Էմիլի Դիքինսոն/Մեծ ցավից հետո

258

Շեղ է ձմռան կեսօրին
Շողն ընկնում այնպես,
Որ ճնշում է Տաճարի
Ղողանջների պես։

Երկնային խոցումից խոր
Սպի էլ չի մնում,
Բայց ներսում, Իմաստն է ուր,
Ամենն է փոխվում։

Չես սովորի, Դրոշմն է
Հուսահատության,
Տրվո՛ւմ է մեզ Շնորհը
Վսեմ տրտմության։

Եկավ, ծառ ու թուփ լսում են,
Ստվերները՝ շունչ պահած,
Հեռանում է, եւ թվում է՝
Մահը հայում է Հեռվից։

280

Գլխումս Թաղում զգացի,
Թափորը  գնում էր, գալիս,
Դոփում էր, դոփում, ու թվաց՝
Իմաստը տեղի է տալիս։

Երբ բոլոր նրանք նստեցին,
Կարգը սգո հանց Թմբուկ,
Զարկում էր, զարկում, զգացի՝
Միտքըս է քիչ-քիչ թմրում։

Լսվեց՝ վերցրին դագաղը,
Կոշիկների տակ արճիճե
Հոգին իմ ճռռաց, եւ ապա
Երկինքը սկսեց ղողանջել։

Եվ աշխարհն ասես լիներ զանգ,
Եվ ականջ՝ գոյությունը,
Անպատեհ ու մենակ էինք աստ
Լոկ ես եւ Լռությունը։

Հետո Հատակը Իմաստի
Ջարդվեց, ու կաթում էի հա ես,
Խփվում, խփվում էի աշխարհին
Ու չիմացա, այլեւս․․․

341

Մեծ ցավից հետո ուշքի գալ կամաց․
Ջղերը՝ բազմած, հանց դամբարաններ,
Սիրտը թե՝ ի՞նքն էր իր խաչը ուսած,
Եվ երե՞կ էր դա, թե՞ անցան դարեր։

Ոտներն ակամա պտույտներ գործում,
Փայտյա ճամփեքով են անցնում՝
Հողով, թե օդով, ուր ասես՝
Անհավես, անցնցում,
Քարի պես, անհաղորդ ամենեցուն․․․

Կապարից ծանր ժամն է՝ անմոռաց,
Թե հաջողվի վերապրել  սրանից,
Հանց ցրտահարվածն է հիշում Ձյունը՝
Դողը, թմրելը, ազատությունը․․․

Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: