Արևիկ Չափարյան/Սիրախաղ

***

Երկինքը ողջ մարմնով պահում է Լուսնին, որ մնա…
որ ապրի իր կյանքը կլոր, որ լինի ամբողջ, էլ չփոքրանա…

Ի՜նչ միամիտ է Երկինքը,
քանի կյանք են ապրել միասին,
բայց դեռ հույս ունի, որ չի գնա Նա։

Երկինքը միայն երկինք լինել գիտի ու ամուր գրկել Լուսնին,
Լուսինը գիտի նաև ապրել` սիրուց շիկանալ, ցավից փոքրանալ, վերանալ երկնքի գրկում, հավաքել արծաթե փշուրներն ու նորից ծնվել, մեծանալ…

Երկինքը ամուր պահում է Լուսնին, տեսնում է նրա թախիծը, ժպիտը, ծփացող մազերը։
Լուսինը գիտի միայն, որ կա Երկինք, զգում է թիկունքում, այդքանը,
Ու եթե մի օր չլինի Երկինքը, փուլ կգա՞ արդյոք Լուսնի գլխին երկինքը։

Լուսինը լինելու քաջություն ունի`
չի վախենում ապրել, չի վախենում մեռնել, սիրուց մեծանալ, ցավից մանրանալ, անէանալ ու նորից հառնել։

Երկինքը այլ կերպ լինել չգիտի, քան ամուր պահել Լուսինը…

Ու քանի կյանք են ապրել այսպես` միասին ու բաժան, Երկինքն ու Լուսինը։

                           ***

Քամին թևանցուկ է արել մայթին, խաղում են ստվերները….

Ինձ չես կարող թալանել, քամի՜, քանի գրկել ես իմ ստվերը,

Ինձ չես կարող լքել ստվե՜ր, քանի բռնել ես իմ մտքերը,

Բայց հոգնել եմ, հոգնել եմ քո խաղից, այնքա՜ն եմ հոգնել, ստվե՜ր։

Փակում եմ կոպերս, որ կորցնեմ քեզ, որ խաբեմ ինձ, թե չկաս,
բայց կոպերիս ծանրությունից ավելի ես մեծանում,
Ի՞նչ անեմ, որ թողնես ինձ, ստվե՜ր

Աչքերիս տակով սողում ես,
դողում եմ …
Ինչպե՞ս կորցնեմ քեզ, ստվե՜ր։

Դավաճանում եմ քեզ իմ լույսի հետ նորից ու կրկին, արդեն քանի հազար անգամ, բայց խանդոտ չես, չես հեռանում,
Ի՞նչ անեմ քեզ ստվե՜ր,
իմ ստվեր։

Երևի ստիպված ընդունեմ, գրկեմ քեզ, ձուլվեմ քեզ, դառնանք լույս ու ստվեր…

Դառնամ լույս ու ստվեր

Դառնամ լույս

Դառնամ ստվեր

Ստվեր

                         ***

Ես ու դու պիտի ծնվեինք,
Պիտի մեռնեինք ու ծնվեինք հազար անգամ,
տարբեր աշխարհներում,
անհաշիվ պտտեինք կյանքի անիվը, ապրեինք մեզ տրված կյանքերը բոլոր, որ գտնեինք իրար այսօր, հենց այս մոլորակում։

Անծանոթ երկինքներում թռչելիս դու կերգեիր` հոգին չի մոռանում, անգամ, երբ աչքերը հրաժարվում են հիշել։

Անհայտ ծովերի խորքում լողալիս դու կլռեիր` հոգին չի մոռանում, անգամ, երբ ականջները հրաժարվում են լսել։

Հեռու աշխարհների անշունչ քարանձավներում ու անծայրածիր անտառների խորքում թաքնվելիս դու կշշնջայիր` հոգին չի մոռանում, անգամ, երբ մարմինը հազար ձև է առնում ու հրաժարվում է ճանաչել։

Ինչ֊որ մի տեղ, կորած քաղաքի տանիքներով սահելիս դու կասեիր` հոգին չի մոռանում, անգամ, երբ ձեռքերը հրաժարվում են գրկել։

Հոգին չի մոռանում

Ես կփնտրեի քեզ հազարավոր հոգիների մեջ ու կկանչեի մեզ անծանոթ լեզուներով,
Կսպասեի քեզ բոլոր երկինքներում ու ծովերում
Անտառներում ու քարանձավներում, անգամ` տանիքներին։

Կփնտրեի հայտնի ու անհայտ մոլորակներում, աներևույթ աշխարհներում ու կգտնեի, քանի դեռ հոգին չի մոռանում։

Երևի պիտի ծնվեինք ու մեռնեինք հազար ամգամ, որ հանդիպեինք կրկին, այսօր, այստեղ, այս մոլորակում։

Երևի պիտի ծնվեինք ու ապրեինք հազար անգամ, որ հասկանայինք, որ միայն հոգին է, որ չի մոռանում։

Please follow and like us: