Պայքարում էր, բայց չգիտեր ինչի համար/Արփի Ոսկանյան

Կյանքը բանտում սկսել էր հիշեցնել Զապելին իր դպրոցական կյանքը։ Երկու տեղում էլ բոլորը ճնշված էին։ Երկու տեղում էլ բախվում էին մարդկային բնավորությունները։ Երկու տեղում էլ չկար ազատություն ու կային մարդիկ, որ տարբեր չափով էին ձգտում ազատության։ Շատ վառ էր նրա հիշողության մեջ տպվել Հրանուշի կերպարը, որ իր միակ համախոհն էր Սուրբ Խաչ վարժարանում։ Ինքը՝ գժված Շիրինենց Աղավնիի աղջիկը, որի մայրը կիսով չափ դիակ էր համարվում, ու ինքը երբեմն մտածում էր, որ գուցե գերադասեր, որ մայրը լիարժեք դիակ լինի, ինքը՝ շրջապատված թշնամական աշխարհով, որտեղ բոլորը վերաբերվում էին իրեն որպես կիսով չափ որբի, եւ ինքը երբեմն երազում էր, որ լիարժեք որբ լիներ, ինքը՝ համարձակ ու կատաղի, եւ դպրոցի ուսուցչական կազմը, որ իբր ներողամտորեն էր մոտենում իրեն մոր հանգամանքի պատճառով, բայց իրականում ուսուցիչներից շատերը պարզապես չէին ուզում գլուխ դնել հետը, փորձում էին փուշը կոտրել, որովհետեւ հասկանում էին, որ կարող է տհաճություններ պատճառել։ Հրաշալի ունակություններով ու սարսափելի վարքով մի աղջիկ՝ բոլորովին սպիտակ ագռավի կարգավիճակում կլիներ, եթե չլիներ իր դպրոցական ընկերուհին՝ Հրանուշը, որն առաջին իսկ օրը առաջարկեց իր ընկերությունը։ Բարդ ընտանիքից էր Հրանուշը, նրա ծնողները բաժանված էին, նաւ այդ հանգամանքը նրան օտարել էր մյուսներից։ Ու թեպետ նրա հայրը սրճարանատեր էր, ու Հրանուշը աղքատ ընտանիքների աղջիկներից չէր, բայց նրա հասարակական կարգավիճակը ցածր էր իրենից ու բոլոր մյուսներից ծնողների ամուսնալուծության պատճառով։ Համայնքը նրանց մերժել էր։ Հաճախ մորաքույրները նրան նախատում էին այդ աղջկա հետ ընկերություն անելու համար, նրան առավել հարմար ընկերուհիներ էին առաջարկում, փորձում էին ավելի արժանավոր ընտանիքների աղջիկների առաջարկել, բայց Զապելն անդրդվելի էր։Հրանուշը միակ աղջիկն էր, որ մտքի անկախություն էր ցուցաբերում, որ հասկանում էր, թե որքան ծիծաղելի են հարուստների երեխաների հետ սեղան նստող եւ նրանց օրապահիկից օգտվող վարժուհիները, որոնք փորձում էին սիրաշահել այդ երեխաներին։ Նրանք իրար հետ էին ծաղրում թե ուսուցիչներին, թե նրանց դասավանդած արժեքները։

Ամենաանտանելին Զապելի համար այն փափուկ նվաստացումն էր, որին ենթարկվում էին աղքատների երեխաները  հարուստների բարեգործությամբ։ Գթությունը, որ ցուցաբերում էին թաղի բարեգործները ձրի սովորող երեխաների նկատմամբ։ Տարին երկու անգամ նրանք կերպաս էին նվիրում դպրոցին եւ ձրի սովորող աղջիկների չափերը մյուսների ներկայությամբ վերցնելով նրանց համար կարում էին զգեստներ, ապա Զատկի օրերին բոլորին տանում էին եկեղեցի, որ բարեգործները տեսնեն իրենց բարեգործության արդյունքը։ Սովորաբար աղջիկները, որ ենթարկվում էին այդ գթությանը, դժգոհ չէին մնում իրենց զգեստներից ու այդ բոլոր գործողություններից, երբեմն նույնիսկ ուրախանում էին, միայն մի աղջիկ՝ Ադրինեն, մերժեց այդ զգեստը, հետո դադարեց հաճախել դպրոց, իսկ ավելի ուշ իմացան, որ մահացել է։ Ադրինեի մռայլ ու անհաղորդ դեմքը երկար ժամանակ նրա հիշողության մեջ էր։ 

Զապելը արագ հասկացավ, որ դպրոցը ոչ այնքան սովորելու ու սովորեցնելու, գիտելիք տալու ու ստանալու տեղ է, որքան կյանքի, ապրելու կանոնները սերտելու, զանազան մարդկանց ու նրանց երեխաներին ծանոթանալու, որոնց սովորական, առօրեական կյանքում հնարավորություն իսկ չունես հանդիպելու։ Ուրիշ որտե՞ղ պիտի հանդիպեին  հարուստ առեւտրականի եւ աղքատ արհեստավորի երեխաները։ Ուրիշ որտե՞ղ պիտի աղքատի երեխան տեսներ, թե ինչ են ուտում հարուստի տանը եւ հակառակը։ Զապելը, որ էսնաֆի՝ արհեստավորի ընտանիքից էր, զգում էր իրեն այդ երկուսի մեջտեղում։ Նա եւ իր նման էսնաֆի ընտանիքից դուրս եկած աղջիկները ամենահամարձակն էին իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, նրանք ամենազգայունն էին սոցիալական անարդարության նկատմամբ, որովհետեւ գտնվում էին աղքատների ու հարուստների միջեւ, ինչ-որ տեղ մեջտեղում՝ չլինելով բավականաչափ հարուստ եւ միեւնույն ժամանակ չհամարվելով աղքատ։ Նա լցվում էր կատաղությամբ աշխարհի դեմ ոչ միայն այն պատճառով, որ այդ աշխարհում այդպես անարդար էին բաշխվում հարստությունը, հնարավորություններն ու երջանկությունը։ Նա լցվում էր կատաղությամբ, որովհետեւ ինչպես նրան թվւոմ էր՝ ծնված օրից մարդը պարտավոր էր ենթարկվել կանոնների, կատարել որոշակի գործողություններ, անկախ նրանից՝ այդ ամենը նրան հաճելի էր, թե ոչ։ Որովհետեւ աշխարհը ապրում էր հենված աստծո բարեհաճության վրա։ Որովհետեւ ինչ-որ տեղ հսկում էր մահը։ Եվ որովհետեւ պարզ չէր, թե ինչու է մարդը եկել այս աշխարհ։ 

Զապելի ներսում արթնանում էին բնության ուժերը, որ նրան գցում էին մեկ կատաղության, մեկ զղջման մեջ, մեկ սիրո, մեկ ատելության, նա մեկ անվախ ավազակ էր, մեկ վախեցած աղջնակ։ Եվ տարօրինակ զգացումը ինչ-որ տեղ ստինքների մեջտեղում, ասես ինչ-որ մոմ վառված լիներ այնտեղ, որ քամուց մարում էր․․․ Ցանկացած հուզական վիճակ հիվանդացնում էր նրան, նա սկսում էր ջերմել ու թույլ էր լինում։ Թվում էր նրան, որ մահը շատ-շատ մոտ է։ Երբեմն մահը վախեցնում էր նրան, իսկ երբեմն էլ նա տենչում էր մահը իր ամբողջ հոգով։

Նա պայքարում էր, բայց երբեմն պարզ չէր՝ ինչի համար։ Նրա ներսը ծվատվում էր։ Հուզմնքից սկսում էր ջերմել։ Միակ մարդը, որն իրեն հասկանում էր, հայրն էր։ Նա էլ երբեմն չէր հասկանում, բայց նրա ներկայությունը Զապելի գոյությանը կայունություն էր հաղորդում։ Կապույտ աչքերով, բարձրահասակ, դրական տրամադրությամբ, շջապատի մարդկանց հետ բարեհամբույր այդ մարդը միակն էր, ով կարողանում էր խաղաղեցնել նրա ներաշխարհը։ Նրանք հաճախ զբոսնում էին այգում, ծաղկած ծաղիկների ու ծառերի կողքով, եւ հայրը նրա հետ խոսում էր կյանքից, մարդկանցից։ Նաեւ մայիկին տեսության գնալիս, ճանապարհին հայրը զրույցներ էր ունենում նրա հետ, որոնք նրա մանկական հիշողություններում անջնելի հետք են թողել։ Ձմռանը, երբ ընտանիքը հավաքվում էր առաջին հարկում, հայրն արդեն հնարավորություն չէր ունենում աղջկա հետ առանձնանալու, բայց Զապելը միեւնույնն է ՝հաճույով լսում էր նրա պատմությունները իր երիտասարդ տարիների, Կովկասում ապրող իր ազգականների, Դաղստան կատարած իր այցերի ու Թիֆլիսի մասին։ Իսկ ամառները նրանք գնում էին Մալթեփե՝ Ստամբուլի արվարձաններում գտնվող ծովափնյա գյուղը, որ առողջարանային վայր էր համարվում տկար ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Բժիշկն ասել էր, որ Զապելի անկայուն հոգեիճակի ու վատթարացող աողջության վրա այնտեղ գնալը լավ կանդրադառնա։ Երկու տարուց, երբ մայրը կազդուրվեց, նա էլ սկսեց միանալ իրենց ու իրենց հետ գալ Մալթեփե։ Ինչո՞ւ էր այս վայրն այդքան հետաքրքիր Զապելի համար։ Բնությունը, որ արթնանում էր իր մեջ, այստեղ անսահման էր ու անարգել։ Այն ամենուր էր՝ կովերի ռունգերի մեջ, աճող խոտի մեջ, ծովի ալիքների, հույն տանտիրոջ՝ իրեն հասակակից որդու՝ Յորիկի աչքերի, հույն երեխաների խաղերի, դաշտերի ու անտառների․․․ Ոչ մի խոչընդոտ չկար այստեղ բնության համար՝ այն ծավալվում էր երկնքից երկիր, հորիզոնից հորիզոն, անծայր ըվկիանոսի պես։ Հիմա, տարիների հեռավորությունից նայելիս թվում էր նրան, թե գյուղական վայրերի մասին պատկեացումը որպես կազդուրիչ բալասանի հավանաբար հենց դրանից էր գալիս, տիեզերքի այդ մեծության զգացողությունց, որ Պոլսում մասնակիորեն կորսված էր մարդկանց շատության պատճառով։ Պոլսում մարդու կառուցածը խոչընդոտում էր բնությանը ծավալվել ուզածի պես, մարդկանց մեջ էլ բնությունը ճնշված էր, իսկ գյուղերում ասես նա սկսում էր ծավալվել նաեւ մարդկանց մեջ։ Եվ գուցե դա էր պատճառը, որ գյուղերում մարդիկ ավելի բարի էին ու հանդուրժող, քան Պոլսում։ Նա ոչ մի գյուղում չէր տեսել ամուճայի պես մարդու, որ կհալածեր փողոցի շներին։ Կամ այն երեխաների պես, որ հալածում էին հրեա մարդուն․․․ Թվում էր նրան, թե գյուղերում մարդիկ ավելի ազատ են ամեն տեսակ նախապաշարումներից, նրանք այստեղ այդչափ գերի չեն հաջողությանն ու հաջողակությանը։

Please follow and like us: