Առաքել Սեմիրջյան/Ամոթ

Նա ամաչում էր ասել, որ վիրավոր է։ Սկզբից զինակից ընկերներից էր թաքցնում, հետո երբ ինչ-որ մի պահից սկսած կապը վերականգնվեց, տնեցիքի հետ խոսելիս ձայնի մեջ դող զգացվեց ու մոր հարցին՝ տղես հո վիրավոր չես,  ինքն էլ թե՝ չէ մեր ջան ի՞նչ վիրավոր, բա վիրավորը 50 կիլո բեռը ուսին սար  կբարձրանա՞։

Մոր սիրտը ուրիշ բան էր վկայում, բայց տղուն չնեղացնելու համար, չէր պնդում ասածը, սակայն մայրորեն հորդորում էր, որ եթե հանկարծ վերքը խորը  լինի, էն իր տված շարֆով փաթաթի, կարող ա արյունահոսությունը կանգնի։

Բայց էդ շարֆն էլ չէր կանգնեցնում արյան հոսքը, զոհված ընկերոջ ժգուտին փոխարինող  գոտին էլ։

 Էդ շարֆը ծնված օրվանից, երբ ինչ որ անհանգստություն  էր ունեցել, փաթաթել էր ու կես ժամ չանցած ցավը չքվել էր՝ էլ փորացավ, էլ տաքություն, էլ գլխացավ, էլ սրտխառնոց, բայց էս դեպքում ոչ մի կերպ այն չէր աշխատում։

Արյունը մեկ ծորում էր, մեկ կաթում, մեկ էլ՝ սրտի ուժեղ բաբախյունից ոգևորված ցպնում աջ ու ձախ։

Երբ իր ուղղությամբ կռացած զինակից ընկերոջ դեմքին հայտնվեցին  արյան պուտիկներ, էդ ժամանակ էլ  չխոստովանեց, որ արյունն իրենն է ու ժպտալով ասաց, որ ընկերն է վիրավոր, կամ էլ մի թեթև քերծվածք է, հես ա կանցնի։

Մի՞ թե կարելի է ամաչել վիրավոր լինելուց, ինքն իրեն հարց էր տալիս դեռևս ուշքը չգնացած արնաքամվողը  ու էդ հարցի պատասխանը չէր գտնում։ Երբ ուշքի էր գալիս կրկին ժպիտը դեմքին էր հայտնվում, բայց նաև ամաչում էր իր  այդ վիճակի համար։

Իսկ ի՜նչ ամոթ կլինի, որ մեռնեմ ու արդյոք հնարավո՞ր չէ մահվանս փաստն էլ ինչ-որ ձև թաքցնել, որ հանկարծ ամոթից չմեռնեմ։   

Please follow and like us: