Այդ դեպքից հետո անկարելի էր, որ գնար դպրատուն։ Բայց տանը մնալը նույքան, եթե ոչ ավելի անթույլատրելի էր։ Նախ՝ աղջիկներին ուսում էր պետք, երկրորդ՝ Զապելը անկառավարելի էր։
– Ես կկարծիմ, որ ճիշտ կըլլա անոնց մայրապետներուն դպրոցը տալ, համ էլ ֆրանսերեն կսորվին,- Մաքրիկն էր։
– Մեզպուրյան վարժարանն ավելի լավ տարբերակ մըն է,- ասաց տուտուն,- հոն կսորվին Սկյուտարի լավ ընտանիքներուն աղջիկները։
– Իշտե Պողոսն ու Պետրոսն ալ դպրոց գացեր են, ի՞նչ են եղեր,- Երանիկն էր,- եկեք մենձին կար անողի մը քով աշկերտ դնենք, իսկ պզտիկին առայժմ պահենք տունը, անիկա խելոք ու լսող չոջուխ է։
Երեկոյան ընթրիքն էր, որի ընթացքում որոշվում էին ընտանիքին վերաբերող ամենակարեւոր հարցերը։ Մկրտիչը խոսեց․
– Թաղին դպրոցը, գիտեմ, շատ թերություններ ունի, բայց մերն է, մեր ամենուսն է։
Այդպես որոշվեց Զապելին ու քրոջը տանել Պոլսո հայտնի Սուրբ խաչ վարժարանը։
Սուրբ Խաչում ամեն ինչ տարբեր էր Կարապետ աղայի դպրատնից։ Այստեղ դպրոցական նստարաններ էին, որոնց մոտ ձիգ նստում էին աղջիկները։ Չկար տնավարի մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ։ Եվ աղջիկներին առանձնապես բարյացակամ չընդունեցին։
Ահա նստել են նրանք դպրոցական նստարանին՝ ոտքերը դեպի դուրս, իսկ դասարանը հռհռում է։ Ուսուցիչը սաստում է հռհռացող աղջիկներին, հորդորում նրանց լինել ընկերասեր, ապա գիրք է տալիս Զապելին ու պատվիրում կարդալ։ Նա կարդում է այնպես, ինչպես սովորել է Կարապետ աղայի դպրատանը, վանկատելով բառերն ու նախադասության վերջում ձեռքը խփելով սեղանին, ինչը նորից ծիծաղի պայթյուն է առաջացնում դասարանում։ Մաթիլդը սկսում է լացել։ Իսկ Զապելը…
Զապելը չի վախենում մերժվելուց, նա երբեք էլ շրջապատված չի եղել սիրով ու գորովանքով, նա արդեն մի քիչ վարժվել է կյանքի հետ փոքրիկ մարտերին։ Ձեռքերով սեղանը սեղմած՝ նա զգում է, որ ուզում է շուռ տալ այն, բայց ծանր է, սեղանը ծանր է։ Եվ ահա, երբ բոլոր այդ համեստ ու պարկեշտ աղջիկները քահ-քահ ծիծաղում են իր՝ նորեկի վրա, որ ենթադրաբար պիտի իրենցից ընկճված ու խեղճ լինի արդեն իսկ նորեկ լինելու հանգամանքով, նա կոշիկներով բարձրանում է աշակերտական նստարանին, ապա սեղանին եւ ձեռքը գոտկատեղին դրած պատրաստ է բոլորին ու ամեն ինչ ճզմել իր կոշիկով։ Դասարանը պապանձվում է, բոլորը սպասում են ուսուցչի գործողություններին, իսկ վարժուհին, որ այլ դեպքում շատ ավելի աննշան զանցանքների համար ծանր պատիժ կտար ցանկացած այլ օրիորդի, անհասկանալի է, թե ինչու, սկսում է բանակցել նրա հետ, համոզում է, որ իջնի, շարունակի կարդալ, ապա գովում է նրան լավ կարդալու համար, միայն թե գոռալու ու վանկերով կարդալու կարիք չկա՝ ասում է, եւ տեղափոխում նրան ավելի բարձր դասարան։ Զապելի մտքում տպվել է դասարանի դռնից դուրս եկած ու ապշանքով իր հետեւից նայող աղջիկների խմբակային դիմապատկերը, որ քիչ առաջ ծաղրում էին իրեն, իսկ հիմա նայում են, թե ինչպես է իրենցից առաջ անցնում այդ չար ու ամբարտավան աղջիկը։
Կային այնտեղ հարուստ ընտանիքների զավակներ եւ երեխաներ աղքատ ընտանիքներից։ Զապելը նկատեց, որ ուսուցիչները աղքատ հագնված աղջիկների հանդեպ ավելի խիստ են, իսկ լավ զգեստներ հագնողներին ձգտում են բարձր նիշեր նշանակել, երբեմն նույնիսկ հաճոյանալ։ Նա չգիտեր ինչու, բայց զգում էր, որ այդ ուսուցիչների մասին բոլորովին հարգանքով չի մտածում։ Եվ ինչքան էլ նրանք դաժանություն ցուցաբերեին աղջիկների, ու տղաների, հատկապես աղքատ երեխաների նկատմամբ, ու ինչքան էլ վախ սփռեին աշակերտական սեղանների վրա, Զապելն զգում էր, որ նույնիսկ այդ վախն այլեւս ուժեղ չէ։ Նա, ով տալիս էր իշխանությունը ուսուցիչներին ու ծնողներին, ով իշխանություն էր տալիս ղեկավարներին ու սուլթաններին, նա, ով ներում էր շնորհում ու ցանկություններ իրականացնում, դադարել էր հեղինակություն լինել Զապելի համար, որովհետեւ անկարող էր բուժել ու վերադարձնել իր մայրիկին։ Անկարո՞ղ էր, թե՞ չէր ուզում։ Իսկ միգուցե ինքը չէր ուզում բավարար չափով։ Միգուցե։ Նա ճաշակել էր որբության համը, որ այնքան նման էր ազատությանը։
Մի օր բարձրացավ Տիգրան մորեղբոր սենյակը, որ ձեղնահարկում էր։ Քեռին ինչ-որ քարտեզներ էր նայում, սկսեց իրեն էլ ցույց տալ։ Ապա ցույց տվեց մի նկար, որտեղ հրացանով մարդիկ էին, իսկ նրանց դիմաց ծնկած էին ինչ-որ այլ մարդիկ։
– Սրանք ենիչերներն են,- բացատրեց Զապելին,- իսկ սրանք պուլկարները։ Պուլկարիո մեջ ապստամբություն եղած է, եւ սուլթանն ան ճնշած է, իսկ ապստամբներին գնդակահարած։
– Սուլթանները վա՞տ մարդիկ են,- հարցրեց Զապելը։
– Այո, անոնք բռնակալներ են։
– Հապա Սուլթան Ազի՞զը։
– Ան առավել եւ․․․
– Բայց չէ՞ որ ան ինքնասպան եղած է, որովհետեւ իրենից խլել էին իշխանությունը։
– Դուն շատ կխոսիս, ասոնք երեխոց խոսակցություններ չեն, ինչ եմ ընկել աս փրփուրին խելքին․․․
Եվ Տիգրան մորեղբայրը նրան պատվիրեց իջնել իր սենյակ ու մոռանալ ձեղնահարկում լսածները։
Բայց Զապելի վրա այդ երեկոն, բուլղար ապստամբներն ու չերքեզը, որ փորձել էր սպանել սուլթանին, մեծ տպավորություն թողեցին։ Եվ նա օրեր շարունակ մտածում էր այդ խիզախ մարդկանց մասին։
Այդ օրվանից նա սկսեց գիտակցել, թե հատկապես ինչու էին իր համար այդքան հակակրելի այն մարդիկ, որոնք ուժ ու իշխանություն էին բանեցնում մյուսների վրա։ Ու կապ չուներ, որ այդ մարդիկ ուժն ու իշխանությունը ոչ թե իր, այլ ուրիշների վրա էին բանեցնում։ Կապ չուներ նույնիսկ նրանց բարյացակամ ու սիրալիր վերաբերմունքն իր հանդեպ։ Նա խոր վիրավորանք էր զգում, երբ առեւտրականների երես առած երեխաներին քծնող ուսուցիչները արհեստավորների երեխաների նկատմամբ բռնություններ ու ճնշումներ էին գործադրում, նրանց ստորացնում ու ծեծում։ Մի անգամ, երբ աղքատ արհեստավորի աղջկա սառած մատերին ուսուցիչը սկսեց քանոնով խփել, նա չդիմացավ, կանգնեց ու ապտակեց վարժուհուն։ Այդ արարքը այնքան մեծ աղմուկ հանեց, որ հարց բարձրացավ նրան վարժարանից հեռացնելու։ Բայց երբ հորը կանչեցին դպրոց, հայրն ասաց․ իսկ դուք հարցրե՞լ եք անոր, թե նաչու է նման արարք արել։ Եվ դպրոցի հոգաբարձուները, որ ձգտում էին եվրոպական նախասիրություններով մարդու տպավորություն թողնել եւ դպրոցի մեջ արգելել էին մարմնական բռնությունն ու պատիժները, որոշեցին այս դեպքը պարտակել ու մոռացության մատենլ։ Բայց Զապելին սկսեցին ուշադրության կենտրոնում պահել, հետեւել նրա արարքներին։
Ոչինչ այդպես ակնհայտ ցույց չէր տալիս շերտավորումն ու անհավասարությունըկ, որքան երեխաների՝ դպրոց բերած սնունդը։ Աղքատները՝ հաց ու ձիթապտուղ՝ ծրարի մեջ, հարուստների երեխաների համար ճաշի ժամին ծառան երբեմն երկու-երեք տեսակ կերակուր էր բերում, եւ վարժուհին հաճախ նստում էր այդ երեխաների հետ նույն սեղանի՝ նրանց ճաշերից ըգտվելու համար։
Մելինեն հարուստի աղջիկ էր։ Մի օր ճաշին կեռաս էր ուտում, որը գարնան այդ ամսին մեծ ճոխություն էր, հազվադեպ պատահող եւ շուկայում շատ թանկ, Մելինեն դա ցուցադրական ախորժակով էր ուտում, շեշտելով մրգի ճոխությունը։ Իսկ նրա դիմաց նստաց աղքատ աղջիկը ամեն անգամ, երբ Մելինեն ուտում էր, նայում էր նրա շրտունքներին ու թուքթ կուլ տալիս։ Զապելը խլեց Մելինեից եւ նետեց պարտեզի դարպասից այնկողմ։ Աղքատ աղջիկը սկսեց լացել։ Եվ հիմա, տարիներ անց, երբ նրա ուղեղը նորից կենդանացրեց այդ պատկերը, նա դեռ վստահ չէր։, թե գտել է հարցի պատասխանը՝ ինչու այդ աղջիկը լացեց։ Կան բաներ, որ դժվար են տրվում բացատրության։ Ինչո՞ւ էր ինքը դարձել գրող, հավանաբար այդ պատճառով, որ պատասխան գտնի հարցերին, որոնց պատասխանը հստակ չէ, բայց հիմա ավելի, քան երբեւէ զգում էր, որ տարիներ առաջ պատասխան չստացած հարցերը այսօր էլ պատասխան չունեն։
Սիրո աղբյուրից օտարումը եւ բարեկամների ոչ այնքան սիրառատ ու հոգատար վերաբերմունքը նրա նկատմամբ նրան օժտել էին կարծիքի անկախությամբ։ Գովեստները, որ այդքան թանկ էր գնահատում աշխարհը եւ փոխանակում էր դրանք մարդու ազատության ու կարծիքի անկախության հետ, նրա համար արգահատելի էին դարձել։ Նողկալի էին նաեւ աշակերտուհիները, որ ձգտում էին գովեստների ու բարձր նիշերի՝ դրա դիմաց դառնալով հեզ ու կամակատար։ Եվ այն գիտելիքը, որ տրվում էր դպրոցում ու հանձնարարվում սերտելու, ասես նույնպես նպաստում էր հեզ ու խոնրահ աղջիկներ կրթելուն։ Հատկապես ատելի էին շարադրությունների թեմաները, որ հանձնարարվում էին նրանց։ Բավական չէր, որ հանձնարարում էին ողբի ու լացի, խեղդվողի ու մահացու հիվանդի ապրումների նեղ շրջանակ պատկերող թեմաներ, նաեւ պատվիրվում էր դրանք գրելու կերպը։ Շարադրությունները պիտի հիշեցնեին գրքային հերոսների կյանքը, պիտի ցույց տային այն ապրումները, որ ծանոթ էին իրենց գրքերից, պիտի առատորեն համեմված լինեին «ահ»-երով ու «ոհ»-երով։ Դա միաժամոանակ զվարճացնում ու կատաղացնում էր Զապելին։ Սակայն այն ժամանակ նա գրող չէր եւ պատկերացում չուներ գրական կարծրատիպերի մասին։ Հիմա՝ տարիների հեռավորությունից իր այդ զայրույթը դիտելիս նա հասկանում էր, որ իրեն այդ ամենի մեջ զայրացնողը ոչ թե վատ գրականությունն էր, ոչ թե վատ գրականությունը սիրելուն վարժեցնող մարդիկ, այլ կեղծիքը, որ ուսուցանվում էր իրենց։ Կեղծիքը որպես անկեղծություն։