Համուլը ամեն ինչ անում էր, որ հանկարծ Սուրբ հոգին իր մեջ չմտնի ու չխարխլի ողջ կյանքի ընթացքում ակամայից ստեղծված ներսի փխրուն հավասարակշռությունը։
– Էդ էլ հո կամավո՞ր է, -մտածում էր Համուլն ու ինքն իրեն համոզում, որ եթե չես ուզում, հո զոռով չի՞ գալու ու մտնի։
Անկախ Համուլի դժգոհություններից ու երկնային ուժերի հետ հաղորդակից լինելու ցանկության լիակատար բացակայությունից, Սուրբ հոգին չէր դադարում իր փորձերը։
– Գնա՛, լիքը ուզողներ կան, իրանց մեջ մտի, – ընդդիմանում էր Համուլը Սուրբ հոգու հերթական անհաջող փորձից հետո, սակայն նրա համար անհասկանալի այդ ուժը շարունակում էր սողոսկման կամ մխրճման, կամ էլ շանտաժով մուտք գործելու ձախողված գործունեությունը։
Լինում էին օրեր, երբ մի քանի անգամ էին լինում նման փորձեր, սակայն արդյունքը նույնն էր։ Համուլն անդրդվելի էր։
Համուլը նույնիսկ եկեղեցի էր գնացել հաղորդություն ստանալու համար, որպեսզի իրեն անհանգստացնող հոգին իրենից հեռու խաղա, սակայն իրերի դրությունը կրկին անփոփոխ էր մնացել։ Նա իրենց գյուղի կարգալույծ քահանա Ստյոպիկին էլ էր փող առաջարկել, որպեսզի նա իր իմացած ձևերով ազատի Սուրբ հոգու հետապնդումներից, սակայն ինչպես տեղի, նույն ձև էլ անտեղի քահանաները հազվադեպ էին հավատում հոգու հետ կապված նմանատիպ պատմությունների, դրա համար էլ Ստյոպիկը ասել էր՝ «գնա՛, որդյա՜կս տուն, ջիգյարով աղոթի՛, հետո գինի՛ խմի, վրայից էլ՝ թա՛ն ու քնի՛․ կանցնի»։
Համուլը տենց էլ արել էր, բայց հաջորդ առավոտ բացի Սուրբ հոգուց մի հատ էլ խումհարն ու գլխացավն էին նրան այցելել, էլ չասած լուծի մասին, որը լրիվ տակնուվրա էր արել Համուլի եղած-չեղածը։
Մի կողմից Սուրբ հոգին, մյուս կողմից անտանելի գլխացավը, երրորդ կողմից էլ լուծը՝ մեկը՝ ներքևից, մյուսը՝ վերևից, էն մյուսն էլ չգիտես՝ որտեղից, կարելի է ասել՝ Համուլին հասցրել էին խելագարության եզրին։ Մեկ էլ չգիտես որտեղից Համուլի ուղեղում մի հանճարեղ միտք ծագեց․ «արի էս գլխացավին ու Սուրբ հոգուն իրար հետ կռվացնեմ, ես էլ լուծիս հետ միասին կողքից նայեմ, տեսնեմ՝ ինչ է լինում»։
Համուլի պատկերացրածով՝ Սուրբ հոգին գլխացավին պետք է ասեր․ «մի կո՛ղմ քաշվիր, ա՛յ անաստված, ես նրա հետ կապված այլ պլաններ ունեմ», իսկ գլխացավն էլ, թե․ «եթե էդքան ամենակարող ես, մի թեթև ինձ թուլացրու, որ կարողանանք հանգիստ նստել բանակցությունների սեղանի շուրջ», ու էդ բանավեճի ընթացքում Համուլը պետք է հարմար առիթ գտներ երկուսից էլ ազատվելու։
Նախապես մանրակիրկիտ ձևով մշակված պլանը տապալվել էր այն պարզ պատճառով, որ ամենավճռորոշ պահին Համուլին լուծն էր կանչել։
– Ես միայն իմ մեռնելու օրը գիտեմ, ուրիշ ոչինչ չգիտեմ, – մտածում էր Համուլը, որը որոշել էր անելանելիությունից դրդված՝ հաջորդ կիրակի ինքնասպան լինել։
– Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ, – Համուլի ականջին շշնջում էր Սուրբ հոգին, սակայն Համուլը ամենաշատը ինքն իրեն չէր սիրում․ էդ դեպքում ի՞նչ ձևով սիրեր մերձավորին։
– Գնա՛ մի բաժակ թեյ խմի, որ գլուխդ բռնած ցավը մի փոքր թեթեևանա, – հուշում էր գլխացավը։
Համուլը կողի էր ընկել․ ո՛չ Սուրբ հոգուն էր լսում, ոչ էլ գլխացավին, լուծին էլ ընդհանարապես բանի տեղ չէր դնում, ինքը դրանցից անդին էնքան դարդ ու ցավ ուներ, որ ողջ կյանքի համար լեփ լեցուն հերիք էր։
– Ո՞նց եմ էս ձմեռ տունը տաքացնելու, ո՞նց եմ վարկերս փակելու, ո՞նց եմ ծակ կոշիկներով գործի հասնելու, իսկ դրանից հետո ո՞նց եմ հետ գալու էդ բուք ու բորանին․․․ Ախր Սուրբ հոգին էլ, գլխացավն էլ, տո լուծն էլ վրադիր, սովորաբար անդարդ ու տաք տեղեր են այցելում։ էս նեղ մաջալին ո՞նց եղավ, որ իմ մոտ եկան, – տենց էլ չէր հասկանում Համուլը, բայց հետո ինքն իրան սփոփում էր, թե՝ կարո՞ղ է էնքան է սխալմամբ ճիշտ ապրել, որ Աստծուն թվացել է, թե Սուրբ հոգուն հենց իր մոտ պետք է ուղարկի։
– Բա որ հանկարծ մի ձև գտավ ու կարողացավ մտնել, ես դրա տակից ո՞նց եմ դուրս գալու․․․
