Madame Bovary, c’est moi` «Մադամ Բովարին ես եմ»՝ Գյուստավ Ֆլոբերին վերագրվող այս արտահայտությունը ավելի հայտնի է, քան նրա վեպերից որևէ տող: Սակայն շատ հետազոտողներ սա հորինվածք են համարում: Արտահայտությունը հասել է մեզ երրորդ ձեռքից՝ առաջին անգամ հայտնվելով Ռենե Դեշարմի՝ 1909 թվականին կատարած Ֆլոբերի հետազոտության ծանոթագրությունում: Դեշարմը գրել է, որ ըստ իր մի ծանոթի, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ֆլոբերի ընկերուհիներից մեկի հետ, գրողը այդ արտահայտությունն ասել է հենց նրան։ Այդ ընկերուհին Ֆլոբերի առաջին սերերից է՝ բանաստեղծ, վիպասան և սալոնների տիրուհի Լուիզ Քոլեն, որի հետ էր հիմնականում նամակագրություն վարում Ֆլոբերը «Մադամ Բովարին» գրելու ընըացքում՝ 1850-ականներին: Սակայն իրականում Դեշարմի հիշատակած կինը վիպասան, բանահավաք և սոցիալիստ, ֆեմինիստ ակտիվիստ Ամելի Բոսկեն է, որը հայտնի է Ֆլոբերի նամակների ուշադիր ընթերցողներին:
Բոսկեի նամակների մեծ մասը, հասցեագրված տասնիններորդ դարի մի շարք գրողների և մտավորականների, ինչպես նաեւ նրանցից ստացված, մնում են չհրատարակված։ Ինչպես վկայում են այդ նամակները, 1860-ականների ընթացքում Ֆլոբերը և Բոսկեն պահպանել են թեթևակի սիրախաղային (թեև ըստ ամենի՝ պլատոնական) բարեկամություն: Այնուհետև, նրանց նամակագրությունը դադարում է՝ հանկարծակի և վերջնական։ Նրանց կապի խզումը սիրային վեճի արդյունք չէր: Այն պայմանավորված էր Բոսկեի ֆեմինիստական անդրադարձին Ֆլոբերի 1869 թվականին լույս տեսած «Սենտիմենտալ դաստիարակություն» վեպին՝ մի վիճաբանություն, որը միանգամից դարձավ գրական, քաղաքական և խորապես անձնական:
Երկու գրողները հանդիպեցին Ռուանում, որը երբեմն անվանում էին «Ֆրանսիայի Մանչեսթեր», որտեղ երկուսն էլ ծնվել էին Բուրբոնների ռեստավրացիայի առաջին տարիներին (նա՝ 1815 թվականին, Ֆլոբերը՝ վեց տարի անց): Ոչ մեկը երեխաներ չուներ, ոչ էլ երբևէ ամուսնացել էր: Երկուսն էլ գնահատում էին իրենց անկախությունը, որը նրանց անհրաժեշտ էր ստեղծագործելու ազատության համար: Նրանց բարեկամությունը ամրապնդվեց կապիտալիստական մշակույթի և բուրժուազիայի հանդեպ ընդհանուր հակակրանքի հիման վրա: Բոսկեի առաջին վիպակը, որը հրապարակվել է գրական ամագրում տղամարդու կեղծանունվամբ և «Գավառական կիրք» վերնագրով, զարմանալի նմանություն ուներ «Մադամ Բովարիին», որը նույն պարբերականում հայտնվել էր մի քանի ամիս առաջ: Ինչպես Էմմա Բովարին, Բոսկեի գլխավոր հերոսուհին նույնպես երազում է Փարիզի մասին գավառական Նորմանդիայից և իր սիրային դժվարությունները հաղթահարում ընթերցանության միջոցով:
Բայց այստեղ ավարտվում են նրանց նմանությունները։ Բոսկեն մեծացել էր աշխատավորական թաղամասում և ուներ ավելի համեստ ծագում, քան Ֆլոբերը, որը բժիշկի որդի էր, և նա կրքոտ կերպով նվիրված էր սոցիալիստական գաղափարներին։ Նա հավատում էր, որ վեպը կարող է և պետք է լուսաբանի անարդարությունները և սոցիալական փոփոխություններ բերի՝ օգտագործելով իր ստեղծագործությունները աշխատավորական դասակարգի, հատկապես աշխատավոր կանանց կյանքը պատկերելու համար։ Այս հանգամանքը նրան հակադրում էր Ֆլոբերին, որը միևնույն արհամարհանքով էր վերաբերվում թե՛ կապիտալիզմին, թե՛ մոնարխիզմին, թե՛ սոցիալիզմին և համարում էր առաջընթացը բուրժուական պատրանք։ (Ինչպես նա մի անգամ գրել էր Քոլեին, մարդիկ, ըստ նրա, նման են Սիզիփոսին, միշտ «գլորում են նույն քարը»): Ֆլոբերի կարծիքով՝ գրականության դերը ոչ թե միջամտելն էր աշխարհին, այլ հնարավորինս անաչառ կերպով այն նկարագրելը։ 1852 թվականին Քոլեին գրած հայտնի նամակում նա հայտարարել էր, որ «հեղինակը իր գրքում պետք է լինի ինչպես Աստված տիեզերքում՝ ամենուր ներկա, բայց ոչ մի տեղ տեսանելի»: 1866 թվականին նա իր հեղինակային այս խոսքի մեկ այլ տարբերակը հայտնեց Բոսկեին. «Իմ կարծիքով, վիպասանը իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը աշխարհի մասին։ Նա իր ստեղծագործության մեջ պետք է ընդօրինակի Աստծո գործը. այսինքն՝ իր գործը կատարի և լռի» (ֆրանսերենում այս արտահայտությունն ավելի նրբագեղ է՝ «faire et se taire»):
Ֆլոբերի և Բոսկեի նամակագրական բարեկամության պատմությունը անքակտելիորեն կապված է փիլիսոփայական, սոցիալական և գեղագիտական այն հարցերի հետ, որոնք նրանց երկուսին զբաղեցրել են ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ դեր պետք է ունենա գրողը ժամանակակից աշխարհում։ Ինչպես կարող է, եթե ընդհանրապես կարող է, քաղաքականությունը ներթափանցել գրականություն։ Ինչպիսի՞ն է գրականության յուրահատուկ աշխատանքի բնույթը։ Ինչո՞ւ է ի վերջո գրում մարդը։ Բոսկեն և Ֆլոբերը այս հարցերին տրամագծորեն տարբեր պատասխաններ էին տալիս։ Սկզբում նրանց բանավեճերը և տարաձայնությունները այս թեմաներով խաղի տարր էին պարունակում, անչար էին ու նույնիսկ կատակով։ Սակայն ժամանակի ընթացքում այս բանավեճը դադարեց հաճելի լինել։ Նրանց դիրքորոշումները կոշտացան։ Խաղադրույքները բարձրացան։ Քանի որ Ֆլոբերը հակվում էր դեպի Փարիզի ավելի արիստոկրատական շրջանակները, իսկ Բոսկեն կապված էր արմատական ֆեմինիստական միջավայր, նրանց միջև եղած տարբերակված կարծիքները՝ գրականության և կյանքի միջև պատշաճ հարաբերության վերաբերյալ, սկսեցին նրանց բաժանել։
Երկու գրողները հանդիպել էին Ռուանի քաղաքային գրադարանում։ 1863 թվականի հոկտեմբերին Ֆլոբերը նամակում հիշում էր իրենց առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ։ Նա նկատել էր Բոսկեին, որը նստած էր սեղանի մոտ և ուտում էր միրլիտոն՝ տեղական խմորեղեն։ Շաքարի փոշին նրա վերին շուրթին մի թեթև բեղ էր թողել։ «Դուք այնքան հմայիչ էիք, որ կարելի էր կծել ձեզ»,- գրել էր նա։
Նրանք շուտով նամակագրական կապ հաստատեցին, որը գոնե Ֆլոբերի կողմից լի էր ակնարկներով, կիսով չափ ասվող գաղտնիքներով և «բազմակետերի լեզվով»։ «Համբուրում եմ Ձեր ձեռքերը», – գրում է նա 1860 թվականի հուլիսին, – «քանի որ պատշաճությունը թույլ չի տալիս ավելի հեռուն գնալ . . .*»։ (Էջի տակ նա մեկնաբանում է աստղանիշը. «*Կետագծերը միշտ արտահայտում են երազկոտություն»)։ Բոսկեն դարձավ Կրուասեում գտնվող Ֆլոբերի ընտանեկան տան ցանկալի հյուրը։ Նրանց նամակներում նկարագրվում է, թե ինչպես են նրանք ամբողջ օրերը միասին անցկացնում՝ գիրք փոխանակելով, միմյանց ստեղծագործությունները ընթերցելով և դժգոհելով Ռուանի ձանձրալի առևտրական մշակույթից։
Ֆլոբերը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում, և Բոսկեն մեկ անգամ չէ, որ այցելել է նրան այնտեղ։ «Գիտե՞ս, որ վերջին այցիցդ հետո, – գրում է նա 1862 թվականի աշնանը, – մենք երկու անգամ հանդիպեցինք, բայց դա ոչ թե իմ սրտի վրա մնաց, այլ սրտիս ներսում։ Զգում եմ, որ այդ անգամ ավելի մտերմիկ էինք։ Կարծես… չգիտեմ։ Ինչ-որ շատ լավ բան եղավ, ուժեղ և նուրբ միևնույն ժամանակ… մի տեսակ մեղմ գրկախառնություն։ Ես քեզ շատ եմ սիրում, երբ չես ծաղրում ինձ»։
Բոսկեն երբեք չմոտեցավ այդպիսի տոնայնության։ Նա հեռավորություն էր պահում՝ մի նամակը ամփոփելով այսպես․ «Ամբողջ սրտով սեղմում եմ Ձեր ձեռքը»։ (Մյուս նամակում Ֆլոբերը պատասխանում է. «Թեպետ Դուք ինձ Մսյո եք անվանում, ես համբուրում եմ Ձեր գեղեցիկ պարանոցն իր երկու կողմերից»)։ «Նա երբեք ինձ, ըստ հինավուրց արտահայտության, «չհետապնդեց», և ես էլ երբեք դա չեմ ցանկացել», – ավելի ուշ գրում է Բոսկեն։ – «Այնուամենայնիվ, մեր զրույցները շատ աշխույժ էին, և հաճախ երկուսով երկու-երեք ժամ շփվում էինք։ Բայց այն արբեցումը, որ մեզ այդ ժամանակ պատում էր, ամբողջովին մտավոր բնույթ ուներ»։
Ինչպես գրականագետ Անտուան Ալբալան գրել է, Ֆլոբերը «սիրուց ոչինչ չէր սպասում, բայց ընկերությունից ամեն ինչ էր պահանջում»։ Կանանց, որոնց հետ գրողը նամակագրություն ուներ՝ Քոլեին, Բոսկեին, իսկ ավելի ուշ՝ գրող Ժորժ Սանդին ներկայացվող պահանջների մեջ էր մտնում այն, որ նրանք պետք է համբերատարւթյամբ լսեին նրա հաճախակի ելույթները ժամանակակից միջակության և գրական ստեղծագործության դժվարությունների մասին։ Սակայն Ֆլոբերը նաև գիտեր լսել։ Բոսկեին ուղղված իր նամակները ցույց են տալիս, որ Ֆլոբերը սկսել էր նրան վերաբերվել որպես ինտելեկտուալ զրուցակցի։ «Փորձիր հաջորդ կիրակի կեսօրին միայնակ լինել, որ միասին հանգիստ «գրականություն» անենք», — գրում է նա մի նամակում։
Երբ 1862 թվականի մայիսին Բոսկեի մայրը մահացավ, Ֆլոբերը Փարիզից ցավակցական նամակ ուղարկեց՝ խորհուրդ տալով. «Գլխովին նետվիր աշխատանքի մեջ։ Թանաքը հարբեցնող գինի է, այն թույլ է տալիս սուզվենք երազների մեջ, քանի որ կյանքն այնքան սարսափելի է»: Գրելու թեմային՝ որպես աշխարհիկ փրկության, գրականության՝ որպես թմրամիջոցի, Ֆլոբերը կվերադառնա իր այլ նամակներում։ «Թանաքից հարբենք, քանի որ մեզ աստվածների նեկտարը չի հասնում», — նույն տարում ավելի ուշ գրել էր նա Բոսկեին։ (Նա լավ արտահայտություն էր գտել. տարիներ անց, 1869 թվականի հունվարին, այս միտքը կրկնել էր Սանդին ուղղված նամակում. «Թանաքից հարբելն ավելի լավ է, քան օղուց»): Բոսկեին պետք չէր համոզել, որ իր գրական կարիերան առաջնահերթ դարձնի։ Ողբի հետ եկավ որոշակի ազատություն։ Նա սկսեց փարիզյան բնակարան որոնել. քառասունութ տարեկանում, վերջապես, պատրաստ էր բախտը փորձել մայրաքաղաքում։ 1863 թվականին նա տեղափոխվեց Ռուանի կենտրոնից դեպի Բատինյոլ՝ Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող թաղամաս։ «Ի վերջո դու այլևս չէիր կարող մնալ Ռուանում»,- գրել էր Ֆլոբերը նրա տեղափոխությունից քիչ անց,-դու ձանձրույթից խեղդվում էիր»։
Ինչպես քաղաքի շատ սկսնակ գրողներ, Բոսկեն նույնպես դժվարանում էր գտնել իր տեղը։ Նա տառապում էր ոչ միայն այն բանի համար, որ մայրաքաղաքում գավառցի էր, այլև այն պատճառով, որ կին էր գրական նկրտումներով։ Թեև երբեք տղամարդու հագուստ չէր կրում, ինչպես երբեմն անում էր Ժորժ Սանդը, բայց ենթարկվում էր գրեթե նույնպիսի ծաղրի, ինչպիսին բաժին էր հասել այդ ավելի հայտնի հեղինակին։ Աջակողմյան գրող և քննադատ Ժյուլ Բարբեյ դ’Օրևիլին ծաղրում էր Բոսկեին՝ անվանելով նրան «գեր, կոպիտ կին», որի շուրթին «բեղի ստվեր» կար։ Երբ Բոսկեն հայտնվեց La Liberté ամսագրի գրասենյակում՝ խմբագիր Էմիլ դը Ժիրարդենի հետ հանդիպման համար, վերջինիս օգնականները նրան ուղարկեցն Ժիրարդենի տան կողմը՝ պարզապես նրանից ազատվելու համար։ Բոսկեն այցելեց նրան, բայց Ժիրարդեն, անտեսելով քաղաքավարությունը, ուղղակի նրան մատնացույց արեց դուռը։ «Նա ինձ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են անցանկալի մուրացկանի», – գրել է Բոսկեն Ֆլոբերին։
Ֆլոբերը Բոսկեին ամեն դեպքում անցանկալի հյուր չէր համարում։ Նա պահպանում էր իրենց կապը և նրան ներկայացնում էր խմբագիրներին ու լրագրողներին։ Բայց միաժամանակ նա հանդիմանում էր իր ընկերուհուն հավակնությունների համար՝ մի նամակում գրելով․ «Զգուշացիր՝ կարող ես «Փարիզյան հիվանդությամբ»՝ Հռչակով վարակվել»։ Այդուհանդերձ, ինչպես ցույց են տալիս նրա նամակները, ինքը Ֆլոբերը նույն շրջանում դարձել էր կայսերական ընտանիքի անդամ, Մաթիլդա իշխանուհու սալոնի մշտական մասնակից։ Մաթիլդան հպարտանում էր իր սալոնի հյուրերի մեջ ունենալով Փարիզյան արվեստի ու գրականության անվանի դեմքեր։ 1866 թվականին, մասամբ նրա միջնորդությամբ, Ֆլոբերը պարգևատրվեց Պատվո լեգեոնի շքանշանով՝ մի մրցանակ, որը նա ծաղրել էր «Մադամ Բովարիի» վերջին տողում։
Բոսկեն շարունակեց պայքարել։ Մի քանի տարի անց նա կարողացավ գրավել որոշ փարիզյան խմբագիրների ուշադրությունը։ 1864-1869 թվականների միջև նա չորս վեպ հրապարակեց՝ մինչ Ֆլոբերը դեռ աշխատում էր «Սենտիմենտալ դաստիարակություն» վեպի վրա։ Երբ Բոսկեն խնդրեց նրա կարծիքը իր երրորդ գրքի՝ «Աշխատավոր կանանց վեպի» (1866) մասին, որում նա ներկայացնում էր Ռուանի տեքստիլ աշխատողների ծանր վիճակը, Ֆլոբերը թաքուն ծաղրեց նրա ստեղծագործական բեղուն արտադրողականությունը․ «Մենք վիպագիրնե՞ր ենք, թե՞ գեղջուկներ»։ Նա քննադատեց այն, ինչ համարում էր գրքի ոճական թերացումներ՝ գրելով․ «Դու բավականին զբաղվել ես Ճշմարիտով, բայց ոչ բավարար՝ Գեղեցիկով»։ Նրա կարծիքով Բոսկեն այլևս պատշաճ կերպով նվիրված չէր այն բանին, ինչ նա անվանում էր «սրբազան ոճ»։ Թույլ տալով, որ իր քաղաքական հայացքները առաջնորդեն նյութի ընտրության հարցում, նա կործանեց բարոյական արժեքները և գեղագիտական պատկերացումները:
Իսկ Բոսկեն, այդ ընթացքում, դառնում էր ավելի ու ավելի անհնազանդ աշակերտ։ Նա սկսել էր շփվել ռադիկալների և ֆեմինիստների հետ, ինչպիսիք էին Էլիզե Ռեկլյուսն ու Անդրե Լեոն (Վիկտուար Լեոդիլ Բերայի գրական կեղծանունը), որոնք հետագայում դարձան 1871 թվականի Փարիզյան կոմունայի կարևոր դեմքեր։ Լեոյի հետ Բոսկեն հաճախում էր «կանանց աշխատանքի» մասին հանրային հանդիպումներին, և մի անգամ նույնիսկ համարձակություն ունեցավ ելույթ ունենալու։ Ֆլոբերը տանել չէր կարողանում Լեոյին («քսաներորդ կարգի տաղանդ») կամ Բոսկեի շրջապատի մյուս ձախակողմյան գրողներին ու ակտիվիստներին։ Նա նամակով խորհուրդ տվեց «անցնել ժողովրդից այն կողմ, քանի որ դա սահմանափակ, անցողիկ հորիզոն է»։ Ֆլոբերը նաև չտեսավ նրան Փարիզի հաջորդ այցերից մի քանիսի ժամանակ։ «Հուսով եմ, սիրելի ընկեր, որ այս ժողովրդավարության մեղքս չէ պատճառը, որ դու չես գալիս ինձ տեսնելու», — գրել էր Բոսկեն Ֆլոբերին 1869 թվականի նամակում, որտեղ պատմում էր հանրային հանդիպումներին իր մասնակցության մասին։ Նույն տարում նա սկսեց գրել նոր ֆեմինիստական թերթում՝ Le Droit des Femmes-ում։ Արդյո՞ք նա անհամաձայն էր Բոսկեի դիրքորոշմանը։ «Քո արիստոկրատական նախասիրությունները,- ավելացրել էր նա,- ինձ չի խանգարում ամենաանկեղծ համակրանքն ունենալ քո հանդեպ»։ Ամեն դեպքում, նա ասաց Ֆլոբերին, որ սպասում է վերջապես ավարտած վեպի ընթերցանությանը. դա կլինի «ինտելեկտուալ և սենտիմենտալ հաճույք»։
Երբ Ֆլոբերը Բոսկեին ուղարկեց «Սենտիմենտալ դաստիարակություն» վեպի օրինակը, նա պատասխանեց գովասանական գրությամբ՝ նշելով, որ գիրքը պարունակում է «ամենը, ինչ գիտեմ և սիրում եմ քո տաղանդի և նույնիսկ քո բնավորության մեջ»։ Սակայն մեկ ամսից էլ քիչ անց, 1869 թվականի դեկտեմբերի 11-ի և 18-ի Le Droit des Femmes-ի համարներում տպագրված երկմասանի գրախոսության մեջ նա այդ գովասանքը փոխարինեց խիստ քննադատությամբ։
Ֆլոբերի վեպը, որը նրա կարծիքով սխալ է հասկացվել, 1848 թվականի հեղափոխության շրջանի փարիզյան հասարակության դիմանկարն է։ Այն ներկայացնում է ուսանողների, արվեստագետների, արդյունաբերողների, սեքս աշխատողների և հանրապետական ակտիվիստների մի ամբողջ շարք, որի կենտրոնում դժբախտ հերոս Ֆրեդերիկ Մորոն է, որը ոչ մի կերպ չի կարողանում նվիրվել ոչ մասնագիտությանը, ոչ քաղաքականությանը, ոչ էլ սիրուհուն։ Վեպը կանխակալ հայացքով է նայում Ֆլոբերի ժամանակակիցների բարձր մտածումներին և մանրախնդիր վեճերին՝ օգտագործելով ծաղր, որը հաճախ հասնում է արհամարհանքի։ Տպագրվելուց հետո Վիկտոր Հյուգոն և երիտասարդ Էմիլ Զոլյան գովեցին Ֆլոբերի նվաճումը։ Փարիզյան թերթերը, անկախ քաղաքական կողմնորոշումից, ավելի սառը արձագանքեցին՝ այն համարելով հոռետեսական, չափազանց նկարագրական և բարոյական հստակություն չունեցող։ Նրանք Ֆրեդերիկի անուժությունը համարում էին նույնքան զայրացնող, որքան վեպի կողմից հեղափոխության վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայությունը։ Ֆլոբերը կանխատեսել էր դա՝ Ժորժ Սանդին 1868 թվականի կեսերին գրելով. «Հայրենասերները չեն ների ինձ այս գիրքը, ոչ էլ ռեակցիոներները»։
Ֆեմինիստներն էլ չներեցին։ Բոսկեն իր գրախոսության մի մասը նվիրեց Ֆլոբերի գրողական տաղանդը գովաբանելուն։ Նա գրել էր, որ Ֆլոբերը գտել է արտահայտություններ, «որոնց ճշգրտությունը անհնար է կասկածի տակ դնել»։ Բայց նա արագ անցնում է քաղաքականությանը՝ մատնանշելով, որ Ֆրեդերիկի սիրո առարկան՝ Մադամ Առնուն, մնում է խորապես չուսումնասիրված։ «Ուրեմն ինչո՞ւ պարոն Ֆլոբերի կանայք երբեք չեն խոսում»,- հարցնում է նա։ Բացառությունը միայն մի կերպար էր՝ Մադմուազել Վատնազը՝ իդեալիստ ֆեմինիստ, որը մտնում էր Ֆրեդերիկի փարիզյան շրջապատի մեջ։ Սակայն Մադեմուազել Վատնազը, ըստ Բոսկեի, «միջնորդ ու գող» էր, որ միայն կարող էր «մեր գործի հասցեին վիրավորանք լինել»։
Ֆլոբերի մադմուազել Վատնազի նկարագրությունը կարող էր ցավոտ լինել Բոսկեի համար։ Նա ներկայացվում էր որպես նախկին ուսուցչուհի գավառներից, որն իր ճանապարհն էր գտել մայրաքաղաքում՝ դառնալով
«․․․փարիզյան այն չամուսնացած տիկնանցից մեկը, որոնք ամեն երեկո, երբ ավարտում են դասերը, փորձում են կամ փոքրիկ նկարներ վաճառել, կամ ողորմելի ձեռագրեր, ապա վերադառնում են իրենց բնակարան՝ ցեխը փեշերին, ընթրիք են պատրաստում, մենակ ուտում, կեղտոտ լամպի լույսի տակ, երազում սիրո, ընտանիքի, տան, փողի, այն ամենի մասին, ինչ նրանք չունեն: Այսպիսով, շատերի հետ նա ողջունեց հեղափոխությունը որպես վրեժի ավետաբեր: Եվ նա հանձնվեց սոցիզմի քարոզչության մոլեգնությանը»:
Մի դրվագում, որը հստակ արձագանքում է Բոսկեի վեպերին և լրագրությանը, կերպարը պնդում է, որ «պրոլետարիատի ազատությունը հնարավոր է միայն կանանց ազատության միջոցով»: Մի քանի շաբաթ առաջ Բոսկեն Ֆլոբերին ուղարկել էր նամակ՝ վեպը ավարտելուց հետո, որտեղ նա հատուկ հիշատակել էր Մադմուազել Վատնազին․ «Դուք տվեք իրավունքը պաշտպանող կնոջը բավականին մերկացնող դեր; բայց մենք այդ դերը կբարձրացնենք, այն արդեն վերցված է!» Նա կարող էր վիրավորված լինել Ֆլոբերի՝ հեղափոխական ֆեմինիզմի մասին պատկերացումներից, սակայն նրանց տարիների զրույցներն ու փոխհամաձայնությունները նրան տվել էին որոշ գործիքներ։ Նա հասկացել էր Ֆլոբերի մեթոդի կարևորությունը և գիտեր, թե ինչպես պետք է հակադարձել դրան իր պայմաններով։
Իր գրախոսության մեջ Բոսկեն ժպիտով արձագանքում է Ֆլոբերի սիրելի գրական տեսությանը։ «Նա պնդում է, որ բարձրանում է իր գործից, ինչպես հոգևորականների Աստվածն է թևածում իր արարածներից վեր», — գրում է նա։ Նա առաջարկում է այլ կերպ քայլել գեղեցկության, ճշմարտության և արվեստի սահմաններով․ «Մենք զգում ենք, որ արտաքին աշխարհը, չնայած իր թերություններին ու թուլություններին, ավելի լավն է, քան այն, որով մեզ պարուրել է հեղինակը: Այնտեղ մենք կարող ենք փնտրել այն, ինչ գիրքը մեզ չի տալիս՝ օդի շունչը, որը վերակենդանանում է, և որը մենք երբեմն գտնում ենք»։
Դեկտեմբերի 11-ին Բոսկեն իր «հարգելի ընկերոջը» նամակ էր գրել, որին կցել էր գրախոսության առաջին կեսը։ «Բարի հոդված չէ, ընդունում եմ, – գրում է նա,- բայց այլ կերպ անել չէի կարող»։ Եվ շարունակում է․ «Ես մտածեցի, որ դու ինձ կմեղադրես երախտամոռության համար, եթե գրեմ այս գրախոսությունը, և վախկոտության, եթե չգրեմ։ Այլընտրանքը հարմար չէր։ Միայն դու կարող ես ասել՝ արդյոք ճիշտ ընտրեցի, թե սխալ»։ Վերջում նա գրում է․ «Միլե ամիտիես»։
Նամակը մնաց անպատասխան։ Սակայն Ֆլոբերը անդրադարձավ այս դեպքին իր այլ ընկերների հետ ունեցած փոխհարաբերություններում։ Ժորժ Սանդին նա գրել էր․ «Մի ընկեր՝ մադեմուազել Բոսկեն (ով ինձանից իսկական պարգևներ է ստացել), ինձ երկու շատ խայթող նամակ է գրել, և երկրորդին կցված է մի հոդված La Voix des Femmes-ում, որտեղ նա ինձ պարզապես պատառոտում է»։
1869-ը Ֆլոբերի համար դժվար տարի էր։ Նա կորցրել էր իր մանկության մտերիմ ընկեր Լուի Բուիլհեին։ «Սենտիմենտալ դաստիարակության» բացասական քննադատությունները նրան խոցել էին։ Նրա եսը վիրավորվել էր Բոսկեի հարձակումից, որը իր կարծիքով դավաճանել էր իրենց ընկերությանը։ Ֆելիս Ֆրանկը՝ ընդհանուր ընկեր, փորձեց հաշտեցնել երկուսին, բայց Ֆլոբերը հրաժարվեց։ Նա ինքն էր ասել Բոսկեին տարիներ առաջ․ «Ինչ վերաբերում է իմ փորձությունը մոռանալուն և իմ վրդովմունքից հրաժարվելուն, ոչ մի դեպքում: Ես պատրաստված եմ թերթաքարից՝ տպավորություններ ստանալու համար և բրոնզից՝ դրանք պահելու համար: Ինձ մոտ ոչինչ չի ջնջվում. ամեն ինչ կուտակվում է»։
Ֆլոբերից Բոսկեին ուղղված այլ նամակներ դեռ չեն հայտնաբերվել։ 1892 թվականին Բոսկեն նվիրաբերեց Ֆլոբերից և այլ գրական մեծություններից ստացած նամակները՝ մանրամասն մեկնաբանված իր ճոխ և ընթեռնելի ձեռագրով, Ռուանի քաղաքային գրադարանին, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել էին։
Այսօր Ռուանի համալսարանի Գուստավ Ֆլոբեր կենտրոնում Ֆլոբերի շուրջ է իսկական «ֆլոբերյան արդյունաբերություն» կա, որը կենտրոնանում է, և նրա նամակագրության Pléiade-ի հրատարակությունը հասնում է հինգ հատորների, ինչպես նաև առանձին գրքի, որոնցից յուրաքանչյուրն ունի հազարավոր էջեր՝ տպագրված չափազանց բարակ թղթի վրա։ Այդ հրատարակված նամակագրությունը ներառում է նրա վիպական արվեստի մասին ամենահետաքրքիր մեկնաբանությունները։ Այն արդարացիորեն համարվում է գրական ձեռքբերում, որը համարժեք է նրա ստեղծագործությանը։ Հակառակ դրան՝ Բոսկեի արխիվի մնացորդները ցրված են մի քանի գրադարաններում և հավաքածուներում՝ Ռուանի գրադարանից մինչև Փարիզի Ազգային գրադարանը և Hôtel de Ville-ի գրադարան։ Երբ Բոսկեն մահացավ 1904 թվականին, նրան սգացին կանանց իրավունքների «La Fronde» թերթում՝ որպես «ֆեմինիստական ճամբարի ևս մեկ կորուստ»։ Մեկ այլ կարճլիկ մահախոսական կա, որը նրա ծննդյան և մահվան թվերը սխալ էր գրել։
Այն ամենը, ինչ մենք այսօր դիտարկում ենք որպես վեպի հիմնական արժանիքներ՝ ցույց տալը, բայց չպատմելը, տեսարանները ներկայացնելը պատմողական առանցքի միջոցով, նախադասությունները խմբագրելն այնքան, մինչեւ փայլեն, հիմնականում կարելի է վերագրել Ֆլոբերին։ Նա պնդում էր, որ իրական արվեստագետը չպիտի որևէ մեկին հաշվետու լինի, որ նա չունի որևէ տեր, բացի ստեղծագործությունից։ Բայց նա դա անում էր՝ պատասխանելով, նույնիսկ հակառակվելով իր ընկերների գրելու ոճին և բովանդակությանը։ Եթե Ֆլոբերի գրական քննադատությունը սահմանել է մեր քննադատության հիմքերը, այն զարգացել է իր համախոհների՝ հատկապես իր կին նամակագիրների հետ երկխոսության և հակադրության մեջ։ Նամակները երկխոսության ձև են։ Բայց երկխոսությունը միշտ չէ, որ նշանակում է փոխադարձություն։ Բոսկեի և Ֆլոբերի նամակագրությունում մենք կարող ենք տեսնել հասարակական, և սեռական թեմաների, գրականության և արվեստի ինքնավարության մասին տեսակետների շուրջ երկարատև և շարունակական քննարկումներ։
Հեղինակ՝ Վիկտորիա Բեյնա
Թարգմանությունը՝ Գայանե Պողոսյանի
Աղբյուրը՝ The New Yorker