Ռուբեն Ներսիսյան/Այրվող մարմիններ

*
Երջանկության համար բավարար չէ երազելը։
Քամին կանգնել է մատներիդ արանքում, դժվար է դրանք շարժելը։ Եվ թեքում ես հայացքդ ասֆալտին ընկած
շողքիդ հակառակ, դոմինանտ աչքդ տեսնում է դրա կեսի կեսը։ Կես բառ անգամ դուրս չի կարողանում
թողնել լեզուդ։ Տափաստան են դառնում
արցունքնագեղձերդ։ Թմբկափաղանթներդ ճչում են ձայների ներհոսքից։ Դեպի սիրտ է հոսում սիրո վերջին մի քանի կաթիլ արյունը։ Ու դու զգում ես անտանելի ցավ։ Ու հոգիդ ռեքվիեմ է գրում ներսդ։
Բայց ամենակարևորը այս պատմության մեջ, ջանիկս, մազերը ուղղել է` ցուցամատի եւ միջնամատի արանքում կանգնած քամով… Արեւի տակ սեփական գոյության հաստատումը։
Շարժվելու համար բավարար է չոչ անելը։
Եվ ու՜մ շունն է երջանկությունը, որ կառուցել չլինի։

*
Արեւը կախվել է շենքերին, նայի’ր։
Ինչ հուզիչ է, չէ՞, տեսարանը այդ։
Ասֆալտի վրա էլ չեն դաջվում ոտնահետքեր։
Անձրեւի կաթիլները դադարել են թափվել մեր գլուխներին, ոնց հեքիաթներում խնձորներ են ընկնում, երեքը, շատերի համոզմամբ։ Դրանք կաթկթում են կոյուղու ջրերի պես խողովակներից երկրագնդի, կարող ես լինել համոզված։ Կարող ես լինել
առհասարակ, կարող ես լինել ընդմիշտ։
Սա պատմություն է անդրամատիկ,
պատմություն առանց միստիկայի, պատմություն պատմության համար,
ճեղքրտված մոգական ռեալիզմ…
Մենք երկուսս էլ արժանի չեղանք իրար, եւ չեղանք մեղավոր երկուսս էլ։ Բայց կլինեն, կլինեն օրեր ավելի պայծառ, հուսադրող ավելի։
Արեւի տակ այրվող մարմիններ։
Խնձորներ ոտքերի տակ, ճզմված։
Շենքերը թափվում են վրադ, եւ ես այլեւս չեմ գալիս օգնության, չեմ գալիս առ միշտ։ Մանկության հեքիաթի պես կորսված, անհետացած երազներում բոլոր, հիշողության մեջ խարխուլ, փոշոտված։ Վերջ։

*
Քամին կծմծում է մաշկս։
Դռան ճռռոց։ Փակվող աչքեր։ Մութ։
Ամեն ինչ ինձ տրվեց պատահական եւ հեշտ, ծանծալուկ։
Չկան երազներ այլեւս, կատարվելու պատրաստ
եւ կամ պակաս կարեւոր։ Կամ ես եւ աշխարհս— կառուցված հեքիաթ ոտքից գլուխ,
խցկված ներկայի եւ այս պահի արանքում մի տեղ։
Եվ չկա հետադարձ ճանապարհ,
հետադարձ կապ առավել եւս։ Կյանքը նույն-նույնն է, ինչ առաջ. մեկ պահի մեջ տեղավորվող տագնապ։ Սարսուռ անցնող մաշկիս մեջ։ Անանցում ավարտ։ Անբեկանելի։ -Ուսերիս շարֆ կգցե՞ս, please,- ասում եմ մեկին, ով ճանաչում է իրերի ստվերային կողմերը։ Եվ այդ կողմերում մթությունը չէ, որ որոշիչ է։ Այն, ինչ տրվեց ինձ
վերադրվում է եւ ամբողջանում։

*
ահա ինչ սիրուն է լուսինը կախ ընկած պատուհանից
ահա ինչ սիրուն է քո հայացքը ուղղված թեք լուսնին
ահա ինչ քնքուշ է մատներիդ հպումը ինձ
լեզվիդ գայթակղիչ շարժումը շուրթերիդ վրա
մազերիդ փափկությունը ուսերիս
ուսերիս մեր սիրո վաստակը
առանձին-առանձին
կախ ընկած
թեք-թեք
թեքվող
լուսնի լույսի տակ
գիշերային անկուլ հիշողության մեջ
որ էլ չի կատարվի։

*
գիշերները դուրս թռնել փողոց՝
ամբողջովին թեթեւ հագնված,
սիգարետը խրած շուրթերի արանքում՝
անցնել մայթը թռվռալով եւ թքել գետնին անպայման՝
ամեն ինչից հոգնած, մուննաթ հայացքը
գցել սրա-նրա վրա, այն հույսով,
որ կստանաս սաստող միմիկաներ` ալիքային ձեւով հասնող աչքերիդ,
չնայած դա այդքան էական չէ, գոնե մի բան կստանաս,
չէ՞ որ ամեն ինչ մեզնից վերցվում է,
կվերցվի,
մինչեւ որ կլինենք,
մինչեւ որ կլինենք
սիգարետի մոխիրի պես հանգած,
անպետք,
որպես գետնին հասնելիք ոչինչ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *