Քաղաքակրթական ընտրություն. գաղութային անցյալից դեպի ապագաղութային ապագա/Սմբատ Հովհաննիսյան

Վերջին տասնամյակներում քաղաքակրթական ընտրությունների և որոշումների հարցը նոր հնչեղություն է ստացել գաղութային և հետգաղութային դիսկուրսներում: Հարցի արդիականությունը պայմանավորված է այն խորքային ըմբռնմամբ, որ «գաղութատիրությունը երբեք չի եղել պարզապես տարածքների գրավում և տնտեսական շահագործում. այն եղել է մշակութային գերիշխանության և ինքնության վերաձևման խորքային գործընթաց» (Էդվարդ Սաիդ)։ Հատկանշական է նաև այն դիտարկումը, որ «ապագաղութացումը միշտ բռնի երևույթ է, քանի որ այն ներառում է ոչ միայն գաղութարարի հեռացումը, այլև գաղութային համակարգի արմատական քանդումը» (Ֆրանց Ֆանոն)։ Այստեղից էլ ծագում են հիմնարար հարցադրումներ՝ ինչպե՞ս է դրսևորվում քաղաքակրթական ընտրության խնդիրը գաղութացման սպառնալիքի պահին, ինչպե՞ս՝ գաղութային տիրապետության ընթացքում, և ինչպե՞ս՝ ապագաղութացման ժամանակաշրջանում: Քաղաքակրթական ընտրության այս տեսական հարցադրումները կոնկրետ պատմական իրողություններում դրսևորվել են յուրովի։ 

Այսպես, 1853 թ․ ԱՄՆ-ի ծովակալ Մեթյու Փերրիի ղեկավարած շոգենավերը հայտնվեցին Ճապոնիայի Էդո ծովածոցում։ Այս հզոր, թնդանոթներով զինված և գերժամանակակից նավերը, որոնց ծխնելույզներից թանձր սև ծուխ էր արձակվում, և որոնք պատված էին սև ներկով, խորը տպավորություն թողեցին ճապոնացիների վրա, ովքեր դարեր շարունակ սովոր էին իրենց ավանդական փայտե նավերին։ Այդ ժամանակի համար տեխնոլոգիական այս հրաշքները դարձան սպառնալիքի խորհրդանիշ՝ մարմնավորելով արտաքին աշխարհի անծանոթ և ահազդու ուժը։ Եվ պատահական չէ, որ ճապոնացիներն այս նավերին տվեցին «կուրո-ֆունե» (սև նավեր) անունը՝ ընդգծելով ոչ միայն դրանց արտաքին տեսքը, այլև դրանցով մարմնավորված արտաքին աշխարհի սպառնալից և անծանոթ ուժը:  

Փերրիի վճռական պահանջը՝ բացել Ճապոնիայի նավահանգիստները միջազգային առևտրի համար, երկիրը կանգնեցրեց պատմական ընտրության առջև՝ կա՛մ ընդունել արտաքին աշխարհի մարտահրավերը և ենթարկվել արմատական փոփոխությունների, կա՛մ դիմակայել արևմտյան տերությունների ճնշմանը՝ վտանգելով երկրի անկախությունը: Ճապոնացիները, որ հավատարիմ էին մնացել «սակոկու» (փակ երկիր) քաղաքականությանը, պետք է ընտրություն կատարեին՝ արդյո՞ք շարունակեն մեկուսացումը, թե՞ բացեն իրենց երկիրը արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ներքին ճգնաժամի մեջ գտնվող և ժամանակակից զինված ուժերից զուրկ Տոկուգավայի շոգունատը (1603-1868, ռազմական կառավարություն) ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ: 1854 թվականին կնքված Կանագավայի պայմանագիրը պարտավորեցրեց Ճապոնիային բացել Շիմոդա և Հակոդատե նավահանգիստները ամերիկյան նավերի համար՝ դրանով իսկ վերջ դնելով երկրի մեկուսացման քաղաքականությանը:

Փերրիի առաքելությունը դարձավ վճռորոշ շրջադարձային կետ: Գիտակցելով, որ մեկուսացված քաղաքականության շարունակումն այլևս անհնար է, Ճապոնիան ձեռնամուխ եղավ խորքային վերափոխումների: Տասնհինգամյա ներքին բախումներից և հասարակական ցնցումներից հետո՝ 1868 թվականին, սկիզբ առավ Մեյձիի վերականգնման դարաշրջանը: Այս ժամանակաշրջանում ծնունդ առավ «Վակոն Յոսայ» («Ճապոնական ոգի, արևմտյան տեխնոլոգիա») սկզբունքը, որը դարձավ երկրի արդիականացման ուղենիշը:

Այս նորարարական մոտեցումը հնարավորություն տվեց Ճապոնիային յուրացնելու արևմտյան առաջադեմ տեխնոլոգիաներն ու կառավարման համակարգերը՝ միաժամանակ պահպանելով ազգային-մշակութային ինքնությունը: Երկիրը որդեգրեց արևմտյան փորձի համակարգված ուսումնասիրման ռազմավարություն՝ երիտասարդ մասնագետներին ուղարկելով արտասահման և հրավիրելով օտարերկրյա խորհրդատուների: Ըստ ֆրանսիացի հայտնի պատմագետ Ֆեռնան Բրոդելի՝ այս քաղաքականության արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ Ճապոնիան արդեն ուներ զարգացած քաղաքային մշակույթ և կրթված վերնախավ, որը կարող էր յուրացնել և տեղայնացնել արևմտյան գիտելիքն ու տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է նշել, որ նորամուծությունների ընտրությունը կատարվում էր խիստ զգուշությամբ՝ հաշվի առնելով դրանց համատեղելիությունն ազգային մշակութային արժեհամակարգի հետ:

Ճապոնիայի այս պատմական փորձը վկայում է, որ քաղաքակրթական փոխակերպումը կարող է լինել ոչ թե պարզ մեխանիկական գործընթաց, այլ գիտակցված և ստեղծագործական ճանապարհ: Քաղաքակրթական կողմնորոշումը, այսպիսով, բարդ ու բազմաշերտ գործընթաց է, երբ հասարակությունները ձևավորում են իրենց տեղն ու դերը աշխարհագրական, սոցիալական, մշակութային և հոգևոր տարածության մեջ: Այն ենթադրում է խորը ինքնաճանաչում և գիտակցված ընտրություն՝ որոշակի արժեհամակարգի հետ ներդաշն համակեցության ուղին բռնելու համար:

Սակայն քաղաքակրթական ընտրության գործընթացն իրականում շատ ավելի բարդ է։ Այն չի սահմանափակվում միայն արտաքին մարտահրավերներին տրվող համադրական պատասխաններով (Առնոլդ Թոյնբի)։ Հաճախ այդ ընտրությունը մեծապես պայմանավորված է արտաքին ուժերի ուղղակի, նպատակային և համակարգված միջամտությամբ: Պատմությունը ցույց է տալիս, որ գաղութարար տերությունները, օգտվելով իրենց ռազմական, տեխնոլոգիական և տնտեսական գերակայությունից, հաճախ վճռորոշ դեր են խաղացել իրենց ենթակայության տակ գտնվող երկրների քաղաքակրթական ընտրության ձևավորման գործում:

Այս երևույթի առավել ուսանելի օրինակներ են Բրիտանական կայսրության և Ցարական Ռուսաստանի (հետո նաև Խորհրդային Միության) վարած գաղութային քաղաքականությունը: Չնայած այս երկու պետությունների գաղափարական և քաղաքական տարբերություններին, նրանք երկուսն էլ իրականացրել են համակարգված քաղաքականություն՝ իրենց ազդեցության ոլորտում գտնվող ազգերի կամ ժողովուրդների արժեհամակարգը, կենսակերպը և հասարակական կառույցն արմատապես վերափոխելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ ինչպես Բրիտանական կայսրության, այնպես էլ Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության կողմից տեղական հասարակություններին մշակութային, քաղաքական և տնտեսական կողմնորոշումներ պարտադրելը հաճախ առաջացրել է երկակի հետևանքներ։ Մի կողմից՝ դրանք նպաստել են տեխնոլոգիական և հաստատութային (ինստիտուցիոնալ) զարգացմանը, մյուս կողմից՝ հանգեցրել են տեղական ինքնության խաթարման և սոցիալական լարվածության աճի։

Այս հակասական գործընթացները վերածվել են խորը սոցիալական լարվածության, որը դրսևորվել է մշակութային երկատմամբ՝ արևմտականացված վերնախավի և ավանդական արժեքներին հավատարիմ լայն զանգվածների միջև։ Օրինակ, Խորհրդային տարածքում ձևավորվեց նոր՝ «խորհրդային մարդու» կերպարը, որը, հեռանալով իր ազգային արմատներից, միաժամանակ չկարողացավ լիովին ընդունել պարտադրված նոր արժեհամակարգը՝ հայտնվելով յուրատեսակ մշակութային «ոչ մի տեղում»։ 

Խորհրդային Միության փլուզումից հետո այս խորը ներքին հակասությունը բազմաթիվ հետխորհրդային հասարակություններում վերաճեց լուրջ ինքնության ճգնաժամի: Մի կողմից՝ այս հասարակությունները ձգտում էին վերագտնել իրենց ազգային արմատները և վերականգնել պատմական-մշակութային ինքնությունը, մյուս կողմից՝ նրանք արդեն կրում էին խորհրդային ժառանգության անջնջելի կնիքը: Այս երկվությունն արտահայտվում է կենսակերպի, արժեքային համակարգի, նույնիսկ լեզվական պրակտիկաների մակարդակում:

Հատկանշանակն է, որ մշակութային կամ քաղաքակարթական երկատման այս երևույթը ներկայումս վերածվել է նոր տեսակի գաղութային քաղաքականության արդյունավետ գործիքի: Այն հանդես է գալիս որպես վերահսկողության պահպանման միջոց նախկին գաղութացված տարածքների վրա՝ նույնիսկ ֆիզիկական ներկայության բացակայության պայմաններում։ Այս «նոր գաղութատիրությունը» հիմնված է մշակութային, լեզվական և տնտեսական կախվածության բարդ համակարգի վրա, որն իր արմատներն ունի գաղութային անցյալում և վերարտադրվում է նոր պայմաններում։ Մշակութային երկատման արդյունավետությունը որպես վերահսկման գործիք պայմանավորված է նրանով, որ այն ներգործում է հասարակության խորքային մակարդակների վրա՝ ձևավորելով մտածելակերպը, արժեհամակարգը և վարքի մոդելները։ Գործելով որպես «փափուկ ուժ»՝ այն հնարավորություն է տալիս նախկին գաղութարարներին պահպանելու իրենց ազդեցությունն առանց բացահայտ քաղաքական կամ ռազմական միջամտության անհրաժեշտության, ինչը հատկապես արդյունավետ է դառնում գլոբալացման պայմաններում:

Հայաստանը, որպես նախկին Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության մաս, անմիջականորեն ենթարկվել է մշակութային երկատման այս գործընթացներին։ Խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված սոցիալ-մշակութային երկատումը շարունակում է ազդել հասարակության վրա նաև անկախության շրջանում։ Այս իրավիճակում Հայաստանի առջև ծառացած է ոչ միայն նոր տեսակի գաղութային կախվածության հաղթահարման, այլև մշակութային ինքնության արդիականացման մարտահրավերը։ Այն պետք է հաշվի առնի ինչպես խորհրդային ժառանգության ազդեցությունը, այնպես էլ «փափուկ ուժի» միջոցով իրականացվող նոր գաղութային քաղաքականության մարտահրավերները։ 

Այս համատեքստում առանցքային է դառնում այնպիսի հավասարակշռված քաղաքականության մշակումը, որը կապահովի ինտեգրումը ժամանակակից գլոբալ աշխարհին՝ միաժամանակ նպաստելով ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։ Սա ենթադրում է ոչ միայն արտաքին ազդեցություններից պաշտպանվելու մեխանիզմների ստեղծում, այլև սեփական մշակութային և քաղաքակրթական ներուժի ակտիվ զարգացում և արդիականացում։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ քաղաքակրթական կողմնորոշումը չպետք է հիմնված լինի միայն արտաքին միջավայրի նկատմամբ հուզական վերաբերմունքի՝ համակրանքի կամ հակակրանքի վրա։ Երբ պատմականորեն մերժվում է գաղութային մի համակարգը, հաճախ առաջանում է այն վտանգը, որ այս մերժումը վերածվում է պարզապես մեկ գաղութարարին մյուսով փոխարինելու գործընթացի։ Սա կարող է խաթարել երկրի ինքնուրույն զարգացման հեռանկարները՝ ստեղծելով նոր կախվածության շրջանակներ, որոնք սահմանափակում են ազգային ինքնիշխանության և զարգացման ներուժը: Ավելին, այս գործընթացը հաճախ վերածվում է ինքնագաղութացման, երբ հասարակությունն ինքն է վերարտադրում գաղութային մտածելակերպն ու վարքագծերը՝ նույնիսկ անկախության պայմաններում:

Քաղաքակրթական ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե արտաքին ուժերի միջև «ավելի քիչ վնասակարին» կամ «ավելի մոտին» նախընտրելու պարզ որոշման վրա, այլ խորքային վերլուծության և ռազմավարական մոտեցման։ Դա նշանակում է նախ և առաջ գնահատել երկրի ներքին ներուժը՝ բնապահպանական, տնտեսական, գիտական, մշակութային և մարդկային ռեսուրսների տեսանկյունից։ Այն է՝ միջազգային հարաբերությունների կառուցման գործընթացում առանցքային պետք է դառնա ոչ միայն նոր գաղութացման հնարավորությունից խուսափելը, այլև սպառողական դերից դուրս գալը։ Երկիրը պետք է ձգտի դառնալ միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ՝ ունակ սեփական շահերի պաշտպանությանը և փոխշահավետ համագործակցության հաստատմանը։

Քաղաքակրթական ընտրությունը՝ որպես համապարփակ նախագիծ, պետք է միտված լինի երեք հիմնական նպատակների իրագործմանը՝ երկրի կայուն զարգացման ապահովմանը, ազգային ինքնության ամրապնդմանը և աշխարհում արժանի տեղի զբաղեցմանը։ Ընդ որում, ազգային ինքնության ամրապնդման հարցում վճռորոշ նշանակություն ունի այն խորքային ըմբռնումը, որ ազգային մշակույթի կենսունակությունը պայմանավորված է ապագաղութացման բուն պրակտիկայով, այլ ոչ թե դրա՝ որպես զուտ ակադեմիական զբաղմունքի ընկալմամբ (Ֆրանց Ֆանոն)։ Միայն այս համալիր մոտեցումը կարող է երաշխավորել երկարաժամկետ հաջողություն և զերծ մնալ նոր տիպի կախվածությունների ձևավորումից։

25 հունվարի, 2025

Please follow and like us: