Հրանտ Մաթեւոսյանի «ՆԱՆԱ ԻՇԽԱՆՈՒՀՈՒ ԿԱՄՈՒՐՋԸ»(1)/Արփինե Վարդանյան

Հրանտ Մաթևոսյանին  ընթերցողը հիմնականում ճանաչում է  «Ահնիձոր» ակնարկով,  «Մեր վազքը», «Օգոստոս», «Ծառերը» և  «Տերը» ժողովածուներով: Սակայն ընթերցողների շրջանակներում  դեռևս այնքան էլ ճանաչում չունի «Նանա իշխանուհու կամուրջը»  վիպակը:  Պատճառը վիպակի  ճակատագիրն է, այն իր ժամանակին  լույս չի տեսել:   «Նանա իշխանուհու կամուրջը » վիպակը  դեռ հեղինակի առաջին ՝   «Օգոստոս»  ժողովածուից  առաջ պիտի տպագրվեր: «Մենք ենք, մեր սարերը » վիպակի հետ  է գրվել ու ներկայացվել  հրատարակչություն: Վիպակը նույնիսկ շարվել է, բայց շարվածքը թափել ու արգելել են տպագրությունը: Մաթևոսյանը իր հարցազրույցներից մեկում նկատում է.  «Առաջին գիրքը 67-ից առաջ պիտի լիներ: Շարեցին ու շարվածքը թափեցին»1:   Հեղինակը   ստիպված է եղել  «Նանա իշխանուհու կամուրջը » վիպակի որոշ հատվածներ  բաժանել  «Աշնան արև» և  «Ծառերը» վիպակների մեջ: 

Մաթևոսյանի ստեղծագործական կյանքին մշտապես ուղեկցող քննադատությունը այդպես էլ առիթ չստեղծեց, որպեսզի վիպակի տպագրությունը կայանար հեղինակի կենդանության  օրոք:    «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը ամբողջությամբ տպագրվեց միայն 2006թվականին:  

Վիպակը տարբերվում է Մաթևոսյանի  մյուս ստեղծագործություններից: Նույնիսկ միջավայրն է ուրիշ՝ ո՛չ Ահնիձորն է, ո՛չ Անտառամեջը, ո՛չ էլ Ծմակուտը: Գործում Ծմակուտը թեև նշվում է, բայց Մաթևոսյանի գրականության  ծմակուտյան աշխարհը այս գործում դեռևս իր դերով հաստատված չէ: Ծմակուտյան աշխարհի ձևավորման, նրա զարգացման  և  կործանման գնացող պատմությունը  այս գործից հետո ստեղծված գրականության մեջ էր Մաթևոսյանը պատկերել: Մաթևոսյանը ինքը իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը գրելիս Ծմակուտը դեռ աշխարհ չէր իր համար, այլ սովորական լեռնային գյուղ, նահապետական դրախտ, որն աստիճանաբար տեղի է տալիս օտար վայրերից ներթափանցող  ուժերի առջև: 

 Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության մեջ  առանձնանում  է ոչ միայն կյանքը պատկերելու իրեն բնորոշ ռեալիստական մոտեցմամբ, այլ նաև ինքնատիպ ժանրամտածողությամբ: 

Համեմատած հեղինակի մյուս գործերին և ընդունված ժանրային չափանիշներին՝ «Նանա իշխանուհու կամուրջը»  նոր երևույթ է:  Վիպակի լեզուն է անգամ  շատ ավելի «ընթեռնելի»  ու պարզ, քան  Մաթևոսյանի մյուս ստեղծագործությունների լեզուն: Բայց սա չի նշանակում, որ վիպակը,  ունենալով համեմատաբար պարզ գրելաոճ, թերի է և իր խորությամբ զիջում է Մաթևոսյանի մյուս գործերին: Վիպակում թեև զգացվում է հեղինակի ոճային տարբերությունը մյուս գործերի հետ, բայց մաթևոսյանական տարրերը  ընդգծված են: Վիպակը  աչքի է ընկնում իր սուր հարցադրումներով: Մաթևոսյանը վարպետորեն  կարողացել է  հերոսների մի զրույցով ոչ միայն բացահայտել նրանց ներքին աշխարհը, այլև ցայտուն արտահայտել   հերոս ների միջև եղած հակասությունները և աշխարհամտածողությունը: Այս  առումով ՝ Իշխանի և թոռի, Արտաշի և Ոսկանի զրույցները վիպակի ուժեղ հատվածներից են:

«Նանա իշխանուհու կամուրջը»  գործը  ընդունված է վիպակ անվանել:  Իսկ վիպակը  արձակի այն ժանրն է, որը իր ծավալով, հարցադրումներով, դրվագներով և հերոսներով զիջում է վեպին: «Նանա իշխանուհու կամուրջը», թեև իր ծավալով այնքան էլ  մեծ  չէ (ընդհամենը 102էջ), բայց հարցադրումներով վիպակ համարել  չի լինում: Գլխավոր հերոսների, հակոտնյա կերպարների  աշխարհամտածողությունը  չափազանց խորն է պատկերված, որպեսզի գործը սոսկ վիպակ համարելով բավարարվենք: Գործը վիպակ չէ, բայց  վեպի սահմաններ էլ չի մտնում:  Գրականագետներից մեկը նկատում է. ««Նանայի…» ժանրային բնութագրիչը «վեպը» չէ նաև, որովհետև վիպական դետալները չեն ամբողջացած, հստակվածություն չունեն: Այս ստեղծագործությունն ավելի շուտ սկանդինավյան սագայի ժանրին է մոտենում, որն իր մեջ կրում էր վիպականանալու տեսլականը, բայց ինքն իրենով ավելի սահմանափակ է՝ բանահյուսական տարրերի գերակայությամբ ու բավականին գեղարվեստականացված չէ, որպեսզի վեպ կոչվի»2

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ժանրային ինքնատիպ կառույցը պայմանավորված է ոչ միայն նրա գեղագիտական ըմբռնումներով, այլև անցնող դարի 60-ական թվականներից գրական կյանքում տեղի ունեցող երևույթների հետ:  «Նանա իշխանուհու կամուրջ»  գործը  վիպակ համարելը   երևի  կապված է այդ ժամանակների ընդունված    գրական  չափանիշների հետ:  Մաթևոսյանի ժանրային ինքնատիպությունը, ձևավորված լինելով միանգամայն ինքնուրույն, ճշգրտորեն համապատասխանում էր այդ շրջանում սովետական գրականության մեջ տեղի ունեցող գործընթացներին: Խոսքը վիպակի մասին է, որը հատկանշական էր դարձել այդ ժամանակի արձակի համար, որոշակիորեն դուրս մղելով ծավալուն վեպերը:  Հրանտ Մաթևոսյանը, որ այդ միտման ցայտուն ներկայացուցիչներից էր, շատերի կարծիքով պարզապես հետևում էր վիպակի դասական ժանրին:  

1.1 Գլխավոր կերպարների առանձնահատկությունները 

Վիպակի երկու գլխավոր կերպարները Իշխանն ու Արտաշն են: Նրանք Դևոյան խեղճ տոհմի  «խաշիլ ուտող»  գեներին հաղթանակած նոր սերունդն են:  

Նախ ՝ Իշխանի մասին:  Իշխանի ծնունդը տոհմի համար հայտնություն է. նա ոչ մեկին նման չէ:  Այս տոհմում սերված ու տիրացու դարձած հայր  Բեգոն է նույնիսկ զարմանում, թե որդին  ո՞ւմ է քաշել: Մարդկային ուժեղ տեսակի, կեցության փիլիսոփայության մեծ մարմնավորում  է Իշխանը՝  ուժեղ, իր լավը միշտ իմացող, հաստատակամ  և  դժվարություններին դիմագրավելու միշտ պատրաստ: Անճարների տոհմում ծնված նրա տեսակը  ապրում է իր սահմանած իշխանական սկզբունքներով: Եվ խեղճերին, թույլերին ու անճարներին չընդունող նրա սկզբունքները տարածվում են անգամ սեփական զավակների վրա: Իշխանը չի ընդունում  «էշություն անող»  Ոսկանին, իսկ  զավակներից ամենախեղճից՝ Վարդանից, առհասարակ հրաժարվում է:  Վարդանի  խեղճությունն էլ  նույնիսկ  ծայրաստիճան վախկոտության է հասնում: Իշխանն  էլ, թեև լավ գիտի անճար  որդուն, բայց նրան բանակից չի ազատում: Չի ազատում այն դեպքում, երբ  ինքն էր ուրիշներին փողով ազատում:  Խեղճ որդուն չսիրող հայր-Իշխանը նույնիսկ նրան ճանապարհելու չի գնում:  Խեղճ Վարդանն էլ անփառունակ վախճան է ունենում.  ընկնում է գնացքի տակ և մեռնում:  Որդուն չսիրող ու  չընդունող Իշխանը  սգում ու լաց է լինում նրա  համար,  բայց «սիրող հայրը»  իրեն պիտի ցույց տա թաղումից հետո, երբ որդու մահը օգտագործում և  նպաստ է դասավորում իր համար: Սա է  իսկական Իշխանը՝ նույնիսկ որդու մահից օգուտ ստացողը: Ճիշտ է,   նա  չի արդարանում (նրա տեսակը իրեն երբեք սխալ չի համարում),   բայց  իր արածի  համար նաև  ասում է . «Տղա եմ կորցրել, այտա, տղա եմ տվել, դիմացը նպաստ եմ ուզում՝ դեմ եք ընկնում»3:  Խեղճությունը քամահրող Իշխանը չի ընդունում նաև խորթ որդուն՝ Կամսարին, որը նույնպես խեղճերից է:  Կամսարին  նա նույնիսկ  տան երրորդ էշն է համարում. առաջի  էշը Ոսկանն էր: Կամսարն էլ թեև Դևոյան տոհմից չէ, բայց իր տեսակով Դևոյան անճարներից  է:  Նա վախենում է ամեն ինչից՝ Իշխանի ստվերից, թվաբանությունից, լորտուից, նախադասության բառից: Վախկոտ լինելու պատճառով էլ, ի վերջո, մեռնում է:  Վախը նրա մեջ այնքան է արմատացած,  որ մահը իրեն երկար սպասեցնել չի տալիս, երբ սղոցը մատը կտրում է:  Ընկերները  նույնիսկ չեն հասցնում օգնություն ցուցաբերել: Քարնջեցի մայրն  էլ  նրա  գերեզմանաքարի վրա  ազգանունը  Դևոյան է գրել  տալիս: Ազգանունը  ազգանուն, բայց Իշխանի ազգանունով Դևոյան Իշխան չես դառնա:  

Իշխանը գործի մարդ է: Գողությունը նրա կյանքի անբաժան մասն է, բայց նա նաև Մաթևոսյանի  աշխատող բեռնաձիերից  է: Նա երբեք չի խուսափում աշխատանքից՝ տուն է սարքում, խնձոր  ծախում, հավ ու ճագար  պահում: Աշխատում է անգամ յոթանասուն տարեկանում: Բայց   ավելին կուտակելու, միշտ առաջինը լինելու  և  խեղճերին արհամարհելու  նրա  սկզբունքներում  զգացմունքները տեղ չունեն:   Թվում է, թե  նույնիսկ ծնողական զգացմունքներ չունի: Ավելին, նա պատուհաս է իր ընտանիքի և երեխաների համար:  Նա միշտ ծեծում է Ոսկանին, երբ տուն է գալիս, իսկ  փոքրերին  էլ  միշտ խաբում,  թե  մյուս անգամ  նրանց քաղցր բան է բերելու: Բայց այդպես էլ չի բերում, որովհետև «քաղցրը փող արժեր »(53):  Հայրական սերն  ու քնքշանքը դրանով սահմանափակվում են:  Այնուամենայնիվ, Իշխանն էլ կարող է սիրել: Միայն թե իր ձևով՝  իշխանավարի:  Նա  Ոսկանին  «խաղալիք»  էշ է առնում և երեխային կատակով լծում աշխատանքի,  իսկ երբ Ոսկանը դառնում է ատաղձագործի աշակերտ, Իշխանը  ուզում է աշխատանքի դնել նաև Հայկազին: Սակայն Հայկազի հարցում նա  սխալվում է:  Հայկազը  ո՛չ Ոսկանն է, ո՛չ էլ Կամսարը: Նա Իշխանի տեսակն է և ըմբոստանում է հոր դեմ. «Ես  դա՛ս եմ սովորում, Իշխան »,- ասում է նա(53):  Սակայն Իշխանին  չի բարկացնում  որդու համարձակությունը:  Որդին խեղճերից չէ  և դրանով արդեն Իշխանի սիրելին է դառնում:   Հայկազը  հետո  երևի դառնար իսկական իշխանացու, եթե հանգամանքների բերումով չզոհվեր: 

Խեղճերի նկատմամբ  Իշխանի  հակակրանքը այնքան խորն է, որ  հնազանդ թույլերի և քննադատող ուժեղների մեջ նախապատվությունը տալիս է իրեն քննադատողներին:   Այս առումով հատկապես հետաքրքիր է նրա և թոռան զրույցը, որը հեղինակի կերպարն է: Թոռը՝ Արուսյակի տղան՝  համալսարանում սովորողը, լավ հագնվողը  և տնից փող չվերցնողը, բացահայտորեն  չի ընդունում պապի՝   «կյանքը հարամող»  մարդու  տեսակը:  Իշխանից   դա չի  էլ թաքցնում  և   խիստ քննադատում  է նրան. «Քանդող: Սովորական քանդողներից չես. դու չես թողնում շինեն. դրածը շուռ ես տալիս: Դրածը շուռ ես տալիս և գոնե տեղը չես թողնում , որ նորից դնեն. շուռտվածդ գողանում ես »(62):  Գրող թոռը  պատրաստ է  նույնիսկ սպանել պապի այդ մարդու  տեսակը:   Բայց  Իշխանը ոչ միայն չի վիրավորվում թոռից, այլ նաև իր ունեցվածքն է ուզում  թողնել նրան:  Եվ  պապի իրավունքով  հրամայում  է  նրան՝   «էշ  չլինես»:  

Իշխանը չի ընդունում թոռան  մեղադրանքները: Նա   թոռան մեջ  պարզապես ընդունում է իր՝ իշխանական  արյունը.  «Ե՛վ ես եմ ճիշտ, և՛ դու ես ճիշտ»,- ասում է նա(63):  

Սակայն  իզուր է  Իշխանը ուրիշների մեջ փնտրում իր տեսակը:  Իսկական իշխանացուն միայն Արտաշն է:  Բայց իր տեսակը փնտրող Իշխանը  վախենում է իր տեսակից, երբ   տեսակի՝ Արտաշի մեջ իր կրկնությունն է տեսնում:   Տեսակն էլ, սակայն տեսակի կրկնությունը չի ընդունում և  հայր ու որդի չեն հանդուրժում միմյանց:  Չպարտվող, ոչ մի բանի առաջ չկանգնող Իշխանը  Դևոյան խեղճ տոհմի պարծանքն է:  Համարձակ, ուժեղ Իշխանը  կառուցում է իր աշխարհը, բայց այդ աշխարհը բաժին է հասնում Արտաշին: Այն Արտաշին, որից ինքը բնազդով վախենում է և չի ընդունում: Արտաշն էլ  ծաղրում է  Դևոյան տոհմի պարծանքին՝   Իշխանին.  «Կպել էր իշի պոչից տնաշենը » (72): Արտաշը Իշխանի համար անտանելի է: Արտաշը նրա համար նույնիսկ գայլ է, որին համեմատում  է Զարմայրի՝ գառան հետ: Երկուսի տեսակն էլ Իշխանը չի ընդունում, բայց   Զարմայրին, տվյալ դեպքում խեղճին, ավելի է գերադասում ասացողից. «Չէ, այտա, ափսո՞ս չէ Զարմայրը, դնում եմ շան կողքին» (72) :   

Արտաշի կյանքը՝  հոր արկածային կյանքից հետ չի մնում: Պատերազմի տարիներին,  երբ   գնացքները լիքն էին երեխաներ ունեցող մայրերով, ծերունիներով ու հաշմանդամներով, Արտաշը այնտեղ գողություն է անում, իսկ տանն էլ ծաղրանքով   Իշխանին  գողացված  գումարն է առաջարկում:   Իշխանն էլ, սակայն որդու առաջ չհանձնվողի  դերը միանգամից  իր վրա չի վերցնում: Որդու ծաղրանքն էլ  անպատասխան չի թողնում: Նա   Արտաշին զինկոմի ձեռքն է հանձնում:  Եվ դա անում է այն ժամանակ, երբ տանը որդի չուներ. Հայկազը և Վարդանը արդեն մեռել էին, իսկ Ոսկանը  կամավոր ճակատ էր մեկնել:  Սա է Իշխանի  հայրական  սերը, որը   «չար սատանայի պես խաղում էր նրա հոգու հետ » (73):  Բայց իշխանացու  Արտաշը  կորչողներից չէ: Նրան ընդհամենը քսան- քսանհինգ օր  է պետք լինում, որպեսզի  լեյտենանտի հագուստով հայտնվի: Արտաշը հոր իշխանական կամքը կատարողներից չէ, և  նա նույնիսկ զգուշացնում է հորը, որ անտեղի են նրա չարչարանքները  իրեն  բանակ ուղարկելու համար: Կյանքը Արտաշի  համար հաճույք  է,  և կյանքի տված հաճույքներից   նա  հեշտ հրաժարվողը չէ: Բայց այդ  քսան-քսանհինգ օրը Արտաշը նաև «չարչարվել» էր:  Նա  կարողացել էր զինվորական ինչ-որ պահեստ մուտք գործել, փաստաթղթեր գողանալ և  ընկերանալ զինկոմի նախագահի տղայի հետ: Իշխանն էլ, որպեսզի որդու վարած իշխանավարի կյանքի մասին  լուր  չիմանա,   կամավորական  ջոկատի հետ գնում է լեռներ: Սակայն  տարիքդ  առած և ժամանակդ  նոր իշխանացուին զիջած  կտրիճի  դեր  էլ  չես խաղա:  Իշխանը   հիվանդանում ու հետ է գալիս: Արարքը, ճիշտ է, աննկատ  չի մնում, և նա  շնորհակալագիր և մեդալներ է ստանում, բայց  կատաղում է, երբ իմանում է, որ շնորհակալագիր ու մեդալներ տվել են  նաև Արտաշին: Արտաշը  ապրում էր իր ուզած կյանքով,  և Իշխանը իզուր էր փորձում նրա մասին չլսել: 

 Վիպակում  հայր ու որդի մի քանի անգամ  կին են փոխում: Երկուսն էլ կին չեն սիրում, և ընտանեկան խաղաղ մթնոլորտը նրանց համար չէ: Նրանք երկուսն էլ բռնակալ են իրենց տանը: Իշխանը նույնիսկ մի կնոջը սպանում է, թեև խփում է ոչ սպանելու մտադրությամբ: Պարզապես ամենօրյա հարվածը սովորականից ուժեղ է ստացվում:  Արտաշը, թեև  իր կանանցից ոչ մեկին չի սպանում, բայց  հորից հետ չի մնում: Նա  անգամ  ստիպում  է,  որ ռուս կինը և երեխաները լաց լինեն Իշխանի գերեզմանի վրա: Ավելին,  պարծենում  է, որ  ռուս կնոջը ծեծելով «հայ » է  դարձրել:  Կնոջը  սիրելը   նրանց  տիրողի և չպարտվողի կենսամտածողության մեջ չի մտնում:  Սակայն  Արտաշը, ի տարբերություն հորը, փորձում է նաև կանանց ուշադրությունը գրավել:  Նա տասնհինգ տարեկանի նման մոտոցիկլետ է վարում քաղաքում և իր հետ զբոսանքի  հրավիրում դուրը եկած  կանանց:  Իշխանը ևս  ջահել ժամանակ կանանց հետ արկածներ փնտրել է. «Կանանց  հաշիվներում աքլոր էիր. հիշո՞ւմ ես Թիֆլիսինը. քեզ համար դա րոպեի գործ էր », – հիշեցնում է նրան Սարգիսը(60):  

Իշխանը  և Արտաշը միշտ գիտեն իրենց շահը և տուժվածի դերում երբեք չեն հայտնվում: Երբ Իշխանի  էշը ընկնում է գնացքի տակ, նա  ամեն ինչ անում է և սլաքավարից ապահովագրության փող  պոկում:  Իսկ երբ  նրա կովերից մեկն է Ծմակուտում կորչում, նա կարողանում է չորս ու կես կովի գին ստանալ: Հորը ծաղրող, մորը ծեծող և տանից դուրս անող Արտաշը Զարմայրին առանց շահի իր տանը չի հյուրընկալում:  Զարմայրին պատվելու,  նրա առողջության կենացը խմելու համար Արտաշը  իր պատճառները ունի:  Զարմայրը  երեխաներ չուներ, և Արտաշը իրեն Զարմայրի ժառանգն  է  համարում:   

Իշխանի և Արտաշի կյանքում  «Տրապիզոնի» պատմություն է լինում: Իշխանը փախչում է, երբ սպանում է կնյազ Նիկոլին, իսկ Արտաշը փախչում է, երբ խանութ է թալանում: Այդ ժամանակ Իշխանը  ուզում է, որ Արտաշին բռնեն: Բայց Արտաշը Իշխանի նման չի բռնվում և նրա նման՝  «մատնաքաշ» բաճկոնը հագին թափառում և աշխատում է   ինչ-որ Տրապիզոնում: Եթե  Իշխանը   Տրապիզոնից նամակ է գրում  և նամակը տուն  ուղարկում,  ապա Արտաշը ավելի հեռուն է գնում:  Նա  նամակը    միլպետին է ուղարկում  և    ներողություն  խնդրելով  պատրաստակամություն  հայտնում կրելու իր պատիժը: Ի՞նչ դատ ու դատաստան, կամ   ո՞ւմ դատես:   «Խփի՛ր ու ներողություն խնդրիր: Իսկ որևէ մեկը չի՞ փորձել խփելուց առաջ ներողություն խնդրել »,- հեգնանքով նկատում է Մաթևոսյանը(76) :  Արտաշը միանգամից  Իշխանի նման տուն  չի վերադառնում,  բայց նրա նամակն էլ պատահական չէ. «Արտաշը չեկավ. առայժմ խայծ էր դնում, և դա սիրով հոտոտում էին Ալավերդի քաղաքի մակարենկոները »(77):  Իսկ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղար Մանթառլյանի բերած լուրերը բավական  են լինում, որպեսզի նա դառնա շրջանային երևակայության հերոս:   Իշխան  էլ Արտաշից առաջ  գավառական երևակայության հերոսն էր, երբ նույնպես թափառումների մեջ էր: Բայց ժամանակը առաջ էր գնացել , և գավառը դարձել էր շրջան, իսկ շրջանը նոր հերոս ուներ: Շրջանային երևակայությունն   էլ քաղաքի   մարդկանցից առանձնացնում  է  Չեխոսլովակիայում եղած Մանթառլյանին և Արտաշին՝ աշխարհը ճանաչածներին ու տեսածներին:   

Իշխանը երբեք չի  խուսափում աշխատանքից, բայց Արտաշին աշխատելիս չենք տեսնում:  Արտաշի աշխատելու մասին միայն իմանում ենք, որ Ռուսաստանում   ճաշարանի սպասավորների պետ է եղել: Ու  եթե Իշխանը շարունակ աշխատում է, ապա Արտաշը նույնիսկ քեֆեր է կազմակերպում: Կյանքի հաճույքները գնահատող, իր գողությամբ կուտակած, և Իշխանի թողած փողերը բավական են Արտաշին, որպեսզի նա  իր ժամանակի լիիրավ տերը լինի: Ճաշարան եկած դոցենտներից լսած արտահայտությունը  կրկնում է  իր սեղանակիցներին  և  փորձում է իր գերազանցությունը ցույց տալ:  «Կեցությունն է որոշում գիտակցությունը» (87) ,-  ասում է նա և  մեկնաբանում   իր աշխարհահայացքով. «Խելքն  ի՞նչ է. նու, խելքը գիտակցություն է, իսկ գիտակցությունը փողից է գալիս, այսինքն՝ կեցությունից: Ուրեմն ի՞նչ դուրս եկավ. փողը բազիս է, խելքը վերնաշենք: Սրանի՞ց ինչ դուրս եկավ. նու, որ եթե փող ունենաս՝ խելք էլ կունենաս»(87):  

Ուժեղը ուժեղ է մնում, բայց նրանց մեջ էլ առավել ուժեղը կա: Իշխանը հանձնվում է Արտաշին ոչ միայն նրա համար, որ վախենում է սեփական «ես»-ը նրա մեջ տեսնելուց, այլ նաև նրա համար,  որ սեփական «ես» –ը Արտաշի մեջ իրենից  մի քանի քայլ առաջ է ընկել:  Արտաշը, թեև Իշխան-մարդ  տեսակի շարունակողն է, բայց  այնուամենայնիվ,  նա   մի քանի քայլ առաջ է իր տեսակից:   Արտաշը չի ընդունում  Իշխանի   կռանալու պատրաստակամությունը  դիպլոմավոր պաշտոնյաների առաջ, թեև Իշխանը առանց օգուտի որևէ բան չի անում: Չէ՞ որ  սիմոնյանները  անասունի   հաշվառման  ժամանակ իր  անվան դիմաց  ցուցակում գծեր են  քաշում: Իշխանը մարդկային այն տեսակն է, որը իր շահերից ելնելով  է անհրաժեշտության   դեպքում  կռանում: Արտաշը  դա շատ լավ  գիտի,   բայց հոր իշխանական խեղճությունը չի  ընդունում: «Բանն այն է, որ լավ է մկան գլուխ լինել, քան առյուծի պոչ: Իշխանը մեծ պոչ էր, բայց պոչ էր »,- ասում է նա հոր համար (86): 

Իշխանի համար լավ հագնվելը ոչ մի նշանակություն չունի,  սակայն Արտաշը  այդ հարցում  էլ է հորից մի քայլ առաջ  ընկել: Նա հետևում է  իր արտաքինին:  Երբ Ռուսաստանից վերադառնում  է, իր լավ հագուստով ֆրանսիական համալսարանի կիրթ պրոֆեսորի տպավորություն է թողնում՝ դարչնագույն կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և դարչնագույն փողկապով:   Իշխանը կարող է լավ հագնվել,  բայց նրա համար առաջնայինը  գործ անելն է: Լավ հագնվել  և իր հագուստով որևէ մեկին զարմացնելու ժամանակ նա չունի: Բայց   գնահատում է լավ հագնվողներին:  Ասացող թոռանը  հավանում է ոչ միայն նրա համար, որ թոռը խեղճերից  չէ,  այլ նաև նրա համար, որ թոռը լավ է  հագնվում: Արտաշի համար, սակայն, ժամանակը ուրիշ նշանակություն ունի:  Նա  նույնիսկ ցավ է ապրում, որ ժամանակի հետ կորցնում է   երիտասարդությունը:  Հայելու մեջ իրեն նայելով  էլ նա ցավով է խոստովանում , որ   պարտվել է ժամանակի առաջ:  «Իմն անցավ», – դառնությամբ ասում է նա (96):  Նրանից առաջ  Իշխանն է խոստովանում  իր պարտությունը ժամանակի առաջ: Միայն թե Իշխանի համար երիտասարդության կորուստը չէ  ժամանակի հետ պարտության պատճառը: 

 Նոր ժամանակները միշտ նոր փոփոխություններ են բերում: Նոր սերունդները   գրավում   են մեծերի տեղերը   և  «երեկվա երեխան այսօր ինժեներ էր, սիգարետը բերանին ցուցումներ էր տալիս հիսուն-վաթսուն տարեկան մարդկանաց»(102):  Փարիզից եկած «պրոֆեսոր»  Արտաշը անգամ  ժամանակի հետ   խառնվում է քաղաքի տասնհինգ հազար մարդկանց: «Սափրվեցին, հագան, խառնվեցին իրար դիրեկտոր ու բանվոր, գող ու միլիցիոներ: Արտաշ ես՝ ջոկվիր… »,- գրում է հեղինակը (93-94) : 

Եթե ոչնչից չվախեցող Իշխանը վախենում է Արտաշից, ապա Արտաշն էլ վախենում է Նանայի կամրջից:  Վախն էլ  իրեն երկար սպասեցնել չի տալիս: Ու հենց   Նանայի կամրջի վրա են նրան փորձում թալանել: Ասես իր արածների պատասխան է այս թալանը: Թալանողի դերից հիմա էլ ինքն է հայտնվում թալանվողի դերում: Այդ տասնհինգ տարեկան գող պատանիները   նրան մի տեսակ ստիպում են, որպեսզի նա  հիշի  իր տասնհինգ տարեկանը:  Արտաշն էլ էր եղել տասնհինգ տարեկան, նա էլ էր դանակը ձեռքին թալանել: Թալանի հետ նաև հիշում է, թե ինչպես է հերթի կանգնել ինչ-որ անբարո կնոջ համար և նույնիսկ զզվում  դրա համար: 

Հրանտ   Մաթևոսյանը հարցազրույցներից    մեկում  ասում է.  «Իմ ոչ մի  ստեղծագործության  մեջ չկան միայն արդարներ ու միայն մեղավորներ»: Ճիշտ է, Իշխանը  և Արտաշը   հեռու են օրինակելի մարդ  լինելուց, բայց նրանց արարքներում  էլ միայն վատը չենք տեսնում:  Նրանք  երբեք չեն հրաժարվում իրենց պարտականությունները կատարելուց:  «Գնա՜ հորանցդ տուն, որ լակոտ բերես՝ կվերցնեմ, գնա » ,- ասում է Իշխանը, երբ առաջի կնոջը դուրս է անում (41): Իշխանի  կինը «լակոտ » չբերեց, բայց Արտաշի կինն էլ հո  բերեց: Արտաշն էլ է  լքում  առաջին կնոջը, բայց երեխայից չի հրաժարվում: Երբ Ռուսաստանից  վերադառնում է, մոռացության չի մատնում առաջին  կնոջից ունեցած երեխային՝ Վովային: Եվ թեև երկուսն էլ կին չեն սիրում, բայց  կարողանում են գնահատել  իրենց կանանց արժանիքները:  Իշխանը  գնահատում  և հարգում է քարնջեցի կնոջ տնտեսելու ու խորամանկելու ընդունակությունները: Արտաշն էլ գնահատում է իր տգեղ կնոջ լավ հատկանիշները: Դիպլոմ չունեցող Դուսյան  կարողանում է  դպրոցում հարգանք վաստակել  և աշխատել լրիվ դրույքով:

Խեղճերին և խեղճությունը արհամարհող Իշխանը և Արտաշը չեն ընդունում իրենց անճար եղբայրներին,  բայց  պատվախնդրությունը  թույլ չի տալիս չօգնել նրանց:  Երբ  կնյազ Նիկոլը ծեծում է Զարմայրին,  Իշխանը նույնիսկ եղբոր համար սպանում է «եզան ուժ ունեցող»  կնյազ Նիկոլին : Իշխանը, սակայն չի կարող հասկանալ, թե ինչպես մարդը չի պաշտպանվում, երբ դրա հնարավորությունը ունի: Իշխանավարի էլ  հանդիմանում է Դևոյան տոհմի անճար եղբորը. «Մանգաղը ձեռքիդ՝ քեզ ծեծե՞ն: Մանգաղը ինչի՛ համար է, ոչխա՛ր » (49):  Իշխանն է  նաև Զարմայրին  ամուսնացնում  և հայրական տունն էլ նրան  թողնում: Իսկ երբ Զարմայրը մեծանում է,  Իշխանն է նրա համար թոշակի գրքույկ բերում  և հորդորում  չամաչել ու ամեն ամիս  փողը վերցնել:  Իշխանն է, ի վերջո, փրկում Զարմայրի  կյանքը, երբ ձորից քար հանելիս ժայռը փլվում է:  Արտաշը թեև իր կյանքը եղբոր համար չի տալիս, բայց նա է  Ոսկանին օգնում, երբ  վերջինս   Զարմայրի նման  փորձանքի մեջ է ընկնում:   

 Գող ,  խաբեբա, բոլորին վնաս տվող Իշխանը, այնուամենայնիվ,  ընդունակ է որևէ մեկին օգնելու: Նա վերադարձնում  է  թալանի ենթարկված   մի  խեղճ մարդու   գողացված    ապրանքը: Իսկ օգնելուց հետո այդ մասին չի բարձրաձայնում: Նա  նույնիսկ անպատվում ու դուրս է անում շնորհակալություն հայտնող այդ մարդուն:  

 Իշխանի տեսակը  չգիտի, թե ինչ բան է ներելը: Բայց  նա  լավ գիտի, թե ինչպես կարելի է պատժել: Քրոջ ամուսնուն սպանողի դատավարությունը  ինքն է անում և իշխանավարի պատժում  վերջինիս: Նա անխնա թալանում է Մովսեսին  և  նրան ճակատ ուղարկում : Բայց   թալանածի հետ տան   այծը և էշը  չի վերցնում, քանի որ  տանը  երեխաներ կային: Ամբողջ թալան էլ  տանում է Ծմակուտ, որտեղ քրոջը հարս էր ուղարկել: Թոռի հետ զրույցի ժամանակ Իշխանը Մովսեսի համար ասում է, որ եթե վերջինս չխեղճանար և հրացանը չտար, իրենք նույնիսկ ընկերներ կդառնային: Իշխանը, այնուամենայնիվ, ներել կարող է, եթե  դիմացինը նույնիսկ իր դեմ թուլություն ցույց չի տալիս:

 Իր մարդկային արատներով հանդերձ  Իշխանը ուզում է նաև հայրենասերի դեր  խաղալ:  Նա   ընկերոջ հետ գնում է Ղարս, որ թուրքահայերին պաշտպանեն: Ճիշտ է,  Իշխանը և նրա ընկերը հեռու են հայրենասերներ լինելուց, բայց  վերլուծենք նաև հայերին: Հայերը զինվորական պահեստն են թալանում այն ժամանակ, երբ թուրքը քաղաք է մտնում:  Իշխանն  էլ   ընկերոջ հետ  իր բաժին թալանն է անում: Ի՞նչ հայրենիք, եթե բոլորն են թալանում ու քեզ էլ բան չի հասնում: Իսկ եթե  բացառություն ես  բոլորի մեջ  և ի զորու չես  քեզ հասկացնել տալու,  շատ- շատ անզորությունից ինքնասպան լինես: «Հայրենասեր» ամբոխի  մեջ  մի երիտասարդ զինվորը իզուր է գոռում . «Եղբայրնե՜ր, հայեր, ի՞նչ եք անում, ամոթ է, հայրենի՜քը, թու՜րքը: Եղբայրնե՜ր, հայ եղեք… »(80):  Մենակ լինելով բոլորին չես հաղթի, և բոլորի դեմ անզոր  երիտասարդը   ինքնասպան  է լինում: 

Հրանտ Մաթևոսյանը նկատում է. «Ուրիշի բանակում մենք և՛ քաջարի զինվոր ենք, և՛ պանծալի գեներալ, իսկ մեզ մոտ՝ խեղճուկրակ մարդիկ »: 

Իշխանն ու Արտաշը՝ իրենց  մարդկային արատներով, խեղճերին վերևից նայողի իրենց աշխարհընկալմամբ  օրինակելի կերպարներ չեն: Բայց նրանց ծնունդը Դևոյան խեղճ տոհմում մի տեսակ հաստատում է այն, որ  ոչ մի բան  երբեք  միագիծ  չի ընթանում:  Գեներով փոխանցվող արյան ժառանգականությունը  անգամ կարող է հարյուր քսան տարի հետո ընդվզել սեփական արյան դեմ և ծնունդ տալ տոհմի համար Իշխանի նման բացառությանը: Իշխանը ծնվեց  ոչ թե նրա համար, որ պայքար մղի սեփական տոհմի անճարակության դեմ, այլ տոհմը ծնունդ տվեց նրան, որպեսզի հարյուր քսան տարի խեղճությամբ ձգած տոհմը իր նոր պատմությունը կերտի: Ճիշտ է, խեղճերը դեռ ծնվում են նույնիսկ Իշխանից, բայց Իշխանը ծնունդ տվեց նաև Արտաշին, որպեսզի Արտաշի ծնունդով  հաստատի իր տեսակի հարատևությունը տոհմում:  Իզուր չէ, որ «տոհմը լծվածի ամբողջ խուլ բողոքը հավաքել էր, որպեսզի ծներ կատաղած Իշխա՞ն»(41):



Շարունակությունը՝ այստեղ

  1.  Հրանտ Մաթևոսյան, Ես ես եմ, էջ 316: ↩︎
  2. Վահրամ Դանիելյան, Ես ապրում եմ, ուրեմն՝ դուք կաք, (Նանա իշխանուհու կամուրջը), Մաթևոսյանական ընթերցումներ, հատոր 2, Երևան,2011, էջ157: ↩︎
  3. Հրանտ Մաթևոսյան, Նանա իշխանուհու կամուրջը, Երևան, 2006,էջ 57 (այս գրքից բերված մյուս մեջբերումների էջերը կնշվեն տեղում): ↩︎
Please follow and like us: