Ռուբեն Ներսիսյան/Այսուհետ ապրել

*** 

ընկերներ չեն լինում, ախպերս,
կամ լինում են, բայց արջ 
ուտում ու քնում են, ես կասեի` լափում ու շնթռում, 
հերոս ձեւանում, իրենց կինոյի տղու տեղը դնում, 
մասնատում քեզ, բաժանում կյանքդ իրենց հարմար կտորների,
տեղավորվում դրանց մեջ` ըստ հայտնի խոսքի. «հով, ապահով» 

սակայն 
նրանք չգիտեն ամաչելու ընդգծված ու իսկական ձեւը 
ու նաեւ բարևելու ձեւը չգիտեն, 
պետք եղած ժամանակ գրկելու ցանկություն չունեն, 
չեն թողնում մի կուշտ լացես ու խփես ինքդ քեզ, հետո մի երկու հատ էլ իրենց,
որ մի քիչ հանգստանաս… 

միայն անվերջ կատակում են, 
կատակում են ու տափակում, 
տափակում են ու դառնում նեղ, 
նեղանում ու «պակա» են ասում, 
անընդհատ շտապում ինչ-որ տեղ, 
քեզ հիշում միայն այն պահին, երբ որ պետք չէ, 
երբ հազիվ կարողանում ես մի քիչ ու ծըռտ ապրել 

նրանք քեզ խանգարում են, ախպերս, 
ռադ արա բոլորին, 
մաքրիր ճանապարհդ ինքնամոլ ու քեզադավ հիմարներից 
քանզի սա է ճշմարիտը, հաստատ, 
որ երբեք-երբեք չի սահմանվի։ 

*** 

Ուրեմն` 

այսուհետ թողնել ինքդ քեզ հանգիստ. 
պառկել անկողնուն` հոգնածի պես, 
հոգնածի պես չծամել հացը, 
ընդունել, որ հոգնած ես վաբշե, 
միացնել երգը` ջազ, դասական, ռոք կամ չգիտեմ էլ ինչ,
մոռանալ բոլոր լավ ու վատ բաները, 
երազել հաջորդ կյանքերի մասին, 
նրանց մասին, որոնք չեն գա էդպես էլ. 

խմել գինի. սպիտակ-փափուկ կամ էլ չոր-կարմիր, 
փակել բոլոր ախմախ գրքերը` 
դասական կամ ժամանակակից, կապ չունի, 
մեկ-մեկ հայացքը ուղղել հայելուն 
ու ժպտալ ապուշի պես ինքդ քեզ, 
քեզ ինքդ համարել ամենակարևոր մեկը, 
սիրել մարմինդ, հոգիդ, բոլորից տարբերվող կեցվածքդ, 
խոստովանել, որ էդքան էլ ստացվածը չես լավ ընկեր լինելու համար,
առհասարակ` լինելու համար, 
բայց այնուամենայնիվ
պարել գժի պես անձրևի տակ՝ 
ոտքերի տակ ճզմելով ծխած ու կիսատ թողած սիգարետը, 
չպլանավորելով վաղվա օրը ոչ մի ձև, 
շարժառիթներ չփնտրելով ինչ-որ մեկի հետ խոսելու համար, 
չմտնելով ռոմանտիզմի փորած ծակերը, 
այլ լինելով շարժման մեջ, 
մինչև հաջորդ փոխադրում` հանգստյան էտապ. 
այսուհետ ապրել, 
պըրծ ուրեմն։ 

*** 

եւ այնուամենայնիվ 
ձգտումներով ու ճիգերով 
կարկամելով անգամ 
քառատվող մարմնով, ոտնահետքերով անձրեւաջրին 
միախառնված, հոգատարության պակասով— 
առանց Ցելսիուսի ու նաեւ Կելվինի 
թունոտ սերը սրտում,
սիրտը՝ արդեն փակ,
արցունքները՝ կախ աչքերից,
լարվածության անտեսանելի թելը` ուսերից,
որպես անհաջող մեկը, ով հասել է բազմիցս հաջողությունների՝
ցնդած մի տիպ,
պետք է ու անհրաժեշտ ապրել պահը
եւ քարշ տալ մարմինն այս քառատված ու նեխած փողոցից փողոց,
մայթից մայթ,
հրապարակից հրապարակ 
սովորական բողոքի ակցիայից հեղափոխություն մինչեւ
երևա ցուցանակը, պատկերը այդ. «Stop Baby»— մինչ
հաջորդ կյանք։ 

*** 

ինչ կարեւոր է լսել լռությունը 
խրթին ու ոչ դուրեկան ձայների մեջ գիշերվա
երբ ականջներդ հոգնել են արյունից 
երբ բիբերդ խեղդում են աչքերդ 
երբ մարմնիդ ծակոտկիները էլ քրտինք դուրս չեն թողնում
երբ եղունգներիդ աճը կանգնել է
երբ մազերդ հատիկ-հատիկ գետնին են թափվում 
երբ շնչառությունդ շուտով կկանգնի 
սիրտդ պատրաստվում է քարանալ 
արյունը համարյա լերդացման ճանապարհին է
մարմինդ թոշնման ու ցմքման արանքում է
ոսկորներդ փշուր-փշուր են լինում 
ու պարզ չէ թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին 
աչքերիդ առջեւով անցնում է կյանքդ
որ ապրեցիր մարդավարի կամ գազանաբար 
սակայն դրանցում տարբերություն չկա բացատրակապես
ինչպես եւ ապրել-չապրելուդ 

դու զգում ես հոգնած ու անկենդան հոգուդ ծանրությունը 
նրա ամբողջ ցավն ես զգում ու հասկանում 
որ չես եղել նորմալ մեկը
որ ավելի վատն ես քան պատկերացնում ես 
ուստի հիմարություն է քեզ էստեղ-էնտեղ գցելը
շպրտելն առավել եւս 
երբ մահը արդեն կզակիդ է
եւ մի քայլ էլ անգամ ու պըրծ`
կդառնաս փոշի, ինչից չէիր էլ եղել, կամ վերջացել էիր շուտվանից 
թերեւս, սա արդեն կարեւոր չէ

լռությունը` ծանր ու թեթեւ միաժամանակ 
սարսափազդու նաեւ
ահա թե ինչն է անխուսափելի։

*** 

Ժամանակը` թակ-թիկ 
տարածությունը` շրջված 
շարժումները` խախտված 
լինելիությունը` այստեղ 
եւ մենք` իրար մեջ կծկված, պինդ սեղմված 
սպասում ենք գալիք անձրեւներին ու
ամպրոպներին, ցեխին, օզոնի հոտին, գոլորշուն,
գիշերվան։ 
Միմյանց ենք փոխանցում պայքարելու շնորհը 
համառությունն ու արհամարհանքը 
թեթևությունը` հեռուն գնացող 
մինչև վերջ ճկվելու կարողությունը 
ստեղծում մշտությունն ու չքանդվելու բացառիկությունը
շրջակայքի որոնց բոլոր վեկտորները հատվում են մի տեղ 
որպես չգրված օրինաչափություն 
չիրագործված պատահար։

Please follow and like us: