Ռուբեն Ներսիսյան/Ես չեղա քո երազանքների տղան

*

Զրուցելով Արփի Ոսկանյանի հետ1


եւ ահա երկնքից փետուրներ են թափվում`
սրածայր ու փարթամ,

նրանցով լույսն է առկայծում,
ու մենք կկոցում ենք աչքերը մեր ոչ մի բանի հույսով,
մեր չոքերը թուլանում են նրանց պայծառությունից,
մարմիններս հետ ու առաջ են լինում,
նրանք ծածանվում են, ինչպես երկրաշարժից,

քաղաքը պաշարվում է աղմուկ-աղաղակով,
կոչերով աստվածային կրքերի, հետ կանգնելու բնազդով,

հրեշտակները մահացու ճչում են ու ճչում,
նրանք ոռնում են իրենց թևերի համար, որ էլ իրենցը չեն.
նրանք ոչինչ չեն հայցում…

մենք, ձեռքներս բռնած, դողում ենք, ալիքաձեւ խոնարհվում
հնարված ու անհնար աղոթքների մոռացության մեջ,
նրա ճկուն որոտոցն ենք լսում,
արթնանում մահից առաջ փակ աչքերով։

եւ սերը ծվեն-ծվեն է լինում երկնքում,
մասնատվում է եւ’ հավատը, եւ’ հույսը,
եւ նա չի գալիս մեզ ընդառաջ…

մենք երանության մեջ, մեր աչքերը՝ փակ,
մեր ձեռքերը՝ բռնած,
մարմիններս բաց,
հասկանում ենք, ընդունում վերջիվերջո,
որ միսիան կատարված է—
եղանք մարդ, մի վերջին, ամենավերջին անգամ

հավիտյանս հավիտենից, ԱՀԱ’։

ՉԱՍ(տ)ՎԱԾ

Արի՛, սիրելի՛ս—
գլուխդ կախ, չոքեչոք, ժպիտով կեղծված,
համբուրելու ցանկությամբ վառված,
ներողություն խնդրելու տենչանքով,
արի՛, մենք սպասում եմ քեզ, եւ հավատա՝
ամբողջ սրտով ատում—
շղթաները պատրաստ են քեզ կապելու,
դանակները պատրաստ կոտորելու,
իսկ ատամները մեր` սրված, ինչպես երբեք,
դե, արի՛, պահն է հատուցման ու աղերսանքի.
ագռավները վաղուց կռռում են,
շները հաչում,
ծաղիկները թառամել են. արյուն են ուզում,
նետվի՛ր, հենց հիմա՛, հասի՛ր այստեղ,
սպասում ենք քեզ,
հաստատակամ հայացքներս տնկած,
բարձր հռհռոցով,
սրիկա հանգստությամբ,
պատրաստ մորթելու…
ամեն։

*

Չգրել. 
կրկնում եմ մտքիս մեջ մի քանի անգամ, 
հետո մրթմրթում բամբասկոտ լակոտի պես․
անիմաստ են մարդիկ եւ դեպքերը,
անարժան,
իսկ ես շատ թույլ եմ դզել-փչելուց,
գուցեև անտաղանդ եմ,
նաեւ ժամանակակից չեմ։ 

Նայում եմ ինքս ինձ, գրիչը ջարդում ափիս մեջ,
ապա ուղղում մազերս ու շշնջում`
չգրել։

Սենյակում արձագանքվող ձայնս,
թուլացած մարմինս` կաշվեհան,
եղունգներս` դուրս քաշած, ծալքավոր,
արյունլվիկ ձեռքերս` նահատակ 
հատակը՝ մազախեղդ գերեզմանոց—

եւ ինչ է սա, եթե ոչ պոեզիա սիրո մասին
եւ ապրելու նույնպես։

*
Արդեն հինգ ամիս ոչինչ չեմ գրում—
հազիվ հասնում եմ notebook-ին ու
երկու ժամ անընդմեջ docs-ի սպիտակ ֆոնին նայելուց հետո
գլուխս հարվածում հատակին, պատերին, ուր պատահի
հետո տապալում մարմինս գետնին
ինչ-որ պատիժ փորձում սահմանել. ատել ինքս ինձ
սիրել մերձավորիս, հանգիստ թողնել նյարդերս
չծխել, սուրճ խմել, հաց ուտել, քնել
վարել ոչ գժական կյանք
դառնալ շարքային կենդանի
մոռանալ ստի ու կեղծիքի մասին
անտեսել բառերը, գրողի ծնած գրականությունը
ինձ` դրա մեջ
ու հանգիստ խղճով, առանց այլալվելու ու երկմտելու
ընդունել քունը, որպես շտապօգնություն
էս ամբողջ ախմախության մեջ:

*

ես չեղա քո երազանքների տղան,
ինչքան էլ փորձեցիր համոզել,
որ սովորելը բոլոր առումներով կիրառական չէ,
շատ-շատ ծածուկ շերտերում,
ու որ երազելն ու գույների մեջ ապրելը
շատ անհաջող միտք է այս երկրում,
եւ որ պետք է լինել ծեծ ուտելու պատրաստ,
թեկուզ եւ` վայրենավարի,
թեկուզ եւ` սիգարետով,
եւ մի թեթեւ էլ արյունով,
որ կնիք է՝ ծեծվել ես ու չես կոտրվել
զանազան թափթփուկների առաջ․
դու երբեք չընդունեցիր օրենքի դաշտում լինելու
իմ բովանդակ ու հասարակական քայլերը
եւ դրանք համարեցիր ոչ տղավարի,
ինչպես նաեւ խզբզելս չընդունեցիր 
ու չհավանեցիր ոչ մի  բանաստեղծություն
եւ ես մնացի քո միակ ու անկրկնելի անտաղանդը,
որովհետև օրերը փոխվում են,
փոխվում է մեր դեմքերի կնճիռների դասավորությունը,
իսկ մենք մնում ենք Մենք —
ես` քոնը,
դու` իմը,
մա։

  1. Հղումը՝ Արփի Ոսկանյանի «Երկնքից թափվում են փետուրներ» բանաստեղծությանը ↩︎
Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *