Մահճակալի տակից, որին պառկած ես,
դուրս են սահում ձեռքերը նախնիների՝
տղամարդկանց ու կանանց։
Նրանք սահում են քո մարմնի վրայով,
պարուրում են քեզ ջերմությամբ,
բարուրում, գրկում, շոյում են։
Հաճելի են հպումները նրանց,
որ մահացել են վաղուց,
բայց շարունակում են ապրել քո մեջ։
– Դու հոգատար ձեռքերում ես,-
ասում են հպումները ձեռքերի,-
դու մենակ չես այս մեծ աշխարհում։
Քեզ հետ են նրանք՝ նախնիները քո,
քո աչքերով են նրանք նայում աշխարհին,
քո մեջ են ծլարձակում նրանց իղձերը։
– Մտածիր մեր մասին,- ասում են նրանք,-
հիշիր, հիշիր, անդադար հիշիր մեզ,
մեր կյանքերը դասագիրքն են քո կյանքի։
Սերտիր դրանք ժրաջանորեն,
մեր մարմինները, մեր երազները,
մեր հուշերը մեր հուշերի մասին
հողն են քո ոտքի տակի,
կանգնիր մեր վրա
եւ կլինես քաջ։
Գոտեպնդող են հպումները նրանց,
որ մահացել են վաղուց,
բայց շարունակում են ապրել քո մեջ։
Դու ես նրանց միակ հույսը
ապրելու կյանքերը կիսատ,
կյանքերը՝ միշտ կիսատ․․․
Դու ուզում ես վեր կենալ մահճակալից,
բայց հարյուրավոր ձեռքեր
ակցանել են քեզ։
– Քեզ թվում է, թե մենք ուզում ենք խրվել քո մեջ,-
ասում են մատները՝ խրվելով քո մեջ,-
բայց այդ դու ես աճում մեր միջից,
մենք քո արմատն ենք,- ասում են,-
առանց մեզ քամին քեզ կքշի, ցրիվ կտա,
բռնվիր, պինդ բռնվիր մեզնից․․․
Նախնիների հարյուրավոր ձեռքեր
ձգտում են ձուլվել քո ձեռքերին
խեղդելու համար մարդկանց,
որ ընդհատել են իրենց կյանքը
եւ նրանց, որ դիտել են դա անհաղորդ,
եւ նրանց, որ դա չեն դատապարտել։
– Ի՞նչ է մարդն առանց հիշողության,-
ասում են ձեռքերը՝ ճզմելով քեզ,-
անասուն է մարդն առանց հիշողության,
մենք ենք քո գոյության իմաստը,
մեզնից դուրս քեզ համար կյանք չկա,
առանց մեզ դու ոչինչ ես։
Դու նախանձում ես անասուններին,
որ կարող են ապրել իրենց կյանքը,
անիմաստ կյանքը իրենց։
Դու հասկանում ես, որ ապարդյուն են
ապրելու քո բոլոր ճիգերը,
քանի դեռ չեն մեռել քո նախնիները
բնական մահով․․․
Քո նախնիները սպանված․․․
Քո նախնիները անմահ․․․
2024