Ի՞նչ է եղել իրականում

Այս գրությունը, որ իր ֆեյսբուքյան էջում օգոստոսի 5-ին հրապարակել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Արփի Ոսկանյանը, կազմակերպված բողոքների հիման վրա ֆեյսբուք սոցիալական ցանցը հեռացրել է։ Քանի որ ներողություն պահանջող կողմի տեսակետները լայնորեն շրջանառվում են թե սոցցանցում, թե լրատվամիջոցներում, իսկ պատասխանը հայաստանյան ազատ մամուլին չի հուզում, նպատակահարմար գտանք հրապարակել այն «Գրողուցավ» կայքում՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկան ոչ միայն հետաքրքիր է հանրությանը, այլեւ առնչվում է ժամանակակից հայկական իրականության մեջ մեդիայի մարտահրավերներին։

Գրողուցավ

«Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Մելիքյանը պահանջում է, որ ես ներողություն խնդրեմ իրենից, որովհետեւ իմ գործընկեր Վահագն Թեւոսյանը Գեղամ Վարդանյանին տված հարցազրույցում ասում է, որ Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը քննարկելիս ես վերջինի մասին ասել եմ՝ էս կարգի ստախո՞ս․․․ 

Միգուցե հենց այդպես եմ ձեւակերպել Խորհրդի մեր ներքին քննարկման ժամանակ, հնարավոր է մի փոքր այլ կերպ, բայց ոնց էլ ձեւակերպած լինեմ, դրանով  ցանկություն չեմ ունեցել վիրավորելու մեր նախկին աշխատակցին, առավել եւս իր բացակայությամբ, այլ ընդամենը փաստն եմ արձանագրել։ Մելիքյանը նախօրեին արած ֆեյսբուքյան գրառման մեջ ասում էր, որ իր հողորդումը Խորհուդը փակել է քաղաքական պատճառներով,  մարդկանց մեկնաբանություններին ի պատասխան հավելում, որ մենք հենց այդպես էլ ասել ենք իրեն, օրինակ․ «Եւ իրենք նաև բաց տեքստով էին խոսում, առանց սեթևեթանքների» կամ «Գրավոր չի, այլ խորհրդի նախագահի և ամդամների հետ հանդիպման բովանդակությունը փոխանցեցի: Իրենք համարում են, որ 1) մեզ պետք է “խաղաղ” հասարակություն ձևավորել, իսկ նման հաղորդումները հակառակ գործառույթ ունեն, 2) ես շատ եմ քննադատում իշխանություններին»։ 

Որպես Խորհրդի միակ անդամը, որին նախագահը հրավիրել է այս զրույցին (որովհետեւ հաղորդաշարի փակումը սկսվել էր իմ նախաձեռնությամբ, իմ բերած հիմնավորումներով), ես Խորհրդում իմ պարտքը համարեցի ասել, որ Մելիքյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ այդպիսիք ընդունված է անվանել սուտ։ Ի՞նչ է խոսվել իրականում։

Նախ ասեմ՝ մինչեւ իմ՝ Խորհրդում հայտնվելն էլ էր հաղորդումը խնդիրներ ունեցել, որոնք արձանագրվել էին ռադիոյի Խմբագրական խորհրդի կողմից (չշփոթել Հանրային հեռարձակողի խորհրդի հետ, սա ռադիոյի ներսում ռադիոյի վաստակաշատ գործիչներից կազմված խորհուրդ է, եւ նրանց դիտարկումների մի մասին կարելի է ծանոթանալ Հանրային հեռարձակողի խորհրդի անդրադարձում)։ Այս եզրակացությունների հիման վրա հաղորդումը մի ամսով փակել էր հենց նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ Սակայն Խորհուրդը այնքան հանդուրժող էր գտնվել, որ չնայած շարունակաբար կրկնվող վրիպումներին, մի քանի անգամ Մելիքյանին երկրորդ հնարավորություն էր տվել, ինչքան էլ որ տարօրինակ հնչի այս նախադասությունը։

Ի՞նչ ենք խոսել Մելիքյանի հետ հանդիպման ժամանակ։ Չնայած ողջ ընթացքում նա համառորեն փորձում էր ինձնից ու Արա Շիրինյանից կորզել խոստովանություն, որ իր հաղորդումը կասեցվում է քաղաքական պատճառներով, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, մենք նրան այդպես էլ չտվեցինք իր ուզածը։ Ավելին, նրան չասվեց մի բան, որ կարող էր հասկանալ այդպե։ Հաղորդման կասեցման պատճառը կզարմանաք, բայց ավելի շուտ գեղագիտական է։

Այո, դժվար է նայել մարդու աչքերին ու ասել, որ իր արածը չի համապատասխանում այն բարձր նշաձողին, որ պիտի ունենա հանրային միջոցներից սնվող լրատվամիջոցը։ Դժվար է նայել մարդու աչքերին ու ասել, որ իր արածը քննադատություն չէ, ինչքան էլ որ ինքը այդպես համարի։ Որ դա չի նպաստում ոչ հանրային համերաշխությանը, ոչ քննադատական մտածողության կամ բանավեճի մշակույթի զարգացմանը։ Բայց ամենակարեւորը՝ որ դա ժամանակավրեպ, ժամկետանց հաղորդում է, ինչի մասին աղաղակում է անգամ  վերնագիրը։ Մելիքյանը հակադարձեց, թե ստատուս քվոն քաղաքագիական եզր է, ինչին պատասխանեցի, որ որ բոլորս գիտենք՝ թե հատկապես ինչ ստատուս քվոյի մասին է խոսքը, հաղորդումը ստեղծվել է ապրիլյան պատերազմի նախօրեին, բոլորովին այլ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ նույնիսկ ինտրոն (հաղորդումն ամեն անգամ բացող նախաբանը) խոսում է այդ ժամկետացնության մասին՝ ամեն անգամ ազդարարելով հետեւյալ տեքստը․ «Ստատւս քվո։ Կարելի՞ է այն փոխել։ Եվ արդյո՞ք դա անհրաժեշտ է»։  Ստատուս քվոն, որի վերաբերյալ սխալ հարցադրումների պատճառով մենք չկարողացանք խուսափել աղետներից, չորս տարի է՝ ինչ այլեւս գոյություն չունի, իսկ դրան նվիրված հաղորդաշարը շարունակում ենք մատուցել հանրությանը մի քանի օրվա, արդեն թթված, անվերջ տաքացվող  ճաշի պես։

Մելիքյանը անվստահությամբ էր վերաբերվում իմ ասածներին, նշում էր, որ ես քաղաքագետ չեմ, բայց ես ասացի, որ արվեստաբանի կրթությունը ինձ թույլ է տալիս անսխալ ասելու, որ այս ֆորմատի հաղորդումը չի կարող լավ որակ ապահովել, որովհետեւ ձեւը, բովանդակությունը, կոնտեքստը փոխկապակցված են, եւ այդ մասին շատ լավ գիտեն արվեստի մարդիկ, ի մասնավորի արվեստաբանները։  Սա էր մեր խոսակցության միակ քաղաքական կտորը, եթե կարելի է այդպես համարել։ Մի կտոր էլ եղավ, երբ Մելիքյանը հայտարարեց, որ  Նիկոլ Փաշինյանը հավանում է իր հաղորդաշարը, ինքն է անձամբ ասել։ Չգիտեմ՝ սրանով Մելիքյանն ուզում էր ճնշո՞ւմ գործարդել Խորհրդի վրա, թե՞ մի վերջին փորձ էր մեզնից կորզելու բաղձալի խոստովանությունը։

Մենք նաեւ ասացինք, որ կարող է այլ ֆորմատ մտածել, այլ առաջարկ անել ռադիոյի նոր տնօրենին, որի ընտրությունը դեռ չէր եղել։ Գեւորգ Մելիքյանը անսաց մեր խորհրդին եւ նոր առաջարկ ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որը պիտի քննարկեր նոր տնօրենը։ Սակայն շուտով Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ արշավ սկսվեց,  եւ Գեւորգ Մելիքյանը  որոշեց իր բաժին հայփը բռնել՝ հայտարարելով, թե  իր հաղորդումը Խորհուրդը փակել է քաղաքական պատճառներով։

Չեմ կարծում, թե պիտի ներողություն խնդրեմ նրանից իրողությունը բնորոշելու համար։ Մի բանն է ճիշտ ասել, որ մենք խոսում էինք բաց տեքստով ու առանց սեթեւեթանքների, որովհետեւ թաքցնելու կամ ամաչելու բան չունենք։ Մենք գրաքննիչներ չենք, մենք արգելք չենք դնում գաղափարների շրջանառության վրա, մենք կարծում ենք, որ հանրային միջոցներից սնվող լրատվամիջոցի ունկնդիրն իրավունք ունի շատ ավելի որակյալ ու ակտուալ հաղորդումներ ունկնդրելու։ Եվ ես, ինչպես եւ Խորհրդի մյուս անդամները, այստեղ ենք այդ իրավունքը երաշխավորելու համար։

Արփի Ոսկանյան
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Please follow and like us: