Օսվալդ Մչալին ծնվել է 1940 թվականին, Հարավաֆրիկյան հանրպետությունում, ստեղծագործում է զուլու, անգլերեն և աֆրիկանս լեզուներով։ Նրա ստեղծագործությունն արտահայտում է ապարտհեյդի ժամանակների սարսափները եւ նշանային է ռասիզմի դեմ պայքարի համատեքստում։ Մչալին իր կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, եւ միգուցե դա էր պատճառը, որ նրա բանաստեղծությունը սիրելի էր հարավաֆրիկյան սպիտակամորթ լիբերալների համար։ Մինչդեռ սեւամորթ գրական միջավայրը նրան որոշ վերապահումներով էր վերաբերվում։ Սակայն նրա բանաստեղծությունները մեծ ազդեցություն են գործել հարավաֆրիկյան սեւամորթների ինքնության ձեւավորման վրա, նրա «Կրակի լեզուներ» բանաստեղծական ժողովածուն 1971 թվականին կառավարությունն արգելել է։ Նա նաեւ վավերագրել է 1976-ին Իոհանենսբուրգի հարավ-արեւմտյան արվարձան Սուետո քաղաքում տեղի ունեցած սեւամորթ դպրոցականների ապստամբությունը, որի հետեւանքով կես տարվա ընթացքում 500-ից ավելի մարդ զոհվեց, մեծ թվով դեռահասներ։ Գրողը դասավանդում էր Սուետոյում։
Մչալիի ամենահայտնի բանաստեղծությունը, որ աֆրիկյան պետություններից շատերում ընդգրկված է դպրոցական ծրագրում, «Տղան՝ ճոճանակի վրա» բանաստեղծությունն է։ Այն ընկալվում եւ դասավանդվում է որպես սեւամորթների նկատմամբ խտարականւթյան, գաղութացված գիտակցության, ինքնության կորստի բանաստեղծական նկարագրություն։ Բազմաթիվ վերլուծություններ են նվիրված այս բանաստեղծությանը։
Տղան՝ ճոճանակի վրա
Շարժվում է նա դանդաղ
առաջ-հետ, առաջ-հետ,
ապա ավելի ու ավելի արագ
ճոճվում է վեր ու վար։
Նրա կապույտ վերնաշապիկը
ծածանվում է քամուց,
ինչպես քրքրված օդապարուկ։
Աշխարհը պտտվում է նրա հետ՝
արեւելքը դառնում է արեւմուտք,
հյուսիսը՝ հարավ,
չորս ծագերն աշխարհի
խառնվում են նրա գլխում։
Մա՛յր․․․
Որտեղի՞ց եմ ես եկել։
Ե՞րբ եմ երկար տաբատ հագնելու։
Ինչո՞ւ բանտարկվեց իմ հայրը։
Տղամարդիկ՝ շղթայակապ
Գնացքը կանգ առավ
գավառական կայարանում։
Նինջից կիսախուփ աչքերս
կոպերիս վարագույրի արանքից,
լուսամուտի սառցապատ ապակու միջով
նշմարեցին վեց մարդու։
Տղամարդիկ, որոնց վրայից խուզել էին
մարդկային արժանապատվությունը,
խուզած ոչխարների պես
մկկում էին հուժկու քամու դեմ․
«Հեռացի՛ր։ Սա՛ռը քամի, հեռացի՛ր։
Չե՞ս տեսնում, որ մենք տկլոր ենք»։
Նրանք գնացք մտան՝ կաղին տալով
բոբիկ ոտքերով,
ձեռքերին՝ կապանքներ,
ոտքերին՝ շղթաներ պողպատե օղերով,
ինչպես տավարը՝ սպանդանոց,
խրտնելով։
Մի մարդ սափրած գլխով՝
կատոֆիլի պես ողորկ,
շշնջաց ծագող արեւին՝
կարմիր աչք՝ ջնջված
ամպերի թաշկինակով ճղճղված․
«Չե՞ս ջերմացնի իմ սիրտը
հույսով»։
Գնացքը գնաց իր ճամփով ոչ մի տեղ։
Միշտ կասկածյալ
Առավոտյան ես արթնանում եմ
ու հագնվում ջենթլմենի պես՝
սպիտակ վերնաշապիկ, փողկապ, տաբատ-բաճկոն։
Ապա քայլում եմ փողոցով,
որ ռաստ գամ մի մարդու,
որն ինձ հրահանգում է՝ ցույց տուր։
Ես ցույց եմ տալիս նրան
իմ գոյությունը հաստատող փաստաթուղթը՝
ուսումնասիրելու եւ գլխով անելու համար։
Ապա մտնում եմ շենքի նախասրահ,
բայց դռնապանը կտրում է ճամփաս․
«Ի՞նչ ես ուզում»։
Հոգնած՝ ինձ քարշ եմ տալիս մայթով
կողքիս քայլում է մի մադամ,
որն իր ձեռքի պայուսակը
իմ կողմի ուսից տեղափոխում է մյուս ուսին
եւ ինձ նայում աչքերով, որոնք ասում են․
«Օյ-օյ, ես գիտեմ՝ ով ես դու,
այս գեղեցիկ հագուստի տակ
գողի սիրտ է ծպտված»։
Լքված բարուրը
Առավոտվա մառախուղը՝
խառնված ծխնելույզների ծխին
Ջաբավու սպիտակ քաղաքի,
հոսում էր՝ խիտ դեղին,
ինչպես թարախն է ծորում
հսկայական խոցից։
Այն հեղձում էր մեր փոքրիկ տները,
որ ասես ձկներ լինեին ուռկանում։
Աղբակեր շները՝
արյան կարմիր բանդանաներով,
կռվում էին կատաղի
այս ու այն կողմ գլորվող բարուրի համար։
Ես քար շպրտեցի,
նրանք մերկացրին ժանիքները,
ցույց տվին թավշյա լեզուները ալ
եւ ծլկեցին՝
թողնելով այլանդակված դիակը
աղբանոց նետված մանկան։
«Օ՜, Նորածին Մսուրում,
անուշ ննջիր մարդու թրիքի վրա»,-
նրա մայրը հալվեց ծագող արեւի շողերում,
դեմքը փայլում էր անմեղութամբ,
սիրտը ջինջ էր, ինչպես ցողը։
Թարգմանությունը անգլերենից՝ Արփի Ոսկանյանի