Արփի Ոսկանյան/Սիրային բանաստեղծություն

Սիրային

Իմ հռու,
Իմ մենու,
Իմ լուսա,
Իմ հուսա,
Քո հանդեպ իմ սերը
Դեռ չունի իր լեզուն։

Իմ միո,
Իմ անգուշ,
Իմ սրտաշ,
Իմ հրոշ,
Ես պիտի դեռ տանջվեմ,
Հնարեմ այդ լեզուն։

Բանաստեղծություն

Նա Ոսկե ափից է եւ ունի կիսով չափ հայ երեխա,
Ինչ լավ է, ասում եմ, առողջ կլինի, խառնուրդ է։
Նա ինքն էլ առողջություն է արտածում։
Ֆուտբոլիստ է նախկին, բայց նպատակասլաց է դեռ։
Որոշել է դառնալ իր երկրի նախագահը։
Նա հավատում է Աստծուն։
Այ կտեսնես, որ դառնալու եմ, ասում է ինձ,
Ձեւ չկա, որ չդառնամ, ես գնում եմ ուղիղ դեպի դա։
Եվ հավատում եմ, Աստված վկա,
որին թեպետ ես չեմ հավատում,
բայց հավատում եմ երազանքին մարդու,
Նա իր երրի նախագահն է ապագա։
Եվ էլ ի՞նչ նախագահ, որ բանաստեղծություն չգրի։
Երբեմն կարդում է ինձ համար։ Ասաց՝
Մի բան եմ գրել երկու մարդու մասին,
Որ սիրում են իրար, սակայն սիրում են հեռվից,
Որովհետեւ երկուսն էլ ուրիշին են պատկանում։
Նրա գիշեր դեմքին, շրջանակված
էլ ավելի մութ գեղագանգուր գիշերով,
խորհրդավոր առկայծեցին երկու աստղ,
որպես մոմեր սրբազան։
Եվ նա ինձ կարդաց բանաստեղծություն,
Որ գրել է Վահան Տերյանը մի դար առաջ,
որին նա չէր ճանաչում եւ չէր կարդացել երբեք։
Մի տխրիր, ասացի Տերյանին՝ եկած Ոսկե Ափից,
Այդ երկուսի մասին շատ բանաստեղծություն կա,
Միգուցե բոլոր բանաստեղծություններն են նրանց մասին,
Անգամ նրանք, որ բոլորովին ուրիշ բանի մասին են թվում,
Որովհետեւ մենք բոլորս մեկն ենք այդ երկուսից,
եվ երկինքն ամենուր համարյա նույնն է՝
ինչ Շիրակի դաշտերից, ինչ Ոսկե Ափից,
կգտնվեն միշտ այնտեղ երկու աստղ,
որ առկայծում են իրար համար՝
կարոտավառ երազելով, շղթայակապ․․․
Միշտ հուզիչ է, ասացի Վահան Տերյանին՝
եկած Ոսկե Ափից, որի նախագահն է ապագա։

Տողը եւ տեղը

Բանաստեղծության մեջից, որ գրել էի վաղուց,
հանեցի մի տող, որ ավելորդ թվաց։
Տեղը, որտեղ եղել էր տողը,
նայում էր ինձ ծեծված շան հայացքով։
Տեղը, որտեղ եղել էր տողը,
նայում էր ինձ պոչամբարի պես։
Տեղը, որտեղ եղել էր տողը,
նայում էր ինձ, ինչպես սեւ խոռոչը։
Շառից-փորձանքից հեռու,
տողը դրեցի իր տեղը։
Նույն տողը նույն տեղում էլ չկպավ.
ընկած է իր տեղում անկյանք,
ասես լինի սեփական պրոտեզը։
Ես ի՞նչ անեմ, այդ սիրտ մաշող, անտանելի այդ հայացքով
հիմա արդեն երկուսն են ինձ նայում` տեղն ու տողը։

Please follow and like us: