– Փառիկ քուրի՜կ, ա՛յ Փառիկ քուրիկ, մաման կըսե՝ արի,- Փառիկի մտքի թելը կտրեց հարևանուհու տղայի ձայնը։
– Ըսա՝ հըմի գուքա, բալես,- պատասխանեց կինն ու ձեռքի հելյունը գրեթե ավարտուն գործվածքի հետ դրեց կողքի։
Փառիկը քառասուն տարեկան կին է, ինչպես ասում է մայրը՝ դիպլոմով մանկավարժ, որի ամուսինը միշտ դեմ էր կնոջ աշխատելուն, և նա այդպես էլ իր մանագիտությամբ աշխատելու հնարավորություն չէր ստացել, բայց գտել էր իր հոգու ցավերը փարատելու տարբերակը․ հելյունագործությամբ էր զբաղվում։ Կնոջ գործած սփռոցներն ասես անձեռակերտ լինեին, սիրուն-սիրուն նախշերից ամեն մեկը երևի ինչ-որ երազանքի մարմնացում էր՝ եթերային, հեքիաթային, անվերծանելի․․․
Կյանքը վատ չէր դասավորվել, համերշխ ու բարեկեցիկ ընտանիք ուներ, նվիրված ամուսին, ինչպես սիրում էր ասել՝ «լըսի կտոր երեխեք»։ Էս կյանքում իրեն էլ ոչինչ պետք չէր։ Միայն աղոթում էր, որ պատերազմ չլինի, և ձմռանն էլ ձյուն չգա։ Համագյուղացիների սիրելի Փառիկը խաղաղ ապրում էր իր կյանքը։ Ճանաչողները գիտեին, որ նա ատելով ատում է ձյունը, ոչ ոք չէր հասկանում, թե ռոմանտիկ, կարդացած կինն ինչու հաշտ չէ բնության այդ երևույթի հետ։
Ամուսնուց երկար ժամանակ ու ջանքեր պահանջվեցին, մինչև կարողացավ օգնել կնոջը՝ ինչ-որ չափով հաղթահարելու ձյան հանդեպ ունեցած «արգահատելի վերաբերմունքը»։
Երբ ձյուն էր լինում, կինը տնից դուրս չէր գալիս, և միշտ նույն տեսարանը հիշողության խորքերից ելնում էր լամպում բանտարկված ջինի պես ու մնում աչքի առաջ․ ձմեռ է, երկաթե, ժանգոտ վառարանի մոտ հինգ երեխա են կուչ եկել, փոքրիկ ձագարից կաթ-կաթ նավթ է թափվում, վառարանը մլմլում է՝ հազիվ հասցնելով գոլացնել ինքն իրեն, մայրը տուն է մտնում՝ հացի հերթում ժամերով կանգնելուց սառած, մի բուռ դառած, հանում է հնամաշ ճտքավոր կոշիկները (ճաքած տակացուներից ներսը խոնավանում է, ու կինը ստիպված դրանք դնում է վառարանի տակ՝ մինչև տնից մյուս դուրս գալը մի կերպ չորանալու), և Փառիկը տեսնում է գուլպաների վրայից մոր ոտքերը գրկող պոլիէթիլենային տոպրակները։
– Մամ, էդ ընչի՞ ես տոպրակները հագել ոտներիդ,- ամեն օր նույն հարցը տալիս է զարմացած ու նույն պատասխանը ստանում։
– Բալես, գիրքդ կարդա,- պատասխանում է մայրը՝ հայացքը փախցնելով։
Փառիկը ութ տարեկան երեխա է, շատ բան չի հասկանում։ Շարունակում է սերտել դասերը, բայց մտքին դրել է՝ մի օր անպայման պիտի փորձի, որ հասկանա, որովհետև տատն ասում է՝ մինչև չհագնիս մարդու կոշիկն ու չանցնիս իրա անցած ճամփեն, բալա ջան, չես կրնա լիարժեք հասկնաս էդ մարդուն։
Երկու օր անց Փառիկին հրավիրեցին ծննդյան տոնի։ Կեսօրին ուրախ-զվարթ հագավ ունեցած ամենասիրուն զգեստը, մազերին ժապավեն կապեց, տատի մարգարտե վզնոցը թևին փաթաթեց ու պատրաստվեց դասընկերուհուն հյուր գնալ։
երեխաները հասան հոբելյարի տուն, հանեցին ձնոտ կոշիկները, վերարկուները մի կերպ կախեցին միջանցքի կախիչից ու վազեցին հյուրասենյակ, որտեղ սպասում էր տոնական զարդարված սեղանը։
Փառիկն էլ հանեց վերարկուն, կոշիկները, և այն է՝ ուզում էր թափանցիկ տոպրակներն էլ հանել ոտքերից, երբ ընկերները նկատեցին, աղմուկով հավաքվեցին շուրջն ու սկսեցին ծիծաղել։
Աղջիկն էլ սկզբում ծիծաղեց, բայց վայրկյաններ անց աչքերը լցվեցին, գլուխը սկսեց պտտվել, վերարկուն ու կոշիկները վերցրեց ու փախավ դուրս, տոպրակները ոտքերին վազելն ամենևին էլ հեշտ չէր փաստորեն, մի քանի անգամ սայթաքեց, այդպես ձնակոլոլ հասավ տուն։
Մայրը բակում լվացք էր փռում, զարմացած վազեց աղջկա հետևից․
– Փառանձեմ ջան, ի՞նչ է եղել, էս ընչի՞ ըսպես շուտ եկար, այ աղջիկ, ընչի՞ ես բոբիկ․․․
Փառանձեմը գլուխը խցկել էր բարձերի արանքն ու հեկեկում էր։ Մայրը գոգնոցով սրբեց թաց ձեռքերն ու նստեց բազմոցին։
– Վայ տնաշենի աղջիկ, քա էս ընչի՞ ես ցելաֆոնները քաշե ոտներիդ, վայ քու տունը շինվի,- լացն ու ծիծաղը իրար խառնած՝ բացականչեց մայրը։
– Մամ, ես կուզեի հասկընայի, թե դու ընչի ըդպես կենես,- մի կերպ պատասխանեց աղջնակը,- տատը ըսել է՝ մարդուն հասկընալու համար իրա անցած ճամփեն իրա կոշիկով պտի անցնիս։
– Վայ, իմ անուշ բալես, ախր դու հլը շատ փոքր ես էդ ամեն ինչի համար, աստված չենե, որ դու ստիպված էղնիս ընձի պես ապրելու․․․
– Ես չեմ սիրե ձունը, չեմ ուզե՝ ձուն գա, թող ձուն չգա, – հանկարծ վեր թռավ տեղից ու կանգնեց հայելու առաջ։
– Ցավդ տանիմ, էդ բնության օրենք է, իմ ու քո ձեռքն ինչ կա, ձմեռ է՝ ձյուն պիտի գա։
– Դե ուրեմն, -ասաց աչքերը սրբելով,- մամա, ես որոշեցի, մենձընամ՝ ձմեռ պապ կդառնամ։
– Վայ,- մի կերպ արտասանեց մայրն ու սկսեց ծիծաղել, – գոնե ձյունանուշ, այ աղջիկ ջան։
– Չէ, մամ, արդեն հաստատ որոշել եմ․ ես ձմեռ պապ կուզեմ դառնամ, որ աշխարհում ինչքան մարդ կա՝ կոշիկ չունի, բոլորին կոշիկ նվիրեմ, ձմեռվա տաք, լավ կոշիկ, որ ջուր չի քաշե, ու պետք չէ վառարանի մոտ չորցնել։ Մամ, ես․․․ես անպայման պտի ձմեռ պապ դառնամ։
-Լավ, թող քու սրտով էղնի,- ծիծաղեց մայրը, – անպայման, անպայման․․․
Այսպես տարիներն անցան, տարիներ, որոնց հեռվից անարդարության դառնությունը երբեք ոչնչով չփարատվեց․ Արցախյան առաջին պատերազմը տարել էր Փառիկի հայրիկին, մայրը մնացել էր երեխաների ու հիվանդ սկեսուրի հետ մեն-մենակ։ Սակայն օրերի հերթափոխը ո՞վ կարող է արգելակել, մթնեցին ու լուսացան, շարվեշար անցան՝ դառնալով տարիներ․․․ Կյանքը շարունակվեց, քույր- եղբայրներով մորը թևութիկունք եղան, ապրեցին։ Մեծացան, ամեն մեկն իր տեղը գտավ։ Ինքն էլ համալսարան ավարտեց, հետո ամուսնացավ, զավակներ ունեցավ, կյանքն էլի շարունակվեց։
Իր բարի, հազար ցավ ու զրկանք տեսած մայրը հիմա մեծ եղբոր հետ ապրում է նույն տանը, բայց տունն էլ առաջվա պես խոնավ ու անշուք չէ․ սարի պես ախպերներ ունի, հայրական տունը սարքել են պալատ, մայրն էլ թոռներով է ուրախանում։ Երբ հավաքվում են բոլորով, ամեն անգամ հիշում են Փառիկի այդ արկածն ու մի կուշտ ծիծաղում։ Բայց կնոջ կյանքում վատ երազի պես դեռ շարունակվում է մնալ պատերազմի դառնությունը, այն բոլոր զրկանքները, որոնց միջով անցան իրենք տասնամյակներ առաջ, այսօր էլ շարունակվում է։ Երկրում մի անկյուն չի մնացել, ուր պատերազմի աղետը մտած չլինի։ Փառիկի սիրտը կծկվում է, երբ իմանում է՝ ինչ-որ տեղ երեխա կա, որը ձմռան շեմին տաք կոշիկ չունի․․․
– Քա, աղջի ջան, ճամփեքը փա՞կ էր, թե՞ տոմս չկար,- ծիծաղեց հարևանուհին, երբ Փառիկը դուռը բացեց ու վերջապես ներս մտավ,- սառավ էս անտերը, դու նստի, ես էրթամ նորից տաքցնեմ։
– Լա՛վ է, լավ, ա՛յ քուր,- պատասխանեց Փառիկը,- հավես չունեի, ինչ ճիշտն է՝ ճիշտը․․․ էս ձունն էլ մե կողմից, հեչ սրտովս չէ։
-Փառո, արի կեղնի՝ հոգեբանի մոտ գնա, հա՞, ցավդ տանիմ, կարող է կրնանա օգնե քեզի, էդ բեռը հոգուցդ վար իջցնես, հանգիստ ապրիս։
– Լուսին ջան, եսիմ է, խելքս չի կտրե, թե էդ բաներն օգնեն, սիրտս էն գլխեն է լցված․ ըդոր համար պտի պատերազմ չէղնիր, պապան չերթար զոհվիր, մերս չմնար մենակ՝ հինգ երեխու հետ,- հառաչեց,- չիդեմ, է․․․
– Ցավդ տանիմ, կհասկընամ, դժվար բան է,- մխիթարեց Լուսինը։
Սրճեփի պարունակությունը թշշալով դատարկվեց բաժակի մեջ:
-Պրծա՞ր էս նոր պատվերը,- հարցրեց՝ շոկոլադի սալիկը Փառիկի ափսեի մեջ դնելով։
-Հա, յոթ հատ էր, հաշվեցի՝ ութ զույգ տաք կոշիկ կրնամ առնիմ էս ամիս,- պատասխանեց Փառիկը։
– Մեռնիմ ձմեռ պապ ջանիդ, բարության ծով,- ոգևորվեց Լուսինը,- նպաստը ստանամ՝ քիչմ ես էլ քեզի ձեռ բռնեմ, թող երեխեքը տաք-տաք հագնին։ Համ էլ, Փառո աղջիկ, ընչի ես ի՞նչ վատ Ձմեռ պապ կեղնիմ որ։
-Ցավդ տանիմ, էս աշխարհում ամեն մեկն էլ իրա չափով, իրա սրտի կամեցածով կրնա ձմեռ պապ էղնի, տատս կըսեր՝ Աստված տվողին կուտա․․․Եսիմ, չեմ կրնա հանգիստ քնիմ, կհասկընաս, որ կհիշեմ մեր ապրածը ու կտեսնիմ՝ զրկանքով ու հասարակ բաների երազանքով ապրող ինչքան երեխեք կան, սիրտս կճաքի։ Մարդ իրա անցյալը չպիտի մոռանա, Լուս ջան։ Տատս ամենակարևոր դասը տվել է ընձի․ մենակ քու սեփական մաշկիդ վրա զգալով կրնաս դեմինիդ ցավը հասկնաս․․․ Գիտես, չէ, էն ժամանակ ես ամենաշատը կերազեի, որ ձմեռները ձյուն չգա, բայց մաման կըսեր՝ բնության օրենք է, բաներ կան, որոնց դեմ մարդն անզոր է․․․ Միամիտ երեխա էինք, Լուս, կխնդայինք մեր միամիտ երազանքների վրա, բայց ինչքան տարիները հեռացնում են մեզ մեր մանկությունից, էնքան ավելի պարզ է լինում, որ բաներ կան՝ հենց էնպես չեն տեղի ունենում մեր կյանքում։ Որոշումներ կան՝ օդ ու ջրի պես օգնում են, որ ապրենք, շատ բաներ հաղթահարենք՝ անկախ տարիքից․․․ Էհ, Լուս, ըսա՝ հերիք գրական- գեղարվեստական փիլիսոփայես, տեղիցդ վեր ել, գնա գործերիդ․․․
Փառիկը իր ցավերը փարատող զբաղմունքը դարձրել էր գումար վաստակելու միջոց, իր գործած սփռոցներից ստացած եկամուտը ծախսում էր ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքների երեխաների համար ձմեռային կոշիկներ գնելու վրա։
Ամեն անգամ, երբ նվերով տուփերը Ձմեռ պապի անունից առաքում էին երեխաներին, սիրտը թեթևանում էր, այդպիսի գիշերներին, եթե անգամ Մասիսի կատարի հավերժական ձյուներն էլ թափվեին բակում, ինքը խաղաղ էր քնում ․․․Սուրճը խմեցին, նայեց ժամացույցին ու տեղից ելավ․
– Էրթամ, այ քուր, մե հատ նոր զարդանախշ եմ մտածել, էրթամ, թելերս խանութից վերցնեմ, անցնիմ գործի, ձմեռը հըլը նոր է սկսվել․․․
– Գնա, ցավդ տանիմ, ձմեռ պապ աշխատելը էնքան էլ հեշտ գործ չէ,- ծիծաղեց ընկերուհին,- հըբը եղնիկներդ ո՞ւր ես թողել։ Համ է, զգուշ կերթաս, մեր Լապլանդիայի ճամփեքը սառած են,- ծիծաղեց Լուսինն ու ընկերուհու խեթ հայացքին ի պատասխան շշնջաց,- լավ, լավ, ըհը, սուս եմ, հասկըցա, վա՛յ, անուղղելի եմ, ճիշտ քեզի պես։
Փառանձեմը գլուխն օրորեց, շալն ուղղեց ու դուրս եկավ։ Նայեց վեր․ մոխրաճերմակ ամպերից անհամար մանրիկ փաթիլներն շտապում են ցած։ Անասելի հաշտ է ու խաղաղ այս օրվա հետ։ ժպտու՞մ է․․․ Բա որ նկատեն․․․ Էհ, ինչ կա որ, թեկուզև նկատեն։ Ինչքան մեծ գին է վճարվել այս ինքնահաշտության համար․ իր ապրած բոլոր տարիները․․․ Այսօր․․․ այսօր պետք է սկսել նորից, ամեն մեկն իր այսօրը երևի գտնում է, և այն զարմանալի ուժ ունի, ինչպես որ զարմանալիորեն հանգիստ է ինքը, տագնապի ոչ մի նշույլ չի տանջում հոգին, և ինչ թեթև է քայլում առաջ՝ ժպիտով․․․