Գրիգոր Գրիգորյան/Ջեյ Լոն գնում է «Փարվանա»

Վսեմաշուք համերգից հետո, ինչպես հերթական իր գրառման մեջ որակել էր երկրի առաջնորդը, Ջենիֆեր Լոպեսը հրավիրված էր քաղաքապետի և այլ բարձրաստիճան անձանց հետ հետհամերգային ճաշկերույթին։ Երգչուհին իհարկե հոգնած էր, շատ կուզենար հրաժարվել միջոցառումից, սակայն ամբողջական հոնորարի մեջ էր մտնում նաև այս վերջին «փորձությունը», և «Թոթոլը», ինչպես նրան անվանում էին մտերմիկ շրջանակներում, ստիպված էր համերգից հետո որոշակի ժամանակ անցկացնել քաղաքային պաշտոնյաների հետ՝ կոլորիտային միջավայրում։

Ճաշկերույթի վայր էր ընտրվել «Փարվանա» ռեստորանային համալիրը, որի սեփականատերը, իհարկե, հանդիսանում էր ամերիկացի փոփ-աստղի մեծագույն երկրպագուն։ Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով. բազմատեսակ ճաշուտեստները, կենդանի երաժշտությունը, յուրօրինակ մատուցողները, որակյալ սպասարկումը աչք էին զարնում նույնիսկ Ջեյ Լոյի համար, որն իր փառավոր կյանքի ընթացքում հազարավոր ճաշկերույթներ էր ունեցել տարատեսակ աշխարհահռչակ մարդկանց ընկերակցությամբ։ Երգչուհին նստած էր պատվավոր հյուրերի համար նախատեսված առանձնասեղանի մոտ՝ քաղաքապետի և թարգմանչի հետ։ Ո՛չ, այնպես չէ՛, որ քաղաքապետը չէր կարող անգլերեն շփվել փոփ-աստղի հետ, ուղղակի որպես իշխող քաղաքական ուժի ճռճռացող ներկայացուցիչ՝ քաղաքապետը պահպանում էր կուսակցական սկզբունքայնությունը և «Թոթոլի» հետ շփման ձևաչափ էր ընտրել մայրենի լեզուն՝ որպես ինքնիշխանության դրսևորման ցայտուն արտահայտչաձև։

Բացման խոսքում, երբ քաղաքապետն իր բառերն արտասանում էր ոտնկայս (մտքերը կարծես հոսում էին նրա քաղցրահամ շուրթերից), նա ամպագորգոռ ածականներ շռայլեց երգչուհուն՝ երևանցիների հասարակ երեկոն անջնջելի (ինչպես իրենց կառավարման տարիները) տոնի վերածելու առիթով, գովաբանեց աշխարհահռչակ փոփ-աստղի բազմաշնորհությունն ու ի վերուստ տրված տաղանդը՝ եզրափակելով «…Հետևավաբար հայ հետևորդները հետապնդելու են Ձեզ, հետայսու՝ Ձեզ հետևում ենք, Ձեր հետևին ենք…» նախադասությամբ։ Թարգմանչի կակազելը չզարմացրեց երգչուհուն, առանց թարգմանության էլ նա անմիջապես ըմբռնեց քաղաքապետի մտքի խորությունը՝ լավաշով ժաժիկ ուտելու ընթացքում։

Ճաշկերույթի ավարտին, որպես ոչ ֆորմալ արարողակարգի պաշտոնական վերջնամաս, քաղաքապետը տվեց նախօրոք պատրաստված յուրօրինակ հարցը․

— Ես, որպես «Let’s get loud» երգի անզուգական ելևէջների տակ մեծացած, և այդ երգի փիլիսոփայությունը կյանքիս սկզբունքային գիծ դարձրած հասարակ մի երկրպագու, ուզում եմ հարցնել՝ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

Թարգմանչի փսփսոցից հետո երգչուհին առանց հապաղելու պատասխանեց․

— Այստեղ առանձնակի մոգություն չկա, իմ հաջողությունը կազմված է երկու անթաքույց գաղտնիքից․․․ տաղանդից և աշխատասիրությունից, — Ջենիֆերը փոքր-ինչ բեմական դադար վերցրեց, լպստեց գդալի մեջ մնացած ռեժանի մնացորդն ու մաքրամաքուր հայերենով հարցրեց․ — Իսկ Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է, հարգելի՛ քաղաքապետ։

Քաղաքապետը ո՛չ հարցից, ո՛չ էլ «Թոթոլի» հայերենից անակնկալի չեկավ (մեր քաղաքապետին դժվար է անակնկալի բերել), նա կարծես վաղուց սպասում էր այդ հարցին։

— Հարգելի՛ տիկին Լոպես, այս հարցում մենք շատ նման ենք, ասեմ ավելին՝ մենք լրիվ կրկնօրինակներ ենք, — իր հերթին քաղաքապետն էլ օգտվեց բեմական դադարի իրավունքից, և ձայնին խորհրդավորություն հաղորդելով՝ հավելեց․ — Իմ հաջողության գաղտնիքներն էլ մե՜ծ տաղանդն ու աշխատասիրությունն են։

Ասում են՝ վերջին բառերն արտասանելիս քաղաքապետի դեմքն արտահայտել է առանձնակի լրջություն։

Please follow and like us: