ՄԱԹԱՆԱԼԻԶ
Այս ամենը կվերջանա շատ արագ, սեր իմ—
առանց լավ սրված մատիտի
դեկարտյան հարթության
աբսցիսների եւ օրդինատների կանխորոշման
գրաֆիկի ոչ ճշտգրիտ կառուցման
մոնոտոնության
էքստրեմումի կետերի ու էքստրեմումների
առանց արժեքների ներընկալման
միապաղաղ, ճլվող վայրկյաններով այս քաոսի մեջ
ես կածանցեմ մեր սիրո ֆունկցիան
եւ մենք կհեռանանք իրարից մոտենալով հենց մեզ
(ոնց լինում է միշտ, բոլոր դեպքերում)
որպես անվերջ նվազող մասնիկներ
երկու հստակ կոորդինատ։
ատել ԻՍԿԱԿԱՆ
Գարուն է։ Սենտիմենտալ, քրջոտ մի պահ։ Ծառերը ռոք են երգում, բայց ոչ մեր մասին։ Մենք չափազանց անդուր ենք դրա համար։ Փռել ենք մեր մարմինները անձրևի տակ՝ քաղաքի տարբեր մասերում։ Քաղաքի տարբեր կողմերում գարուն է։ Ամենուր նույն աղմուկն է հորդում արյան շիթերի պես։ Նույնն են մարդիկ, երթուղայինները, մետաղի հոտն ու փոշին, անցումի տակ վաճառվող Boom-ը։
Չէ՜, դախս, հանկարծ չմտածես, թե մեղադրում եմ քեզ կամ էլ ինձ` կատարվածի համար։ Կատարվածի համար մեղադրել չարժե։ Սա վերջին նամակն է առ քեզ, որտեղ առաջարկում եմ ատել իրար, ատել ԻՍԿԱԿԱՆ, ինչպես աստված Նիցշեին, ազգայնականները հեղափոխականներին, ռեալիստները ռոմանտիկներին, թեև դա կոծկված ատելություն է։ Անձրևը հերթական անհաջող բանաստեղծությունը կգրի մեր մարմիննեի վրա, ցեխերը կկետադրեն մեզ՝ ոտքից գլուխ, և մենք՝ արյունոտված, քրջոտ, լացակումած կքայլենք անհանգ հանգույցներով կապված քաղաքի տարբեր կողմերում ու Boom կխմենք, ռոք կերգենք նաև։ Ծառերը մեզ ուրիշ աչքով կնայեն, սակայն դա մեզ չի հուզի, քանզի ազատ ենք արդեն բոլոր տեսակի ղզիկ բաներից։
***
գիշեր ա
աչքերս կկոցելով էս տեքստն եմ գրում
դրսում ծիտիկ ա ծլվլում
ինքնաթիռ ա անցնում
դրսում մութ ա
սիգարետը վառել՝ քեզ եմ հիշում
սպասում եմ լեզվիդ
պինդ պահել ես ատամնաշարիդ հետևում
որ չպոկեն հանկած
որ համը բերանումդ մնա
չնայած գիտեմ, որ կորող պտուղը չես
սեքս անելու համար մեկը կգտնվի հաստատ
ինչպես եւ խոսելու, թեյ խմելու
տեքստեր խմբագրելու, կրճատելու ու կրճատվելու
լացդ տանելու ու լացացնելու
քեզ պարտվելու համար հարմար մեկը կլինի
ում ասեմ՝ չեն հավատա
որ մեր սերը ծախեցի 550-ից 1000 դրամով
քեզ դավաճանեցի սիգարետի հետ
ակտի մեջ մտա, անընդհատ ուզելու ու չկշտանալու կապրիզով
ես վերջացնում եմ իրեն, վերջանում ինքս
սակայն բոլոր դեպքերում, նույնիսկ սիգարետի հետ իմ սիրավեպում
մեղավորը լեզուդ էր, քաձոս։