Զուլեզու
Իմ հռու,
Իմ մենու,
Իմ լուսա,
Իմ հուսա,
Քո հանդեպ իմ սերը
Դեռ չունի իր լեզուն։
Իմ միո,
Իմ անգուշ,
Իմ սրտաշ,
Իմ հրոշ,
Ես պիտի դեռ տանջվեմ,
Հնարեմ այդ լեզուն։
Քո՝ Հիլդեգարդ
Ահա իմ աչքերը՝ հանձնված տեսիլքներին՝
մեղսոտ ու սրբազան,
Ահա իմ թեւերը՝ հանձնված երազներին՝
մեղսոտ ու սրբազան,
Ահա ես՝ հանձնված ունայնությանն ամենօրյա՝
աղոթք ու աշխատանք,
Ահա ես՝ նվաճող հավերժությունն, էլի՝
աղոթք ու աշխատանք։
Ահա դու՝ մի նավ՝ հանձնված օվկիանոսին,
առագաստ իմ խրոխտ,
Դե դու լավ գիտես, թե ով է քամին՝
քեզ գրկած օրորող։
Ահա մի անհայտ լեզու ու տառեր՝
հնարած քեզ համար,
Նամակ կգրենք տիեզերքից տիեզերք,
մի դարից այլ դար։
Ահա իմ աչքերը, որ քեզ չտեսան,
եւ չեն տեսանի արդ,
Հավերժի իմ փեսա, հավերժի իմ փեսա․․․
Քո՝ Հիլդեգարդ։
Երկնքից թափվում են փետուրներ
Երկնքից թափվում են փետուրներ․․․
Չանցանք մենք, չանցանք այս քվեսթը։
Մենք էլ չենք բարձրանա կտուրներ,
Էլ ուր թե մագլցենք Էվերեստը։
Սա վերջն է՝ զգում ենք աղոտ։
Շրջում ենք, ինչպես ուրուներ՝
Բոկոտն, տկլոր, անամոթ։
Դրախտի մուտքի տոմս ո՞վ ուներ։
Սատկեցին երազները բոլոր,
Մնացին արնաքամ կտորներ,
Եվ վաշ-վիշ, եւ անուրջ, եւ բոսոր․․․
Երկնքից թափվում են կտուրներ․․․
Սեր, վինտաժ
Բառերը սատկող ձկների նման թպրտում են մեր շուրջ։
Չկա աշխարհում մի բան, որ չունենա իր անունը։
Ես գտել էի բառը իմ ու քո։ Բայց նրա բերանում չկա շունչ։
Բառերը, իմաստները կորցրած, հոսում են դեպի անհունը։
Հին գրքերում կան վինտաժային, սիրուն-սիրուն բառեր,
Նրանցից փչում է շունչը անցած հազարամյակների,
Բոլորովին ուրիշ սերեր են նրանք պատմել,
Բայց ինչ դժվար է դիմակայել նրանց հմայքներին։
Հոսքագծից ելած բառեր կան ու բառեր ձեռագործ,
Կան նաեւ բառեր՝ ծալվող-պահվող ապագայի համար։
Ես ապրում եմ բոլոր սերերը՝ պատմված բառերով։
Ո՞վ կապրի իմ կյանքը եւ իմ սերը կիսատ։
Ամուսնացած կնոջ Վալենտինը
Սիրո տոնից ուշացած՝
Քայլել վատ երազում,
Որտեղ ոչ սրտիկ, ոչ ծաղիկ
Քեզ էլ չի սպասվում։
Սիրո տոնից ուշացած՝
Փնտրել բաց խանութ․
Ի՞նչ զվարթ զրթիկ նվիրել
Դարավոր ամուսնուդ։
Սիրո տոնից ուշացած՝
Զիջել հերթն ամեն ինչի
Փչած շուրթերով կանանց,
Ում ձեռքին կա սրտաձեւ փուչիկ։