Արփինե Վարդանյան/Սովետի ժամանակ

– Թոշակ կա՞,- հարցրի:

Մանուշը ձայն չհանեց: Լուռ էր: Ստիպված էի հարցս կրկնել.

– Մանու՛շ, թոշակ կա՞:

Մի պահ կարծես թե չհասկացավ հարցս, զարմացած նայեց ինձ,  նույնիսկ աչքերը կլորացան ու մեծացան: Ուզում էի հարցս նորից կրկնել, բայց զգացի, որ պետք չի, լսել է ու հասկացել:  Վայրկյաններն այնքան երկար թվացին: ժամանակը ոչ թե կանգ առնելու, այլ ձգվելու վատ սովորություն ունի: Տեղում մնալը իրենը չի, բայց քեզ կստիպի անշարժանալ ու քարշ կտա: «Ծերացա»,- մտածեցի ես: Իսկ ես վաղուց է, ինչ ծեր էի ու շատացող կնճիռներս ո՛չ վախեցնում, ո՛չ էլ անհանգստացնում էին: Չէ՞ որ դա կյանքի բնական ընթացքն է: Ամեն ինչ ավարտված էր, որովհետև ժամանակին ժամանակն ինձ արդեն ամեն ինչ տվել էր՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն… Հիմա վերջին կանգառում էի ու թոշակից բացի էլ ոչինչ չունեի սպասելու ու ստանալու:

– Գեշ պառավ ես,- օդը հանկարծ ծանրացավ, ճեղքվեց, ու այս խոսքերի ծանրությունը զգացի ամբողջ մարմնով: Մարմնովս սարսուռ անցավ: Ի՞նչ՝ ուզում էի արձագանքել… Իմ հարցի հետ ի՞նչ կապ ուներ նրա ասածը: Զգացի, որ խոսել չեմ կարող, պետք է լռեմ ու սպասեմ: Ձայն չհանեցի: Իմ գեշ, տգեղ կնճիռներով պատված, խոժոռ հայացքս հառել էի Մանուշի վրա: Դա ավելի խոսուն ու արտահայտիչ պետք է լիներ, քան իմ խոսքերը, որոնք ես այդպես էլ չասեցի:

 – Չէ՛, չկա, էսօր չի լինի,- հիշե՞ց հարցս, թե հայացքիցս սթափված վերջապես հարցիս պատասխանեց, չգիտեմ։ Վիրավորվածությունս ավելի խորը զգացի: Իսկ բերանումս թուքս կուլ չէր գնում: Պահը որոշիչ թվաց: Հետո կոկորդումս լեղի համ առա: Թու՛, կթքեի, բայց… Հեշտ չի վիրավորանք կուլ տալը: Լավ բան դուրս չի գա: Լեղու համը ուղղակի բերանում չի մնալու, այն դառնալու է հիշեցում: Եվ երևի ձայնս դողում էր, երբ մի կերպ բառեր գտա.

  – Ինձնից քանի՞ տարի ես մեծ:

  – Հը՞,- անտարբերությամբ ու սառը, ավելի ճիշտ՝ ընդգծված հեգնանքով լսեցի այս արձագանքը: 

Այդ պահին կուզեի  ասել՝ գիտե՞ս, որ գեղեցկությունը ջահելությունն է և այլն: Բայց Մանուշի կլոր աչքերի արտահայտությունն  ու ինչ-որ տեղ ցինիկ, լպիրշ ժպիտը ինձ լրիվ զինաթափ արեցին:  Լռեցի: Բերանումս լեղու համ զվացի: Ամոթ էլ էի զգում, չգիտես ինչու: Իսկ նրա ժպիտն ավելի ընդարձակվեց: Ներսս սեղմվեց: Հարցը «գեշ» լինելս չէր կամ սիրունությունը, որ տարիքիս հետ կորցրել էի, այլ այն, որ ուժս էի կորցրել. չէ՞ որ կին ասվածը առաջին հերթին ուժն է, կամքը… «Ես երբևէ ուժեղ կին եղե՞լ եմ»,- վախով հանկարծ մտածեցի ես: Ներսս ավելի սեղմվեց: Չեմ էլ հիշում, թե ոնց, բայց շուռ եկա ու գնացի: Թիկունքս միանգամից սառեց: Սառն էի: Ինչ-որ մեկի հետևող հայացքն էի զգում հա: Դժվար է նման պահերին վերագտնել հավասարակշռությունդ, իսկ դա արդեն ուրիշից չէ, մեզնից է, մեզնի՛ց: 

    ***

– Մա՛մ, ինչ պետք է՝ գնել եմ, հեսա սառնարանն եմ դասավորում,- Սոնան էր: Տանն էր, երբ եկա:

– Ապրես, բալե՛ս,-ծոր տվեցի ես:

Մի պահ ուզում էի միանգամից պատմել, թե ինչ էր եղել: Կարիք ունեի խոսելու: Բայց խուսափեցի՞, թե՞ ամաչեցի: Ինչի՞ց:  Երևի խուսափեցի, որ հանկարծ պատմելուց կոկորդումս լեղու համը նորից չզգայի: Բայց բնազդաբար նայեցի հայելու մեջ: «Գեշ պառավ եմ»,- համոզվեցի ես ու սիրտս ծակեց: 

– Վաղը չեմ գա, մա՛մ ջան, Արշակի պարապմունքները վաղը շատ են… Մա՛մ, մի տեսակ ես, բա՞ն է եղել: Թոշակ չեն տվել, դրա համար ես նեղված, հա՞:

– Սոնա ջան…

– Ես ինչ պետք է՝ գնել եմ, կտան, երբ կտան, չմտածե՛ս,- շարունակում էր Սոնաս:

– Չէ՛, բալես, թոշակի համար չէ:

Խոսքերս Սոնային ավելի անհանգստացրին: Երևի համոզիչ չէի: Մոտ եկավ: 

– Մամ ջան…

– Լավ է ամեն ինչ,- հանկարծ շատ կտրուկ ու վստահ տոնով արտաբերեցի ես:  Ի՞նչ էի ասելու՝ թե բա Մանուշը մորդ գեշ պառավ է անվանել ու դրա համար եմ այս վիճակում: Այս մտքից նույնիսկ ծիծաղս եկավ:  Սկսեցի ծիծաղել: Բնազդաբար, հանկարծակի  ստացվեց:  Սկզբից թեթև… հետո կամաց-կամաց, բայց ուժգնացող ծիծաղս  չէի կարող զսպել: Բարձր ձայնով արդեն քրքջում էի… Սոնան վախեցավ, հեմենայնդեպս՝ հայացքն անհանգստացած թվաց: Արագ կողմնորոշվեցի: Գրկեցի աղջկաս: Արցունքները մեկ-մեկ այնքան ճիշտ ժամանակին են գալիս: Երևի դրա համար են ասում, որ լացը թեթևացնում է: 

                                                       ***

Թոշակս ստացա, թե չէ՝ գնացի մեր շենքի խանութ: Պարտք ունեի: 

– Սոնան վճարել է, Լարիս տոտա,-ասաց Անոն:

«Ոնց չէի մտածել»,- պետք է ենթադրեի, որ Սոնաս պարտքս չէր թողնի: 

-Բան պետք լինի, եկե՛ք, Լարիս տոտա,-շարունակեց Անոն:

Լուռ գլխով արեցի ու դուրս եկա: «Սոնաս, որ չլիներ, ի՞նչ էի անելու»,- մտածեցի ես: Եվ հարցը գումարը չէր, այլ… նա ինձ մենակ չէր թողել: 

Տարիներ առաջ, երբ Սոնաս ծնվեց, տունը կռիվ ընկավ՝ թե բա աղջիկ ես բերել, մենք տղա էինք ուզում, Սերոբի գենը քո պատճառով կորավ: Բայց դե Սերոբը ինձ հիվանդանոցից տուն տարավ: Սկեսուրս թարս նայեց ու մոտ չեկավ: Հետո ծնվեցին տղաներս… մի քեֆ, մի ուրախություն:  Արաս հիմա Մոսկվայում է, Լևոնս՝ ԱՄՆ-ում… տուն-տեղ, ընտանիք… ամեն ինչ էլ ունեն: Շնորհակալ եմ, տեր Աստվա՛ծ: Մեկ-մեկ զանգում են, լինում է, որ փող էլ են ուղարկում:

– Մա՛մ, կարդացել ենք, որ թոշակները բարձրացրել են,- մի քանի անգամ ասել է Լևոնս: Բայց որ առաջին անգամ ասաց՝ նեղացա: Ինձ հո իրենց փո՞ղը չէր պետք: Իրենք էին պետք, իրենք… Նման պահերին ինձ ահավոր անզոր էի զգում, լրիվ թևաթափ էի լինում…

– Սոնան լա՞վ է նայում քեզ,- ամենաշատը այս հարցից էի խոցվում, ավելին, բարկանում էի: 

– Մա՛մ, հիվա՞նդ ես, Սոնան չգիտի, զանգե՛մ, թող հենց հիմա գա:

Նման խոսքերից շունչս կտրվում էր: Լավ է, որ գոնե Սոնաս դրան համբերատարությամբ էր վերաբերվում: Գիտեմ, որ իրեն ավել բան պետք չէր… միայն թե ես լավ լինեի:

 ***

Ինձ սիրուն Լարիս էին ասում: Եվ դա իրոք այդպես էր: Ես սիրուն էի ու գիտեի, որ իմ ուժը իմ սիրունության մեջ էր:  Սերոբն էլ դա գիտեր ու դողում էր իմ վրա և չնայած իր չոր ու կոպիտ բնավորությանը՝ գնահատում էր իմ սիրունությունը, նույնիսկ կարծես հպարտանում… «Գեշ պառավ ես»,- նորից հիշեցի Մանուշի խոսքերը, բայց հիշելուց էլ լեղու համ չէի զգում բերանումս: Հետո ի՞նչ, որ հիմա գեշ եմ, երբ պետք էր՝ սիրուն եմ եղել, Մանու՛շ… Տարիներ առաջ էր… Սովետ էր դեռ: 

Այդ գիշեր, երբ ինձ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տարան, Սոնաս էլի վազելով մոտս եկավ: Քույրերը ներս չթողեցին, բայց ձայնը լսեցի: Սերոբին էլ, որ հիվանդանոց բերեցինք, Սոնաս էր, որ էլի եկավ: «Ինքը դե Հայստանում է, դրա համար էլ … բա ինչի՞ ուրիշների տղաները արտերկրից թեկուզ ծնողների թաղմանն են գալիս, իսկ իմոնք Սերոբի թաղմանն էլ չեկան, առիթ էր, իմ թաղմանն էլ չեն գա»,- այս մտքերը դուրս չէին գալիս գլխիցս:

Ի վերջո, Սոնայիս ներս թողեցին. ինձ խնամող էր պետք: Մի շաբաթ մնացինք հիվանդանոցում: Տղաներս էլ հաճախ էին զանգում.

– Սոնան քեզ լա՞վ է նայում…  բա ի՞նչ պետք է անի, որ չնայի:

Այս խոսքերը լսում էր նաև Սոնաս: Լռում էր, բան չէր ասում, բայց նեղվում էր: Ես էլ էի նեղվում , ներսումս մի բան ինձ էլ էր խոցում: Բայց ինձ դուրս գրելուց երկու օր անց ինձ նորից շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերեցին: Վիճակս լավ չէր, հավանական էր, որ կվիրահատեին: Այդ օրը Սոնաս չկարողացավ գիշերը ինձ հետ մնալ: Ալենս ջերմություն ուներ ու մոր կարիքն ուներ: 

– Քեզ մենակ է թողել, հա՞,- Արայիս ու Լևոնիս դուրը դա չեկավ:

– ՉԷ՛, Ալենս է հիվանդ… Սոնաս միշտ…

– Հեսա ես կիմանամ,- խոսքս կտրեց Լևոնս  ու տեսազանգն անջատեց: 

Սոնաս չասեց, թե ինչ էին խոսել, բայց եղբայրների մասին էլ չէր խոսում՝ ո՛չ լավն էր ասում, ո՛չ վատը: 

Գիշեր էր: Հիվանդասենյակում լսվում էր հիվանդների ծանր ու ոչ համաչափ շնչառությունը: Ես քնած չէի ու չէի կարողանում քնել: «Անաստված քույրերը գոնե քնադեղ սրսկեին… գոնե մի հատ գային»,- տեղս չէի գտնում: Շատ անհանգիստ էի: Արայի ու Լևոնի հետ զրույցը գլխիցս դուրս չէր գալիս. «Մենք կին կգտնենք, քեզ կխնամի, մա՛մ ջան, Սոնայի հույսին էլ չես մնա»:  Ասածները խոցել էին թե՛ ինձ, թե՛ Սոնայիս:  Ո՞վ մորը աղջկանից լավ կնայի, ո՞վ… Սոնաս վիրավորված էր, գիտեի, հասկանում էի… Բայց մտքերիս թելը մի խուլ արձագանք խզեց

– Օգնեցե՜ք,- նոր հիվանդներից էր, որին, երբ բերեցին, քնած էր ու ուշադիր չէի էլ նայել: Բայց հիմա ուշադրությունս գրավեց,- օգնեցե՜ք…- խուլ արձագանքը կրկնվեց:

Գլուխս բարձրացրի: Սակայն հիվանդի դեմքը չկարողացա տեսնել. իմ պառկած դիրքից անհարմար էր: Բայց ինքը շարունակում էր տնքալ ու օգնություն կանչել:  Ձայնը մի պահ նույնիսկ ծանոթ թվաց:  Այլ ելք չէր մնում: Չնայած ինձ համար դժվար էր, բայց թեկուզ դժվարությամբ, այնուամենայնիվ, դուրս եկա անկողնուցս ու մանրիկ քայլերով մոտեցա այդ հիվանդին: 

– Լա՞վ չեք… հեսա բուժքույր կկանչեմ…

– Հա՜…-նորից խուլ արձագանք: 

Բայց, չգիտես ինչու, չշտապեցի գնալ դռան մոտ, որ բուժքույր կանչեի, այլ մի չբացահայտված հետաքրքրասիրություն ձգում էր դեպի հիվանդը… Հիվանդասենյակում մութ էր, բայց ամեն հիվանդի մոտ լուսամփոփ էր դրված: Նրա լուսամփոփը վառված էր, մի երկու քայլ ավելի մոտ և դեմքը կուրվագծվեր… Տեսա՜… Ավելի ուշադիր զննեցի. տեսածս էի ստուգում: Նա էր, հա՞: Ապշած էի… Ինչ-ինչ, բայց նրան չէի սպասում: Զարմացած էի, բայց պահը բաց չթողեցի.

– Ի՜նչ գեշ պառավ ես,- ոչ թե ուղղակի ասացի, այլ վայելելով, ամեն բառս ընդգծելով, տոնայնությունս շեշտելով՝ շպրտեցի դեմքին:

Սրտիցս կարծես մի մեծ քար ընկավ… սիրտս հովացավ: Մարդը իրեն դաղողին չի մոռանում, ավելին, հարմար պահի հենց ինքը կխփի, կհրի, կապտակի… Մանուշն էր, Մանուշը:

Չշտապեցի բուժքույր կանչել: Թո՛ղ տնքար ցավից, թո՛ղ ներսում ցավը շատանար, թո՛ղ… Հուսամ բերանում լեղու համն էր՝ կոկոդը քերող, ցավոտ ու տհաճ:  Բայց պահը հա ուզում էի վայելել: Կողքից տեղ չէի գնում: 

– Վա՜յ, իրոք, աղջի՛… ի՜նչ գեշ պառավ ես… առաջ էլ էիր գեշ, է՜ն սովետի ժամանակները, որ ջահել, իրար դասարանցի աղջիկներ էինք: Անգամ դասարանից ուզող չունեիր: Դրա համար էլ Սերոբը իմ հետևից էր վազում, քեզ շան տեղ չէր դնում: 

Բայց ոնց որ չափս անցա: Հաղթողի պահվածք արդեն ցույց չէի տալիս, այլ վիրավորվածությունը չմարսած կնոջ: Իսկ նա լռում էր: Ծանր էր շնչում, բայց լռում էր: Օգնություն էլ չէր կանչում, հա՛, ինձ տեսնելուց հետո էլ օգնություն չէր կանչում: Նա թույլ չէր ուզում երևալ, ընդհակառակը: Անաստվածը բնազդով երևի  հասկանում էր, որ իր ուժը հիմա լռությունն էր: Ինքը ուժեղ կին էր, գիտեր ու ցույց էր տալիս: Ես նորից Մանուշի ուժը զգացի: Մարմնովս սարսուռ անցավ: Նորից պարտվեցի, հա՞: 

Բուժքույր ուշ կանչեցի: Մանուշը հաստատ դրա համար շնորհակալ չէր ու շնորհակալություն էլ չասեց, բայց ցավերից տանջվում էր, հազիվ էր իրեն զսպում:

– Գիշերվա կեսին… Քնեք, էլի, մորքո՛ւր ջան,- փնթփնթալով բուժքույրը սրսկեց Մանուշին: Հանկարծ աչքս ընկավ կողքի հիվանդին… Սկզբում չհասկացա, թե ինչ էր անում, բայց հետո գլխի ընկա. հեռախոսով նկարում էր: Ինչի՞ն էր պետք: Չգիտեմ: Գո՞ւցե բուժքույրերի վերաբերմունքը ցույց տալու համար, չգիտեմ: «Ախր սա 21-րդ դարն է… Իմ դարը չի… Իմը սովետն էր, մերը սովետն էր»,- հանկարծ մտածեցի ես: Սովետի ժամանակ ջահել էինք, երիտասարդ ու մի ամբողջ կյանք դեռ ունեինք առջևում:

           ***

 – Թոշակ կա՞, Լուսիկ ջան,- հարցրի Հայ փոստի դեմ հավաքվածներից մեկին: 

  Մանուշն էլ էր այստեղ: Իրեն չնկատելու տվեցի:

 – Վա՛ղը,- ինքը վրա բերեց:

Ձայն չհանեցի: Թարս նայեցի… դեմքին էլի  նույն հպարտ արտահայտությունն էր: Բան  չասեց: Մի պահ մեր հայացքները խաչվեցին: Ուժ ուներ իր մեջ, անբացատրելի, որը  միշտ ինձ խեղճացնում էր: «Սերոբը Մանուշին գեշ լինելու համար չի առել, այլ որ…»,- այս մտքերը դաղեցին. տղամարդիկ ուժող կին չեն ուզում, եթե իրենք բավականաչափ ուժեղ չեն: Ինձ թևաթափ զգացի, փոքր, խեղճ… հետն էլ արդեն գեշ էի, հա՛, ես գեշ պառավ էի, որը կորցրել էր ոչ միայն սիրունությունը, բայց ուժ էլ չունեի, ուժեղ կին չէի եղել ու չէի. անհնար է կորցնել մի բան, ինչը երբեք չես ունեցել: Իսկ Մանուշն անգամ ուժը չէր կորցրել:

Ծանր մտքերով հասա Անոյի խանութ: Այսօր էլ պետք է պարտքով հաց ու ձու վերցնեի՝ արդարանալով, որ վաղը թոշակը կլինի ու մնացած պարտքիս հետ կտամ:

Սոնաս ընտանիքի հետ տեղափոխվել էր ուրիշ քաղաք: Վաղուց կարող էին, երբ ամուսնուն ուրիշ քաղաքում գործ առաջարկեցին, բայց այն ժամանակ չմեկնեցին: Իմ պատճառով. Սոնաս չէր կարող ինձ մենակ թողնել: Բայց Արայի ու Լևոնի հետ ունեցած վերջին զրույցից հետո, արդեն ամուսինն էր խառնվել՝ «Սոնան վատ է նայում, հա՞, ուրեմն, եկե՛ք, դուք էլ նայեք»: Բայց ամենահաճախը էլի Սոնաս էր զանգում:

Մենակությունս ու սեփական խեղճությունս ավելի էր միշտ ընդգծվում, երբ արդեն ամեն ամիս, Անոյի խանութում խեղճանում էի ու այնքան փոքր էի ինձ զգում, որ կուչ էի գալիս, որպեսզի  փոքրությունս չնկատեին.

– Վաղը թոշակը կտան, Անո ջան:

Նման պահերին թուքս կուլ չէր գնում ու քերում էր կոկորդս: 

Ուզում էի լաց լինել:

Ուզում էի լաց լինել, ու որ մայրս գրկեր: Հա՛, հենց մայրս: 

«Երանի սովետի ժամանակները»,- մինչև վերջին շունչս կմտածեմ ես… Երբ ջահել էի, սիրուն ու մի ամբողջ կյանք դեռ ունեի առջևում:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *