Ռուբեն Ներսիսյան/երկուսիս համար

*

ես ուզում եմ վերադրվեն երկինքն ու հողը
ես ուզում եմ արեւը գիշերը ելնի
ես ուզում եմ ջրերը հոսեն հակառակ 
ես ուզում եմ միշտ քամին հյուսիս փչի 
ես ուզում եմ աշխարհը քառակուսի չլինի 
ես ուզում եմ 
չթրջվեմ գարնանը
չտվայտվեմ աշնանը 
չմրսեմ ձմռանը
չշոգեմ ամռանը 
ես ուզում եմ օրը ուրիշ լինի․
ես ուզում եմ քնեմ դոշս սեղմած մեջքիդ
ձեռքերով բռնած ազդրերդ 
ու չլինի ցանկություն սեքսի 
ես ուզում եմ քեզ տեսնել աչքերս փակ 
եւ ուզում եմ որ լինես տնավարի
կենցաղային իրականության հետ ձուլված, ջանիկս
ես ուզում եմ քեզ համար լինել աննորմալ 
բայց գրողը տանի գրողի տարածիս
չափից դուրս անտաղանդ եմ դրա համար։

երկուսիս համար 

անձրեւից հետո մայթերը բաժանող առվակները
հատվում են մի կետում 
եւ այդ կետն է բաժանարարը իմ ու քո արանքում 
իմ ու քո արանքում բառերն են թափառում 
եւ բանաստեղծություն գրելը ամենամեծ տխմարությունն է
որ կատարվում է թքած ունենալով մեզ վրա 
եւ ձգում մեր ոտնահետքերը կովալենտ բեւեռային կապով
ծառերի 
աղբամանների 
խունջիկ-մունջիկ փիսոների 
լացող մեքենաների 
բակային ճիչերի 
եւ այլնի արանքում 
որոնք մասնատում են մեր դեռ չկատարված համբույրը 
գրկախառնությունները դուրեկան
երջանկության արցունքները քո այտերին
ժպիտը խոլերիկ երեւույթիս երեսին 
հարմար է սովորել հարմար լինելը անձրեւից հետո
երկուսիս համար
եւ հրաշքի։

*

եւ ես մոտենում եմ քեզ մլարի մեջ 
եւ դու հեռանում ես ոնց ձմռան մեջ ձյունն է հալչում 
եւ տարակուսանքի մեջ մենք իրար գտնում ենք
գրելու համար մի քանի ախմախ բանաստեղծություն 
որ կկատարվի մեր մարմիններին 
անմեկնելի հայտնությամբ 
երբ ոտքերիդ կդնեմ գլուխս 
եւ կշոյես այն —
երազի մեջ։
հաստատ։
որպես ձայն վրա դրվող ոտնահետք։

*

Ձյունը մաղում է։ Անկանգ։ Անկշիռ։ Փոշու պես թեթեւ։ 
Ծածկելով մեր մեղքերը` ծանր։ 
Փակվում է բերանը փողոցի։ Վերջապես։ 
Լռության մեջ սպասումը երազի – 
Սատկած։ Անտարբեր։ Քոսոտ։ 
Գրվելիք բանաստեղծությունը այս ամենի մասին –
Անիմաստ։ Չեզոք։
Ձյան հալչելու հետ` մեր հայացքը –
Նամռոտ։ Անկշիռ մարմիններս` ձգած։
Կատարվելիք բաղձալի օրգազմը։ 
Սպասումը փողոցի` հաջորդ ձմռանը։

*

ախ, էս գիշերները երկարող 
սպասումը կես բաժակ սուրճի կամ թեյի մեջ (կիտրոնով, թթու)
թափ առնելու ու քեզ թափ տալու կիսատ որոշումները —
դեպի մահճակալ հասնելու անկարողություն 
թկթկացող նոթբուք 
քայլք մատների վրա
կեսգիշերային անջատում 
ես` օդերի մեջ
ես` օդերի մեջ 
ես` օդերի մեջ
դու դրանից դուրս —
մարմնով անցնող սարսուռ
հետո հռհռոց
որպես փոխհատուցում այն բանի, որ չկաս
չես լինելու
հ.գ. չկա հակառակ էֆեկտը, սիրելիս։

*

սեր իմ
սեր իմ
սեր
մ
ի’
թույլ տուր կոտրվել 
եւ լինել թուլամորթ քո գլխավերեւում 
ուղղակի 
մնա
մշտնջենական պատ 
իմ եւ իմ միջեւ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *