Թշնամական աշխարհ/Արփի Ոսկանյան

Հաջորդ օրը, երբ մայրը չմիացավ տնեցիների առաջին սրճախմությանը, Զապելը կանխազգացում ու անհանգստություն ունեցավ, որ մայրիկի վրա ազդել են իր գիշերային անեծքները։ Վերջերս ինչ-որ աներեւույթ ձեռք իրականացնում էր նրա ցանկությունները։ Բավական էր, որ նա ինչ-որ բան  ցանկանա, եւ ինչ-որ մեկը այն բերում էր։ Բավական էր նրա մտքում հարց ծագեր, թե ինչպսին է լինում փոթորիկը, կամ ինչ տեսք ունի ենիչերը, եւ անմիջապես առիթ էր լինում, որ տեսնի սեփական աչքով։ Բավական էր, որ թաղի երեխաներից մեկնումեկը նրան նեղացնի, եւ անմիջապես ընկնում էր ու վնասվում։ Նա զգացողություն ուներ, որ ինչ-որ աներեւույթ ձեռք իրականացնում է իր ցանկությունները եւ պաշտպանում իրեն։ Եվ գիշերը, երբ սրտանց մոր մահն էր ցանկանում, գիտեր, որ մորը վատ բան է պատահելու։ Գիտեր ու արդեն խիղճը տանջում էր։ Եվ ցանկանում էր, որ մայրը մեռնի, եւ չէր ցանկանում։

Երբ մայրը չիջավ նաեւ երկրորդ սրճախմությանը, Զապելն իրեն արդեն մարդասպանի պես էր զգում։ Եթե կարողանար, կգնար ու կթաքցներ մոր դիակը։ Եվ երբ երրորդ սրճախմությանը չիջավ մայրը, որից հետո սկսվում էր լիաթոք ներկարարարական աշխատանքը, Յուղաբերը բարձրացավ մոր սենյակ։ Զապելը սարսափով սպասում էր, որ նա հիմա կգոռա, որ հիմա կիջնի ու կհայտնի մոր մահվան լուրը, բայց լսվում էր, որ Յուղաբերն ինչ-որ բան էր ասում, որ ինչքան էլ լարում էր լսողությունը, իրեն լսելի չէր։

Երբ տնեցիներն անհասնգսստացած բարձրացան վեր, ու արդեն սկսեցին անհանգստացած ձայներ լսվել, երբ տուտուն գոռաց՝ տունս քանդվեց, Զապելի աչքերից սկսեցին հոսել արցունքները։ Նա դեռ չգիտեր՝ ինչ է մեղքը, նա դեռ չգիտեր, որ իր ապրածը մեղքի զգացում է, նա չէր հասկանում՝ ինչու է կրծքավանդակում այդպիսի ծանր գունդ գոյացել։ Երեկ նա ուզում էր մոր մահը, իսկ այսօր ուզում էր, որ մայրը վերակենդանանա, որ գրկի մայրիկին ամուր-ամուր։ Հիմա ամեն ինչ կտար, որ հետ վերցներ իր երեկվա ցանկությունը։ Նրա մտքով անցավ, որ եթե մայրիկից ներողություն խնդրի իրեն սպանելու համար, միգուցե հնարավոր լինի նրան վերակենդանացնել։

Գրեթե վստահ, որ մայրը մահացել է, նա բարձրացավ աստիճաններով։

Նա արդեն տեսել էր մահացած մարդ։ Նա գիտեր, որ մահացած մարդը անշարժ պառկած է լինում, եւ երբ տեսավ մայրիկին անկողնում նստած ու աչքերը բաց, երբ տեսավ, որ մայրիկը ողջ է, նետվեց դեպի նա ու ամուր գրկեց նրան։ Հիմա էլ ավելի ուժեղ էր լալիս՝ մտքում շնորհակալ լինելով այն անտեսանելի ձեռքին, որ իրեն տալիս էր իր բոլոր ուզածները։ Բայց մայրիկը առաջվա պես սառն էր իր նկատմամբ, բոլորովին չգրկեց իրեն։ Իսկ երբ Մաքրիկն իրեն հեռացրեց մայրիկից, նա հասկացավ, որ մայրիկն այնուամենայնիվ այնքան էլ ողջ չէ։ Նրա սիրտը թեպետ չէր կանգնել, թեպետ նա պառկած չէր աչքերը փակ, այլ նստած էր, եւ աչքերը բաց էին, բայց դրանք նայում էին ինչ-որ անորոշ կետի, ասես չնկատելով իրենց։ Նա չէր արձագանքում տնեցիների հարցերին, նրան ինչպես շարժում էին, այդպես էլ մնում էր։ Մայրիկն ասես մոլորովել էր կյանքի ու մահվան սահմանագծին, ինչ-որ մութ անտառում։ 

Այն, ինչ տեսավ Զապելը, նույնիսկ ավելի վախենալու էր, քան եթե մայրիկը բոլորովին մահացած լիներ։ Իսկ երեկոյան բժիշկ եկավ տուն՝ դոկտոր Թորգոմյանը։ Նա երկար զննեց մայրիկին եւ գրեց ախտորոշում՝ մելանխոլիա։ Ծնողների ննջասենյակի դուռը կիսաբաց արած՝ Զապելը լսում էր՝ ինչ է ասում նա հորը։Ասում էր, որ պետք է ուշադիր լինել, որ հանկարծ մայրը ինքնասպանություն չգործի, որովհետեւ այդ վիճակին բնորոշ են նման մտքերը, իսկ եթե նա իր մեջ բավականաչափ վճռականություն զգա, կարող է նաեւ իրականացնել մտքով անցածը։ Ապա, տեսնելով կիսաբաց դռան արանքով իրենց խոսակցությանն ականջ դնող Զապելին՝ ասաց.

– Չոջուխին ճիշտ կըլլա տեղավորել ապահով տեղ մը, որ օրվա ընթացքում հեռու ըլլա տնից։

Ապա հայրը մորը գրկած բերեց ճաշասեղանի մոտ, նստացրեց աթոռին, որ իրենց հետ մասնակցի ճաշին։  Բայց մայրը բերանը չէր բացում, Յուղաբերը գդալի պոչը մտցնում էր ատամների արանքը ու փորձում դրանք հեռացնել իրարից, որ հայրը կարողանա մսաջուր լցնի բերանը։ 

– Մկրտիչ, դուն կեր, ես կկերակրեմ,- ասաց տուտուն։

– Ինչքան ատեն որ ողջ եմ,- ասաց հայրը,- անոր խնամքը չեմ հանձներ օտար ձեռքեր։ 

– Ես անոր մայրն եմ,- ասաց տուտուն։

– Հացդ կեր,- ասաց հայրիկը՝ շարունակելով կերակրել մորը։

Բոլորի ախորժակը փակվել էր, ոչ ոք չէր կարողանում կուլ տալ կծածը, անորոշ հուսահատություն էր պատել բոլորին։

Ավարտելով մորը կերակրելը՝ հայրը արհեստական ուրախ տոնով ասաց․

– Քիչ մըն ալ մենք ուտենք։

Նա փորձում էր կոծկել իր շփոթությունն ու հուսահատությունը, ինչքան որ հնարավոր է։ Նույնիսկ ինչ-որ կատակ արեց, տնեցիներն էլ նրան քաջալերելու համար ծիծաղեցին։ Հետո հանկարծ մոր՝ անորոշ ուղղությամբ նայող աչքերից սկսեցին արցունքներ հոսել։

Տարօրինակ էր, բայց այդ արցունքների հոսքը Զապելի մեջ ոչինչ չշարժեց։ Նա ցանկություն չունեցավ սփոփելու մորրը, թեթեւացնելու նրա ցավը։ Մոր դեմքին ցավ չկար։ 

– Ի՞նչ պիտի ըլլա մեծի ու պզտիկի վիճակը,- ասաց Յուղաբերը,- ո՞վ պիտի անոնց նայե, բոլորս յազմա կքաշենք, մի փորձանք չբերեն գլխներուն․․․

Խոսքը իր ու Մաթիլդի մասին էր։

– Բժիշկն էլ ըսավ, որ հարկ է տնից հեռացնել, կրնա պատահիլ, որ վատ ազդեցություն թողնեն նրանց վրա աս անցքերը։

– Լավ կըլլա, որ Կարապետ աղային դպրատունը տանք,- ասաց Յուղաբերը,- Կարապետ աղային կինը՝ Նեկտար հանըմը տեսնես ինչքա՞ն կուզե, որ դասերեն ետքն ալ քիչմ պահե։

– Ատոնց քով չեմ ուզեր, որ գնան,- ասաց հայրը։

– Ինչո՞ւ չես ուզեր, ջանմ,- հարցնում է տուտուն։

– Տարօրինակ մարդ մըն է։ Քանի որ ժամանակին իրեն մերժած են հոգեւորական դառնալուն, ասես կջանե պապեն կաթոլիկ երեւալ, ի՞նչ են սորվեցնում այդ դպրատանը, աղոթք ու աստվածաշունչ, Աստվածաշունչ ու աղոթք։ Ատոր համար էլ չեմ ուզեր։

-Շատ իզուր,- Երանիկն էր,- ան կդաստիարակե աղջիկներուդ՝ ան, ինչ կինդ չկրցավ անել։

– Աղոթքն ու Աստվածաշունչն իսկն են չոջուխներուն համար, մանավանդ մենձին, մեջի սատանեքը միգուցե դուրս բերեն։

– Հա, աղջկա շնորհք չկա մեծի վրա, քիչմ խստությունը միայն օգուտ կտա անոր։

– Պզտիկ են,- ասաց հայրը։

– Պզտիկ չեն,- ասաց տուտուն,- մեր ատեն մեծի տարիքին կնշանեին աղջիկներուն։

Հաջորդ օրը հայրը պատվիրեց մորաքույրներին աղջիկներին գեղեցիկ հագցնել եւ տարավ նրանց Կարապետ աղայի դպրատունը, ինչքան էլ որ այն սրտովը չէր։ Նեկտար հանըմի հետ զրույցի ընթացքում հայրն ասաց, որ կինը վատառողջ է, եւ տանը երեխաներին նայող չկա, կամ դայակի պիտի տան, կամ եթե Նեկտար հանըմը կհամաձայնի, կթողնեն իր մոտ նույն պայմաններով, ինչ ուրիշ երեխաներ են մնում։ Ըստ երեւույթին Նեկտար հանըմը լսել էր Զապելի չարաճճի, չլսող, ինքնագլուխ բնավորության մասին։

– Նույն պայմաններով չըլլար,- ասաց։

Դպրատան տիրոջ կինը Զապելին ու նրա քրոջը պահելու համար ուզեց այն վարձի կրկնակին, որ ուզում էր ուրիշների համար։  

Այսքան տարի անց, մեկուսարանում մենակ նստած ու իր կյանքը նորից ու նորից վերհիշելիս նա մտածում էր, որ եթե իր դպրոց հաճախելը չհամընկներ իր տանը տեղի ունեցող դժբախտության հետ, միգուցե նրա վերաբերմունքը դպրոցին բոլորովին այլ լիներ։ Բայց ասես բոլոր բարդությունները, կյանքի բոլոր հարվածները միանգամից էին թափվել նրա ու քրոջ գլխին։ Հաճախ մտածում էր, որ քրոջ համար հավանաբար ավելի բարդ էր, որովհետեւ նա միշտ ստանում էր մայրիկի գորովանքը, իսկ ինքն էն գլխից զրկված էր դրանից։ Ու թեպետ կորցրել էր այն, ինչ չէր ունեցել, բայց միեւնույնն է՝ չէր կարողանում ազատվել հոգին պատառոտող անհասկանալի ու իր համար դեռեւս դժվար մեկնաբանվող զգացմունքներից։ Հիմա հետահայաց նայելիս մտածում էր, որ միգուցե ոչ թե մարդիկ էին այդպես թշնամաբար տրամադրված իրենց նկատմամբ, այլ ինքն էր այդպես ընկալում իրականությունը։ Ամեն տեղ նրան մատնացույց էին անում եւ ասում՝ Շիրինենց Աղավնիի աղջիկն է, որ նշանակում էր՝ դժբախտ երեխա է եւ կամ մոր պես խելագար է, կամ էլ թե մեկը, թե մյուսը։

Մի օր փողոցում չարաճճիություն անելիս հարեւան կանանցից մեկն ասաց․

– Ալ մար չունիս, մարդ սեպե քի մեռած է, խելքդ գլուխդ ժողվե։

Հիշում էր իր ատելությունն այդ կնոջ հանդեպ։ Եվ աշխարհի, որը պարզվեց՝ այդպես դաժան է որբերի հանդեպ։ Ինքն իհարկե որբ չէր, հայր ուներ, մորաքույրներ ու քեռիներ, եւ մայրն էլ ի վերջո չէր մահացել, այլ ընդամենը հիվանդ էր, եւ մոր առողջ օրերին էլ առանձնապես չէր զգացել, որ մայրն իրեն ապավեն ու պաշտպան լիներ, բայց ահա՝ երբ մարդկանց թվում էր, թե նա որբ է, թե անտեր ու անսեր է մնացել, օգնելու, տեր կանգնելու, ջերմությամբ մոր պակասը փոխարինելու փոխարեն նրանք լցվել էին  դաժանությամբ։ Դաժանությամբ էին լցվել նաեւ տնեցիները, նաեւ մորաքույրները։Հաճախ լսում էր, որ ասում են՝ չոջուխին մեջ սատանա է մտած, աս աղջկա հոգում սատանա է նստած ու նման բաներ։

Կարապետ աղայի դպրատանը պարապմունքները սկսվում էին աղոթքով, որ տեւում էր շատ-շատ երկար։ Զապելը, որի մանկությունը հայրը զերծ էր պահել կրոնական դրսեւորումներից, Աստծո հետ հարաբերվելու այս առիթը դիտարկեց որպես հնարավորություն մոր առողջությունը հետ բերելու։Ձեռքերը մուրացկանի նման առաջ պարզած, դեմքով դեպի արեւելք կանգնած, աչքերը փակ՝ բոլորի հետ նա արտասանում էր տերունական աղոթքը գրաբարով, բայց մտքում իր առօրեական լեզվով խնդրում էր աստծուն, որ վերադարձնի մայրիկին առողջությունը։

Նրա երազներն էլ սկսեցին գունավորվել կրոնական թեմաներով, երբեմն տեսնում էր Աբրահամին ու Իսահակին, երբեմն տեսնում էր Հիսուսին ու Հուդային, երբեմն հենց ուղիղ սատանային, որը փորձում էր նրան գայթակղել։

Ու թեպետ նա սրտանց փորձում էր Աստծուց առողջություն խնդրել իր մոր համար, միշտ տպավորություն ուներ, որ այդ սատանան կանգնած է իր եւ աստծո միջեւ եւ ինչ-որ կախարդական հմայանքներով խլացնում է իր խնդրանքը, ու այն չի հասնում Աստծո ունկերին։

Բայց եթե Աստված իսկապես ամենակարող է, եթե նա գիտի բոլորիս սրտի եղածը, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ սատանան կանգնի իրենց արանքում։ Ի՞նչ է ուզում իրենից աստված։ Մի՞թե այն, ինչ ասում էին իրենց դպրոցում։

Նա գնալով հուսահատվում էր, թե Աստված լսում է իրեն ու իր խնդրանքը՝ մայրիկին վերադարձնելու։ Մի օր առանձնակի թափով խնդրեց Աստծուն, որ առողջացնի մայրիկին ու վերադարձնի իրենց տուն։ Խոստացավ, որ կխոստովանի հայրիկին իր մեղքը, որ մայրիկն իր պատճառով է հիվանդացել, որովհետեւ ինքը նրան մահ է ցանկացել։ Բայց ամեն անգամ, երբ պատրաստվում էր հայրիկին ասել այդ բանը, չէր կարողանում, ինչ-որ բան կանգնեցնում էր նրան։ Նա հասկանում էր, որ եթե ուզում է մայրիկին առողջ տեսնել, պիտի խոստովանի իր մեղքը։ Եվ ահա, հավաքել էր իր բոլոր ուժերը, իր ոգու ողջ կորովը եւ մտել հայրիկի սենյակ։ Հայրիկը նայում էր նրան գորովանքով ու մեղմությամբ։ Մի տեսակ խղճահարությամբ, որից Զապելի լացը գալիս էր։ Ի վերջո նա փակեց աչքերն ու լսեց իր ձայնը, որ դուրս էր գալիս իր բերանից. «Ես եմ մեղավոր»։ «Ի՞նչ»,- ասաց հայրիկը։ Զապելն աչքերը բացեց եւ, սրտապնդված իր ցուցաբերած արիությունից, ավելի անվրդով ասաց․ «Մայրիկն իմ պատճառով է այդ վիճակում»։ Հայրը խոժոռվեց, Զապելին թվում էր, որ նա հիմա կապտակի իրեն, բայց հոր ջղայնությունը իրեն չէր վերաբերվում, այլ Կարապետ աղայի դպրատանը․ «Ատ ի՞նչ կսորվեցնեն ձեզ, հերիք եղավ»։ Զապելը շարունակեց. «Ես․․․ այդ ես ցանկացա, որ նա մեռնի»։ 

Եվ հենց այդ պահին լսվեց մայրիկի ծիծաղը վերեւից։ Բարձր ու չարագույժ, ասես Զապելի ասածը անցել էր հոր ականջների կողքով ու մտել էր վերին հարկում, իր սենյակում անվերջ հետուառաջ քայլող մոր ականջախեցիների մեջ։ Զապելը նախկինում երբեք նման ծիծաղ չէր լսել, ծիծաղ, որ չէր արտահայտում ուրախություն ու զվարթություն, ծիծաղ, որի մեջ խտացած էր ցավը ու տառապանքը։ Ծիծաղ, որ հետո փոխվում էր հեկեկոցների ու ողբի։

Կարապետ աղան, որ ժամանակին երազել էր հոգեւորական դառնալ, սակայն մերժում էր ստացել, բարդ հարաբերություններ ուներ եկեղեցու հետ, երբեք այնտեղ չէր գնում, բայց հավատում էր աստծուն եւ երեխաներին առանձնակի դաժանությամբ կրոնական դաստիարակություն էր տալիս։ «Աս ի՞նչ տառ է, Սերոբ»,- ասում էր ցուցափայտը դնելով տախտակի վրա գրված հայոց այբուբենի տառերից մեկնումեկի վրա։ Փորձվեր Սերոբը չիմանար, Կարապետի ցուցափայտն իջնում էր նրա գլխին։ «Ապա մի դու ասա, Տիգրան»։ Եվ Տիգրանն անմիջապես տառն ասելուց հետո մեխանիկորեն բարձրացնում էր թեւքը, որ պաշտպանի գլուխը։ Բոլորը վախենում էին նրանից ու նրա տիկնոջից։ Եվ միայն Զապելի հետ էր, որ Կարապետ աղան զարմանալիորեն մեղմ էր, երեւի որովհետեւ սա գիտեր այբուբենի տառերը։ Շոյում էր գլուխը, գովում էր, ինչքան էլ որ տեսնում էր՝ չլսող ու չարաճճի աղջիկ է։ Կինը հա հորդորում էր հետը խիստ լինել, բայց Կարապետը Զապելի նկատմամբ խստություն չէր բանեցնում։ «Ի՞նչ անես, սիրտը կպեր է»,- ասում էր կինը։ Դպրատանը աղոթքին հաջորդող դասերը Ավետարանի, ապա Նարեկի ընթերցանությունն էր, որ հանձնարարվում էր առավել առաջադիմած աշակերտներին, որոնք արդեն կարողանում էին գլուխ հանել այբուբենից ու ընթերցանությունից։ «Կուզե՞ս Աստվածաշունչ կարդալ»,- մի օր Զապելին հարցրեց Կարապետ աղան, ինչը նշանակում էր, որ նրան բավականին բարձր առաջադիմություն ունեցող աշակերտ է համարում, ինչին ի պատասխան Զապելը հաստատական գլխով արեց։ «Դե պիտի հորդ ասես, որ Աստվածաշունչ առնի»։ 

Հայրիկն աստվածաշունչ չառավ, որովհետեւ ամբողջովին կլանված էր մոր խնամքով։ Բժիշկը խորտհուրդ էր տվել հեռացնել նրան տնից, տանել գյուղական վայր, որտեղ շնչելու օդ ու հանգստություն կար։ Եվ հայրը մայրիկին տարել էր թուրքական մի գյուղ, Լիպատե անունով ու նրա խնամքը վստահել թուրք մի ընտանիքի։ Ճիշտ է՝ օրը երկու անգամ գնում էր նրան տեսության, բայց տնեցիները հույս ունեին, որ Աղավնու բացակայությունը լավ կանդրադառնա թե նրա, թե իրենց, եւ հատկապես Զապելի վրա, որը ակնհայտորեն դառնում էր անկառավարելի։ 

Հայրիկը Ասմտվածաշունչը չառավ, սակայն Կարապետ աղան սկսեց սովորեցնել Զապելին իր գրքով։ Նա համբերատարորեն սովորեցնում էր գրաբարի քերականությունն ու բառերի ճիշտ շեշտադրությունը, եւ դրանք այն հազվադեպ ժամերն էին, երբ Զապելը, ծնկած նրա բազմոցի առաջ, լուռ ու խոնարհ սերտում էր եւ ուշադրությամբ կարդում։ Իսկ երբ Կարապետ աղան էր կարդում, Զապելը համակ ուշադրություն դարձած լսում էր, թեպետ քիչ բան էր հասկանում։ Այդ ընթերցանությունից նրա մտքում արձաններ էին երեւում, եւ այդ հայերենին նմանվող, բայց տարբեր բառերը մոգական հմայիլի պես նրան անմեկնելի երանության մեջ էին գցում։ Դեմքի այդ արտահայտությունն էր հաճախ որսում Կարապետ աղան, որ գրքից հայացքը բարձրացնում էր ու նայում աշակերտներին, որ հիմնականում անտարբեր էին։ Նա մոտենում էր Զապելին, ափը դնում կզակի տակ, բարձրացնում դեմքը, նայում աչքերին, ապա շոյում գլուխը եւ շարունակում կարդալ։ 

Սակայն Զապելը նույնպիսի համակրանք չէր տածում նրա հանդեպ։ Իհարկե, Կարապետ աղան բացահայտ առավելություն էր տալիս նրան մյուսների հանդեպ, նրա վրա երբեք չէր գոռում, եւ բոլորը գիտեին, որ նրա սիրտը Կպել է Զապելին, բայց վերջինիս դուր չէր գալիս այն հալածանքը, որ Կարապետ աղան ծավալում էր մյուս երեխաների նկատմամբ։ Երբեմն նա ուզում էր, որ Կարապետ աղան ու յուր կինը պարզապես հիվանդանան ու անկարող լինեն ընդունել երեխաներին։ Բայց նրանք չգիտես ինչու չէին հիվանդանում, նրանք շատ ուժեղ էին եւ ինչքան կարող էին, ճնշում էին երեխաներին։ 

Զապելի  հոգում արթնացող պատանեկան հակառակվող ուժերը գնալով սաստականում էին։ Մոր բացակայությունը, որ թվում էր առանձնապես պիտի նրա վրա չանդրադառնար, քանի որ նախկինում էլ մեծ կապվածություն չուներ Զապելի հետ, այնուամենայնիվ ավիրում էր նրա ներսը։ Ավիրում էին ներսը մորաքույրների ու տնեցիների գնալով վատացող վերաբերմունքն իր նկատմամբ, հարեւանների ու բարեկամների խոսակցությունները եւ ամենակարեւորը՝ Աստծո լռությունը։ Նա իր հոգու բոլոր ուժերը ամբարել, խնդրել էր Աստծուն առողջություն իր մայրիկի համար ու նրա վերադարձը։ Նա խնդրել էր ներել իրեն, խոստացել ու իրականացրել էր խոստովանելու խոստումը, ինչքան էլ որ դա անտանելի բարդ էր իր համար։ Ինչպես ինչ-որ անհասկանալի կերպով թվում էր նրան, որ նա է մեղավոր մայրիկի հիվանդության համար, նույն կերպով էլ թվում էր նրան, որ Աստծո հետ դաշինք է կապել, ինչ-որ պայմանավորածություն է ձեռք բերել, եւ հիմա Աստված հրաժարվում է կատարել իր պարտավորությունը։

Երեկոյան խաղում էր տղաների հետ, ամիրայական պարտեզում վազվզում էր, երբ տեսավ հարեւանի կնոջը՝ այն նույնին, որ իրեն ասել էր՝ խելքդ ժողվե, մար չունիս այլեւս։ Անզուսպ ատելություն զգաց այդ կնոջ ու նրա երեխայի հանդեպ, իջավ ցանկապատի վրայից, վազեց նրանց հետեւից ու գետնից մի քար վերցնելով՝ նետեց կնոջ վրա։ Կինը ճչաց, շրջվեց նետողի կողմն ու տեսնելով Զապելին պաշտպանող շարժումով գիրկն առավ երեխային։ Զապելը տեսավ՝ ինչպես նրա մազերի մի փունջ ներկվեց մուգ կարմիր։

Հետո տանը Յուղաբեր մորաքույրը դաժան ծեծ տվեց նրան։ Մաքրիկն ասաց, որ մոր բացակայությունը չի նշանակում, թե ինքը պիտի չափերն անցնի։ Երանիկն ուզում էր պաշտպանել նրան, տանել իր սենյակը, բայց փոշմանեց եւ միայն ասաց․ «Ուրիշներն իրենց չոջուխներուն ու թոռներուն ինչ են ժառանգում, մեր պապերն ինչ ժառանգեցին»։

Զապելը այդ գիշեր պոկեց նրանց գլխարկների արհեստական ծաղիկները։ Պոկեց, լցրեց իր գրպանները։ Որոշել էր անել մի բան, որ վաղուց էր մտմտում, բայց չէր համարձակվում։  Կարապետ աղան սովորություն ուներ դասի ժամին քնելու իր քառակուսի բազմոցի վրա, եւ այդ ժամանակ կատարյալ լռություն պիտի տիրեր տանը, երեխաները չէին համարձակվում շարժվել, հազալ կամ փռշտալ։ Սրբապատկերները, որոնցով զարդարված էին Կարապետ աղայի դպրատան պատերը, ասես զարմացած նայում էին այդ ամենին։ Այդ լռության մեջ լսվում էր միայն Կարապետ աղայի խռմփոցը։ Եվ ահա, Զապելը մոտենում է նրան անշտապ, ոտնաթաթերի վրա, եւ քնած Կարապետ աղայի կրծքավանդակին է շարում մայրիկի ու  մորաքույրների գլխարկների վրայից թռցրած ծաղիկները։ Երեխաները սարսափած նայում են նրան, իսկ հետո հանկարծ սկսում են ծիծաղել, եւ Կարապետ աղան, ինչպես քնած ցիկլոպը, արթնանում է, տեսնում իր կրծքին, ինչպես հանգուցյալի վրա, ծաղիկներ, ապշահար նայում է Զապելին՝ փորձելով հասկանալ կատարվածը։ Այդ ընթացքում նրա կինը հասցնում է Զապելին գրկած փախցնել ու փակել երկրորդ հարկի սենյակներից մեկում, որի պատուհանը պարտեզին էր նայում։ Բալենին գեղեցիկ ծաղկել էր՝ սպիտակ ծաղիկներով։ Միջանցքում գոռում-գոչյուն էր, լսվում էր Կարապետ աղայի կատաղած ձայնը՝ ո՞ւր է էդ խրատված չոջուխը, ես կստիպեմ նրան խոստովանիլ, թե ով է իրեն ատանկ խրատել։ Լսվում էր նրա կնոջ լացի ձայնը, լսվում էր երեխաների գոռում-գոչյունը ու թե ոնց էին վազում՝ Կարապետ աղայի ցուցափայտից փրկվելու համար։ «Արժանի՞ է քահանայության, ոչ, արժանի չէ»,- գոռում էր Կարապետ աղան՝ հիշելով, թե ինչպես իրեն մերժեցին հոգեւորական դառնալ,- ո՞ւր է չոջուխը, ապա մի գտեք, հասկնամ, ով է խրատած»։ 

Զապելը բացեց պատուհանը, ծաղկած բալենու ճյուղը քաշեց դեպի իրեն եւ սկսեց իջնել ծառի բնով։ Բալենու սպիտակ թերթիկները թափվում էին նրա վրա ու նրա շուրջը։ Պատի ելուստի վրա ապաստանած դեղին կատուն նայում էր նրան անթարթ աչքերով։

Please follow and like us: