«Ծուռմռտիկ ատամներով ու անկանոն քթերով, կնոջ համբույր չզգացած, սեփական քրտինքի հոտից չամաչող, պարելիս ձեռքերի շարժումները անհամաչափ աջ ու ձախ անող տղաներին տարան սպանդանոց, ու էսքանից հետո ես ո՞նց ներեմ նրանց ոչնչացնողին։ Եթե հանկարծ ներեմ էլ, ինքս ինձ չեմ ների։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ նման փորձեր եղել են, դե հասկանալի է՝ ներելու, սակայն ամեն անգամ ձախողվել»,- ինքնախոստովանական ցուցմունքում գրել էր Խաչատուրը, ով հանեց թուրը։
Սառը պատերազմը մի փոքր գոլանում էր, հետո տաքանում, հետո մզզզացնում․․․
Բարոյական անկման պահերին հիշում էր ինչպես էին նոր տուն տեղափոխվելիս բանվորները 4-րդ հարկից իրենց գրքերը նետում ներքև, ու վերջում էլ մուննաթ գալիս, թե՝ «Ինչի՞ ես ջղայնանում, հո՞ ապակի չի, որ կոտրվի»։
«Խեղճ Հայաստանի» վեպն ընկավ ուղիղ շքամուտքի դիմաց՝ կես վայրկյան Գյուլնազ տատի ելքի դռնից դուրս գալուց առաջ։
Վերևի լուսամուտից կախված անատամ բանվորը մինչև ականջները բերանը բացել էր, որ՝ «տեսա՞ք՝ ինչ նշանառու եմ, քանզի կարողացա հաշվել գրքի ընկնելու վայրկյանները, որ պառվի գլխին չշրխկաց»։
Գյուլնազ տատը գլուխը վերև բարձրացրեց ու ոչինչ չասաց, միայն խորը հոգոց հանեց, որ բախտը կրկին չժպտաց ու կյանքը առանց տանջանքի չընդհատվեց։
Խաչատուրը ,ում մանուկ հասակում անունը վանկարկելու հետ զուգահեռ ասում էին «սրեց թուրը», սպիտակ մազերից շատ էր վախենում՝ ոչ իր, այլ դիմացինի, դրա համար էլ որոշել էր պարզապես դրանք անտեսել։
Խաչատուր Աբովյանի «Բերք Հայաստանի» վեպը մի քանի անգամ էր կարդացել, բայց էդպես էլ նորմալ չէր հիշում դրա վերնագիրը։
Կարո՞ղ է իրականում «Խելք Հայաստանի» էր կազմի վրա գրված, կամ «Մեղք Հայաստանի»․․․
Հիշում էր՝ տունը տեղափոխելիս բանվորները ոնց էին գրքերը 4-րդ հարկից նետում ներքև, ու ողորմած պապը ամեն գրքի գետին ընկնելուց ձեռքը տանում էր սրտին։
Ներքևի բանվորը բերանը մինչև ականջները բացած հարցնում էր․«Պապի՛, հաստա՞տ դու գրքերի համար ես նեղվում, թե՞ սիրտդ թուլանում է Գյուլնազ տատին տեսնելիս»։
Պապն արհամարհում էր էժանագին լուտանքներ լսելիս ու նման դեպքերում երբևէ ոչինչ չէր պատասխանում։
«Ելք Հայաստանի» վեպը էնպես ցբխվեց շքամուտքի դիմաց, որ էջերը ցաքուցրիվ եղան ողջ բակով մեկ։ Կարծես մեծ պայթյուն եղած լիներ, իսկ քամին էլ մյուս կողմից էջերը այս ու այն կողն էր տանում։
«Մերկ Հայաստանի» կազմը միայնակ պառկած էր Գյուլնազ տատի ու Խաչիկ պապի արանքում։ Դա նրանց կյանքի ողջ պատմությունը կարծես լիներ։
-Մի՞թե մարդիկ այսքան բութ ու անբարիշ կարող են լինել, որ էդպես անխղճաբար գրքերը նետեն վերևի հարկերից։ Չէ՞ որ ամեն գրքի անկման հետ մի հիշողություն է գահավիժում,- թութակի հոգին մեջը մտած կրկնում էր ներքևի բանվորը ու վերևինի հետ սինխրոն հռհռում։
«Լերկ Հայաստանի» վեպում մի հատված կար երբ ժեխապետը թե՞ ժեկի պետը, լիզում էր օտարների սապոգները ու քահ-քահ ծիծաղելով հայտարարում,- «Անիծվի էն սհաթը, որ ստիպեց միանգամից մի քանի սապոգ լիզել»։
Գյուլնազ տատը վերադառնում էր բակ ու մուտքի դռնով փորձում իր բնակարանին հասնել։
Մինչև գոտկատեղ վերևի պատուհանից կախված բանվորը ճշգրիտ ինժեներական հաշվարկ էր անում ու գիրքը բաց թողնում ձեռքից։ Երկրի ձգողականության ուժի հետ մեկտեղ իր ծանրության առանցքի մեջ պարփակված, օդի դիմադրողական ճնշումը հաղթահարելով՝ գիրքը արագացում էր ապրում ու հասնում գետնին։
«Թեք Հայաստանի» վեպը այս անգամ էլ էր տատի կողքն ընկնում մեկ վայրկյանի ու մեկ միլիմետրի շեղությամբ։
-Մեկ անգամ էլ փորձեմ ներել, միգուցե այս անգամ ստացվի, -անդադար կրկնում էր Խաչիկ պապը։
Եռաբլուրի դրոշների ծեփծեփյունի ձայները հօդս էին ցնդեցնում բոլոր տեսակի փորձերը։
«Հերկ Հայաստանը» սպասում էր իր մշակին, սակայն նա կարծես գետնի տակ էր։
Գետնի տակից ինչ-որ ձայներ էին լսվում՝ Խաչատուրի ձայնին նմանվող։
-Գյուլնազ տա՜տ, սա վաղուց ձեր տունը չէ, ոչ էլ ձեր բակը, առավել ևս ձեր հայրենիքը, դրա համար էլ տուն գնալու փորձեր մի՛ արեք, միևնույն է՝ ամեն անգամ հայտնվելու եք «Ֆեյք Հայստանի» շքամուտքում ու անհամբեր սպասեք վերևի բանվորի գթասիրությանը, որ հնարավոր է այս անգամ նա չվրիպի։
