոնք կարծես թե այն աշխարհից եկել են, որպեսզի հաստատեն, որ իրենց տեսակը երբեք չի մեռնում:  Ու  թվում է, թե   Դևոյան տոհմի համար սովորական բան է մի սեղանի շուրջ հավաքվելը,  խաղաղ զրուցելը, դաշնամուրի նվագին ականջ դնելը  և  միասին տանից դուրս գալը: 

Հակոտնյա կերպարները՝ մարդկային տեսակի հակառակ ծայրերը ներկայացնող կերպարներ են: Իշխանը և Արտաշը  ուժեղ, իրենց շահը իմացող, աշխարհում իրենց կայուն դերով հաստատված մարդկային տեսակ են, իսկ Ոսկանն ու Զարմայրը աշխարհի մեջ իրենց տեղը չգտած և այդ աշխարհի սահմանած կարգերին ենթարկվող մարդկային տեսակն  են:  

Հակոտնյա եղբայրների մեջ հակասություն կա, բայց հակասությունը այդպես էլ պայքարի չի վերածվում: Ուժեղի և թույլի մեջ պայքարը անգամ տրամաբանորեն դուրս է մղվում: Թույլը կարող է ըմբոստանալ, խոսել, բողոքել և նույնիսկ Ոսկանի նման մեղադրել, բայց  մեղադրանքները սոսկ  բառեր  են մնում: Զարմայրը ամոթ է համարում Իշխանի արարքները, բայց մեկ է՝ Իշխանին իրենից լավն է համարում: Եվ այդ գիտակցումով   Իշխանի «ամոթալի»  արարքները  սխրագործություն կատարած հերոսի պատմության նման է պատմում ու Իշխանով հպարտանում: Ոսկանն էլ, թեև սուր մեղադրանքներ է ուղղում եղբորը, բայց Արտաշի արարքը նրան հասկացնել է տալիս, որ եթե թույլ ես, ուրեմն ուժերիցդ վեր ավելիին մի ձգտիր: Մեղադրանքներ հղելով ու ինքդ քեզ «ասացող» երևակայելով էլ՝  անճարից ուժեղ չես դառնա:

Սեփական խեղճության դեմ պայքարելու անզորությունն է  մեծ եղբայրներին   ստիպում   ընդունել  փոքր եղբայրների  գերազանցությունը:

Վիպակում  Զարմայրը  ունի իր պատմողի դերը, բայց հեղինակի ներկայությունը  զգացվում է: Եվ  պատահական չէ, որ գրականագետներից մեկը  նկատում է. «Հեղինակի անմիջական ներկայությունը Մաթևոսյանի արձակում լռելյայն հերքում է նախորդ շրջանի հայ արձակի որոշակի ավանդույթներ, մասնավորապես պատումի առաջին դեմքը՝ որպես զուտ գեղարվեստական պայմանականություն»1։   

Կյանքի երևույթները խոր ընկալած,  մարդասեր, միշտ իր բարձունքում գտնվող Հրանտ Մաթևոսյանը չի ընդունում վրեժը և ատելությունը: Ինչպես Մաթևոսյանի մյուս ստեղծագործությունների հերոսները, այնպես էլ այս վիպակի հերոսները ատել չգիտեն: Իշխանը և Արտաշը չեն հանդուրժում իրար:  Նրանց մեջ նույնիսկ չարություն է զգացվում, բայց չարությունը ատելության չի վերածվում:  Կնյազ Նիկոլից ծեծված, Իշխանի ստվերում ապրող և իր խեղճության համար հանդիմանություններ լսող Զարմայրն էլ ոչ մեկին  չի ատում: Աշխարհից «արհամարհված»  Ոսկանին  նույնպես  խորթ է ատելությունը: Նա չի ատում ո՛չ մորը սպանող հորը, ո՛չ էլ «կյանքը հարամող» Արտաշին: Ոսկանը միայն բողոքում է և մեղադրանքներ հղելով ու խմելով է իր ամբողջ բարկությունը հանգստացնում:

Պատահական  չէ, որ Նանայի կամուրջը շարունակում է միայն  սպառնալիք մնալ:  Սպառնալիքը իրագործելու և որևէ մեկին Նանայի կամուրջից  կախելու կարիք  չկա. չարությունը, հակակրանքը ատելության աստիճանի չի հասնում: Ճիշտ է, վիպակում նույնիսկ   սպանություն կա, բայց  դարձյալ  պատճառը ո՛չ վրեժն է, ո՛չ էլ ատելությունը:

Ինչպես Մաթևոսյանի մյուս ստեղծագործություններում, այնպես էլ «Նանա իշխանուհու կամուրջը»  վիպակում հուզական-սիրային հարաբերությունները մղված են երկրորդ պլան, քանի որ  մերժելի են հենց  հերոսների կողմից: 

Վիպակի տարածությունը թեև Ծմակուտը չէ, սակայն շենացնող շարժիչ ուժը՝ աշխատանքը, կարևորվում է նաև այստեղ: Գող Իշխանի աշխատող կերպարն էլ  հաստատում է, որ Մաթևոսյանի գրականության մեջ առաջնայինը  աշխատանքն է մնում: Իշխանը ոչ միայն կուտակում է ավելին ունենալու համար, այլ նաև մի տեսակ առանց աշխատանք  ապրել չի կարողանում: 

 Վիպակը  հայտնություն է Մաթևոսյանի արձակում: Լինելով Մաթևոսյանի վաղ գործերից , վիպակի ուշացած տպագրությունը հնարավորություն տվեց ճանաչել վաղ Մաթևոսյանին: Վիպակը Մաթևոսյանի մյուս ստեղծագործություններից թեև առանձնանում է իր պարզ ոճով, բայց  իր խորությամբ չի զիջում հեղինակի մյուս գործերին: Վիպակին բնորոշ են   Մաթևոսյանի  արձակին հատուկ առանձնահատկությունները՝  մաթևոսյանական  ռեալիզմը,  հեղինակային խոսքով գրողի արտահայտած վերաբերմունքը, երկխոսությունների միջոցով հերոսների հոգեբանությունը բացահայտելը:  

Այսօր արդեն պատմություն է դարձել Հրանտ Մաթևոսյանի առաջին քայլերին ուղեկցող  քննադատությունները:  «Նանա իշխանուհու կամուրջը»  վիպակը, թեև ուշացումով, բայց արդեն Մաթևոսյանի ինքնատիպ գրական ժառանգության մասն է կազմում :

 Իզուր չէ, որ Հրանտ Մաթևոսյանը ասում է. «Գրական ճշմարիտ արժեքը այնպիսի բան է, որի առաջ բոլոր դռները բացվում են: Արվեստի երդվյալ թշնամին անգամ իսկական գրական արժեքի առջև չի կարող տեղի չտալ»2:

Շարունակությունը՝ այստեղ

  1.  Հովիկ Վարդումյան, Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Երևան, 2003, էջ25: ↩︎
  2. Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, էջ 214: ↩︎
Please follow and like us: