ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ/ԲՈՒ

Հենց ներքին ձայնը սկսեց կանացի ձայնով հետը խոսել, միայն այդ ժամանակ  հասկացավ, որ մի բան էն չի։ Գոնե էդ ձայնը նուրբ ու քնքուշ լիներ, որ ներսից մի ձև տաքացներ ու էդքան ցավ չպատճառեր, բայց չէ՝  կանացի էդ ձայնը մի բոլ ծխած, խռպոտած ու կոշտացած էր, որը հրամաններ տալուց բացի նաև ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ էր հնչեցնում։

Հետո ձայնի ամպլիտուդը էնքան ուժեղացավ, որ Արոն ինքն-իր ձայնը սկսեց չլսել ու ներքին ձայնը մեխանիկորեն դարձավ արտաքին ձայն։ Նա էլ մարդկանց հետ սկսեց կոշտ ու կոպիտ խոսել՝ հիստերիաներ սարքել, աջ ու ձախ քրֆել ու էսքանից հետո արի ու բացատրի, որ դա սեփական ձայնը չէ, այլ ընդամենը ներքինը, որը իր հիշելով էդքան էլ վաղուց չէր մշտական բնակություն հաստատել, սակայն էս ընթացքում արդեն հասցրել էր տնավորվել՝ դեռ ավելին, լռեցնել  բոլոր մնացած ձայներին։

Հենց էս խնդրիրը լուծելու նպատակով էլ Արոյի մոտ առաջացավ էն հարցը, թե ի՞նչ ձևով կարելի է ազատվել էդ անտեր ձայնից։ Միևնույն ժամանակ Արոն էնքան միամիտ չէր, որ կարծեր, թե առանց ներքին ձայնի իմացության՝ գաղտնի ձևով, կարելի է էդ գործը խելքի բերել, նամանավանդ, որ մի քանի ազատման ապարդյուն փորձերից հետո ներքին ձայնը ավելի էր հզորացել ու սկսել էր Արոյի դեմ  պատժամիջոցներ  կիրառել։

Պատժի ձևերը բազմապիսի էին՝ սկսած ներկայացման ժամանակ դերասաններին ռեպլիկներ գցելուց, վերջացրած Արոյի գործատուների մասին ճշմարտությունը  երեսներին շշպռելուց՝ էլ չասած վերջին պահին որոշումներ փոխելն ու նոր որոշումներ կայացնելը, հանդիպումներից ուշանալն ու հանդիպումների կեսից դուրս թռնելը․․․

Արոյի ու իր ներքին ձայնի հակասությունը հասավ ընդհուպ էն կետին, որ նա հասկացավ, որ մի քիչ էլ եթե էսպես շարունակվի իրեն գժի տեղ կդնեն ու անշրջելի կդառնա նորմալ մարդու տպավորություն թողնելու սին հույսերը։

Նա սարսռեց սեփական  ապագայի անհույս տեսիլքը  աչքերի առաջ հայտնվելուց ու սկսեց նոր պլաններ մշակել իրեն անհանգստացնող ձայնից ազատվելու համար, ու քանի որ ներքին ձայնը գրեթե ամեն ինչ գիտեր իր մասին, Արոն որոշեց իր ծրագրերը  մշակել երազի մեջ, իսկ հաջորդ օրը արթնանալուց հետո տեսած երազը պատմել ջրին, որ հանկարծ ներքին ձայնը օրվա ընթացքում դրա մասին հարցուփորձ չանի ու  չիման գլխին գալիքը։

Քնած ժամանակ Արոն մի ակնարկ-կոդ էր թողնում երազում  տեսածից, որ հարկ եղած դեպքում էդ կոդի միջոցով կարողանա գնալ հետ ու գտնել երազի ընթացքում մշակած պլանները։ Արոն հենց հասկացավ, որ էս մեխանիզմը աշխատում է, օրվա ընթացքում առիթ-անառիթ սկսեց քնել՝ էնքան շատ, ինչքան քնելու համար ուժը կհերիքեր։

Ներքին ձայնը տարաբնույթ տագնապներ ու ահազանգեր ուղարկելով ամեն կերպ փորձում էր նրան արթնացնել, սակայն ինչքան շատ էին ահազանգերը, Արոն ավելի խորն էր ընկղմվում  քնի մեջ՝ հասկանալով, որ ուղարկված ազդանշանները ընդամենը ծուղակ են։

Չհաշված բազմաթիվ կասկածներին ու դրանց անհագ փարատման ցանկության՝ ներքին ձայնի  ուժը այնքան չէր, որ կարողանար մտնել Արոյի երազների տիրույթ, դրա համար էլ երբեմն-երբեմն ներքին ձայնն իրեն անզոր էր զգում։  

Բանը հասավ նրան, որ ներքին ձայնը նկատեց,  որ արդեն մեկ շաբաթ է ինչ Արոն չի արթնանում, ու եթե էսպես շարունակվի, հնարավոր է էլ երբեք  էլ չարթնանա։ Էդ անզորությունը հաղթահարելու համար ներքին ձայնը հավաքեց իր բոլոր հետաքննողական ունակությունները ու ինչպես հանքափորը տարբեր լույսերով ու թթվածնի բալոններով զինված ու տարաբնույթ պարաններով և քանդող-պայթեցնող գործիքներով հագեցած   կիջնի հանքի խորքերը, էնպես էլ ներքին ձայնը մտավ Արոյի հոգու մեջ, ու նույնքան զգույշ սկսեց առաջ շարժվել, որպեսզի հանկարծ հանքը չփլվի ու ինքը չմնա փլատակների տակ։

Երբ լույսը գցեց հոգու խորքերի վրա, կաթոցի ձայն լսվեց ու մթության մեջ մի պահ ուրվագծվեց ստորգետնյա լիճ, որտեղ ինչ-որ  կենդանի օրգանիզմի նմանմող  բան էր լողում։ Ներքին ձայնի ներքին ձայնը հուշում էր, որ պետք չէ ավելի մոտենալ, սակայն ներքին ձայնը չլսեց նրան։ Նա լույսի ուղղությունը ավելի հստակեցրեց ու դիմացը նշմարվեց  երեխայի ուրվագիծ։

Ստորգետնյա լճի մեջ մի  մանկահաս  տղա էր լողում, ով իր վրա գցած լույսին ուշադրություն չդարձնելով շարունակում էր ջրի հետ խաղը։

Ներքին ձայնը մի պահ հանգիստ շունչ քաշեց, որովհետը նրա ներքին ձայնը զգուշացրել էր, որ կարող է մթության միջից   հրեշավոր մի կենդանի դուրս գա, սակայն  վախը առաջին հայացքից հաղթահարելուց հետո ավելի վախեցավ, երբ հասկացավ, որ կարող է ինքը այնքան անտեսանելի է դարձել, որ նույնիսկ իր գցած լույսի վրա որևէ մեկը ուշադրություն չի դարձնում։ 

Լողացող տղան շարունակում էր ջուրը բերանում հավաքել ու ատամների արանքից պզզացնել դուրս։    

Դա հենց այն  պահն էր, երբ արդեն  նեքին ձայնի ներսի գոռոցը անհնար  էր դառնում պահել թոքերի մեջ ու նա ստիպված էր այն ինչ-որ տեղ  թափել։

Թափելը՝ թափելով, սակայն  բացի ներքին պոռթկումից Արոյի հետ նախկինում կնքված հաշտության շրջանակներում, նա այն համոզմանն  էր եկել, որ ստեղծածդ ցանկացած բան ինչքան էլ քոնը լինի, ի վերջո դառնալու է համամարդկային սեփականություն ու այդ սեփականությունից կարող է օգտվել ով ուզի, իսկ մյուս կողմից էլ կորցրածդ ամեն ինչ նույնպես դառնում է համամարդկային ու դրանից կարող է կորցնել ով ասես։

Ներքին ձայնը մի պահ սթափվեց ու զգաց, որ իրականում նա ոչ այնքան մտահոգված է Արոյին որպես իր ստեղծողի մոռանալու հավանականությունից,  որքան նրանից, թե արդյոք հնարավո՞ր է անցյալում  ունեցած հազվադեպ  մաքուր հիշողությունները անփոփոխ պահել։

 Հարցն էլ այն էր, որ որևէ մեկը երաշխավորված չէր իրեն ստեղծողին   ապագայում ուրանալուց ու ետին թվով անցյալը խմբագրելուց։ Պարզապես ապագայում կարող էր ի հայտ գալ մի այնպիսի հանգամանք, որը կբացահայտեր, որ ապրածդ ճիչը եղել է իզուր՝ հիմնված  ստի ու կեղծիքի վրա, իսկ դրանից հետո արդեն  ինքդ կերազեիր մոռանալ այն ամենը ինչ պահում էիր հոգուդ խորքում։

Մանկահաս տղան մի պահ աչքը գցեց լույսի ուղղությամբ՝ կարծես ցանկանում էր ինչ-որ բան հիշել, սակայն արագ հայացքը փախցրեց ու կորավ անհայտության մեջ։ Ներքին ձայնը ոգևորված նրանից, որ  անտեսանելի չէ, վազեց տղայի ետևից, բայց մի քանի մետր չգնացած  սայթակեց ու ընկավ բազկաթոռի մեջ։

Երբ մանուկը վազելով հեռանում էր Արոյից,  նա հիշեց, որ մի կարևոր բան է մոռացել անցյալում ու որոշեց վերադառնալ ապագա, որպեսզի տեսնի իր բացակայությամբ ինչպես է կյանքը ընթանում։

Անջատված հեռուստացույցի միջից ցույց էին տալիս  հաղորդում, որտեղ հյուրը բացատրում էր, թե ինչպես պետք է անել, որ չհղիանալ․․․

Ներքևում գտնվող քաղաքի լույսերը նրան շլացնում էին։

Ներքին ձայնը հիշել էր իր լավ օրերի մասին, երբ ինքնաթիռում առաջին անգամ  իրեն դրության տերը զգաց։ Երևի հենց դա էր այն պահը, երբ որոշեց լիարժեք տիրանալ իր ստեղծողին։

Հիմա՝ երբ Արոն անհետացել էր, ինքն էլ խորացել էր Արոյի հոգու մեջ՝ ներքին ձայնի ներքին ձայնը  ևս մեկ անգամ ականջին շշնջաց, որ սրանից լավ հոտ չի գալիս։

Ներքին ձայնը հիշեց, որ երբ ինքնաթիռում  ինքն-իրեն դրության տերն էր զգում՝ տուրբուլենտության պահերին, Արոն  վերադառնում էր ու նրա մոտ միտք ծագեց, որ կարելի է վախի իմիտացիա ստեղծելով,  Արոյին թաքնված տեղից ետ բերել։

Վերևի հարևանի տնքոցները արդեն սկսել էին վրան չազդել։ Սկզբում դրանք հստակ սեքսուալ բնույթի էին ու նույնիսկ զգացմունքային թրթիներ էին առաջացնում Արոյի մոտ, սակայն գնալով  վերածվեցին տանջանքի տնքոցների, իսկ այնուհետև դա էլ անցավ ու  լինում էին պահել, որ այդ ձայնը ընդհանրապես որևէ կերպ չէր նկատվում։

Ներքին ձայնը փորձեց վերևի հարևանին էլ խառնել Արոյի հետ բերելու գործին, որ  սեքսուալ տնքոցները գրգիռներ առաջացնեն նրա մոտ։  Անկողնու ռեզոնանսի ձայնը իսկապես գայթակղիչ էր կյանքը լիարժեք հետաքրքիր դարձնելու համար։ Նոր սերնդի անկողինները ճռճռալու հատկություն չունեն ու տնքոցն էլ դրա պատճառով չի լինում համադրել անկողնու արձակած ձայնային ամպլիտուդի հետ։

Ներքին ձայնի գործադրած  տարատեսակ տիտանական ջանքերն ու փորձերը ապարդյուն էին անցնում․ ոչ վախը, ոչ տնքոցը, ոչ մանկական տրավմաների հիշեցումները, ոչ էլ նույնիսկ ֆիզիկական ցավը Արոյին հետ չէին բերում։

-Իսկ միգուցե Արոն մեռե՞լ է, -մի պահ սարսռեց ներքին ձայնը, սակայն սթափվելով հասկացավ, որ եթե Արոն մեռած լիներ ինքն էլ մեխանիկորեն կմեռներ։ 

-Իսկ միգուցե Արոն գնացել է  ճանապարհորդության․- չէ որ մարդկության ստեղծման օրվանից՝ Ադամից սկսած, վերջացրած Նոյով, Մովսեսով, Ոդիսևսով, Հիսուսով ու Դոն Կիխոտով, բոլորը սկսում են իրենց ընթացքը դեպի կյանքի անհայտություն, ու հազարավոր փորձությունների հաղթահարումից հետո գալիս ու հասնում են մի կետի, որտեղը գրեթե կոչվում է  <Ի շրջանս յուր>։

-Իսկ կարող է Արոն էլ է իր ընթացքը սկսել ու մի օր կհասնի սկզբնակետին, իսկ իրեն  մնում է միայն սպասել ու չհուսալքվել,-թեթև շունչ քաշեց նա։

Մեկ էլ հանկարծ ներքին ձայնը սթափվեց՝ կարծես եռման ջուր լցրած լինեին գլխին։

-Իսկ կարո՞ղ է իրականում ես եմ Արոն, իսկ Արոն էլ իմ ներքին ձայնը ու այսքան ժամանակ, ես Արոյին փնտրելով փնտրում էի իմ ներքին ձայնին։

Ներքին ձայնի ներքին ձայնը քարանձավի խորքում սիգարետը ձեռքին կանգնած քահ-քահ ծիծաղում էր։

-Կերցրել  ես ինքդ-քեզ Արո ախպեր, կորցրել ես սիրելիս․․․

Please follow and like us: