Անդրե Շինկել/Խեցեմորթի երազներ

Անդրե Շինկելը գերմանացի ժամանակակից բանաստեղծ է, ծնվել է 1972 թվականին Սաքսոնիայի Էյլենբուրգ քաղաքում։ 1988–1991 թվականներին սովորել է անասնաբուծություն՝ միաժամանակ ավարտելով միջնակարգ դպրոցն ու ստանալով ատեստատ։ Շարունակել է ուսումը բնապահպանության ոլորտում, որը, սակայն, դադարեցրել է և սկսել Հալլեում ուսանել արվեստի պատմություն, գերմանագիտություն և հնագիտություն։ 2001 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ Ներկայումս ապրում է Հալլեում, աշխատում է որպես ազատ գրող, խմբագիր, փորձագետ, գրական և երաժշտական քննադատ։ 2005 թվականից ի վեր գլխավորում է «Oda – Ort der Augen» («Օդա — Աչքերի տեղը») գրական հանդեսի խմբագրությունը։ Նա գրում է պոեզիա, արձակ, էսսեներ, մանկական գրականություն և թարգմանում սերբերենից, խորվաթերենից, բոսներենից, անգլերենից և հին եգիպտերենից։ Ղեկավարում է ընթերցողական դասընթաց Հալլեի ժողովրդական բարձրագույն դպրոցում (Volkshochschule), որտեղ քննարկվում է ժամանակակից և դասական մոդեռն գրականությունը։ Նրա ստեղծագործությունները առաջին անգամ չէ, որ թարգմանվում են հայերեն։

Իմ քայլերը շրջում են լուսնի շուրջը լուռ։
Ես անքուն եմ ու անհանգիստ այս ընթացքի մեջ,
Մինչ քեզ կգտնեմ։ Երբ կողքիս չես,
Ես բառեր եմ հորինում քեզ համար,
Եվ որոնում եմ քեզ ամպերի մեջ․
Ուր որ է՝ դուրս կգաս Օրիոնի հետևից,
Պլեադների ծագելու ու մտնելու արանքում,
Կմոտենաս այն գետի ափին, որով մեր
Սրտերն են հոսում՝ անկանգառ, ան-
Դադար, բայց մեր ներսում են դեռ։
Ցուրտ է, դեռ մութ է, և լուսինը լուռ
Շրջում է իր տանը՝ մահճակալիս շուրջ,
Ուր սպասում եմ քեզ ու երևակայում,
Թե նա ես, ով վաղուց մտել է դռնով
Եվ բռնել ձեռքս իմ ընթացքի մեջ՝
Բարձերի ու ամպերի արանքում,
Վերջապես վերցնում ես բառերս՝
Քեզ համար հորինած, ընդունում։
Ես անքուն եմ, անհանգիստ իմ ընթացքի մեջ,
Եվ հետո դու գալիս ես, ժպտում ու մնում։

Ամայի ու լքված տարածքի
Փլատակի ու աղբակույտի մեջ
Պատուհանիս դիմաց
ծաղկում է վարդը։

Պարում է նրա վիզը բարակ
Մեղմ քամու շնչից,
Ինչպես դողացող հայացքը
Սովալլուկ

Տենրեկի՝ անիրական,
Կարծես արհեստական,
Տեսադաշտում նկարված
Փոշոտ մի արշալույս՝

Կարմիր՝ մոխիրների վրա։
Ես ուզում եմ ամուր
Կառչել նրանից
Օրերին, որ գալու են դեռ։

Երբ կրակը խոսում է,
Մուսաները լռում են.
Սա ես կարդացի այսօր և
Երազ եկավ ինձ պատկերը
Սատանաների, որ այստեղ են՝
Մեր մեջ են։ Երկար ժամանակ
պահանջվեց, որ դա հասկանամ։
Հիմա այլևս չեմ կարողանում
Մոռանալ։ Արթուն պառկած
Լուռ լսում եմ ճարճատյունը
Ժամանակի վառարաններում։

Մառախուղի միջով վարել՝
Լույսի բեկորների տակ,
Լապտերների կողքով, որտեղ
Ճանապարհի ժապավենը
Ոլորվում է։ Վայրեր՝
Աչքին ծանոթ վաղուց,
Բայց հիմա՝ անսովոր օտար՝
Հիմա այն է, ինչ փոխվում է,
Երբ հասնում ես, և
Շունչդ հանդարտվում է։ Մի օր
Մենք կնայենք վերև…
Չբեկված լույսին։

Գեղեցկությունը քո
Քո փայլը
Համերգից հետո
Անձրևի տակ
Մթնշաղին
Երկաթուղիներ
Որոնք սպասում են
Մեզ
Իմ շունչը
Որ տաքացնում է քեզ
Թաղանթ
Սիրուց
Եվ խավարից
Որի մեջ դու
Դանդաղ
Շարժվում ես
Մեղմորեն
Եվ քնքուշ որոնում
Մեզ։

Քո վերևում՝ լույսի մեջ, քեզ մոտ բերող ճանապարհին
Պտտվում են դեղձանիկներն ու ծիծեռնակները։Դու
Շրջվել ես. փայլփլուն մարմինը քո աչքերի
Նայում է ինձ ու ժպտում։ Ես քայլում եմ
Դեպի քեզ։ Ամեն քայլափոխի մեծանում է
Մեզ պարուրող գիշերը։ Մի օր մենք կլինենք
Այնտեղ. ևվս մեկ անգամ ամեն ինչ այսպես կլինի։
Հորիզոնում շարժվում են լեռները մինչ այդ,
Գլորվում են աստղերը։ Ավելի բարձր է դառնում
Թռչունների ճռվողյունը մեր վերևում․ Դու ես գալիս,
Դու քայլում ես դեպի ինձ։

Խեցեմորթի երազներ

Երբ վայրի երազները ցնցում են մեզ
Մեր խեցեմորթի պատյանները խշշում են
Մեր սրտերում հասունանում է վախը։

Եվ կարմիր բոցով հազվագյուտ տարիների,
Երբ մենք հեռանում ենք դեպի այլ ափեր,
Մեր շունչը կտրվում է խեցիների ներսում։

Մեր մարմնի խճճված թիակներում
Մենք դեռ լսում ենք մարգարիտների զրնգոցը,
Երբ բարձրանում ենք հողմածաղկի սարը։

Այսպես մենք ալեկոծում ենք օվկիանոսները
Եվ երբ մենք արթնանում ենք ջրափոսերում,
Աստված ճզմում է մեր փշրվող աչքը։

Թարգմանեցին Միլենա Սաֆարյանը եւ Արփի Ոսկանյանը

Please follow and like us:

1 thought on “Անդրե Շինկել/Խեցեմորթի երազներ

  1. Շնորհակալ եմ Արփի Ոսկանյան, «Գրողուցավ»-ի շնորհիվ ծանոթացա հետաքրքիր գրող` Անդրե Շինկելի հետ։
    Իսկ «Խեցեմորթի երազներ» բանաստեղծությունը ` գողտրիկ մարգարիտ է։

Comments are closed.