Ավգուստա Լաար/ՑԱՅԳԵՐԳԵՐ- միջամտություններ

Ավգուստա Լաարը ապրում է Վիեննայում և Մյունխենում։ Նրա ստեղծագործությունը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր եւ անցնում ժանրային սահմանները․ նա միաժամանակ բանաստեղծ է և երաժիշտ։ Մի շարք գրական նախագծերի նախաձեռնողն է (Մյունխենի Schamrok փառատոն, Poetry-talk հանդիպումներ Մյունխենում, Վիեննայում և Լյուցեռնում), նաեւ հանդես է գալիս որպես Kunst oder Unfall դուետի անդամ Կալե Լաարի հետ։ Նա նաեւ դասավանդում է Գյոթեի ինստիտուտում, Վիեննայի Բանաստեղծության դպրոցում, Վիեննայի Փառատոնային շաբաթներում և Մյունխենի Գրականության տանը։ Իր ստեղծագործական հավատամքը նա բնութագրում է ճապոնացի բանաստեղծ և նկարիչ Շյուզո Տակիգուչիի բառերով․ «Բանաստեղծությունը հավատ չէ։ Տրամաբանություն չէ։ Գործողություն է»։ Ավգուստա Լաարը ութ բանաստեղծական գրքի հեղինակ է։ Շարքը 2024թվականին լույս տեսած «Ցայգերգեր – միջամտություններ» ժողովածուից է։

Փոխակերպման սյուիտ


գիշերային անտառում
արտաշնչել լույսը լուսնի

և երազներն անհստակ
որպես անկոչ հյուրերի

մեղեդին ծածանվում քամու մեջ
վարագույրը ծփում է սենյակում
դու ասում ես՝ ես եմ ստվերը

սուզվե՞լ մակերևույթ

բյուր աստղեր կիսագնդի վերևում
լույսի շողերի անկում

այդպե՞ս են հաշվառում մոլորակները

քո շուրջը գտնվող բաները
շողում են ու կայծկլտում
ոլորվելով դեպի ներս

որպես տիեզերական էակներ
մենք հելիում կշնչենք
ինչպես ստվերների ստվերներ

Կեսգիշերային երկինքը այն ճանապարհն է, որով ես քայլում եմ։
Մայլի Սայրուս

Մթնշաղ

(ներքին ձևաբանություն)

դու աչքերդ փակում ես
խավարի դեմ
մթնշաղն ընկղմվում է
գիշերվա մեջ

ժամանակը եռում է
ալիքներում ու գույներում
հալվում են գույները
սառն ու անգույն պատերի մեջ

մթին գիշերվա կեսին
պուճախներում ամենամութ
աշխարհի մեքենան հին
բանում է դղրդալով ու ցնցվելով

ձուկը սեղանին պատրաստ է
իսկ նրա սիրտը
խոհանոցային տախտակի վրա
շարունակում է թպրտալ

Քնարական շունը

քնարական շան տեղ քեզ դիր
գդակ դիր ու վզկապ կապիր
զանգուլակներ զնգզնգացնելով
պարիր փողոցում
երգիր շան երգեր
երբ բոլորը քնած են

հու հու հուուուու
հու հու հուուուու
ոռնա լուսնի վրա
ոռնա լճի կողմ
ոռնա լուսնի վրա լճի մեջ

վերցրու կապույտ ժապավեն
կապիր աչքերը շան
ու քշիր նրան ափ
մինչև ժապավենը կախ ընկնի բերանից
որպես հնչող ձայներիզ

հու հու հուուուու
հու հու հուուուու
ոռնա լուսնի վրա
ոռնա լճի կողմ
ոռնա լուսնի վրա լճի մեջ

թռիր, ինչպես սիլֆուհի
պարիր քնարական շան շուրջը
բոլորիր նրան ավելի ու ավելի
ու երբ նա հաչա նոտաներով
բռնիր նրան ու
հետ տար տուն

Ագռավի գրերից հետո։

Փետրվար

Étude aux allures

ֆոտոալբոմները հրկիզվում են
երիզների մեղեդիները կրակի մեջ են,
տառերը շողում են ստալակտիտների պես

գիշերը մենք «կլաս» ենք խաղում
բոցկլտալով քնի դեմ
ճարճատելով քնի դեմ
թակելով քունը

սպիտակ կրակը վեր է խոյանում
զգեստը ծածանվում է վառվելով

գլեմ-ռոքերները ապագայում գոյություն չունեն
գեղեցիկ տղամարդկանց ամոթը անկեղծ է
սրինգները փոփ-դիվաների պես խլում են մեր շոուն

բյուրեղանում են լեզվական ձախողումները

երազի ոգին
հորինում է անորոշ էակներ
որոնք քեզ շփոթեցնում են

դու կարող ես նույնիսկ մտածել
թե այս ամենը իրական չէ

Գրառիր լուսնի ձայնը, երբ այն մարում է ցայգալույսին։
Յոկո Օնո

Այս գիշեր

լուսնի մարդիկ կգան քո սենյակ
կպատառոտեն օդն ու մեղեդին

հատակը լուսնի պես ճաքճքած է
քեզ համար են օդն ու մեղեդին

դրա համար քո սենյակն առաջվանը չէ
ինչ նախկինում էր
քեզ համար էլ մեկ է

քո սենյակը կամ մեղեդին

քո սենյակը բաց է քո առջև
քանի որ քեզ համար
օդը պատռված է
դրա համար էլ
նաև մեղեդին

քո սենյակն այլևս քո սենյակը չէ
քեզ համար էլ մեկ է

Բայց խավարում վստահ եմ՝
դու ու ես չենք զղջա, որ դա փրկեց մեզ, այո։
Ջեք Ուայթ

Գերմաներենից թարգմանեց Միլենա Սաֆարյանը, խմբագիր՝ Արփի Ոսկանյան

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *