«Մենք մի օր ուրիշ մոլորակում կհայտնվենք»,-ասում էր Նվարդը։ Նման պահերին նայում էի ու տխուր ժպտում։ «Ոչինչ չի հասկանում»,-մտածում էի ես ու դրանից ներսումս մի բան ծակում էր՝ սուր, ցավոտ․․․
– Պետք է հիվանդանոց տեղափոխել, այս վիճակով չի կարող այստեղ մնալ,- ասաց հոգեբուժարանի գլխավոր բժիշկը։
– Լա՛վ,- հազիվ արտաբերեցի ես։
Մնում էր կազմակերպել Նվարդի տեղափոխումը․ «Ամեն ինչ էլի իմ վրա մնաց»,-չէի կարող ինձանից վանել այս մտքերը։ Չնայած փորձում էի, չնայած գիտեի, որ գոնե ֆինանսական մասով Լուսինեն մենակ չէր թողնի, հակառակը։ Բայց մեկ է՝ նման պահերին Լուսինեի դեմ չարանում էի․ «Գիտի , թե միայն փող ուղարկելով է»։ Հա՛, տեղս չէի գտնում։
Երբ Նվարդին շտապօգնության մեքենայով տեղափոխում էինք հիվանդանոց, ես էլ բարձրացա շտապօգնության մեքենան։
– Մաման մանկապարտեզից ե՞րբ գուկա,-Նվարդն էր։
Նայում էի, լսում էի ու խղճում էի։ Մտքերով ու՞ր էր գնացել, ի՞նչ իրականության մեջ էր։ «Մաման վաղուց է, ինչ չկա, Նվա՛րդ»,- ուզեցա ասել, բայց մի տեսակ հասկացա, ավելի ճիշտ՝ ընդունեցի, վերջապե՜ս, որ անիմաստ էր Նվարդին հակառակը ասել, իրականությունը ասել․․․ Մնում էր միայն բարձրաձայն պատասխանել․
– Գուկա, Նվա՛րդ ջան։
– Հա՜,- ծոր տվեց Նվարդն ու դրանից կարծես հանգստացավ, հանդարտվեց։
– Հա՛,- հաստատեցի ես,- հանգիստ պառկիր, հանգի՛ստ։
– Բա ու՞ր կերթանք,- այնուամենայնիվ, չէր հանգստանում Նվարդը։
Զարմացա, որ նման հարց տվեց։ Ուզում էի ասել՝ թե բա հիվանդանոց, քեզ վիրահատելու են և այլն, բայց․․․
– Տու՛ն,- պատասխանեցի։
– Տուն, հա՞,- ուրախացավ Նվարդը։
– Հա՛, Նվարդ ջան, տո՛ւն,- տխուր, բայց վստահ տոնով հաստատեցի ես։
***
«Լենագանի շուկա» էին ասում։ Հիշում եմ՝ մեր տանը մոտ էր ու միշտ մարդաշատ էր։ Մենք էլ մի մատ էրեխեք՝ ես, Նվարդն ու Լուսինեն, օր չկար, որ այնտեղ չգնայինք ու առևտուր չանեինք։ Մերս դրա համար մեզ միշտ փող էր տալիս․․․
Ամբողջ օրը համարյա առանց ծնողների էինք։ Մերս մանկապարտեզում էր աշխատում, հերս՝ գործարանում։ Մենք էլ․․․ ի՞նչ ։ Երեք նույն տարիքի առաջին դասարանցի աղջիկներ էինք, որոնք անբաժան էին․․․
– Երբ դուք ծնվեցիք, սաղ սովետը ձեզնից էր խոսում՝ թե բա եռյակ աղջիկներ են ծնվել՝ թմբլիկ ու առողջ,- ասում էր մերս, ասում ու ժպտում էր։
Մերս հպարտանում էր, գիտեմ, միայն թե հերս չէր կիսում նրա հպարտությունը․ հերիք չի՝ տղա չէինք ծնվել, հետն էլ՝ երեք աղջիկներ։ «Արոյի ուշքը գնացել ու մինչև հիմա ուշքի չի գալիս»,- շատերը նման արտահայտություններ էին թույլ տալիս, ինչը հորս, բնականաբար, դուր չէր գալիս, ավելին, այդ խոսքերը խոցում էին նրան, ու մուռը մեզնից էր հանում։ Իսկ հոգատարություն, սեր երբեք մեր նկատմամբ չէր ցուցաբերում, հակառակը՝ անտեղի կարող էր բարկանալ և նույնիսկ խփել։ Առաջին անգամ, որ խփեց, վատ զգաց՝ զգացինք։ Իսկ հետո սովորություն դարձավ, բնավորության նման մի բան։ Դրանից մերս էր շատ նեղվում։ Հերս երբեք նրան խփած չկար ու երբեք չէր էլ խփի, բայց մեզ էր խփում՝ երեք աղջիկներիս։ Մորս դա կրկնակի էր ցավեցնում։ Հենց մորս էլ ուզում էր, որ ցավեցներ։ Ցավեցնում էր, գիտեր։ Դա էլ կարծես թե քիչ էր, շուտով պարզ դարձավ, որ մերս «մնացել էր»։ Մի մատ էրեխեք էինք, շատ պետք է հասկանայինք, թե ինչ էր նշանակում՝ թե բա «մնացել է»։ Բայց այդ լուրը հորս ավելի չարացրեց։ Տեղը չէր գտնում։ Երևի մտածում էր՝ բա որ նորից աղջիկ ծնվի կամ ավելի վատ՝ էլի եռյակ լինեն։ Եվ մի օր չդիմացավ․
– Էլ աղջիկ չբերես,- ասաց ու խեթ-խեթ նայեց մորս։
Երանի՜ ամեն ինչ ուղղակի ասելով ու փոխելով լիներ։ Մերս լուռ նայեց (հիշում եմ՝ հացի էինք նստած), գդալը դրեց ճաշի ափսեի մեջ ու թուքը կուլ տվեց։ Այդ օրը էլ բան չկերավ։ Սոված քնեց։ Հղի կին էր ու սոված քնեց։ Հուսամ, որ դա հերս հետո միշտ հիշել ու ինքն իրեն դա չի ներել։
Մերս միշտ էր լռում։ Հորս ամեն մի չար խոսքին լռությամբ էր պատասխանում։ Բայց հենց լռությունն այնքան բան էր մատնում։ Ցավը զգում էի, ավելի ճիշտ՝ երեքս էինք զգում։ Նման պահերին ուզում էինք գնալ ու փարվել մորս, գրկել, մխիթարել, ասել, որ հասկանում ենք, չնայած փոքր ենք․․․ ասել, որ գիտենք, զգում ենք, թե ինչ է զգում և որ ամենակարևորն էր՝ մենք քեզ հետ ենք, մա՛մ։ Հա՛, ուզում էինք մորս մխիթարել, բայց ոչ որպես աղջիկներ, այլ այնպես, ինչպես կինը կնոջը կմխիթարեր․ կինը կնոջը զգում է, ու դա բնությունից է տրված։ Դա անբացատրելի, չբացահայտված ու նույնիսկ անտեսանելի կապ է։ Իսկ այդ կապը տեսակի, տվյալ սեռի ուժի մասին է։
Ինչքան մորս հղիությունը մեծանում էր, հորս կոպտության աստիճանն էլ էր մեծանում։ Մայրս ու մենք գնալով ավելի լարված էինք դարձել, կարծես նախազգում էինք մի վատ բան՝ անխուսափելի, կործանարար ու․․․ չգիտեմ էլ, բայց վախ կար մթնոլորտում, ամեն տեղ, մենք դա զգում էինք։
Երկրաշարժի օրը երեք քույրերով դպրոցում էինք։ Այնքան արագ ամեն ինչ կատարվեց, որ թվում էր, թե հիշողությունիցս որոշ դրվագներ նույնիսկ ջնջվել էին։ Բայց հստակ հիշում եմ ընկեր Ղազարյանի ձայնը, տոնը, մեզ դուրս բերելը․․․ Առաջին հարկում էինք, բայց հիմա եմ հասկանում, որ եթե ընկեր Ղազարյանի կազմակերպված գործողությունները չլինեին, մենք չէինք փրկվի․ առաջին հարկից շատերը չփրկվեցին։
– Առանց ինձ՝ ոչ մի քայլ,- հրամայեց ընկեր Ղազարյանն ու մեզ հավաքեց քանդված դպրոցից ոչ շատ հեռու, բայց համենայնդեպս՝ ավելի ապահով տեղ։ Իսկ մեր շուրջը փլատակներ էին․ Լենինականը ավիրվել էր։
– Արշա՜կ․․․
– Անի՜․․․
– Սուրի՜կ․․․
Տարբեր կողմերից լսվում էին հուսահատ ծնողների ձայները։ Մեր անուններն էին, որ չէին լսվում․․․
Մեր դասարանցիների հետևից եկան։ Ի վերջո, մեր դասարանից մնացինք մենք ու ընկեր Ղազարյանը։ Մեզ մենակ չթողեց, չնայած ինքն էլ իրեն գո՞ւցե սպասող ուներ, ունե՛ր։
Նվարդն անընդհատ լաց էր լինում։
– Նվարդ ջան, ձերոնք էլ կգան, մի՛ լացի,- փորձում էր հանգստացնել ընկեր Ղազարյանը։
Իսկ ես ու Լուսինեն պապանձվել էինք, սեղմվել իրար ու մի կետի էինք նայում․․․ արդեն չգիտեմ էլ։ Ինձ թվում է, որ շատ բաներ հիշողություններիցս ջնջվել էր, հա՛, հենց ջնջվել, որ երևի ցավը շատ չգիտակցեինք, չզգայինք։ Երևի նման ցավերի ժամանակ բնությունը՝ մեզ կյանք տված ու կոդավորած, մեր կողմից է․ մեր ինքնապաշտպանական բնազդն աշխատում էր շատ ավելի ուժեղ, քան անգամ մեր զգայարանները։ Անգամ ցուրտը չէինք զգում, չէ՛, չէինք զգում։ Բթացել էինք, որ չզգայինք, բթացել էինք, որ չընկալեինք, բթացել էինք, որ․․․Դա ցավը չզգալու մարդու մեծ դիմադրողականությունն է։
Արդեն մութ էր։ Իրար սեղմված դեռ նստած էինք։ Նվարդն էլ էր լռել, բթացել։ Լաց էլ չէր լինում։
– Աննա՜․․․ Աննա՜․․․- մթության մեջ արձագանքվեց մեկի ձայնն, որը կարծես սթափեցնող ներգործություն ունեցավ բոլորիս վրա։
Ընկեր Ղազարյանի անունն էր։ Մի պահ երևի չընկալեց էլ, հետո գլուխը վեր ձգեց ու լարեց լսողությունը։ Բայց ձայն չհանեց, չպատասխանեց․ պապանձվել էր, հանձնվել։ Գոռացողը ինքը մոտեցավ։ Սկզբում ոնց որ ուրվական լիներ՝ վախեցած, շփոթված, հետո հասակը ավելի մոտ ու հստակ երևաց։ Ընկեր Ղազարյանի ամուսինն էր։
Մեզ կարծես չնկատեց։ Միանգամից բռնեց կնոջ ուսերը․
– Աննա՛, Աննա՛, – փորձում էր սթափեցնել։
Ընկեր Ղազարյանը տարօրինակ հայացքով նայեց նրան ու էլի ձայն չէր հանում։
– Գոռը ու՞ր է, Աննա՛։
«Գոռ» անունից ընկեր Ղազարյանի դեմքի արտահայտությունը փոխվեց․․․ ամեն ինչ փոխվեց ներսում։
– Քո դիմացի դասարանում էր էրեխեն, չես հանե՞լ, չես գտել, հը՞, Աննա՛,- չէր հանգստանում տղամարդը։
Մինչ այդ, երբ թվում էր, թե բոլորիս պահը կուլ էր տվել, բթացրել ու անզգայացրել, հանկարծ սարսափով երևի բոլորս միանգամից սթափվեցինք․ իրականությունից էլ փախչել չէր լինի։ Մարդու ինքնապաշտպանական բնազդը, ի վերջո, պարտվում է, պարտվում է իրականության առաջ, պարտվում է, որ իրականում չգժվենք ու ընդունենք իրականությունը, որովհետև հակառակ դեպքում, ի վերջո, շարունակությունը խելագարությունն էր։ Ցավը պետք է զգաս, անցկացնես միջովդ․ դա է առողջը։
Ընկեր Ղազարյանի ճիչը ճեղքեց ու արձագանքվեց ամեն անկյունում, տարածվեց փլատակների վրա ու միախառնվեց մյուսների ճիչերի հետ։ Ամուսնու համար էլ նրա ճիչն էր սթափեցնող։ Հարցեր էլ չտվեց։ Գրկեց ընկեր Ղազարյանին ու բարձր ձայնով սկսեց հեկեկալ։ Իսկ ընկեր Ղազարյանի ճիչը շարունակում էր տարածվել ու ավելի սուր դառնալ․․․ Մենք երևի բոլորս այդ պահին նույն անունն էինք կրում՝ անկախ մեր անունից ու պատմությունից․ բոլորիս կյանքում անխուսափելին էր եղել, մենք կանգնած էինք մի իրականության մեջ, երբ բոլորս ցավ ունեինք․ մենք մեկս մյուսի անունն էինք կրում կամ մեկի անունը բոլորինս էր։
Մինչև հիմա չեմ հիշում, թե հերս մեզ ոնց գտավ, բայց հիշում եմ համբույրներն ու արցունքները։ Երջանիկ էր, որ գտել էր մեզ, երջանիկ էր, որ ուներ մեզ, երջանիկ էր, որ հենց մենք՝ երեք աղջիկներս էինք իր զավակները, երջանիկ էր․․․ Վերջապե՜ս հասկացել էր մեր արժեքը կամ դադարեց ձևացնել, թե չի սիրում։ Այդ օրվանից մեզ էլ երբեք չխփեց։ Ափսոս, որ դա մերս այդպես էլ չտեսավ։ Մորս այլևս չտեսանք։
***
Հիվանդանոցում էինք արդեն, երբ զանգեցի Լուսինեին։ Նվարդին շտապ վիրահատել էր պետք։
– Մեր մոտ հրդեհներ են, Ծո՛վ,- ձայնը հազիվ էր լսվում, կապերը լավ չէին,- վաղը, դե այսօր էլ չի լինի, գումարը կուղարկեմ, գումարի պահով չմտածես,- ասաց Լուսինեն։
«Միշտ էլ դա ես ասում, էլի»,- մտածեցի ես, բայց ոչ թե շնորհակալությունից դրդված, այլ բարկությունից։ Բայց մեկ-մեկ ուղղակի ուզում էի գոռալով ասել՝ «Քեզ ի՞նչ կա։ Լոսում առոք-փառոք էրեխեքիդ հետ ապրում ես ու գիտես, թե բա միայն գումարն է հարցը․․․ արի՛, մի քիչ էլ դու Նվարդին տիրություն արա․․․ Միայն ես եմ, որ իմ ցավը թողած, ընկել ու Նվարդով եմ զբաղվում»։ Սիրտս նման պահերին արագ էր զարկում, ականջներումս ուժեղացող խշշոցից հասկանում էի, որ ճնշումս գնալով բարձրանում էր․ որդուս էի հիշում, գնաց ու չեկավ։ Արշակս 44-օրյա պատերազմի անհետ կորածներից է։ Կգա՛ մի օր, պե՛տք է գա ․․․ Քանի ապրում էի՝ սպասելու էի։ Եթե դադարեի սպասել, այլևս չէի ապրելու։
Գիշերը Նվարդի ցավերն ուժեղացան։ Գնացի, որ բուժքույր գտնեի։ Թվում էր՝ բոլորն անհետացել էին։ Ի վերջո, մի կիսաբաց դռնից տեսա, որ նստած սուրճ էին խմում։ Մի տեսակ վատ զգացի, որ խանգարում էի, բայց տարբերակ չկար։ Նվարդը ցավերից գոռում էր։
– Կներեք․․․- ծոր տալով՝ կիսաբաց դուռը զգույշ բացեցի։
– Խնդրում ենք՝ դուռը փակե՛ք։ Համ էլ՝ չե՞ք տեսնում, որ զբաղված ենք․․․- միանգամից կոպտեց քույրերից մեկը։ Ինձ թվաց, թե մեկը ինձ ուժեղ ապտակեց․ հա՛, բառերը, տոնայնությունը շատ ավելին կարող են ցավեցնել։
Դժկամությամբ, բայց, ի վերջո, եկան ու հանգստացնող սրսկեցին Նվարդին։ Բայց գիշերը նորից Նվարդի ցավերը բռնեցին։ Այս անգամ արագ կողմնորոշվեցի․ մի տոպրակի մեջ մրգեր ու քաղցրավենիք հավաքեցի, որ․․․
– Բուժքույրերին պետք է լավ նայել․․․ գումար էլ պետք է տաս,- կողքի հիվանդներից էր։
«Գումար, հա՞, ի՞նչ գումար․ չէ՞ որ պետական մուծում պետք է անեինք, որը քիչ չէր լինելու»։ Ներսումս մի բան սեղմվեց։ Ցավեց։ Բայց ամեն անգամ, երբ ցավերից հետո Նվարդը հանգստանում ու քնում էր, այնքան էի թեթևանում, այնքան էի ուրախանում։ Նման պահերին անսահման սիրով էի լցվում քրոջս նկատմամբ։ Ուզում էի փրկել նրան, պաշտպանել․․․ չգիտեմ։ «Մեղա՜յ Աստծո, ի՜նչ նման են»,- երբ երեքս դեռ փոքր էինք, այս նախադասությունը շատ էինք լսում։ Սովորել էինք։ Իսկ հիմա՞։ Ինչ-որ տարիքից փոխվեցինք, չնայած նրան, որ բնությունը մեզ նույն դիմագծերն էր շնորհել․ մեկը ընտրեց շիկահեր լինելը, մյուսը՝ չգիտեմ ինչ․․․ Ի վերջո, ժամանակը մեր նույն դիմագծերին տարբեր կնճիռներ շնորհեց․ մեր կնճիռները նույնը չէին ու դա էր մեզ բաժանողն ու էլ իրար նման չդարձնողը։ «Մեր միջի ջահելը Լուսինեն մնաց»,- հանկարծ մտածեցի ես ու նորից չարացա։ Հա՛, Լուսինեի դեմ նորից չարացա։
***
Լուսինեն անհասանելի դարձավ։ Լուրերից հասկացա, որ Լոսի կրակը նրանց տներին էլ էր արդեն հասել։ Անհանգստացա, ավելին՝ վախեցա։ «Լուսոյիս բան եղած չլինի»,- շատ անհանգիստ էի։ Մյուս կողմից էլ՝ Նվարդի վիրահատության հարցը կար։ Պետք էր շտապ գումարի հարց լուծել․ «Ոսկեղենս քիչ չի, գրավ կդնեմ»,- մտածեցի ես ու արագ քայլերս ուղղեցի կանգառ։ Տեղս չէի գտնում։ Կանգառում գնում-գալիս էի։ Անհանգիստ էի , իսկ անհանգստությունս ավելի էր սրում ուշացող երթուղայինը։ Դրանից նյարդերս ավելի ձգվեցին․ ականջներումս խշշոցն ուժեղանում էր․ճնշումս բարձրանում էր։ Վերջապե՜ս։ Երթուղայինս եկավ։ Բարձրացա։ Հանեցի 100 դրամ։ «Մետաղադրամ չի ընդունում»,- կարդացի սարքի վրա։ Ջղայնացա։ Բայց արագ կողմնորոշվեցի։ Դրեցի դրամս ու առաջ գնացի։
Վարորդը սկսեց ինչ-որ բաներ ասել։ Չէի էլ լսում։ Բայց հանկարծ հիշեցի, որ կարդացել էի, որ նոր սակագներ և այլն։
– Հարյուր դրամ եմ միշտ վճարելու,- տեղից հանկարծ գոռացի ես։
Վարորդը չէր սպասո՞ւմ, թե՞ արդեն սովոր էր, չգիտեմ, բայց լռեց։
Թերթեցի լուրերը։ Լոսի կրակը չէր դադարում։ «Նվարդի վիրահատության հարցը պետք է լուծել»,- մտածեցի ես ու շարֆս հանեցի վզիցս։ Անտանելի շոգ զգացի․․․ խեղդող ու տհաճ։ Խեղդվում էի։ «Բոլորս ենք կրակների մեջ»,- մտածեցի ես։
Իսկ կրակը ամենուր էր։ Ե՞րբ կմարի։