7
Արթնացավ ցրտից։ Չէր էլ հասկանում՝ ինչպես էր քնել։ Նույնիսկ իր ամառային վերարկուն չէր գցել վրան։ Նստած տեղը մտքերի մեջ էր ընկել, ննջել ու քնի մեջ մեկնվել փայտե նստարանին, որ բերել էին իր համար։ Նստարանի առկայությունը կարելի էր որպես հոգատարության նշան ընկալել։ Համենայնդեպս բանտապահ կինը փորձել էր այդպես ներկայացնել։ Ճիշտ է՝ Զապելը նրա խոսքում հեգնանք էր նկատել, բայց նրան դուր էր գալիս մտածել, որ Սովետական Հայաստանը կամ միգուցե սովորական հայ մարդը, սովորական հայ կինը, որ բանտապահն էր, հոգ է տանում իր մասին։ Ամառ էր, շատ էր պատահել, որ առանց ծածկվելու քներ, բայց այդ մի քանի ժամվա քունը առանց պատշաճ ծածկվելու նրան հիվանդացրել էր։ Կոկորդում գունդ էր զգում եւ թուլություն՝ մկաններում։ Ասես մանկության հուշերի վերապրումը վերակենդանացրել էր նրա մարմնում նաեւ մանկական հիվանդոտությունը։
Իր հիվանդ մարմինն ու սիրո, քնքշանքի կարոտ հոգին նորից ապաստան են գտել հոր գրկում։ Հայրը նորից թերթ է կարդում, եւ ինքը նայում է տառերին՝ մեծ հ, կողքին ա, ապա յ… Եվ կարդում է, կարդում է բարձրաձայն.
– Հայրենիք․․․
Թերթի վերնագիրն է։ Հայրը ապշած է, ոգեւորված։ Նա շարունակում է․
– Կիրակնօրյեայ թերթ…
Բայց մայրիկը բոլորովին ուրախ չէ։ Հայրիկի դեմքին էլ է մտահոգության ստվեր հայտնվում։
– Տես,-ասում է հայրիկը,- ատանկ կգրվի, բայց այլ կերպ պետք ունինք կարդալու։
Մայրիկը դուրս է վազում սենյակից դեմքը փակած։ Հայրիկը Զապելին նստացնում է աթոռին ու դուրս է գալիս մայրիկի հետեւից։ Զապելը լսում է դռան արանքից, որ մայրիկն անհանգստացած խոսում է։ Հիվանդությունն է, ասում է, այդպես լինում, է ասում է, երբ ուղեղի հիվանդություն են ունենում, արտառոց ունակություններ են ունենում, մեր աղջիկը երկար չի ապրի, ու լացում է մայրիկը, հեկեկում է հայրիկի գրկում, եւ սերն ու քնքշանքը, որ քիչ առաջ տալիս էր հայրիկն իրեն, հիմա մայրիկին է տալիս։ Մայրիկին գրկած՝ նա նկատում է Զապելին, որ դռան արանքից հետեւում էր իրենց, ժպտում է ու բռնազբոսիկ աչքով անում․․․ Բայց Զապելը տեսել ու լսել է մայրիկի անհանգստությունը, նա դեռ լավ չգիտի՝ ինչ ուղեղի հիվանդության մասին է խոսքը, բայց գիտի, որ իրեն վտանգ է սպառնում, գիտի, որ իր հետ վատ բան է պատահելու, որ իրեն վիճակված չէ ապրել․․․ Նա լսում է մայրիկի լացը քնելիս եւ լսում է մայրիկի տնքոցը գիշերվա մեջ, նա վեր է կենում իր անկողնուց ու զգուշորեն քայլում դեպի ծնողների մահճակալը, որ գրկի մայրիկին, սփոփի, ասի, որ իր համար չլացի, ասի, թե ինչքան է սիրում նրան․․․ Բայց հանկարծ հասկանում է, որ մայրիկն իր պատճառով չէ այդպես տնքում, այլ հայրիկի, որ չգիտես ինչու պառկել է նրա վրա։ Հավանաբար հայրիկի ծանրությունից է այդպես տնքում մայրիկը, խեղճ մայրիկը՛․․․ Եվ Զապելն զգում է, թե ինչպես է իր մեջ արթնանում մայրիկին պաշտպանելու ու փրկելու ցանկությունը․․․ Նա ճչում է, եւ իրեն են նայում ծնողների ահաբեկված դեմքերը։
– Ի՞նչ գործ ունես այստեղ,- ասում է մայրիկը,- ապա մի շուտ պառկիր։
Մի քանի օրից ընտանիքը նոր տուն տեղափոխվեց։
– Մկրտիչ, կապրինք կոր, ի՞նչ կարիք կա փոխելու տունը,- մայրն էր։
– Քիչ մը ոսկեզօծինք կացությունը,- ասաց հայրը,- համ էլ աղջիկներն իրենց սենյակն ունենան, այդպես ճիշտ է։
Տունը, ուր տեղափոխում էին կահ-կարասին, ներկերի տարաները, մի փողոց ներքեւ էր, ավելի լուսավոր, ավելի շատ սենյակներ ուներ։ Բայց նաեւ ավելի թանկ էր վարձակալելը։ Փողոցի մյուս կողմում ազնվականների տներն էին՝ քանդվող, չվերանորոգվող, իրենք՝ օսմանյան ազնվականները՝ այդ տների դիմաց կանգնած՝ մռայլ ու նախանձկոտ, նայում էին հայ առեւտրականների տներին, որտեղ կյանքը ծաղկում էր։ Ուրիշ ի՞նչն ավելի լավ կհուշեր դարաշրջանի մայրամուտի մասին, քան այդ կիսաքանդ տները, նրանց մռայլ տերերը եւ նրանց՝ միմյանց միջեւ կնքված ամուսնություններից ծնված հիվանդ ու խեղանդամ երեխաները, որ չէին գտնում իրենց ապրելու տեղը արեւի տակ եւ ապրուստ վաստակելու միջոցները փոփխված աշխարհում։
Փողոցի այս կողմում հայ առեւտարակնների տներն էին, այստեղ կյանքը եռում էր, եռում էր մարդկանց անցուդարձով, խինդով, ծիծաղով, վազվզող երեխանեով, նրանց լացով, գոռոցներով։ Եռում էր ու երբեմն բլթբլթալով լցվում ազնվականների անխնամ այգիները։
Իրեն ու փոքրիկ քրոջը՝ Մաթիլդին, նույնիսկ առանձին սենյակ հատկացրին։ Իսկ մյուս սենյակներում կյանքն ավելի արագացավ։ Մորաքույրներն ավելի շատ էին աշխատում՝ հոգալու համար տան վարձի եւ անվերջանալի հյուրընկալությունների ծախսը։
Ամեն ամսվա սկզբին Քել Պողոսը՝ տան տերը, որ բացի վաձով տներից ուներ նաեւ մակարոնի ձաբրիկա, գալիս էր տան վարձը ստանալու։ Կանգնում էր նա իր եվրոպական հագուկապով դռան դիմաց ու թակում թակիչով։ Միշտ չի, որ այդ վարձը պատրաստած էին լինում, ավելի հաճախ բավականաչափ փող չէր լինում այվ վարձը մուծելու համար, այդ պատճառով էլ Պողոսի այցերը անցանկալի այցեր էին։ Նրան այս տանը չէին սիրում եւ ծաղրում էին նրա ստրկական սերը Եվրոպայի ու ամեն եվրոպականի հանդեպ։
– Մարդս իր յորղանին կյորե պիտի ոտքը երկնցնե,- Քել Պողոսը առիթը բաց չէր թողնում վարձակալների նկատմամբ իր գերազանցությունը ցուցադրելու։
– Դուն ի՞նչ գործ ունիս, եկել, Շիրինենց աղջիկներուն չափավորության դասեր կուտաս,- ասում էր Մաքրիկը,- բերանս բացել մի տուր, յավրում, ամենքն ալ գիտեն, որ հայրդ ալ, մեծ հայրդ ալ գետնաքարշ ստորություններ գործած են պատառ մը հաց ձեռք գցելու համար, գրել-կարդալ չգիտցող բանվորուհիներու հաշիվներուն մեջ խամին ըրած եք, հիվանդ կնկանդ հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքդ ըսեմ թե․․․
Օր չկար, որ այդ տանը հյուր չլիներ։ Այն բացառիկ օրերին, երբ հյուր չէր սպասվում, ինչ-որ տեղից հայտնվում էր Արթին ամուճան՝ Լուսիկ տատի եղբայրը։ Նա գալիս էր այնպես, ինչպես մարդն իր տուն է գնում։ Հանում էր կոշիկները, կարմիր թաշկինակի մեջ փաթաթած թուզը տալիս էր մորաքույրներից մեկնումեկին ու ասում էր.
– Մեկը ղրկեցեք, թազա միս առեք, խաշլամա մը դրեք կրակի վրա։
– Վահ, վահ, թան էլ չէ, փրթած մածուն,- ասում էր Յուղաբերը,- էս տանը պարապ մարդ չկա, ամուճա․․․
– Վաղը չէ մյուս օրն եկուր, ամուճա,- ասում էր Մաքրիկը։
Ամուճան արդեն նեղացած պատրաստվում էր գնալ, բայց մեջ էր ընկնում Երանիկը.
– Իմ ամուճան է,- ասում է,- դուք չեք ուզեր նե, ես իմ օտաս կառնեմ, ես կնայիմ։
Երանիկ մորաքույրը, որ միշտ դեմ էր գնում տնեցիների կարծիքին, կարծես արհամարհում էր դրանք, անբացատրելի կերպով ձգում էր Զապելին։ Երբեմն նա վերցնում էր Մաթիլդին ու իրեն եւ ճանապարհ ընկնում վարի թաղերը՝ այն թաղերը, որտեղ ապրում էին աղքատներ ու իրենց տեղը կյանքում չգտած մարդիկ, որոնց տնեցիները վերեւից էին նայում։ Երանիկը սիրում էր նրանց, մտերիմ էր նրանց հետ, եւ նրանք էլ իրենց հերթին սիրում էին Երանիկին ու փորձում էին հյուրասիրել ինչով կարող էին։ Իրեն չէին հրապուրում վարի թաղերը, բայց հրապուրում էր Երանիկ մորաքույրը, որի մասին տանը առանձնակի հարգանքով չէին խոսում։ Հրապուրում էր բոլորին արհամարհելով չարգելված, բայց ցածրակարգ տեղեր գնալու իր քաջությամբ եւ գուցե հենց նրանով, որ սիրված չէր։ Ինչպես սիրված չէր ինքը իր ոչ մանկական խելքի, տղայական համարձակության, տղաների հետ խաղալ սիրելու եւ հանդուգն բնավորության համար։
– Աս տեսակ էլ աղջիկ երեխա կլինի՞, ասես մանչ լինի,- ասում էր Յուղաբերը նրա հասցեին,- մանչ պիտի ծնած լինեիր․․․
Եվ իրոք, ինչ փոքր ու նեղ էր աղջիկների աշխարհը։ Նրանց ոչինչ թույլատրված չէր։ Նա ատեց աղջիկների աշխարհը եւ իր աղջիկ լինելը, երբ գնաց դպրոց։ Ինչքան էին ձգտում աղջիկները դուր գալ վարժուհիներին ու բարձր գնահատականներ ստանալ։ Ինչպես էին փորձում իրենց ուզածին հասնել լացկանությամբ։ Նա նայում էր՝ ինչպես էին խաղում տղաները իրենց փողոցում, ինչպես էին ընկնում, վնասվում, նորից վեր կենում ու շարժվում՝ ցավը մոռացած։ Որքան ազատ էին նրանք աղջիկների համեմատ։ Ինչքան էր նա երազել տղա ծնված լինելու կամ մի հրաշքով տղա դառնալու մասին։ Երանիկ մորաքրոջից սովորելով խախտել թույլատրելիի սահմանները՝ նա գնում էր տղաների հետ խաղալու կողքի թաղերում ու փողոցներում։ Պատահում էր՝ մայրը կանչում էր, ու չէր արձագանքում, պատահում էր՝ խաղով էր տարվում ու մոռանում էր տուն գնալու մասին, եւ մորաքույրները մթնով փնտրում ու գտնում էին նրան՝ տղաների հետ որեւէ տան կտուրը բարձրացած կամ ծառի վրա կամ այլ, ոչ աղջկական խաղեր խաղալիս։
– Աղջիկն իրեն այսպես չի պիտի պահի,- խստորեն նախատում էր մայրը։
Մի անգամ, նման դեպքից հետո, երբ մորաքույրները, մայրը եւ տուտուն նախատեցին նրան, նա նեղսրտած փորձեց պատսպարվել Երանիկի մոտ։ Մորաքույրն իր սենյակը միշտ փակ էր պահում, այստեղ տնեցիներն ամեն պահի մուտք չունեին, եւ այն պարուրված էր խորհրդավորության մշուշով։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ մորաքույրը նրան ներս չթողեց։
– Գնա մորդ մոտ,- ասաց։
Մինչդեռ դռան արանքից նա տեսավ քրոջը, որ մորաքրոջ սենյակում, թաղիքի վրա նստած մորաքրոջ սնդուկներն էր նայում։
-Երբ կսորվիս քեզ աղջկա պես պահել, այն ատեն ալ կթողնեմ ներս,- ասաց Երանիկը։
Անզուսպ էր ցանկությունը տեսնելու, թե ինչ կա Երանիկի սունդուկների մեջ, բայց տհաճ էր աղջիկ լինելը՝ լացկան, նվնվան, անընդհատ պաշտպանություն որոնող, ինչպես քույրն էր։
Հավանաբար այդ օրն էր, որ Երանիկ մորաքույրը դադարեց նրա հերոսը լինել։ Նա, ով միշտ դեմ էր գնում տնեցիների կարծիքին, համաձայն էր նրանց հետ հիմա։ Երանիկ մորաքրոջ՝ ախահին դեմ գնալու սահմանն այդքանն էր, եւ Զապելը հասել էր այդ սահմանին։
Թախտին փռված էր Երանիկ մորաքրոջ պաշտպանյալը՝ ամուճան։Նստած էր մուսուլմանի իր շորերով, գոտու մեջ դաշույն խրած, գլխի ֆեսի շուրջը կտոր կապած։Նոր էր տուն մտել փողոցից, որտեղ հալածում էր փողոցի թափառող շներին։Հալածում էր փայտով, քարով։ Շներին, որոնց հանդեպ ինքը միայն սեր ու խղճմտանք էր զգում։ Շները, որ նրան մարդկանցից լավն էին թվում։
– Չոջուխ, վազե, ինձի ջուր բեր,- ասաց ամուճան։
Նա հանդուգն ու ատելությամբ լի հայացքով նայեց ամուճային եւ գնաց իր ու Մաթիլդի սենյակը։
– Ապա սրան տես,- քրթմնջաց ամուճան,- մարդ կա՞ աս տանը,- բղավեց, ապա կարգադրեց ներս եկած Յուղաբերին,- ինձի ճուր մը տվեք, ամա պարտախը մաքուր ըլլա։
– Ով խոսի մաքրութենեն, դու գոնե մի խոսիր,- ասաց Յուղաբերը։
Հետոիշում էր, թե ոնց հայրը փորձում էր ամուճայի թշվառ տեսքը տանելի դարձնել եւ նրան մի քանի շոր տվեց իր շորերից։ Հիշում էր՝ ինչպես ամուճան մերժեց․
– Ես մայմուն չեմ…
Այսքան տարի անց՝ հիմա, մեկուսարանում ջերմելով նա պարզորոշ գիտակցեց այդ պահին ամուճայի հանդեպ ունեցած իր զզվանքը՝ դա խեղճի, մերժվածի մերժումն էր իրենից առավել մերժվածներին ու խեղճերին։ Նույն պատճառով էր, որ Երանիկ մորաքույրը իր աչքից ընկավ։ Նրանք ապրում էին անթույլատրելիի սահմանին, բայց չէին անցնում այն։ Նրանք ձգտում էին ստանալ շրջապատի մարդկանց հավանությունը, պարզապես չէին հաջողում։ Նրանք իրենց նայում էին ուրիշների աչքով եւ տեսնում էին իրենց չհաջողած լինելը, տեսնում էին իրենց խեղճությունը եւ իրենց խեղճ էին զգում։ Նրանք ապրում էին այն անկյունում, որ մարդիկ հատկացրել էին իրենց։ Երանիկ մորաքույրը վարի թաղի աղքատների ընկերակցությունն էր փնտրում ոչ այն պատճառով, որ հարգում էր նրանց, այլ որովհետեւ նրանց մոտ ինքն իրեն նրանցից առավել էր զգում, որովհետեւ այնտեղ իրեն հանգիստ ու ինչ-որ առումով նույնիսկ հաջողակ էր զգում։
Ինչո՞ւ էին մարդիկ լինում հաջողակ եւ անհաջողակ։ Ի՞նչն էր նրանց պարտադրում լինել այդպիսին։ Ինչո՞ւ էին նրանք վերցնում այդ դերերը, որ մարդիկ տալիս էին իրենց։
«Ճպուռն ու մրջյունն» էր սերտում։ Դպրոցում էին հանձնարարել։ Սերտում էր բարձրաձայն։
– Ճպուռը ճըռճռալով իր ըզբաղած ամառն իբուն,
Ձմեռվա ցուրտն որ կոխե՝ հիրավի ձյուն եկավ գլխուն։
Ուտելու բան մը չուներ, ոչ ճըճի, ոչ ճանճի տոտիկ,
Եկավ գնաց յուր դրացուն, որ տանտիկինն էր մրջյւնիկ։
– Սուս ընել տվեք լակոտը,- հանկարծ բղավեց ամուճան, որ կարծում էր, թե իրեն ինչ-որ մեկը խրատել է, որ այդ առակն արտասանի։ Կարծում էր, որ այդ խրատողն այդպիսով իրեն ուզում է ակնարկել իր աղքատության ու անհաջողակության մասին։ Բայց Զապելը պարտավոր էր սերտել, որովհետեւ դպրոցի հանձնարարություն էր, ու նա շարունակում էր քթի տակ կրկնել առակը՝ ոչ առանց հաճույքի, որ դրանից խոցվում է ամուճան․
– Դարձավ հարցուց ճպուռին․
– Քա, դուն ամռանն ի՞նչ ըրիր։
– Ի՞ն կնեի, հոգի, ան տաք ատենին,
Ձայնս ձգած խաղ կանչեցի, չլսեցիր։
– Խաղ կանչեցիր, հա՞, ատ ալ գեշ բան չէ,
Տե գնա ուրեմն հիմա ալ պարէ։
– Կըսեմ սուս ընել տվեք ատոր, տո, ի՞նչ պիտի ըլլա վաղը, մյուս օրը, ամա Աստված ըրածը գիտե, բանով մը կզսպե, աս խազեպը զսպողն էլ ան պիտի ըլլա, որ աղջիկ ծներ է․․․ ես քու տիրոջ․․․
Ամուճան վերցրեց իրերն ու հեռացավ տնից նեղացած, որ հետո օրեր անց էլի հայտնվի։
Բոլորը վախենում էին անհաջողակ լինելուց, բոլորը ինչ-որ ձեւ էին գտնում իրենց անհաջողակության հետ հաշտ ապրելու, ինչ-որ ձեւ այն ինչ-որ այլ բանով լրացնելու։ Իրեն ամենից ավելի դուր էր գալիս կերպը, որ գտել էր հայրը՝ ազնվական ոհմից սերող, երբեմնի հարուստ մի մարդ, որի գործերը օր օրի վատանում էին, որն օր օրի խրվում էր էլ ավելի մեծ պարտքերի մեջ, բայց չէր կորցնում իր հպարտությունը։ Նրանց կենցաղի վրա հոր գործերի վատթարացումը չէր անդրադառնում։
– Քիչ մը ոսկեզօծենք կյանքը,- կրկնում էր հայրը, ու տունը լցվում էր բույրերով, հյուրերով, երգով ու պարով։
Մի օր էլ, խնջույքի ամենաթեժ պահին, երբ տանը գինովցած ծիծաղ էր հնչում, դուռը նորից թակեցին։
Յուղաբերը պատուհանից նայեց եւ սարսափած ասաց.
– Սըըըս, Պետրոսն է, լամպը հանգցրեք, թող կարծե տանը չենք։
– Ես գիտեմ, որ տանն եք,- լսվեց դրսից,- ո՞ւմ եք իշու տեղ դրել, երկու ամսուն պարտք ունիք, վաղը մինչ երեկո ձեզ ժամանակ, եթե չվճարեք, դատարանում կհանդիպենք։
Մորաքույրները կծկվել էին պատուհանի կողքերը եւ վարագույրի արանքից նայում էին հեռացող պարտքատիրոջը, որ երբեմն շրջվում էր, ու մորաքույրները հետ էին քաշվում։ Մթության մեջ լսվեց քեռու ձայնը․
– Շիրինին թոռներն ենք, պէ՜… Ո՞վ կ’ըսէր, որ այդ ղաբլանի[5] պէս մարդէն մեզի պէս կատուներ պիտի մնային… Մենք ալ մա՞րդ ենք…
Հետո հայրը վառեց լամպի լույսն ու ասաց.
– Վաղը պարտք կանեմ, իսկ այսօր ուրախանանք։
Ոչ ոք այլեւս չուրախացավ։
Մշտական պարտքերն ու պարտատերերի այցերը ամենից շատ մտահոգում էին մայրիկին։ Տան բոլոր մյուս անդամները սովորել էին ժպիտով վերաբերվել դրանց։ Նրանք կյանքը խաղով էին ընկալում, որքան էլ այն լրջացներ գույները։ Եվ միայն մայրիկն էր, որ անվեջ անհանգստանում էր պարտատերերի պարտքերը ժամանակին վերադարձնելու համար։ Նրա այդ ջղային վիճակն անդրադառնում էր երեխաների վրա, բայց հատկապես Զապելի։ Մինչ այդ թվում էր, թե մայրիկի ու իր միջեւ պատ է շարել իր ուղեղում բուն դրած անտեսանյլի հիվանդությունը, որի պատճառով մայրիկը մերժում էր սեր տալ իրեն ու սեր ստանալ իրենից։ Հիմա նա ասես կռահել էր, որ այդ հիվանդությունը չի սպանելու աղջկան, բայց դա նրա մեջ ոչ այնքան երջանկություն, որքան սպասելիքների չարդարացման զգացողություն էր առաջացրել։ Նա հիմա չէր լացում դստրիկին պատուհասած ախտի ու նրա անխուսափելի վախճանի համար, բայց շարունակում էր իրեն հեռու պահել Զապելից։ Աղջիկն ասես չէր արդարացրել ոչ միայն նրա վատ, այլեւ լավ սպասելիքները։ Մայրիկը շարունակ քննադատում էր նրան։ Նրան դուր չէր գալիս աղջկա տղայական վարքը, նրա սերը տղայական խաղերի նկատմամբ եւ անտարբերությունը տուն-տունիկի հանդեպ։
Մի օր խաղով էր ընկել, հայտնվել էր մի քանի փողոց այնկողմ եւ չէր լսել տնեցիների՝ իրեն կանչող ձայները։ Մորաքույրներն ու մայրը փնտրել էին իրեն մի քանի ժամ, իսկ երբ մթնով արդեն Տիգրան մորեղբայրը գտել էր իրեն ամիրաներից մեկի տան պարտեզում թաքնված՝ պաղկվոցի խաղալիս ու տունդարձի ճանապարհին նրան նախատել, որ մայրը լաց է լինում, որովհետեւ իրեն արդեն կորած ու մահացած են համարում, նրա սիրտը փափկել էր, նույնիսկ ուրախացել էր, որ մայրիկն իր համար տխրել է։ Ու երբ տուն էր մտել, վազել, փաթաթվել էր մայրիկին, իսկ վերջինս հրել էր իրեն ու սկսել ապտակել։ Այդպիսի կատաղության մեջ նա մայրիկին երբեք չէր տեսել։ Աշխարհի ատելությունը խտացած էր նրա աչքերում։Ու թվւմ էր Զապելին, որ մայրիկն ավելի շատ կուրախանար, եթե իրեն իսկապես էլ մի բան պատահած լիներ, ու թվում էր նրան, որ մայրիկը հենց դրանից է կատաղել, որ ինքը ողջ-առողջ է վերադարձել տուն, որ իրեն ոչինչ չի պատահել․․․
Զապելը վազելով մտել էր իր ու Մաթիլդի սենյակը, փռվել անկողնու վրա ու հեկեկացել։ Նույնիսկ երբ տունը ընկղմվել էր գիշերային լռության մեջ, քնել էր Մաթիլդը, տուտոն ու մորաքույրներն էլ էին հավանաբար քնել, նա հիշում էր երեկոյան կատարվածը, եւ արցունքները հոսում էին ցավից ու սովից։ Պարզորոշ լսեց մոր եւ հոր վիճաբանության ձայները, որ գալիս էին նրանց սենյակից։ Սկզբում նրան թվաց, թե իր համար են վիճում, բայց հետո հասկացավ, որ ինքը չէ թեման։
– Ես ալ կ’աշխատիմ,- մայրն էր,-. նոր պարտք չընենք, ո՛տքդ պագնեմ… կամաց-կամաց հին պարտքերը կը վճարենք, քիչ մը ատեն ակռանիս կը սեղմենք, կը խալսինք, անկէ ետքը հանգիստ կ’ապրինք… մեզ ուտողը վաշխն է. չէ նէ վաստկածնիս կը բաւէ, Մկրտի՛չ աղա, կ’ըսէր ան խոր ցաւով. ուրիշներ մեր տունը մտած փարային կէսովը վարդի պէս կ’ապրին, մենք ինչո՞ւ ասանկ պիտի ըլլանք։
– Աղաւնիցա, վերջերնիս աղէկ պիտի ըլլա…
– Չոճուխները կը մեծնան կոր, մեղք են, ինձ չես մեղքնար՝ անո՛նց մտածէ…
Ամբողջ հոգով ատում էր մորը, մտքում անվերջ կրկնում էր՝ մեռիր, մեռիր․․․