Ինչպես են ջնջվում երկրները
Ավելի հեշտ, քան հիշողությունից՝ ցավացնող միտքը,
ավելի հեշտ, քան վիրահատությունից հետո՝ կարերը,
ավելի հեշտ, քան հագուստի վրայի բծերը,
ավելի հեշտ, քան մեր գոյության թափոնները,
ավելի հեշտ, քան ձյան վրա ոտնահետքը։
Դու չգիտես՝ ինչպես են ջնջվում երկրները,
երկրները, որոնք չեն եղել քարտեզի վրա,
որոնք ճանաչելու կարիք չեն ունեցել քո ծնողները,
որոնց մասին դու չես անցել դպրոցում,
որտեղ սակայն ապրում են մարդիկ՝
Մարդիկ՝ իրենց նախնիների սարքած տներում,
Մարդիկ, որ ապրել են, երբ քարտեզներ չեն եղել,
Մարդիկ, որ ուզում են ապրել ազատ, ինչպես դու,
Մարդիկ, որ ուզում են ապրել, ոչ թե մեռնել,
Մարդիկ, որ մեռնում են ապրելու համար։
Դու չգիտես՝ ինչպես են ջնջվում երկրները՝
երկրները, որտեղ այլեւս չեն ապրում մարդիկ,
որովհետեւ անտանելի է ապրել երկրներում,
որ ջնջվում են քարտեզից,
որի վրա երբեք չեն եղել։
Դու չգիտես՝ ինչպես են ջնջվում երկրները
եւ չես էլ ուզում իմանալ, ինչի՜դ է պետք
քո երկիրը ամուր է սարքած,
քո երկիրն ունի բանակ եւ քարտեզի վրա՝ տեղ,
եւ դու պոպկոռնն առած՝
Հարմար տեղավորվում ես փափուկ մի տեղ՝
խղճիդ կողքին, որ առողջ է կենդանու խղճի պես
եւ չի սիրում մարդ տանջել անիմաստ,
եւ քո երկիրը քեզ թվում է հավերժ ու անջնջելի,
դու դեռ չգիտես՝ ինչպես են ջնջվում երկրները՝
Ավելի հեշտ, քան հիշողությունից՝ ցավացնող միտքը,
ավելի հեշտ, քան վիրահատությունից հետո՝ կարերը,
ավելի հեշտ, քան հագուստի վրայի բծերը,
ավելի հեշտ, քան մեր գոյության թափոնները,
ավելի հեշտ, քան ձյան վրա ոտնահետքը։
Մահվան մեքենա
Անիմաստ է քեզ վախեցնել դժոխքով,
ինչ-որ բանով՝ քո մեջ ապրող, քեզնից մեծ,
չկա քո մեջ քեզնից մեծ ոչինչ,
վախը քո չափած է վաղուց։
Անիմաստ է դիմել քո խղճին,
դու չես զգում անգամ ցավը սեփական,
դու ծամում ես քո ձվերը,
ու դեմքիդ ոչ մի մկան չի շարժվում։
Անիմաստ է քեզ կյանքի կոչել տեսքով արյան,
դու ընթրիքին դիտում ես մահը ուղիղ եթերով,
անբացատրեի հաճույք է դիտել մահը այլոց
ու զգալ կյանքի թրթիռը քո մեջ՝ մարող, բայց առկա։
Անիմաստ է քո մեջ փնտրել մնացորդներ մարդու,
ինչպես դիակից՝ սպասել ջերմություն,
միայն դու չես, որ չունես իմ հանդեպ կարեկցանք,
ես էլ քո հանդեպ չունեմ դրանից վաղուց։
Անիմաստ է, քանզի քեզ հաջողվեց սպանել ինձ,
Դու ինձ դարձրիր քեզ նման՝ անցավ ու դաժան,
Դու կերտեցիր ինձնից մահվան մեքենա,
Որ աշխատելու է մի օր անվրեպ ու անդուլ։
Պատերազմից հետո
Բոլորս ենք զոհված, թեպետ միայն
Ոմանք ունեն գերեզման։
Բոլորս՝ անհետ կորած,
Չկանք կորածների ցուցակներում իսկ։
Կուզենայինք դողալ կյանքի վրա,
Բայց կյանքն է դողում մեր մեջ։
Մենք մոռացել ենք՝ ոնց էր հաղթելը,
Երեւի պարտվելուց շատ տարբեր չէր։
Հաղթանակ ու պարտություն
Նրան ծեծում են։ Խմբով։ Իսկ նա մեկն է։
Կողմնակի ապացույց հզորության։
Նրանք խփում են բռունքներով ու ոտքերով,
Բայց նաեւ հայհոյում են այլանդակ․
Մկանների ուժը չի բավում նրան կոտրելուն,
Պետք են նաեւ ջարդիչ բառեր։
Նա ընկած է հատակին՝ իր արյան լճակի մեջ,
Մարմնին՝ հազար վերք, գլխում՝ պատարագ։
Բայց շարունակում են ծեծել ու ստորացնել,
Եվ ոչ մի միջոց չի բավում հաղթելուն։
Նրանք անշուշտ կխաչեին դիակը նրա,
Եթե խաչի էն անհամ պատմությունը չլիներ․
Եվ եթե խաչից այդքան հարմար չլիներ
Առնել հարություն։
Նրանք թողնում են նրան ընկած իր արյան մեջ,
Պատմության հետնախորշում ու մեռած,
Եվ հեռանում են խմբով՝ ստեպ-ստեպ նայելով հետ՝
հո չի՞ ելել տերմինատորն այդ անկոտրում։
Ու թեպետ նրանք են սպանողը,
Բայց չունեն հաղթանակի զգացում,
Նրանք գիտեն՝ կինոյի տղան է նա,
Նրան է հաղթանակը պատկանում։
Գուցե օրեր տեւի, մինչեւ ընկնի մի կողքի,
Գուցե ժամեր, որ հենվի մի ծնկին,
Բայց ի վերջո նա կկանգնի մարմնով մեկ,
Ու նրա մկանները կլինեն նորից պիրկ,
Ու նրա աչքերում կշողան աստղերը․․․
Եվ պարտության մեջ իսկ նա հաղթած է,
Որովհետեւ նա մեկն է ու միակը,
Իսկ նրանց անունն է լեգիոն։
