Դոմինիկ Դոմբրովսկին ծնվել է 1964 թվականին ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Վեյկո քաղաքում։ Ներկայումս ապրում է Ռեմագենում։ Բոննի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և գրականագիտություն։ 2013 թվականից ի վեր հրատարակել է երեք բանաստեղծական ժողովածու՝ «Finissage», «Fremdbestäubung» և «Fermaten», ինչպես նաև պատմվածքների ժողովածու՝ «Künstliche Tölpel»։ Պարգևատրվել է տարբեր մրցանակներով և կրթաթոշակներով, այդ թվում Մյունխենի բանաստեղծության մրցանակի դափնեկիր է, երկու անգամ ստացել է NRW-ի postpoetry բանաստեղծության մրցանակը։ Նոր բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվել է 2022 թվականի հոկտեմբերին Դրեզդենում և Բեռլինում գործող Voland & Quist հրատարակչությունում՝ «Schwanen» վերնագրով։ Նա նաեւ թարգմանում է ամերիկյան պոեզիա և երբեմն հանդես է գալիս որպես գրական քննադատ։
Այնտեղ
Ինչ-որ ալիքով հայտնվում է Թ․ Ս․ Բոյլը,
ձեռքով կանչում իր այգի ու ասում․
Ի՞նչ է անում գրողը, երբ չի գրում։
Նա քարեր է կրում
լեռներից ու արահետներ շարում։
Հետո տեսնում եմ, թե ինչպես է նա
անհետանում իր ամբարում մի պահ։
Սուրճի բաժակը ձեռքին` շուրջն է նայում,
փնտրում մոլորված առնետների։
Ու թե դրանցից մեկը խավիծով
թակարդն ընկնի, ասում է՝
պետք է ազատի նրան
ու տանի մոտակա լեռն ի վեր
որտեղից ևս մի քանի քար
կբերի։
Իր այգու արահետների համար։
—-
Ռադիոալիքների մեջ, ուր բոլորը խեղդվել են ուզում
խոհանոցիս սեղանը կղզի է
գրքի/ մի բաժակ սուրճի եւ մոխրամանիս համար
Ու լուսամուտից այն կողմ / աշխարհը
բաց կամ մուգ մոխրագույն է
Խոհանոցի սեղանը իրականության մնացորդն է
Շուտով ինձ ծաղկավաճառի հաստիք կառաջարկեն
զեղչված ապրանքների խանութում
ծայրամասում մի տեղ ծվարած
ճանապարհ կընկնեմ դեպի անհայտը
Ձմռան կեսին ինձ կդնեն չջեռուցվող սրահի
փայտյա ցուցափեղկում
այստեղ տասնհինգ հոգի կլինենք
ես ու տասնչորս շիմշատ ծաղկամաններում
ես հոգ կտանեմ նրանց մասին
բարեբախտաբար հաճախորդներ քիչ կլինեն
կամ չեն լինի ընդհանրապես
Շիմշատներն ու ես
կմնանք այստեղ մինչև մարտ
ընթացքում կհայտնվեն նաև ուրիշներ
ու միջավայրն ավելի գունեղ
ու աշխույժ կդառնա
Ինձ դժվար կլինի որևէ բան վաճառել
ես չեմ վստահում մարդկանց և հայրական զգացմունքներ եմ
տածում փոքրիկ ծառերի հանդեպ
Ինձ գործից կհանեն պատճառաբանելով որ անպիտան եմ
տասնչորս շիմշատները վերջին պահին
կհասցնեմ գնել ու հետս տանել խոհանոց դնել սեղանին
Այստեղ մենք ռադիոյով կլսենք խելագարների
եւ կվարժվենք կլիմային
քայլ առ քայլ
կշարժվենք դեպի մուգ մոխրագույնը
բառերով հարթելով ճանապարհը
խոսելով
այնպիսի բաների մասին
ինչպես, ասենք,
հմայությունն ու ջուրը
Սերենադ
Երբ նրանք հանդիպեցին
պարահրապարակով սրճարանները
կոչվում էին ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
եւ նրանք պարում էին իրար հետ /ԼԱՎ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ներսում լավ տրամադրությամբ/։
Մեղրամսի ժամանակ նրանք փորձում էին
ձեռքով առվի մեջ ձուկ բռնել
ձկան անունը դրել էին միտք
քանի որ մտքերն անընդհատ
պլստում էին նրանցից/ ինչ ամուսնացան։
Նրանք հեռուստացույց էին դիտում․
տիեզերագնացները /ասես ջրասուզակներ ջրի տակ/
քայլում էին եռաժանիով խոցված լուսնի վրա
ապա անկողին էին մտնում, եւ հետո
մի երկրային մանուկ ընկավ նրանց ուռկանը։
Արծաթե հարսանիքից հետո
նրա փափուկ քիմքը վիրաահատեցին․
նրանք առավոտյան պառկում էին լուռ
և ձեռք ձեռքի տված պայքարում
երազների մասին հուշերի համար՝
դեռ թարմ, բայց արդեն սառչող։
Մինչև տղամարդը քիչ-քիչ խլացավ
իսկ կինը սկսեց հաճախակի մոռանալ նրան
ապա տղամարդը գիշերը անտառ փախավ
խոհանոցում ամենուր թղթեր փակցնելուց հետո
որոնց վրա գրված էր օրինակ / ժամացույցը
ժամացույցին է/ սեղանը սեղանին է/
կամ՝ սառնարանը սառնարանում է/ ձուկը՝
ձկան մեջ է/ անտառում շուրջը նայելիս/ նա
հանկարծ զգաց իրեն լճի հատակին/ քանի որ չէր
լսում սաղարթների սոսափյունը/ իսկ լուսինը ասես
անշարժ ջրասուզակի ճակատի լապտերը լիներ։
Երբ տուն վերադարձավ/ կինը բերանում
սառեցված ձուկ ուներ / եւ խոսեց նրա հետ
ասելով որ այլեւս չի կարող խոսել/ եւ տղամարդը
ականջները սրեց ու որսաց որ կինը միտք է որսացել
նա գրեց իր անունը թերթիկներից մեկի վրա
դրանից փոքրիկ նավակ պատրաստեց
եւ հաստ ապակիներով կլոր լուսանցույցից
նետեց այն գիշերվա ալիքների մեջ։
Բացում
Ես հաճախ արթնանում եմ գիշերվա կեսին հեռուստաույցի
մեջ / իմ ոսկե ձկնիկները լողում են ավելի ժամանակակից սարքերի
մեջ/կարծում եմ /այսպես էլ չի կարող շարունակվել / ես դարձել եմ
տնվոր իմ ավտոտնակում /հիմա այստեղ մի քանի կենդանի է
ապրում / իմ որդեգրած շունը / եւ ես արդեն կարգին թիմ ենք /նա
լավ գիտի ուղին տանող դեպի լցակայան/այդ ծուռ,
ծիծաղող գազային աշտարակներով / հանգած քանի դեռ
ատրճանակները պահած են իրենց քունքին / ինչպես ձեռքի ափը
Այստեղ ես հաճախ եմ շարում շախմատի իմ
ֆիգուրները/ միջքաղաքային ավտոբուսների լույսերի ներքո / իմ
արշավային աթոռին նստած / ես սիրում եմ խաղալ
ինքս իմ դեմ/ սովորաբար ընտրում եմ սեւը / մյուսը դա գիտի
լուսաբացին /քանի դեռ ոչ ոք չի պարտվել / ես ընդհատում եմ խաղը
հանուն սիգարետի /իսկ հետո երազկոտ ծանրութեթեւ եմ անում
ձեռքումս / երկու հողազուրկ թագավորներին/ շրջապատված
արագությամբ եւ այդ ամենով/ որ կարելի է բաց թողնել
Թարգմանությունը՝ Եվա Մարտիրոսյանի, Արփի Ոսկանյանի
